Մեթյու Ուեյն Շեփարդ (անգլ.՝ Matthew Wayne Shepard, դեկտեմբերի 1, 1976(1976-12-01)[1][2], Կասպեր (Վայոմինգ), Վայոմինգ, ԱՄՆ[3][4] - հոկտեմբերի 12, 1998(1998-10-12)[5][1], Ֆորթ-Քոլինս, Կոլորադո, ԱՄՆ[5]), ամերիկացի ուսանող, հոմոսեքսուալիստների նկատմամբ ատելության հողի վրա կատարված հանցագործության զոհ, որը դարձել է ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ հոմոֆոբիայի, բռնության և նախապաշարմունքների դեմ պայքարի խորհրդանիշը[7][8][9]։ 1998 թվականի նրա սպանությունը լայն արձագանք է գտել և հանրության ուշադրությունը հրավիրել ԼԳԲՏ համայնքի խնդիրների վրա[10][11]։ Հետագայում ԱՄՆ-ում ընդունվել է այսպես կոչված «Մեթյու Շեփարդի և Ջեյմս Բորդ կրտսերի ակտը», որն ընդլայնել է ատելության հողի վրա հանցագործության օրենսդրական սահմանումը[12]։

Մեթյու Շեփարդ
անգլ.՝ Matthew Shepard
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 1, 1976(1976-12-01)[1][2]
ԾննդավայրԿասպեր (Վայոմինգ), Վայոմինգ, ԱՄՆ[3][4]
Մահացել էհոկտեմբերի 12, 1998(1998-10-12)[5][1] (21 տարեկան)
Մահվան վայրՖորթ-Քոլինս, Կոլորադո, ԱՄՆ[5]
ԳերեզմանՎաշինգտոնի ազգային տաճար
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
ԿրոնԵպիսկոպոսյան եկեղեցի
ԿրթությունՎայոմինգի համալսարան, Catawba College?, Natrona County High School? և The American School In Switzerland?
Մասնագիտությունուսանող
Ծնողներհայր՝ Դենիս Շեփարդ, մայր՝ Ջուդի Շեփարդ
Կայքmatthewshepard.org
 Matthew Shepard Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դենիս և Ջուդի Շեփարդների ավագ որդին՝ Մեթյու Ուեյնը, ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 1-ին Վայոմինգ նահանգի Կասպեր քաղաքում։ Նա վաղաժամ է ծնվել և ողջ է մնացել բժիշկների ջանքերի շնորհիվ[13]։ Մեթը սովորել է Կրեստ-Հիլլի տարրական դպրոցում, այնուհետև Դին Մորգանի դպրոցում և երկու տարի Կասպեր քաղաքի Նատրոնի շրջանի դպրոցում։ Դրանից հետո մեկնել է Եվրոպա՝ ճամփորդել, սովորել իտալերեն և գերմաներեն, 1995-ին ավարտել է Լուգանոյի ամերիկյան դպրոցը[14]։ Վերադառնալով ԱՄՆ՝ սովորորել է Սոլսբերիի Կատոբայի քոլեջում, ապա Կասպերում, իսկ 1998 թվականին ընդունվել է քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բակալավրիատի առաջին կուրսը Լարամի քաղաքում գտնվող Վայոմինգի համալսարանում։ Նրա ծնողներն այդ ժամանակ գտնվել են Սաուդյան Արաբիայում, որտեղ Դենիս Շեփարդն աշխատել է «Saudi Aramco» նավթային ընկերությունում[11][13]։

Վաղ հասակից Մեթյուն հետաքրքրություն է ցուցաբերել արվեստի նկատմամբ, դպրոցում և քոլեջում խաղացել է թատերական ներկայացումներում։ Նա նաև զբաղվել է ֆուտբոլով, լողով, վազքով, դահուկավազքով և պարով։ Հարազատների խոսքերով՝ Մեթյուն գիտեր, որ ինքը «աշխարհի լավագույն մարզիկը չէ», բայց սիրում էր մրցումային ոգին և սպորտային մրցումներին մասնակցում էր ուղղակի հուզմունքով։ Ծնողների հետ միասին նա եղել է Եպիսկոպոս Մարկոսի եկեղեցու անդամ։ Բացի այդ, Շեփարդը եղել է բնապահպանական ակտիվիստ և Վայոմինգ նահանգի շրջակա միջավայրի պահպանության խորհրդում ընտրվել է ուսանողական ներկայացուցիչ[13]։

«Մեթյուն շատ կապված է ընտանիքի հետ. նա սիրող որդի է, եղբայր և թոռ, նրա հետ մեր կյանքը շատ ավելի հարուստ է և ավելի լիարժեք։ Մեթյուի կյանքն անցել է մշտական պայքարի մեջ. նա վաղաժամ է ծնվել, և լինելով շատ թույլ երեխա՝ ամեն ինչ արել է, որպեսզի ողջ մնա։ Բնությունից Մեթյուն փոքր հասակ ուներ, բայց երբ մենք հիշում ենք, թե որքան հարգալից էր նա վերաբերվում շրջապատին, ապա ներկայացնում ենք նրան որպես հսկա։ Մենք գիտենք, որ Մեթյուն երազում էր գոնե մեկ մարդու կյանքը լավը դարձնել։ Նրա մոտ դա արդեն ստացվել էր։ Եվ դա նրա միակ հաջողության չափն է, որին նա միշտ ձգտել է»։

Մոտիկների հիշողություններով՝ Մեթյուն բարի էր, գթասիրտ, շփվող, կարողանում էր գրավել մարդկանց, հեշտությամբ էր ձեռք բերում ընկերներ, միշտ պատրաստ էր օգնել։ Ընդ որում՝ նա դյուրահավատ էր, միամիտ, շրջապատի մեջ տեսնում էր միայն լավը։ Մեթյուն հանդես է եկել հավասարության և մարդկանց միջև տարբերությունների ճանաչման համար։ Շեփարդի ծանոթները նաև նշել են նրա խելքը, էրուդիցիան, կենդանի հումորը։ Շեփարդը համասեռամոլ է եղել, հաճախ է այցելել գեյ-բարեր, եղել է տեղի ԼԳԲՏ խմբի անդամ, որտեղ ծանոթացել է ակտիվիստ Ռոմեյն Փաթերսոնի հետ։ Նա բավականին բաց է եղել սեքսուալության հարցում, և եթե հանդիպել է մի մարդու, ով իրեն հանգիստ և բարյացակամ է թվացել, պատմել է իր կողմնորոշման մասին[10][15]։

Այնուամենայնիվ, չի կարելի Շեփարդի կյանքն անվանել առանց խնդիրների։ Սպանությունից երեք տարի առաջ նա դաժան հարձակման է ենթարկվել Մարոկկոյում տուրիստական ուղևորության ժամանակ։ Մի գիշեր Մեթյուն չի կարողացել քնել և գնացել է զբոսնելու այն փողոցով, որտեղ նրան է հանդիպել մարոկկացիների ավազակախումբ, որի անդամները բռնաբարել, ծեծել ու թալանել են նրան։ Դրանից հետո Շեփարդը դեպրեսիա, խուճապի նոպաներ և գիշերային մղձավանջներ է ունեցել[16][17]։ Նա եղել է ՄԻԱՎ վարակակիր և նույնիսկ մտածել է ինքնասպանության մասին[17]։

Սպանություն խմբագրել

1998 թվականի հոկտեմբերի 6-ին ԼԳԲՏ համալսարանական դաշինքի անդամները հավաքվել են մշակելու հաջորդ շաբաթվա միջոցառումների ծրագիրը, որոնցից գլխավորը պետք է լիներ «Որքանով է անվտանգ Վայոմինգում բացահայտ գեյ լինելը» թեմայով բանավեճը։ Ընկերների հետ հանդիպումից հետո Մեթյուն որոշել է գնալ տեղական բար։ Նա ընկերներին հրավիրել է գնալ իր հետ, սակայն նրանք հրաժարվել են և զգուշացրել նրան գիշերային զբոսանքի վտանգի մասին[15]։

Հոկտեմբերի 7-ի կեսգիշերից քիչ անց Մեթյուն բարում ծանոթացել է 21-ամյա Ռասել Հենդերսոնի և 22-ամյա Ահարոն Մաք Քինիի հետ[18]։ Տղաները Շեփարդին հաճելի են թվացել, և նա պատմել է նրանց իր մասին։ Ի պատասխան՝ տղաներն ասել են, որ իրենք գեյ են։ Այնուհետև, փորձելով հասկանալ, թե ինչպես Շեփարդը կարող է լքել բարը երկու կասկածելի անծանոթ մարդկանց հետ, ընկերները կտրականապես մերժել են հավանականությունը, որ Մեթյուն գայթակղվում է պատահական հարաբերությունից։ Նա այն մարդկանցից չէր, որոնք կարող էին սեռական հարաբերություն ունենալ անծանոթ մարդկանց հետ[15]։ Մաք Քինիի խոսքերով՝ Մեթյուն խնդրել է իրեն տուն տանել՝ պատճառաբանելով, որ ինքը շատ հարբած է[19]։

Երբ Շեփարդը նստել է տղաների մեքենան, Մաք Քինին ատրճանակwv հարվածել է նրա գլխին։ Նրանք Մեթյուին տարել են քաղաքի ամայի մի վայր, որտեղ նրան կապել են ցանկապատին, դաժան ծեծի ենթարկել, կողոպտել ու թողել, որ ցրտից մահանա։ Հանցագործները նաև իմացել են Մեթյուի տան հասցեն և մտադրվել են թալանել այն, սակայն ձերբակալվել են նախքան մտահղացումն իրագործելը։ Վերադառնալով քաղաք՝ նրանք նորից կռվի մեջ են ներքաշվել, և նրանց ձերբակալել է մի ոստիկան։ Խուզարկելով մեքենան՝ նա հայտնաբերել է արյունաթաթախ ատրճանակ, անծանոթ մարդու իրեր և դրամապանակ և ենթադրել է, որ այս երկուսը ինչ-որ այլ հանցանք էլ են գործել[17]։

18 ժամ անց Շեփարդին պատահաբար տեսել է կողքով անցնող հեծանվորդը։ Մեթյուն դեռ կենդանի է եղել, բայց այնքան տանջված, որ տղամարդուն սկզբից թվացել է, թե ցանկապատից կապված և կախված մարմինն անկենդան է` բանջարանոցային խրտվիլակ[20][21]։ Մեթյուին տեղափոխել են Կոլորադո նահանգի Ֆորտ Քոլինսի Պադրե Վելլի հիվանդանոց։ Նրա մոտ եղել է գանգի ոսկրերի կոտրվածք՝ հիմքից մինչև աջ ականջի առաջին ծայրը, ուղեղի ցողունի և որովայնի խոռոչի օրգանների ծանր վնասվածք, ինչպես նաև գլխի, դեմքի, պարանոցի և կրծքավանդակի բազմաթիվ մանր վերքեր ու քերծվածքներ[22][23]։ Վնասվածքներն այնքան ծանր են եղել, որ բժիշկները չեն վիրահատել նրան։ Շեփարդին միացրել են թոքերի արհեստական օդափոխության ապարատ, և հինգ օր անց՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 12:53-ին, նա մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով[24][25]։

Հետաքննություն և դատ խմբագրել

   
Ֆրեդ Ֆելպսն ու իր ցուցարարները

Մեթյուի վրա հարձակումից անմիջապես հետո նրա ընկերներն ու տեղական ԼԳԲՏ ակտիվիստները ոստիկանությանը հայտնել են, որ նա գեյ է եղել, հարձակումը հստակ կատարվել է հոմոֆոբիայի հողի վրա, և նրանք թույլ չեն տա անտեսել այդ փաստը։ Նրանք գրավել են ԶԼՄ-ների ուշադրությունը և պիկետներ կազմակերպել՝ պահանջելով արդար և օբյեկտիվ հետաքննություն[7][8]։ Դատարանը գտնվել է գեյ-ակտիվիստների և նրանց հակառակորդների աննախադեպ քաղաքական ճնշման պայմաններում։ Ֆրեդ Ֆելփսի Ուեստբորո բապտիստական եկեղեցին պիկետներ է կազմակերպել դատարանի շենքի մոտ՝ պահանջելով մեղմացնել մարդասպանների պատիժը և նրանց չդատապարտել մահապատժի։ Ընդ որում նրանք ձեռքերում պահել են պաստառներ՝ «Matthew is now in Hell» (Մեթյուն հիմա դժոխքում է), «God Hates Fags» (Աստված ատում է համասեռամոլներին), «God Hates Fag Enablers» (Աստված ատում է համասեռամոլների մեղսակիցներին), «Fags Doom Nation» (Համասեռամոլները դատապարտում են ազգը) և այլ նմանատիպ գրություններ։ Հենց այս կարգախոսերով էլ նրանք պիկետ են կազմակերպել գերեզմանոցում, որտեղ թաղվել է Շեփարդը[26][27][28]։ ԼԳԲՏ շարժման ակտիվիստները փորձել են հասնել նրան, որ Լարամիի քաղաքապետարանն արգելի Ֆրեդ Ֆելպսի կազմակերպությանն անցկացնել իր պիկետները։ Սակայան քաղաքային դատը հաստատել է, որ համաձայն ԱՄՆ սահմանադրության առաջին ուղղման, որն ապահովում է բոլոր քաղաքացիների խոսքի ազատությունը, ոչ ոք իրավասու չէ արգելել Ֆելպսին և նրա ակտիվիստներին արտահայտել իրենց տեսակետը, առավել ևս այն դեպքում, երբ այն մոտիվացված է նրանց կրոնական համոզմունքներով։ Այդ ժամանակ Մեթյու Ռոմեյն Պատերսոնի ընկերուհին և նրա կողմից կազմակերպված «Սպիտակ հրեշտակներ» շարժումը որդեգրել են նոր մարտավարություն․ վարդագույն եռանկյուններով սպիտակ հագուստներ հագնելով՝ նրանք շրջապատել են հոմոֆոբներին՝ մեկուսացնելով նրանց լրագրողներից և հասարակությունից և անտեսանելի դարձնելով իրենց ցույցը դատարանի պատուհաններից։ Նման մարտավարություն նրանք կիրառել են նաև ավելի ուշ, բայց իշխանությունները, վախենալով բախումից, շուտով հայտարարել են, որ կողմերը պիտի իրենց ցույցերն անցկացնեն տարբեր վայրերում[27][27][28]։ Լարվածությունն այնքան ուժեղ էր, որ որդուն հրաժեշտ տալու արարողության ժամանակ Դենիս Շեփարդը հագել է զրահաբաճկոն, քանի որ կասկածներ կային, որ գեյերի արմատական հակառակորդները կարող են վտանգի ենթարկել նրա կյանքը։ Քել Ռեռուչան՝ գործընթացի մեղադրողներից մեկը, ափսոսանքով հիշել է․ «Ամենաթախծալին այն է, որ այդ մարդիկ թույլ չտվեցին Մեթյուին արժանապատվությամբ թաղել։ Ես երբեք չեմ տեսել այնպիսի մարդկանց, որոնց մեջ այդքան շատ է ատելությունը»[29]։

Մարդասպաններ Ռասել Արթուր Հենդերսոնն ու Ահարոն Ջեյմս Մաք-Քինին մեծացել են պրոբլեմատիկ ընտանիքներում։ Հենդերսոնը դաստիարակվել է առանց հոր և վաղ հասակից սեր է ունեցել խմիչքի հանդեպ։ Մաք-Քինիի հայրը հազվադեպ է հայտնվել տանը և ի վերջո բաժանվել է նրա մոր հետ, ով ավելի ուշ մահացել է բժշկական սխալի պատճառով։ Ահարոնը ստացել է 100 000 դոլար որպես փոխհատուցում, բայց գումարի մեծ մասը նա օգտագործել է ավտոմեքենաների և թմրանյութերի վրա, քանի որ 18 տարեկանից ունեցել է լուրջ կախվածություն մեթամֆետամինից[17]։ Մաք-Քինիի նախկին ընկերուհին՝ Քրիստին Փրայսը և նրա ընկերներից մեկը հայտարարել են, որ Ահարոնը եղել է բիսեքսուալիստ և այդ պատճառով ատել է սեքս-փոքրամասնությունների ներկայացուցիչներին, բայց ինքը՝ մեղադրյալը, հերքել է տղամարդկանց հետ որևէ կապ ունենալը, ասելով, որ վերաբերվում է դրան զզվանքով[9][17]։

Ձերբակալությունից անմիջապես հետո հանցագործները կապվել են իրենց ընկերուհիների հետ և խնդրել են տալ իրենց այլուրեքություն։ Աղջիկները սկզբում հաստատել են նրաց ցուցմունքները, բայց երբ իմացել են, որ Շեփարդը ոչ թե ծեծվել, այլ մահացել է ստացած վնասվածքներից և որ նրանց սպառնում է մեղադրանք սպանության մասնակցության և սուտ ցուցմունք ներկայացնելու համար, հետ են վերցերլ իրենց այլուրեքություններն ու հանդես եկել ընդդեմ մեղադրյալների[30]։ Մաք-Քինին և Հենդերսոնը փորձել են արդարացնել իրենց գործողություններն այսպես կոչված «գեյ-խուճապով»։ Մարդասպանները մեղադրել են Շեփարդին սեքսուալ ոտնձգությունների մեջ, որոնք, իբր թե, մտցրել են նրանց աֆեկտի դրության մեջ, ինչի արդյունքում նրանք չեն կառավարել իրենց գործողությունները[9]։ Դատահոգեբուժական փորձաքննությունը ցույց է տվել, որ երկու ամբաստանյալներն ամբողջությամբ մեղսունակ են եղել հանցագործության կատարման պահին և գիտակցել են իրենց արաքները[17]։ Մեղադրյալները նաև չեն կարողացել բացատրել, թե ինչու են թալանել իրենց զոհին և պատրաստվել ներխուժել Շեփարդի տուն, եթե գտնվել են գեյ-խուճապից առաջացած աֆեկտի կարգավիճակում։ Երբ այս տարբերակը հերքվել է, Հենդերսոնն ու Մաք-Քինին սկսել են հաստատել, որ ուզել են ուղղակի թալանել Մեթյուին, և ոչ սպանել, իսկ հարձակման մոտիվը ոչ թե հոմոֆոբիան էր, այլ թալանելու ցանկությունն ու թմրանյութերից առաջացած անկառավարելի ագրեսիան։ Սակայն հետաքննությունը հաստատել է, որ այդ օրը նրանք չեն գտնվել թմրանյութերի ազդեցության տակ։ Բացի դրանից պարզվել է, որ մեղադրյալներն ավելի վաղ պարբերաբար ցանկություն են հայտնել «ծեծի ենթարկել ինչ-որ գեյի»։ Սպանության հետաքննության ղեկավար սերժանտ Ռոբ դե Բրին հայտարարել է, որ ամեն ինչ կարող էր սկսվել սովորական թալանից, բայց հանցագործների մնացած գործողությունները կապված են եղել այն բանի հետ, որ Մեթյուն գեյ էր[31]։ Երբ Ռասել Հենդերսոնի առջև կանգնել է մահապատժի ենթարկվելու սպառնալիքը հատուկ դաժանությամբ սպանության համար, նա ամեն ինչ խոստովանել է և իր կյանքը պահպանելու դիմաց մանրամասն ցուցմունքներ տվել հանցակցի դեմ։ Դրանից հետո խոստովանություն է արել նաև Մաք-Քինին[32]։

Մեթյուի ծնողները խնդրել են դատարանին պահպանել հանցագործների կյանքերը որպես իրենց որդու հիշատակ։ Նրանք ասել են, որ ուզում են բուժել իրենց հոգու վերքերը՝ մարդասիրություն ցուցաբերելով նրանց հանդեպ, ովքեր մերժել են Մեթյուին ողորմածության մեջ, երբ նա աղաչել է ողորմածություն։ Նման որոշման մեկ այլ պատճառ էլ ցանկությունն էր, որ բանտում առանց ազատ արձակվելու շանսեր ունենալու նստած մարդասպաններն ամեն օր մտածեն այն մասին, թե ինչ են արել։ Շեփարդները հաստատակամ են մնացել իրենց մտադրության մեջ, չնայած, որ տեղի ունեցած իրադարձությունները Դենիսին զրկել են ոչ միայն որդուց, այլև հորից։ Մեթյուի պապը կյանքից հեռացել է թոռանից երեք շաբաթ անց՝ չդիմանալով տեղի ունեցածին[15]։ Ռասել Հենդերսոնը և Ահարոն Մաք-Քինին դատապարտվել են ցմահ բանտարկության՝ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի[21][33]։

Ժառանգություն խմբագրել

«Ես խորապես վշտացած եմ Մեթյու Շեփարդի դեմ բռնության ակտով։ Չկա ավելի կարևոր բան այս երկրի ապագայի համար, քան անհանդուրժողականության, նախապաշարմունքների և ֆանատիզմի դեմ մեր ընդհանուր միասնությունը։ Կոնգրեսում դեռ ուշ չէ ընդունել ատելության հողի վրա հանցագործությունների մասին օրենք, որը կկանխեր նման բաներն ապագայում։ Դա կարող էր բոլոր ամերիկացիների կյանքն ավելի անվտանգ դարձնել»։

 
Բարաք Օբաման և Ջուդի Շեփարդը (աջից երրորդը) օրենքի ստորագրումից հետո

Մեթյու Շեփարդի վրա հարձակումն ԱՄՆ-ում և այլ երկրներում առաջացրել է բազմաթիվ մարդկանց վրդովմունքը և սկիզբ է դրել ատելության հողի վրա կատարված հանցագործությունների մեջ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության ընդգրկման համար հասարակական շարժմանը։ Նման օրենքներ են ընդունվել ԱՄՆ մի շարք նահանգներում[21]։ Համազգային օրենսդրության մեջ համապատասխան ուղղումները փորձել է անցկացնել Բիլ Քլինթոնը, սակայն դրանք մերժվել են Կոնգրեսի կողմից։ Հաջորդ նախագահը՝ Ջորջ Բուշ կրտսերը, ինքն է եղել փոփոխությունների հակառակորդը, և նրա օրոք օրենքը նույնպես չի փոխվել։ Վերջապես, 2009 թվականին օրենսդիրներն հաստատել են «Մեթյու Շեփարդի և Ջեյմս Բորդ կրտսերի ակտը» (հոկտեմբերի 28-ին ստորագրվել Է Բարաք Օբամայի կողմից), որը հոմոֆոբիան, տրանսֆոբիան և սեքսիզմը հավասարեցրել է ռասիզմի և ազգայնականության դեմ հարձակումների շարժառիթներին[34][35]։

Դենիս և Ջուդի Շեփարդները, որոնք որդու կյանքի օրոք այդպես էլ չեն կարողացել մինչև վերջ ընդունել նրա համասեռամոլությունը, պատահածից հետո դարձել են սեռական փոքրամասնությունների իրավունքների համար շարժման մասնակիցներ։ Նրանք աջակցել են գեյերի և լեսբուհիների ծնողների միավորմանը և հիմնել Մեթյու Շեփարդի հիմնադրամ, որը պարգևատրում է արվեստի գործիչներին, որոնք իրենց ստեղծագործություններում անդրադառնում են հանդուրժողականության թեմային։ Մեթի ծնողները բազմաթիվ հարցազրույցներ և հրապարակային դասախոսություններ են տվել համասեռամոլների հանդեպ հանդուրժողական վերաբերմունքի անհրաժեշտության մասին[13][21][36]։ Ռոմեյն Փաթերսոնը նաև դարձել է ԼԳԲՏ շարժման ակտիվիստ և ստեղծել է կայք, որի բաժիններից մեկն ամբողջությամբ նվիրված է իր ընկեր Մեթյուին[37]։

Հողամասի սեփականատերը, որտեղ կանգնած է եղել ցանկապատը, որին կապել են Մեթին, այդ վայրում տեղադրել է Շեփարդի հուշարձանը, իսկ հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Էլեն Դեջեներեսը Վաշինգտոնում անցկացրել է Մեթյուի հիշատակի արարողությունը[38]։ 2008 թվականին նահանգապետ Դեյվ Ֆրոյդենտալի ներկայությամբ կանգնեցվել է Վայոմինգի համալսարանի հուշարձանը[39]։ Ֆրեդ Ֆելփսը փորձել է Լառամի կենտրոնական զբոսայգում հուշարձան ստեղծել, որի վրա փորագրված կլիներ այն մասին, որ Շեփարդը դժոխքում է, որ Աստծո պատիժը կընկնի բոլոր գեյերի վրա, և Աստվածաշնչի համապատասխան մեջբերումները այդ թեմայով։ Դա կտրուկ բողոք է առաջացրել հասարակության մեջ, և քաղաքային խորհուրդը մերժել է հոմոֆոբների ատելություն քարոզող հուշարձանի կառուցումը։ Այնուհետև Ֆելփսն իր կայքում ստեղծել է հուշարձանի վիրտուալ նմանօրինակը[40][41][42]։

Ողբերգության մասին նկարահանվել են «Մեթյու Շեփարդի պատմությունը»[43], «Ատելության հողի վրա հանցագործության անատոմիան»[44] և «Լարամիի նախագիծը»[45] ֆիլմերը։ Վերջինս հիմնված է համանուն թատերական ներկայացման վրա, որն ավելի ուշ շարունակություն է ստացել «Լարամի նախագիծը. 10 տարի անց» ներկայացման մեջ[46][47]։ Մեթյուին կենդանի կարելի է տեսնել սենատոր-գոմոֆոբի մասին վավերագրական ժապավենում Ջեսի Հելմսի «Թանկագին Ջեսի» կարճ հարցազրույցում[48][49]։

Մեթի հիշատակին նվիրված են բազմաթիվ երգեր, այդ թվում՝ Մելիսա Էթերիջի «Scarecrow», Էլթոն Ջոնի «American Triangle», «Thursday» խմբի «M. Shepard», Ռենդի Դրիսկոլ «What Matters», «Protest the Hero» խմբի «Fear and Loathing in Laramie», Սինդի Լոպերի «Above the Clouds», Բրայան Հաուսթոնի The Ballad of Matthew Shepard, Ռոն Սեքսմիթի «God Loves Everyone», «Trivium» խմբի «And Sadness Will Sear», «Good Riddance» խմբի «Cheyenne», «Big Country» խմբի «Trouble the Waters», Թորի Ամոսի «Merman» և այլն[21][50]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Parrott-Sheffer C. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. 3,0 3,1 3,2 A Year After a Gay Man's Killing, Laramie Braces for a Second Trial // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1999. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  4. 4,0 4,1 4,2 https://litigation-essentials.lexisnexis.com/webcd/app?action=DocumentDisplay&crawlid=1&doctype=cite&docid=11+Wyo.+L.+Rev.+125&srctype=smi&srcid=3B15&key=0771ab9de7c0ad96cdfb5d2e5ab4ecac
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.britannica.com/EBchecked/topic/1539649/Matthew-Shepard
  6. http://espn.go.com/new-york/nba/story/_/id/10513334/jason-collins-keeps-spirit-matthew-shepard-alive-no-98
  7. 7,0 7,1 Mother of Hate-Crime Victim to Speak at Colby Արխիվացված 2011-06-29 Wayback Machine. // Colby (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  8. 8,0 8,1 «Open phones». Talk of the Nation. National Public Radio. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. «Denounced nationwide as a hate crime» на 1:40 минуте (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  9. 9,0 9,1 9,2 The Matthew Shepard paradox: How one U.S. Representative opened hate’s old wounds Արխիվացված 2011-06-06 Wayback Machine. // Seattle Gay News (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  10. 10,0 10,1 PageServer. // Фонд Мэттью Шепарда (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  11. 11,0 11,1 Chelsey Parrott-Sheffer (2015 թ․ հուլիսի 17). «Matthew Shepard» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  12. Obama Signs Defense Policy Bill That Includes 'Hate Crime' Legislation . // Foxnews (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  13. 13,0 13,1 13,2 13,3 «Matthew's Story» (անգլերեն). Matthew's Place. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  14. Julie Cart (1999 թ․ սեպտեմբերի 14). «Matthew Shepard's Mother Aims to Speak With His Voice» (անգլերեն). Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 Радомир Снегов (2001 թ․ դեկտեմբերի 17). «Мэттью Шепард. Его убили только за то, что он - гей». Gay.ru. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  16. «The Crucifixion of Matthew Shepard» (անգլերեն). Vanity Fair. 1999-03. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 «New Details Emerge in Matthew Shepard Murder» (անգլերեն). ABC News. 2004 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  18. Matthew Shepard Արխիվացված 2006-08-23 Wayback Machine. // The Smoking Gun (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  19. Killer: Shepard didn’t make advances Արխիվացված 2011-06-06 Wayback Machine Salon.com (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  20. Other related stories Արխիվացված 2010-11-28 Wayback Machine. // Texasdude.com (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 Shepard, Matthew (1976—1998) Արխիվացված 2012-10-09 Wayback Machine. // An Encyclopedia of Gay, Lesbian, Bisexual, Transgender, and Queer Culture (անգլ.) (Ստուգված է 16 Մայիսի 2011)
  22. Losing Matt Shepard Արխիվացված 2017-11-01 Wayback Machine. // The New York Times (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  23. Chiasson Lloyd «Illusive Shadows: Justice, Media, and Socially Significant American Trials». p. 183 — Praeger. — ISBN 9780275975074 (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  24. Murder charges planned in beating death of gay student. // CNN (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  25. The New Gay Struggle Արխիվացված 2011-01-29 Wayback Machine. // TIME (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  26. The Religious Right and Anti-Gay Speech: Messengers of Love or Purveyors of Hate? // Hatecrime.org (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  27. 27,0 27,1 27,2 Suspect pleads guilty in beating death of gay college student. // CNN (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  28. 28,0 28,1 The Whole World Was Watching: Living in the Light of Matthew Shepard by Romaine Patterson and Patrick Hinds Արխիվացված 2006-10-15 Wayback Machine. // Paraview.com (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  29. New Details Emerge in Matthew Shepard Murder Արխիվացված 2013-10-24 Wayback Machine // ABC News (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  30. New details emerge about suspects in gay attack. // CNN (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  31. Killer: Shepard didn’t make advances Արխիվացված 2011-06-06 Wayback Machine. // Salon.com (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  32. Убийство Мэтью Шепарда: интервью с убийцами Արխիվացված 2014-10-15 Wayback Machine // GayNews.ru (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  33. Julie Cart (1999 թ․ նոյեմբերի 5). «Killer of Gay Student Is Spared Death Penalty; Courts: Matthew Shepard's father says life in prison shows 'mercy to someone who refused to show any mercy.'». Los Angeles Times. էջ A1. (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  34. This Is About Whether We Value One Another Արխիվացված 2010-10-23 Wayback Machine. // The White House Blog (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  35. Matthew Shepard and James Byrd, Jr. Hate Crimes Prevention Act Արխիվացված 2011-05-12 Wayback Machine. // HRC (անգլ.) (Ստուգված է 16 Մայիսի 2011)
  36. Мать убитого гея Мэттью Шепарда начала кампанию против преступлений ненависти Արխիվացված 2012-06-11 Wayback Machine. // Gay.ru (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  37. Мэттью Шеппард Արխիվացված 2011-05-18 Wayback Machine. // Сайт Ромейн Паттерсон (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  38. Matthew Shepard Murder Site Արխիվացված 2011-04-29 Wayback Machine. // Finding Brokeback (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  39. В Вайоминге установлен мемориал Мэтью Шепарду Արխիվացված 2014-10-14 Wayback Machine. // GayNews.ru (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  40. Council Votes To Move Ten Commandments From Park. // The New York Times (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  41. Matthew Shepard Monument for Casper, Wyoming. // Godhatesfags.com (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  42. Phelps seeks anti-gay marker(չաշխատող հղում). // Trib.com (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  43. Фильм «The Matthew Shepard Story» Արխիվացված 2011-07-19 Wayback Machine. // Internet Movie Database (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  44. Фильм «Anatomy of a Hate Crime» Արխիվացված 2010-11-14 Wayback Machine. // Internet Movie Database (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  45. Фильм «The Laramie Project» Արխիվացված 2011-04-11 Wayback Machine. // Internet Movie Database (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  46. The Laramie Project(չաշխատող հղում). // Chapelhillnews.com (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  47. The Laramie Project: Remembering a Brutal Murder Արխիվացված 2009-12-10 Wayback Machine. // The Faster Times (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  48. Matthew Shepard Արխիվացված 2011-05-27 Wayback Machine. // Internet Movie Database (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  49. Фильм «Dear Jesse» Արխիվացված 2009-11-20 Wayback Machine. // Internet Movie Database (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  50. Список песен о Мэттью Шепарде Արխիվացված 2014-10-20 Wayback Machine. // Gueer music heritage (անգլ.)(Ստուգված է 29 Ապրիլի 2011)

Գրականություն խմբագրել

  • Shepard, Judy; The Meaning of Matthew: My Son's Murder in Laramie, and a World Transformed. — New York, NY: Penguin Group, 2009. — ISBN 9781594630576
  • Campbell, Shannon; Laura Castaneda News and Sexuality: Media Portraits of Diversity. — Thousand Oaks, Calif: SAGE Publishing, 2005. — ISBN 1412909988
  • Fondakowski, Leigh; Kaufman, Moises The Laramie project. — New York: Vintage Books, 2001. — ISBN 0375727191
  • Garceau, Dee; Basso, Matthew; McCall, Laura Across the Great Divide: cultures of manhood in the American West. — New York: Routledge, 2001. — ISBN 0415924715
  • Hinds, Patrick; Romaine Patterson The Whole World Was Watching: Living in the Light of Matthew Shepard. — Advocate Books, 2005. — ISBN 1555839010
  • Loffreda, Beth Losing Matt Shepard: life and politics in the aftermath of anti-gay murder. — New York: Columbia University Press]], 2000. — ISBN 0231118597
  • Swigonski, Mary E.; Mama, Robin S.; Ward, Kelly From Hate Crimes to Human Rights: A Tribute to Matthew Shepard. — New York: Routledge, 2001. — ISBN 1560232560

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթյու Շեփարդ» հոդվածին։