Մադլեն դե Վալուա կամ Մագդալենա Վալուա (օգոստոսի 10, 1520, Սեն-Ժերմեն-ան-Լե - հուլիսի 7, 1537, Էդինբուրգ, Շոտլանդիայի թագավորություն), ֆրանսիացի արքայադուստր, Շատլանդիայի թագավոր Ջեյմս V-ի առաջին կինը։ Ամուսնությունն իրականացվել է որպես Ռուանի համաձայնագրից բխող պարտավորվածություն, և չնայած այն հանգամանքին, որ Ջեյմսը պետք է ամուսնանար այլ հարսնացուի հետ, նա գերադասել է Մադլենին։ Նրանք ամուսնացել են, սակայն հարսանիքից վեց ամիս անց վատառողջության պատճառով Մադլենը մահացել է՝ ստանալով «շոտլանդացիների ամառային թագուհի» անունը։

Մադլեն դե Վալուա
Ծնվել է՝օգոստոսի 10, 1520
ԾննդավայրՍեն-Ժերմեն-ան-Լե
Մահացել է՝հուլիսի 7, 1537 (16 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրԷդինբուրգ, Շոտլանդիայի թագավորություն
Հելլերոդի աբբայություն
ՏոհմՎալուաներ
ՀայրՖրանցիսկ I[1]
ՄայրԿլոդ ֆրանսիացի[1]
Հավատքկաթոլիկություն
Առողջական վիճակտուբերկուլյոզ

Մանկություն

խմբագրել
 
Մադլենը (աջից վերևում) իր մայրիկի ու քույրերի հետ․ Եկատերինա Մեդիչիի ժամագիրք

Մադլենը ծնվել է Ֆրանսիայի Սեն-Ժերմեն-ան-Լե քաղաքում և Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ի ու թագուհի Կլոդ Ֆրանսիացու հինգերորդ զավակն էր ու երրորդ դուստրը։ Ծննդյան օրվանից լինելով շատ փխրուն՝ նա մեծացել է տաք ու բարեխառն կլիմա ունեցող Լուարայի հովտում, այլ ոչ թե Փարիզում, քանի որ նրա հայրը վախենում էր, որ ցուրտը կարող է վնասել դստեր թույլ առողջությանը։ Նրան ու իր քրոջը՝ Մարգարեթին, դաստիարակել է իրենց հորաքույրը՝ Մարգարիտ Նավառացին։ Երբ նրանց հայրն ամուսնացել է երկրորդ անգամ, նրա երկրորդ կինը՝ Էլեանոր Ավստրիացին, աղջիկներին վերցրել է իր հոգածության տակ[2]։ Տասնվեց տարեկանում Մադլենը վարակվել է տուբերկուլոզով։

Բանակցություններ ամուսնության վերաբերյալ

խմբագրել

Մադլենի ծննդից երեք տարի առաջ, Ֆլոդդենի ճակատամարտում շոտլանդացիների կրած պարտությունից հետո Ֆրանսիայի հետ հին դաշինքը վերհաստատելու համար կնքվել է Ռուանի համաձայնագիրը։ Այդ համաձայնագրի դրույթներից մեկի համաձայն՝ շոտլանդացի թագավորը պետք է ամուսնանար ֆրանսիացի արքայադստեր հետ։ 1530 թվականի ապրիլին Ալբանիի դուքս Ջոն Ստյուարտին հանձնարարվել է կազմակերպել Ջեյմս V-ի ու Մադլենի արքայական ամուսնությունը[3]։ Սակայն քանի որ Մադլենը կուռ առողջությամբ աչքի չէր ընկնում, առաջարկվել է ուրիշ հարսնացու՝ Մարի դե Բուրբոնը։ Վերջինս ստանալու էր այնպիսի օժիտ, ինչպիսին տալու էին արքայադստերը։

Ջեյմս V-ը համաձայնել է ամուսնանալ Մարի դե Բուրբոնի հետ ու 1536 թվականին ճանապարհվել Ֆրանսիա՝ նրան հանդիպելու, սակայն հմայվելով քնքուշ Մադլենով, Ֆրանցիսկ I-ից վերջինիս ձեռքն է խնդրել ամուսնության համար։ Պատճառ բերելով իր դստեր հիվանդությունն ու Շոտլանդիայի անբարենպաստ կլիման՝ թագավորն սկզբում հրաժարվել է թույլատրել այդ ամուսնությունը[4]։

Ջեյմս V-ը շարունակել է պնդել Մադլենի հետ ամուսնության վրա և չնայած դստեր առողջության հետ կապված իր անհանգստությանն ու վախերին, թագավորը դժկամությամբ համաձայնել է թույլատրել ամուսնությունը, երբ Ջեյմսի հետ ամուսնանալու Մադլենի հետաքրքրվածությունն ակներև է դարձել։ Զույգն ամուսնացել է Փարիզի Աստվածամոր տաճարում 1537 թվականի հունվարի 1-ին[5]։ Ֆրանցիսկ I-ը դստերն ապահովել է առատաձեռն (ու շատ անհրաժեշտ) օժիտով, որը զգալիորեն լցրել է շոտլանդական գանձարանը։ Բլուայում կնքված ամուսնական պայմանագրի համաձայն՝ Մադլենը հրաժարվում էր իր ու իր ժառանգների կողմից ֆրանսիական գահի հանդեպ հավակնություններից։ Եթե նախ մահանար Ջեյմսը, Մադլենին ցմահ կանցնեին Ֆայֆի, Ստրաթեարնի ու Ռոսսի կոմսությունները, ինչպես նաև Օրկնեյան կղզիները Ֆոկլենդի պալատով, Ստեռլինգ ու Դինգվոլ ամրոցներով և Գելովեյի լորդությունն ու Թրիվ ամրոցը[6]։

 
Շոտլանդիայի թագուհի Մադլեն դե Վալուայի զինանշանը

Շոտլանդիայի թագուհի

խմբագրել

Ամիսներ տևած տոնախմբություններից ու խնջույքներից հետո, 1537 թվականի մայիսին զույգը Ֆրանսիայից մեկնել է Շոտլանդիա։ Այս ընթացքում Մադլենի առողջությունն ավելի էր վատացել ու նա չափազանց տկար էր, երբ հասել էր Շոտլանդիա։ Նրանք Լիթ նավահանգստային քաղաք են ժամանել մայիսի 19-ին՝ հոգեգալստյան կիրակի օրը[7]։ Ըստ պատմագիր Ջոն Լեսլիի՝ նավերը բեռնված էին թագուհուն պատկանող ունեցվածքով։

Պահպանվել է նաև Ֆրանցիսկ I-ի նվերների ցուցակը[8]։ Թագուհու ֆրանսիացի պալատականներից ոմանք նույնպես եկել էին նրա հետ և տասնմեկ հոգի էին, այդ թվում՝ նրա նախկին դաստիարակչուհին, բժիշկը, մուշտակագործը, վարսահարդարը և այլք[9]։

1537 թվականի հունիսի 8-ին իր հայրիկին գրած նամակում Մադլենը նշում էր, որ իրեն ավելի լավ էր զգում ու ախտանշանները նվազել էին[10], սակայն մեկ ամիս անց՝ 1537 թվականի հուլիսի 7-ին, իր 17-ամյակից մեկ ամիս առաջ, այսպես կոչված «Շոտլանդիայի ամառային թագուհին» Էդինբուրգում մահացել է իր ամուսնու ձեռքերի մեջ։

Մադլեն թագուհուն հուղարկավորել են Էդինբուրգի Հոլիռուդյան վանքում թագավոր Ջեյմս II-ի հարևանությամբ։ 1776 թվականին գերեզմանն ավերվել է ամբոխի կողմից ու նրա ենթադրաբար դեռևս գեղեցիկ գլուխը գողացվել է[11]։

Հիշատակություն

խմբագրել

Մադլենի ամուսնությունն ու մահը հիշատակված է պոետ Դեյվիդ Լինդսեյի Deploration of Deith of Quene Magdalene պոեմում, որը նկարագրում է նրա հարսանիքի շքեղությունը։

Նրա մահից կես տարի չանցած թագավորն ամուսնացել է այրիացած Մարի դե Գիզի հետ։ Քսան տարի հետո Էդինբուրգյան դղյակի գանձերի ցուցակում ընդգրկվել են նաև Մադլենի իրերից երկու ոսկե փոքրիկ գավաթ, մեկ ագաթե լագան, հասպիսե մեկ ծաղկաման ու մեկ բյուրեղապակյա սափոր[12]։

Նախնիներ

խմբագրել

Կաղապար:Ahnentafel

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Kindred Britain
  2. Marshall, Rosalind K. (2003). Scottish Queens, 1034–1714. Tuckwell Press. էջ 101.
  3. Hay, Denys, Letters of James V, HMSO (1954), 43–44, 51–52, 170.
  4. Ashley, Mike (1999). The mammoth book of British kings and queens. London: Robinson Publishers. էջ 570. ISBN 1-84119-096-9.
  5. "Why did the 'Rough Wooing' Fail to break the Auld Alliance?"
  6. Hay, Denys, Letters of James V, HMSO (1954), 325–6.
  7. State Papers Henry VIII, vol. 5 part 4 cont., (1836), 79, Clifford to Henry VIII.
  8. Guthrie, William, General History of Scotland, vol. 5, (1767), 166 note: "The Historical works of Sir James Balfour", vol. 1, Edinburgh (1824), 266–267: NLS Adv. MS 33:2:15.
  9. Thomas, Andrea, Princelie Majestie, John Donald (2005), 45.
  10. Hay, Denys, Letters of James V, HMSO (1954), 331–2.
  11. Grants Old and New Edinburgh
  12. Thomson, Thomas, A Collection of Inventories, Bannatyne Club (1815), 63.