Մարի դե Գիզ (ֆր.՝ Marie de Guise, նոյեմբերի 22, 1515[1] կամ 1515[2], Բար լե Դյուկ[1] - հունիսի 11, 1560[1] կամ հունիսի 10, 1560(1560-06-10)[3][2], Էդինբուրգյան դղյակ, Էդինբուրգ, Midlothian, Շոտլանդիայի թագավորություն[1] ), նաև հայտնի որպես Մարի Լոթարինգացի, Շոտլանդիայի թագուհի, թագավոր Ջեյմս V-ի երկրորդ կինը, որը 1554 թվականից մինչ իր մահը ղեկավարել է Շոտլանդիան որպես ռեգենտ։ Լինելով լոթարինգյան Գիզերի տոհմի ազնվականուհի՝ 1538 թվականին ամուսնացել է թագավոր Ջեյմս V-ի հետ։ Նրա նորածին դուստրը՝ Մարին, 1542 թվականին թագավորի մահից հետո հաջորդել է իր հորը։ Որպես ռեգենտ Մարի դե Գիզի գլխավոր նպատակը եղել է հզոր ֆրանսիական կաթոլիկ պետության ու փոքրիկ Շոտլանդիայի միջև սերտ դաշինք ստեղծելը, քանի որ նա ուզում էր վերջինիս կաթոլիկացնել ու անկախացնել Անգլիայից։ Դա նրան չի հաջողվել ու նրա մահից հետո բողոքականները տիրել են Շոտլանդիային, և որպես բողոքական դաստիարակված իր թոռը՝ Ջեյմս VI-ը, մի քանի տասնամյակ անց հասել է Անգլիայի ու Շոտլանդիայի գահերի միավորմանը։

Մարի դե Գիզ
Ծնվել է՝նոյեմբերի 22, 1515[1] կամ 1515[2]
ԾննդավայրԲար լե Դյուկ[1]
Մահացել է՝հունիսի 11, 1560[1] կամ հունիսի 10, 1560(1560-06-10)[3][2]
Վախճանի վայրԷդինբուրգյան դղյակ, Էդինբուրգ, Midlothian, Շոտլանդիայի թագավորություն[1]
Abbaye Saint-Pierre-les-Dames de Reims
Երկիր Ֆրանսիա և  Շոտլանդիայի թագավորություն
ՏոհմԳիզեր[1]
թագավոր և գահի խնամակալ
ՀայրԳիզի դուքս Կլոդ Լորիանցի[1]
ՄայրԱնտուանետ դե Բուրբոն[1]
ԵրեխաներՄարի Ստյուարտ[4], Ֆրանսուա III Օռլեանցի, Լոնգվիլլի դուքս, Ռոթսեյի դուքս Ջեյմս Ստյուարտ[5], Louis de Longueville?[5] և Arthur Stewart, Duke of Albany?[5]
Հավատքկաթոլիկություն

Վաղ մանկություն խմբագրել

Մարին ծնվել է Լոթարինգիայի դքսության Բար-լե-Դյուկ քաղաքում և Գիզերի տոհմի առաջնորդ, Գիզի դուքս Կլոդ դե Գիզի ու իր կնոջ՝ Անտուանետ դե Բուրբոնի[6] ավագ դուստրն էր։ Նրա 11 եղբայրներից էին Գիզի դուքս Ֆրանսուա դե Գիզը, Օմալի դուքս Կլոդը, Լոթարինգիայի կարդինալ Շառլը և Գիզի կարդինալ Լուի I-ը։ Մարին բարձրահասակ էր ու նամակներից մեկում նրա մայրը նշում էր, որ նա տառապում էր մրսածությամբ[7]։ Կա պատմություն այն մասին, որ Մարին ծնվել է մի հասարակ մարդու տանը, երբ նրա մայրը գտնվում էր դստեր «ենթադրյալ» ծննդավայրի ճանապարհին։

Երբ Մարին հինգ տարեկան էր, նա դարձել է իր կրտսեր քրոջ՝ Լուիզի կնքամայրը։ Դրանից ոչ շատ ժամանակ անց նա մեկնել է իր հայրական տատիկի մոտ, որը գտնվում էր Պոնտ-ա-Մուսսոնի կանանց մենաստանում։ Նրա հորեղբայր Անտուան Լոթարինգացին ու վերջինիս կինը՝ Ռենե Բուրբոնը այցելել են տատիկին, երբ Մարին տասնչորս տարեկան էր։ Տպավորվելով իրենց զարմուհու հասակով, նրանք աղջկան տարել են մենաստանից ու նրան պատրաստել ֆրանսիական արքունական կյանքին։ 1531 թվականին Մարին առաջին անգամ հայտնվել է արքունիքում Ֆարնցիսկ I-ի ու Էլեանոր Ավստրիացու հարսանիքին։ Նա ընկերական հարաբերություններ է հաստատել արքայադուստրեր Մադլենի (որին հետագայում պետք է հաջորդեր որպես Շոտլանդիայի թագուհի) և Մարգարեթի հետ։

Լոնգվիլլի դքսուհի խմբագրել

 
Լոնգվիլլի դքսուհի Մարիի զինանշանը

1534 թվականի օգոստոսի 8-ին 18 տարեկան Մարին դարձել է Լոնգվիլլի դքուհի՝ Լուվր ամրոցում ամուսնանալով Լոնգվիլլի դուքս Լյուդովիկոս II-ի հետ[8]։ Նրանց միությունը երջանիկ էր, սակայն կարճատև։ 1535 թվականի հոկտեմբերի 30-ին Մարին ծնունդ է տվել իր առաջնեկին՝ Ֆրանսուա III Լոնգվիլլին[8], իսկ 1537 թվականի հունիսի 9-ին նրա ամուսինը մահացել է Ռուանում՝ Մարիին այրի թողնելով 21 տարեկանում։ Ամուսնու մահից մոտ մեկ ամիս անց Մարին ծննդաբերել է իրենց երկրորդ որդուն, որին վաղամեռիկ հոր անունոով կոչել են Լյուդովիկոս․ երեխան մահացել է փոքր հասակում։ Երբ Մարին ամուսնացել է ու տեղափոխվել Շոտլանդիա, Ֆրանսուան նամակներ էր գրում իր մայրիկին։ 1545 թվականի մարտի 22-ին նա մի կտոր թել է ուղարկել, որպեսզի մայրը տեսնի, թե ինքն ինչքան է մեծացել, իսկ 1546 թվականի հուլիսին ուղարկել է իր դիմանկարը[9]։

Շոտլանդիայի թագուհի խմբագրել

1537 թվականի վերջին Մարին հայտնվել է առաջին կնոջը կորցրած Շոտլանդիայի թագավոր Ջեյմս V-ի ուշադրությոն կենտրոնում, քանի որ վերջինս ցանկանում էր ֆրանս-շոտլանդական հին դաշինքի շրջանակներում նորից ամուսնանալ ֆրանսուհու հետ։ Իր առաջին կնոջ՝ Մադլենի հետ ծանոթանալու համար Ֆրանսիա մեկնած թագավորը դեռ այն ժամանակ էր նկատել Մարիի գեղեցկությունը[10]․ Մարին նաև ներկա էր եղել իրենց հարսանիքին[11]։

Կնոջը կորցրած Անգլիայի թագավոր Հենրի VIII-ը, ցանկանալով խափանել այս միությունը, նույնպես խնդրել է Մարիի ձեռքը, սակայն հաշվի առնելով նրա ամուսնական պատմությունը (աքսորել էր առաջին կնոջն ու գլխատել երկրորդին), Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ն ընդունել է Շոտլանդիայի թագավորի առաջարկն ու այդ մասին տեղեկացրել Մարիի հորը։ Ֆրանցիսկը պատրաստել է ամուսնական պայմանագիրը, որով Ջեյմսին այնպիսի օժիտ էր առաջարկում, ասես Մարին Ֆրանսիայի արքայադուստր լիներ։ Մարիի հայրը, խորհրդակցելով իր եղբոր ու Մարիի հետ, տվել է իր համաձայնությունը։ Ջեյմս V-ի ու Մարի դե Գիզի ամուսնությունը տեղի է ունեցել վստահորդի միջոցով (Մաքսվելլի 5-րդ լորդ Ռոբերտ Մաքսվելլը փոխարինում էր թագավորին)[12] 1538 թվականի մայիսի 9-ին Շատոդյոն դղյակում, որից հետո՝ 1538 թվականի հունիսի 10-ին Մարին մեկնել է Շոտլանդիա։ 6 օր անց նա ժամանել է Ֆայֆի Քրեյլ քաղաքը, որից մի քանի օր անց թագավորը պաշտոնապես ընդունել է նրան տոնախմբություններով ու նրա պատվին տրված ներկայացումներով[12]։ Ջեյմսն ու Մարին ամուսնացել են սբ․ Էնդրյուսի մայր տաճարում 1538 թվականի հունիսի 18-ին։ Ջեյմսի մայրը՝ Մարգարիտ Թյուդորը, իր եղբորը՝ Անգլիայի թագավոր Հենրի VIII-ին գրած մի նամակում ասում էր․ «Իմ կարծիքով Մարին խելացի թագուհի է լինելու, ես շատ եմ վայելել նրա ընկերակցությունը, իմ հանդեպ նա իրեն շատ հարգանքով է պահում ու բավականին հետաքրքիր»[13]։ Մարին թագադրվել է Հոլիռուդյան վանքում 1540 թվականի փետրվարի 22-ին, իսկ թագադրության նախապատրաստություններն սկսվել են 1539 թվականի հոկտեմբերին, երբ ոսկերիչ Ջոն Մոսմանը նրա համար նոր թագ է պատրաստել ու ոսկեզօծել նրա արծաթե արքայական գավազանը։ Էդինբուրգյան դղյակի Դավիդի աշտարակից թագադրության առթիվ արձակվել է 30 թնդանոթային համազարկ, իսկ թագավոր Ջեյմսն անձամբ հրավառություններ է նախագծել[14]։

 
Մարիի զինանշանը որպես Շոտլանդիայի թագուհի

Երբ 1538 թվականի հունիսին 22 տարեկանում Մարին մեկնում էր Ֆրանսիայից, նրան հարկադրել են այնտեղ թողնել իր երեք տարեկան որդուն՝ Ֆրանսուային։ Նա Ջեյմսից ունեցել է ևս երկու որդի՝ Ռոթսեյի դուքս Ջեյմսին (ծնվ․ 1540 թվականի մայիսի 22-ին սբ․ Էնդրյուսում) և Ալբանիի դուքս Ռոբերտին (ծնվել ու մկրտվել է 1541 թվականի ապրիլի 12-ին), սակայն երկուսն էլ մահացել են 1541 թվականի ապրիլի 21-ին, երբ Ջեյմսը համարյա մեկ տարեկան էր, իսկ Ռոբերտը՝ ինն օրական։ Այս միության երրորդ ու վերջին երեխան դուստրն էր՝ Մարին, որը ծնվել է 1542 թվականի դեկտեմբերի 8-ին[15]։ Թագավորը մահացել է վեց օր հետո՝ Շոտլանդիայի գահը թողնելով իր նորածին դստերը։

 
Մարի դե Գիզն ու իր երկրորդ ամուսին Ջեյմս V-ը


Առանի ռեգենտւթյուն խմբագրել

Սկզբից Շոտլանդիայի ղեկավարումը վստահվել է Առանի 2-րդ կոմս Ջեյմս Հեմիլթոնին՝ որպես ռեգենտ։ Անգլիայի թագավոր Հենրի VIII-ը ցանկանում էր, որ փոքրիկ թագուհի Մարին ամուսնանա իր որդու՝ արքայազն Էդուարդի հետ։ Սա Շոտլանդիայում ներքին կոնֆլիկտ է առաջացրել այդ ամուսնության կողմնակիցների ու Ֆրանսիայի հետ հին դաշինքի կողմնակիցների միջև, և հանգեցրել անգլիացիների ներխուժմանը, որը հայտնի է «Կոշտ սիրահետում» անունով։

Մարին դժկամորեն բնակություն էր հաստատել Լինլիթգո պալատում, սակայն 1543 թվականի հուլիսին մանկահասակ թագուհու հետ տեղափոխվել է Ստեռլինգ ամրոց։ Նա անգլիացիներին վստահեցրել է, որ ամուսնությունը տեղի կունենա, հենց իր դուստրը դառնա տաս տարեկան։ Սակայն Հենրի VIII-ը շուտով հասկացել է, որ իր որդին ու փոքրիկ թագուհին չեն ամուսնանալու և 1543 թվականի վերջին սկսել է «Կոշտ սիրահետում» պատերազմը՝ հույս ունենալով փոխել իրավիճակը։

1547 թվականի սեպտեմբերին Փինքիի ճակատամարտում շոտլանդացիների պարտությունից հետո ֆրանսիական ռազմական օգնությունն ուժեղացրել է Մարի դե Գիզի դիրքերը։ Նիզակով զինված[16]՝ նա 1548 թվականի հուլիսին եկել է նայելու Հադդինգթոնի պաշարումը, սակայն նրա շքախումբը հայտնվել է անգլիացի հրետանավորների կրակի տակ ու տասնվեց հոգի սպանվել են[17]։ Հադդինգթոնում Շոտլանդիայի պառլամենտը որոշում է կայացրել[18], որ մանկահասակ թագհուհի Մարիին 1548 թվականի օգոստոսին պետք է ուղարկել Ֆրանսիա, որպեսզի նա մեծանա իր ապագա ամուսնու՝ Ֆրանսիայի թագավոր Հենրի II-ի որդու՝ գահաժառանգ Ֆրանցիսկի հետ։ Մարի դե Գիզը պլանավորել էր դստեր հետ Դամբարտոն ամրոցից նավարկել դեպի Ուիթորն քաղաք, որտեղ ուխտագնացության պետք է գնար[19], սակայն դրա փոխարեն վերադարձել է Էդինբուրգ՝ ավագանու նիստի[20]։

Այս ժամանակ հրատարակված շոտլանդերեն The Complaynt of Scotland գիրքը նշում է, որ Մարի դե Գիզը սերում էր Գոդֆրուա Բուլյոնցուց և պնդում, որ նրա քաջությունն ու առաքինությունը գերազանցում էր հնադարյան հերոս թագուհիներ Թոմիրիսին, Շամիրամին ու Պենթիսլեյային[21]։ 1549 թվականի Սուրբ Ծննդյան օրը Ստեռլինգ ամրոցում Բրոթի ամրոցի պաշարման համար ավելի շատ ֆրանսիական թնդանոթներ ստանալու շուրջ բանակցելուց հետո նա 1550 թվականի փետրվարին նա մեծ խոհեմություն է ցուցաբերել՝ Թեյ գետի հակառակ ափից դիտելով հաջողությամբ պսակված գրոհը[22]։ Անգլիական զորքերը լքել են Հադդինգթոնը և ֆրանսիական բանակի մարշալ Պոլ դե Թերմն ու ռեգենտ Առանը ոտք են դրել այնտեղ։ Մարի դե Գիզը հաղթանակած էր ու գրել էր, որ «անգլիացիներն իրենցից հետո ոչինչ չեն թողել, բացի ժանտախտը»[23]։ Սկսվել է խաղաղության գործընթաց և 1550 թվականի մարտի 24-ին Շոտլանդիան ընդգրկվել է Բուլոնի համաձայնագրում[24]։ Ըստ այդ պայմանագիր՝ Մարիի եղբայրը՝ Մայյենի մարքիզ Կլոդ II Օմալցին ֆրանսիացի վեց պատանդների թվում ուղարկվել է Անգլիա[25]։ 1550 թվականի ապրիլի 12-ին իրենց հոր մահից հետո Կլոդին թույլատրվել է վերադառնալ Շոտլանդիա[26]։ Մայիսի 18-ին Էդինբուրգից գրած նամակում նա նշում է, որ կուսումնասիրի թագավորության ամրությունները[27]։ Համաձայնագրի կնքումից հետո Մարին հնարավորություն է ստացել ճանապարհվել Ֆրանսիա՝ իր ընտանիքին այցելելու։

Ճամփորդություններ դեպի Ֆրանսիա և Անգլիա խմբագրել

1550 թվականի սեպտեմբերի 6-ին Մարի դե Գիզը մեկնել է Շոտլանդիայից ու ճիշտ ժամանակին հասել Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Դյեպ քաղաք, որպեսզի իր դստեր հետ 1550 թվականի հոկտեմբերի 1-ին Ռուանում մասնակցի փառատոնի[28]։ Ռուանում Մարին ու իր դուստրը շքերթում ձիավարում էին զինվորների հետևից՝ տանելով ֆրանսիաիների օգնությամբ ազատագրված շոտլանդական ամրոցների դրոշները։ Նա իր հետ բերել էր շոտլանդացի ազնվականների մի մեծ շքախումբ, որի կազմում էին՝ Հանթլիի, Քեսըլզի, Սազերլենդի, Մարիշալի ու Ուիգթաունի կոմսերը, ինչպես նաև Հյումի ու Մաքսվելլի լորդերն ու Քեյթնեսի ու Գելովեյի եպիսկոպոսները[29]։ Պատմաբանների կարծիքով այդ շքախումբը Մարիի կողմից թիմակառույց աշխատանքի սկիզբ էր ազդարարում[30]։

Մարին ձմեռն անցկացրել է ֆրանսիական արքունիքի հետ Բլուա դղյակում, ամառն անցկացրել է Հենրի II-ի հետ Տուր, Անժե և Նանտ քաղաքներն այցելելով։ Ապրիլին Ամբուազ դղյակում լուր ստանալով, որ ոմանք ուզում են թունավորել իր դստերը՝ երիտասարդ թագուհուն, Մարին հիվանդացել է[31]։ Չարագործը հայտնաբերվել է Լոնդոնում և մայիսին հանձնվել ֆրանսիացիներին[32]։ Ֆրանսիայում անցկացրած ամբողջ ժամանակի ընթացքում Մարին ցանկանում էր հնարավոր ամեն ինչ անել իր դստեր ու Ֆրանսիայի գահաժառանգի ամուսնության համար, ինչպես նաև իր համար ֆինանսական աջակցություն ապահովել։

Մարի դե Գիզի Դյեպ վերադարձի ժամանակ նրա որդի Ֆրանսուան, որն ուղեկցում էր իր մորը, ճանապարհին մահացել է Ամյեն քաղաքում[33]։ 1551 թվականի հոկտեմբերին Անգլիայում Մարին հանդիպել է Էդուարդ VI թագավորին[34] և Ուայթհոլ պալատում նրանց հանդիպման ժամանակ Էդուարդը նրան ադամանդե մատանի է նվիրել[35], որը պատկանել էր Եկատերինա Պարրին[36]։ Անգլիայի արքայադուստր Մարի Թյուդորը հրաժարվել է ներկա լինել նրա այցելությանը[37], սակայն արքայադուստր Էլիզաբեթը ներկա է եղել։

Երբ Մարի դե Գիզը ճանապարհվել է դեպի հյուսիս՝ Շոտլանդիա, Առանը Արևմտյան Լոթիանում նրան դիմավորելու համար Բերվիքում հավաքել է մի քանի բարոնների, իսկ Սելկերկի, Ջեդբորոյի, Դանզի, Փիբլզի, Լոդերի, Հադդինգթոնի, Դանբարի ու Հյուսիսային Բերիքի ազնվականները 1551 թվականի նոյեմբերի24-ին հավաքվել էին նրան դիմավորելու Լեյդիկերկի եկեղեցում։ Լիտ նավահանգստային քաղաքից Էդինբուրգ էին բերվել վեց սայլ թնդանոթներ, որպեսզի նրա վերադարձի կապակցությամբ համազարկներ տան[38]։

Շոտլանդիայի ռեգենտ խմբագրել

 
Մարի դե Գիզի դուստր Մարին, որի համար նա ռեգենտ էր 1554 - 1560 թվականների ընթացքում

Մարի դե Գիզի իշխանությունը հզորանում էր։ 1553 թվականի մայիսին նա ռեգենտ Առանի փոխարեն առաջարկել է իր ապօրինի խորթ որդուն՝ Մորեյի 1-ին կոմս Ջեյմս Ստյուարտին[39], սակայն հենց ինքն է 1554 թվականի ապրիլի 12-ին դարձել ռեգենտ[40]։ Տասնմեկամյա թագուհի Մարին Մոդո պալատից, որտեղ բնակվում էր իր տատիկի ու մորեղբոր՝ կարդինալ Շառլի հետ, զատկին շնորհավորել է «թագուհուն՝ իմ մայրիկին» (ֆր.՝ la Royne, ma mere)[41]։

Շատ հարցերում Մարի դե Գիզը խորհրդակցում էր Ֆրանսիայում գտնվող իր եղբայրների հետ, որոնք երկուսն էլ՝ կարդինալ Լոթարինգացին ու լորդ Գիզը, պետական պաշտոններ էին զբաղեցնում այնտեղ, այնպես որ Շոտլանդիան ու Ֆրանսիան հանդես էին գալիս որպես դաշնակիցներ այլ ազգերի հետ գործ ունենալիս[42]։ Մարիի ռեգենտության ընթացքում (1554–60) գանձարանն ու մեծ կնիքը գտնվում էին ֆրանսիացիների հսկողության տակ, իսկ Ֆրանսիայի դեսպանը հաճախ ներկա էր լինում գաղտնի խորհրդի նիստերին։

Մարին շատ արագ սկսել է արդյունավետորեն զբաղվել շոտլանդական խնդիրներով։ 1554 թվականի հուլիսին նա մեկնել է Ջեդբորո, որպեսզի երկու շաբաթով այնտեղ արդարադատությամբ զբաղվի՝ հույս ունենալով լուծել երկարատև թշնամությունը Սկոթ և Քերր կլանների միջև։ Աշնանը նա վճարել է նավի, զորքերի ու գնդացրի համար, որպեսզի օգնի Սազերլենդի կոմսին ձերբակալել Մակկեյ կլանի առաջնորդին, որն այնտեղ անկարգություններ էր հրահրել։ 1556 թվականին նա այցելել է Ինվերնես, Ռոսս, Էլգին, Բանֆֆ ու Աբերդին։ Նրա ներերկրյա ջանքերին խոչընդոտել է 1557 թվականի հունվարին հանկարծակի սկսված միջազգային ընդհարումը։ Ակնհայտ հետընթաց է տեղի ունեցել հոկտեմբերին, երբ Մարին մեկնել է Հյում ամրոց ու բանակ ուղարկել Անգլիայի դեմ։ Հրաման ունենալով անցնել սահմանն ու հարձակվել Ուարք ամրոցի վրա՝ շոտլանդացի լորդերը Էքֆորդ գյուղում խորհուրդ են գումարել ու վերադարձել տուն[43]։

Ընդհարումներ բողոքականների հետ խմբագրել

Մարիի ռեգենտությունը վտանգվել է շոտլանդացի բողոքականների աճող ազդեցության պատճառով։ Նրան անհրաժեշտ էր աջակցություն ձեռք բերել իր պրո-ֆրանսիական քաղաքականության համար, բայց նա այլընտրանքային օգնություն չէր կարող ակնկալել Անգլիայից, քանի որ այնտեղ իշխում էր Մարի Թյուդորը։ 1558 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցած Շոտլանդիայի երիտասարդ թագուհի Մարիի և Ֆրանսիայի գահաժառանգի ամուսնությանը անմիջապես հետևել է Մարի Թյուդորի մահն ու անգլիական գահին Էլիզաբեթի գահակալությունը, որը տեղի է ունեցել 1558 թվականի նոյեմբերի 17-ին։ Անգլիական գահին Շոտլանդիայի երիտասարդ թագուհու հավակնության հարցը կախված էր այն հանգամանքից, թե արդյոք Հռոմի պապն ինչ կարծիք ուներ Էլիզաբեթի ծննդյան օրինականության վերաբերյալ։ Եթե Ֆրանսիայի թագավոր Հենրի II-ը շահագրգռված էր Հռոմի պապի մոտ Մարիի պահանջը ներկայացնելով, ապա նրան անհրաժեշտ էր, որ Շոտլանդիան լիներ ապահով կաթոլիկ երկիր։ Մինչ շոտլանդական բարեփոխումների ճգնաժամը խորանում էր, 1559 թվականի հուլիսի 10-ին Հենրի II-ը մահանում է ու Մարին դառնում է Ֆրանսիայի թագուհի։

 
Մարիի զինանշանը, որտեղ Շոտլանդիան ու Լոթարինգիան պատկերված են կողք-կողքի

Անգլիայում բողոքական Էլիզաբեթի գահ բարձրանալը շոտլանդացի բողոքականների հույսերն է արթնացրել։ Էլիզաբեթն սկսել է գաղտնի հովանավորել «Միաբանության լորդերին»։ Անկարգություններից վախենալով և հանգամանքների բերումով ստիպված լինելով պակաս հանդուրժողականություն ցուցաբերել՝ Մարի դե Գիզը բարեփոխված քարոզիչներին հրամայել է մայիսի 10-ին հավաքվել Ստեռլինգում։ Դրան խռովություն է հաջորդել։ Անգուսի մարդիկ հավաքվել են Դանդի քաղաքում, որպեսի քարոզիչներին դեպի Ստեռլինգ ուղեկցեն, իսկ մայիսի 4-ին նրանց միացլ է նաև Ֆրանսիայից նոր վերադարձած Ջոն Նոքսը։ Փերթ քաղաքում վերջինիս մատուցած քարոզների ազդեցության տակ ամբոխը թալանել է կրոնական հաստատությունները, այդ թվում՝ Փերթում գտնվող Շոտլանդիայի թագավոր Ջեյմս I-ի գերեզմանը։ Ի պատասխան ռեգենտը զորք է հանել Փերթի դեմ, բայց ստիպված էր նահանջել ու բանակցել, երբ Քուփար Մույրից ևս մեկ զորախումբ է ժամանել։

Ռեգենտի դեսպանների թվում էին Արգայլի կոմսն ու Մորեյի լորդը, որոնք երկուսն էլ դավանանքով բողոքական էին։ Երբ ռեգենտը Փերթում ֆրանսիացի վարձկանների է տեղակայել, երկուսն էլ լքել են նրան ու միացել Ջոն Նոքսին։ Նրանք նույնիսկ Էդինբուրգն են գրավել հուլիսին, ու Մարի դե Գիզը ստիպված էր նահանջել Դանբար ամրոց։ «Միաբանության լորդերը» զինադադար են կնքել դե Գիզի հետ ու վերադարձել դեպի Ստեռլինգ[44]։

Պրոֆեսիոնալ ֆրանսիական զորաջոկատներն օգնության են հասել Մարի դե Գիզին և բողոքականների համար ամեն ինչ կորած կլիներ, եթե 1560 թվականի հունվարին անգլիական նավատորմը չժամաներ Ֆորթ գետի գետաբերանը[45] և չստիպեր ֆրանսիացիներին նահանջել դեպի Լիթ նավահանգիստ։ Սկսվել են բանակցություններն անգլիացիների հետ։ Արդյունքում՝ փետրվարին Առանի կոմսի ու անգլիացիների միջև կնքվել է Բերվիքի համաձայնագիրը, որով կողմերը պարտավորվում էին համատեղ գործողություններով վտարել ֆրանսիացիներին։ Անգլիայի նոր թագադրված թագուհի Էլիզաբեթ I-ը անգլիական ցամաքային բանակ է ուղարկել Շոտլանդիա, որպեսզի նրանք օգնեն շոտլանդացիներին Լիթում պաշարել ֆրանսիացիներին[46]։ Եվ մինչ պայքարը շարունակվում էր, Ֆրանսիայում Անգլիայի դեսպանը գովաբանում էր դե Գիզին «ռազմիկի սիրտ ունենալու» համար, իսկ անգլիացի եպիսկոպոս Ջոն Ջուելը նկարագրում էր նրան որպես «տղամարդու համարձակություն ունեցող կնոջ»[47]։

Մահ խմբագրել

Լիթի վրա անգլիացիների հարձակումը ծանր կորուստներով հետ մղելուց հետո «Միաբանության լորդերի» մի քանի առաջնորդներ 1560 թվականի մայիսի 12-ին եկել են Էդինբուրգյան դղյակ ու ճաշել Մարիի ու ամրոցապետի հետ։ Նրանք քննարկլ են խռովություններից առաջ մշակած պլանը, համաձայն որի Մարին պետք է ճանապարհորդեր Ֆրանսիա ու Անգլիայում հանդիպեր Էլիզաբեթին, իսկ նրա եղբայրը պետք է նշանակվեր Շոտլանդիայի փոխարքա։ Լորդերը կրկին առարկել են ֆրանսիացուն շոտլանդական կառավարական պաշտոնում նշանակելուն, բայց Լիթի պաշարումը վերացնելու և Դանբար ամրոցի նոր ամրաշինությունները քանդելու բանակցությունները շարունակվել են։ Սակայն հաջորդ օրը բանակցությունները դադարել են, երբ Լիթի ֆրանսիացի հրամանատարներին արգելվել է դղյակ գալ ու առաջարկներ քննարկել Մարիի հետ[48]։

Երբ շարունակում էին ամրացնել Էդինբուրգյան դղյակը[49] Մարին լուրջ հիվանդացել է, և հաջորդ ութ օրերի ընթացքում նրա գիտակցությունն անկայուն էր․ մի քանի օր նա չի կարողացել նույնիսկ խոսել։ Հուլիսի 8-ին նա կազմել է իր կտակը[50] և մահացել 1560 թվականի հունիսի 11-ին այտուցներից։ Նրա մարմինը փաթաթվել է կապարի մեջ ու մի քանի ամիս նրա դագաղը գտնվում էր Էդինբուրգյան դղյակի Սուրբ Մարգարիտի մատուռում։ 1561 թվականի մարտի18-ի կեսգիշերին այն գաղտնի դուրս է բերվել մատուռից և նաավով ուղարկվել Ֆրանսիա, որտեղ նրա դուստրը՝ Շոտլանդիայի թագուհի Մարին 1561 թվականի հուլիսին մասնակցել է նրա հուղարկավորությանը։ Նրան հուղարկավորել են Ռեյմս քաղաքի Սան- Պիեռ եկեղեցում, որտեղ նրա քույր Ռենեն վանամայր էր։ Պատրաստվել է մարմարե գերեզման Մարիի բրոնզե արձանով, որը սակայն ավերվել է ֆրանսիական հեղափոխության ընթացքում[51]։ Մարի դե Գիզի հինգ երեխաներից միայն իր դուստր Մարին է իրենից երկար ապրել։

Մեր ժամանակներում ենթադրություն է առաջ քաշվել, որ Մարի դե Գիզին սպանել են թունավորելով, կա՛մ Անգլիայի թագուհի Էլիզաբեթ I-ի կողմից, կա՛մ նրա շահերը ներկայացնող որևէ մեկի։ Սակայն այս ենթադրությունները չեն ապացուցվել, իսկ նրա մահից հետո արված դիահերձումը[52] ցույց էր տվել, որ Մարին մահացել էր բնական մահով։ Դեռևս ապրիլին նա գանգատվել է ոտքերի այտուցվածությունից և նույնիսկ 16-րդ դարի անկայուն քաղաքական մթնոլորտում, երբ արքայական մահերը դիտվում էին սպանություններ, Մարիի ժամանակակիցներից ոչ մեկը նրա մահվան մեջ միտումնավորություն չի տեսել[53]։

Ռեգենտի մահից հետո կնքվել է Էդինբուրգյան համաձայնագիրը, որով Ֆրանսիան ու Անգլիան համաձայնել են իրենց զորքերը դուրս բերել Շոտլանդիայից։ Համաձայնության արդյունքում իշխանությունը մնալու էր պրո-անգլիական բողոքականների ձեռքում։

Ժառանգություն խմբագրել

Մարի դե Գիզի վերաբերյալ պատմագիրների տեսակետները եղել են ընդհանուր առմամբ բարեհաճ։ Մարշալն ասում էր, որ «տասնիններորդ դարի նրա կենսագիր Ստրիկլենդը և քսաներորդ դարի կենսագիրներ ՄաքՔերլին ու Մարշալը միակարծիք են նրա խելամտությունն ու տոկունությունը գնահատելիս»[54]։ Նրա կյանքն արժևորելիս Ռոզալինդ Կ․ Մարշալն ասում է․

զոհաբերելով իր հարմարավետությունը, հետաքրքրություններն ու ի վերջո՝ կյանքը, Մարի դե Գիզը երկար, հուսահատ ու անհույս պայքար է մղել, որպեսզի իր դստերը ժառանգի պրո-ֆրանսիական ու կաթոլիկ Շոտլանդիա։ Հմայիչ, բարձր ինտելլեկտուալ ու աշխատասեր, դիվանագիտական վարվեցողությամբ ու պայքարելու կարողությամբ օժտված՝ անկախ թշնամանքից, հիասթափությունից ու վատառողջությունից, Մարին երբեք ֆրանսիական թագավորի պարզապես կամակատարը չի եղել[54]։

Պատկերումներ գեղարվեստական գրականության մեջ խմբագրել

  • Մարի դե Գիզը Ջանեթ Ուոքինշոուի «Հինգ տարվա թագուհին» գրքի գլխավոր հերոսուհին է։
  • Մարի դե Գիզը նկարագրված է շոտլանդացի պատմավիպասան Դորոթի Դաննեթի «Լայմոնդի ժամանակագրություններ» աշխատության 1, 2, 3 և 5 հատորներում։ 1550 թվականին Ֆրանսիայում իր դստերն այցելության գնալն է պատկերված երկրորդ հատորում։
  • 1998 թվականին նկարահանված Էլիզաբեթ ֆիլմում ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանը կատարել է Մարիի դերը։ Նրա մահը ներկայացված է որպես Ֆրենսիս Ուոլսինգեմի ձեռքով իրականացված սպանություն։
  • The CW հեռուստաալիքի «Թագավորությունը» հեռուստասերիալում ամերիկացի դերասանուհի Էմի Բրենեմանը մարմնավորել է Մարի դե Գիզին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 http://genealogy.euweb.cz/lorraine/lorraine6.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 299. — ISBN 978-1-85743-228-2
  3. 3,0 3,1 3,2 Pas L. v. Genealogics — 2003.
  4. Kindred Britain
  5. 5,0 5,1 5,2 Lundy D. R. The Peerage
  6. Wellman, 2013, էջ 236
  7. Wood, Marguerite, ed., Balcarres Papers: The French Correspondence of Marie de Lorraine, vol. 1, Scottish History Society (1923), p. 228, c. 1542.
  8. 8,0 8,1 David Potter, A History of France, 1460–1560: The Emergence of a Nation State, (St. Martin's Press, 1995), 373.
  9. Wood, Marguerite, ed., Balcarres Papers, vol. 1, SHS (1923), 110 from Joinville, 145 from Fontainebleau.
  10. Strickland, Agnes, Lives of the Queens of Scotland, vol. 1, Edinburgh (1850), 337–339, quoting William Drummond of Hawthornden, Works, (1711) 104.
  11. Seward, Denis, Prince of the Renaissance, (1973), 193–6; cited Marshall (1977), 38, Rosalind Marshall does not repeat Hawthornden's story.
  12. 12,0 12,1 Fraser, Antonia (1969). Mary Queen of Scots. Weidenfeld & Nicolson. էջ 7.
  13. State Papers Henry VIII, vol. 5 part 4. (1836), 135, Margaret to Henry, 31 July 1538.
  14. Accounts of the Lord High Treasurer of Scotland, vol. 7 (1907), 347 (gun-chambers), 357 (fireworks).
  15. Antonia Fraser, Mary Queen of Scots, pp. 3 and 12.
  16. Accounts of the Lord High Treasurer of Scotland, vol. 9 (1911), 195.
  17. Calendar of State Papers Spain, vol. 9 (1912), 569: Teulet, A., ed., Relations politiques de la France et de l'Espagne avec l'Écosse au XVIe siècle, vol. 1 (1862), 220–221
  18. Records of the Parliaments of Scotland to 1707 Haddington Abbey, 7 July 1548
  19. Calendar State Papers Scotland, vol. 1 (1898), 155, Ruthven to Grey.
  20. Marshall, Rosalind K., Mary of Guise, Collins (1977), 175.
  21. Murray, James AH. ed.,The Complaynt of Scotland, 1549, EETS (1872), 2.
  22. Michaud & Poujoulat, Nouvelle Collection des memoirs pour server a l’histoire de France, vol. 6 (1839) 6–7.
  23. Marcus, Merriman,The Rough Wooings, Tuckwell (2002), 337–339, 344–345, "ny ont laisse que la peste derriere eulx."
  24. Merriman, Marcus, The Rough Wooings, Tuckwell (2000), 346.
  25. Jordan, W.K., Chronicle of Edward VI, London (1966), 22, 24, 26, 27, 29.
  26. Lodge, Edmund, Illustrations of British History, vol. 1 (1791), 137, Lambeth Palace Talbot Mss. vol. B, f.205, Lodge assumes it was Francis, not Claude.
  27. Michaud & Poujoulat, Nouvelle Collection des Memoires pour servir a l'histoire de France, vol. 6, (1839), 39.
  28. British Library festival books website «C'est la Deduction du Sumpteaux Spectacles, ... Rouen (1551)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին., 8.
  29. Tytler, Patrick Fraser, England under Edward & Mary, vol. 1 (1839), 329.
  30. Ritchie, Pamela, Mary of Guise, Tuckwell (2002), 69–71, 81–5, 250–255.
  31. Calendar State Papers Foreign Edward, (1861) 97, no. 332, John Mason to PC, 29 April 1551.
  32. Calendar State Papers Spain, vol. 10 (1914): Jordan, WK ed., Chronicle of Edward VI, (1966), 62.
  33. Ritchie, Pamela, Mary of Guise, Tuckwell, (2002), 66, 86–90
  34. Calendar State Papers Foreign Edward, London (1861), 190–1, (PRO SP68/9/85)
  35. Strype, John, Ecclesiastical Memorials, vol.2 part 2, Oxford (1822), 255 & vol. 2 part 1, 501, citing treasury warrant April 1553.
  36. Starkey, David, The Inventory of Henry VIII, Society of Antiquaries, (1998), no. 3504, p94, notes Edward's warrant 24 March 1553.
  37. Calendar State Papers Spanish, vol. 10 (1914), 391.
  38. Accounts of the Lord High Treasurer of Scotland, vol. 10, (1913), xvi, 32–34.
  39. Calendar State Papers Spanish, vol. 11, (1916), 41–42.
  40. Ritchie, Pamela, Mary of Guise, (2002), 94.
  41. Reports on various collections: Manuscripts of Robert Mordaunt Hay at Duns Castle, vol.5, HMC (1909), p.90-1.
  42. Michaud & Poujoulat, Nouvelles collection, vol. 6, (1839), letters from Mary of Guise to her brothers: Wood, Marguerite, (1923), letters to Mary of Guise
  43. Ritchie, Pamela, Mary of Guise, Tuckwell (2002), pp.126–9; 153–155; 163–7; 182–187, citing Lambeth Talbot Ms. 3195.
  44. CSP Scotland, vol. 1 (1898); p.221, Croft to Cecil, 3 July 1559; 212–3, 215, Croft to English council, 19 & 22 May & 5 June 1559; no. 500, 'Articles of Leith'
  45. Magnus Magnusson, Scotland: the Story of a Nation (New York: Grove Press, 2000) p. 337.
  46. Magnus Magnusson, Scotland: The Story of a Nation, p. 337.
  47. V. Smith, 'Perspectives on Female Monarchy', in J. Daybell & S. Norrhem, Gender and Political Culture in Early Modern Europe (Abingdon, 2017), 148–9.
  48. Dickinson, Gladys, ed., Two Missions od de la Brosse, SHS (1942), pp.151–157.
  49. CSP Scotland, vol. i (1898), 389.
  50. Dickinson, Gladys, Two Missions of de la Brosse, SHS (1942), 171–177.
  51. Laing, David, ed., Works of John Knox, vol.2 (1846), p.592, citing Tytler, P.F., History of Scotland, and Pere Anselme, Histoire Genealogique, vol.3, "en bronze en habit royaux, tenant le sceptre et la main de justice."
  52. Dickinson, Gladys, Two Missions of de la Brosse, SHS (1942), 176–179.
  53. CSP Scotland, vol. i (1898), 389 and CSP Foreign Elizabeth, vol. ii (1865), 604, 29 April 1560.
  54. 54,0 54,1 Կաղապար:Cite odnb

Հետագա ընթերցանություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Կաղապար:S-houԿաղապար:S-royԿաղապար:S-vac
Շոտլանսիայի թագուհի
1538–1542

Կաղապար:S-vac