Մարդու իրավունքների պատկերանիշ

Մարդու իրավունքների պատկերանիշ, ստեղծվել է 2010 թվականին մեկնարկած «Մարդու իրավունքների պատկերանիշ» միջազգային նախաձեռնության արդյունքում։ Նախաձեռնության նպատակն էր համաշխարհային ճանաչում ունեցող պատկերանիշ ստեղծել, որը կխորհրդանշեր համայն մարդկության իրավունքների պաշտպանության շարժումը։

Մարդու իրավունքների պատկերանիշ[1]

Մրցույթ խմբագրել

Մրցույթի նպատակն էր ստեղծել ողջ աշխարհում ընդունված մարդու իրավունքների խորհրդանիշ։ 2011 թվականի մայիսի 3-ին՝ Ազատ մամուլի համաշխարհային օրը, սկսվեց առցանց մրցույթը։ Կոչ արվեց ողջ մարդկությանը ուղարկել պատկերանիշի դիզայնի նախագծեր և քվեարկել ներկայացված նախագծերից որևէ մեկի օգտին։

Ավելի քան 190 երկրից ներկայացված 15300 առաջարկություններից ժյուրին 2011 թվականի հուլիսին ընտրեց 10 լավագույն նախագծերը։ Այդ լավագույն տասնյակից համացանցում հասարակությունը երեք շաբաթվա ընթացքում ընտրեց լավագույն պատկերանիշը[2]։

Մրցույթի պաշտոնական ավարտը տեղի ունեցավ 2011 թվականի սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի ժամանակ։

Հաղթած պատկերանիշ խմբագրել

Մրցույթում հաղթած պատկերանիշը ստեղծել է Պրեդրագ Ստակիչը Սերբիայից, նա ձեռքի և աղավնու ուրվագծերի միասնությունն է։ Պատկերանիշը պետք է ընկալվի որպես խաղաղ ներդրում մարդու իրավունքների ամրապնդման գործում և, չնայած մշակութային և լեզվական արգելքներին, պետք է տարածում գտնի։

Նոր պատկերանիշը ազատ է օգտագործման համար և կարող է օգտագործվել ցանկացած անձի կողմից, ցանկացած ժամանակ, առանց թույլտվության և վճարի։

Պատկերանիշի շնորհանդեսը խմբագրել

Պատկերանիշի շնորհանդեսը տեղի ունեցավ 2011 թվականի սեպտեմբերի 23-ին և նվիրված էր ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի նիստին։ Շնորհանդեսը վարում էր «Թայմ» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Մայքլ Էլիոթը։

Հեռուստալրագրող Էն Քերին, Գերմանիայի արտաքին գորրծերի ֆեդերալ նախարար Գիդո Վեստերվելեն, իրավապաշտպան Քերոլայն Գոմեսը Ջամայկայից և Անժելինա Ախենգ Ատյամը Ուգանդայից իրենց ելույթներում ընդգծեցին համամարդկային այս խորհրդանիշի նշանակությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում։

Երեկոն ավարտվեց սոպրանո Ջեսի Նորմանի ելույթով։

Ժյուրի խմբագրել

Միջազգային ժյուրիի կազմում էին[3]՝

  • Այ Վեյվեյ, (նկարիչ–կոնցեպտուալիստ և իրավապաշտպան)
  • Անժելինա Ախենգ Ատյամ (ՄԱԿ–ի դափնեկիր մարդու իրավունքի պաշտպանության գծով)
  • Աուն Սամ Չժի (Խաղաղության Նոբելյան մրցանակակիր)
  • Վարիս Դիրիե (մոդել և կանացի սեռական օրգանների խեղման դեմ պայքարի մարտիկ)
  • Շիրին Էբադի (Խաղաղության Նոբելյան մրցանակակիր)
  • Ռոլանդ Էմերիխ (կինոռեժիսիոր և պրոդյուսեր)
  • Քերոլայն Գոմես (իրավապաշտպան և մանկաբույժ)
  • Միխայիլ Գորբաչով (Խաղաղության Նոբելյան մրցանակակիր)
  • Մուխտար Մեյ (իրավապաշտպան)
  • Արքայադուստր Բասմա Բինտ Թալալ (Հորդանանի արքայադուստր և իրավապաշտպան)
  • Սոմալի Մամ (իրավապաշտպան)
  • Խուանես (երգիչ և խաղաղության շարժման ակտիվիստ)
  • Նավանեթժեմ Պիլայ (ՄԱԿ–ի մարդու իրավունքների գծով գլխավոր կոմիսար)
  • Պայկասոտխու Սարավանամուտու (իրավապաշտպան)
  • Ջիմմի Ուելս («Վիքիպեդիա» հանրագիտարանի հիմնադրող)
  • Մուհամմադ Յունուս (Խաղաղության Նոբելյան մրցանակակիր)

Բացի այդ, նախաձեռնության հարթակ ստեղծելուն հովանավորել են Բոսնիա և Հերցեգովինայի, Գերմանիայի, Կանադայի, Մավրիկիայի, Սենեգալի, Սինգապուրի, Չեխիայի, Չիլիի և Ուրուգվայի արտգործնախարարները[4]։

Ծանոթագրություններ խմբագրել