Բնության պահպանություն, պետական ու հասարակական միջոցառումների համալիր է, որի նպատակն է պահպանել բնական հարստությունները, նպաստել դրանց վերարտադրմանը և ապահովել արդյունավետ օգտագործումը, կանխել բնության վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցությունները, ապահովել մարդու և բնության կենսագործունեության ներդաշնակությունը։

Իգուասու ջրվեժ, Բրազիլիա

Խնդիրներ

խմբագրել

Բնության պահպանության խնդիրներն են՝

  1. ապահովել մարդկանց ապրելու և կենսագործունեության համար պիտանի բնական միջավայր,
  2. պահպանել բնական գենոֆոնդը, նպաստել կենդանական ու բուսական աշխարհների հարստությունների վերարտադրմանը,
  3. պահպանել բնատարածքային համալիրների ընդհանուր էկոլոգիական հավասարակշռությունը և լանդշաֆտների բազմազանությունը,
  4. պահպանել և արդյունավետ օգտագործել օգտակար հանածոների պաշարները և ապահովել դրանց համակարգված անթափոն շահագործումը,
  5. պահպանել հազվագյուտ բնական համալիրները և ազգային ժառանգություն հանդիսացող պատմամշակութային ու գեղագիտական բնական արժեքները։
 
Ավստրալիայի բնապահպանները

Բնության պահպանությունն իրականացվում է միջազգային, պետական ծրագրերով և նախագծերով, իրագործում է բնական միջավայրի պահպանություն, վերականգնում, վերափոխում՝ կանաչապատում, անտառապատում, գերխոնավ տարածքների ցամաքեցում, չոր տարածքների ոռոգում, ջրամբարների կառուցում և այլն։

Բնության պահպանության հիմնական սկզբունքներն են՝ սահմանված էկոլոգիական օրենքների, չափորոշիչների և սահմանափակումների պահպանման դեպքում նյութական արտադրության էկոլոգացումը, նախագծերի ու ծրագրերի պարտադիր էկոլոգիական փորձաքննությունը, բնական միջավայրի վիճակի մասին ամփոփ և հավաստի տեղեկույթի ստացումն ու երևույթների գիտական կանխատեսումները, որոնք կարող են հանգեցնել էկոլոգիական վիճակի վատթարացման և ունենալ բացասական ազդեցություն մարդու առողջության ու կենսագործունեության վրա։

Բնության պահպանության հիմնախնդիրն ընդգրկել է ամբողջ Երկիր մոլորակը և գնալով ավելի է սրվում, անհրաժեշտություն է դարձել տարբեր երկրների ջանքերի միավորումը՝ բնապահպանական միջազգային կազմակերպությունների ստեղծումը։ Ներկայումս գործում են ավելի քան 300 միջազգային բնապահպանական կազմակերպություններ, որոնք միավորում են բնության պահպանության որոշակի բնագավառի մասնագետների և շահագրգիռ անձանց։

Հզոր ու հեղինակավոր են այն բնապահպանական միջազգային կազմակերպությունները, որոնց անդամագրված են պետություններ և կառավարական կազմակերպություններ։ Դրանց շարքում է ՄԱԿ-ի հատուկ մասնագիտացված բնապահպանական կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՊ-ը, որի գործունեության գլխավոր ուղղությունը համամոլորակային մոնիտորինգն է։

Բնության պահպանության կրթության ու գիտելիքների տարածման բնագավառում լայն աշխատանք է կատարում ՄԱԿ-ին առընթեր կրթության, գիտության ու մշակույթի կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն։

Բնության պահպանությունը Հայաստանում

խմբագրել
 
Սևան ազգային պարկ

Հայաստանում բնության պահպանության խնդիրներով զբաղվել են դեռևս հնագույն ժամանակներից։ Խոսրով Բ թագավորի հրամանով ստեղծվել են Տաճար մայրի (Գառնիից մինչև Դվին), Խոսրովակերտ (վերջինիս շարունակությունը դեպի հարավ) անտառները, որոնք բնակեցվել են որսի կենդանիներով ու գազաններով և այդ ժամանակներից դարձել արգելոցներ։ Անհարկի անտառհատումների, պտղատու ծառերի հատումների արգելման վերաբերյալ որոշակի օրենքներ կան Մխիթար Գոշի (12-րդ դար) և Սմբատ Սպարապետի (13-րդ դար) դատաստանագրքերում։ ՀԽՍՀ-ում բնապահպանության առաջին դեկրետները՝ անտառի, հողի, ջրի, ընդերքի պետականացման, վայրի դեղաբույսերի մենաշնորհի, կենդանիների և բույսերի հազվագյուտ բրածո մնացորդների արտահանման արգելման վերաբերյալ, ընդունվել են 1921-1923 թվականներին։ Եղել են առանձին որոշումներ բնության օբյեկտների պահպանության, բնական պաշարների օգտագործման, միջավայրի սանիտարական վիճակի կարգավորման մասին։

Բնության պահպանությունն իրականացվում է Բնապահպանական օրենսդրության շրջանակներում։

Ջրային պաշարների, մթնոլորտային օդի պահպանության համար խոշոր քաղաքներում ու գետերի վրա կառուցվել են մաքրման կայաններ, վերակառուցվել մի շարք աղտոտող արտադրություններ։ Միջազգային հնչողություն է ստացել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման հիմնախնդիրը։ Ստեղծվել են ազգային պարկեր, արգելոցներ, արգելավայրեր։ Հայաստանում բնության պահպանության գործընթացն իրականացնում և վերահսկում են Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը և մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ։

Հայաստանի Ազգային ժողովում գործում է սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով, գյուղատնտեսության նախարարությունում, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում և այլ գիտական հիմնարկներում ստեղծվել են բնապահպանական բաժիններ։ Հայաստանի Սահմանադրության (2005) համաձայն՝ պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերարտադրությունը, բնության ողջամիտ օգտագործումը (հոդված 10)։ Կազմվել են Հայաստանի կենդանիների (1987) և բույսերի (1989) Կարմիր գրքերը։ Տարածաշրջանի բնապահպանական և էկոլոգիական կայունությունն ապահովելու համար 1992 թվականից ցայսօր Հայաստանը անդամակցում է 13 բնապահպանական միջազգային համաձայնագրերի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 497