Ժանգային մատնոցուկ

բույսերի տեսակ
(Վերահղված է Մատնոցակ ժանգոտից)
Ժանգային մատնոցուկ
Ժանգային մատնոցուկ
Ժանգային մատնոցուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ջղախոտազգիներ (Plantaginaceae)
Տրիբա Digitalideae
Ցեղ Մատնոցուկ (Digitalis)
Տեսակ Ժանգային մատնոցուկ (D. ferruginea)
Միջազգային անվանում
Digitalis ferruginea

Ժանգային մատնոցուկ (լատ․՝ Digitalis ferruginea)։ Հայկական տարանունները՝ մատնածաղիկ, մատնատունկ, մատնետունկ, մատնոցակ, պուճպուճա։

Դեղաբույսի նկարագրությունը խմբագրել

Խլածաղկազգիների ընտանիքին պատկանող, 50-70 սմ բարձրության, կարճ կոճղարմատով ու ամուր ցողունով բազմամյա խոտաբույս է։ Ծաղիկները ժանգադեղնավուն են, զանգակաձև։ Տերևները երկար են, մինչև 30 սմ։ Պտուղը ձվաձև, երկբուն տուփիկ է՝ բազմաթիվ դարչնագույն սերմերով։ Ծաղկում է հունիսից, պտղակալում՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Հասուն բույսերը, ծաղկում են 2 տարին մեկ անգամ։ Սերմերի ծլունակությունը հասնում է մինչև 90%-ի։ Բույսը վատ է տանում ցուրտը, պտղակալում է ոչ կանոնավոր։ Աճում է մեր հանրապետության անտառներում, ծովի մակերևույթից 1200-1800 մ բարձրության վրա, գլխավորապես՝ Փամբակի, Գեղամա և Արագած լեռների լանջերին, տեղ-տեղ տալով ոչ ընդարձակ բուսուտներ։ Մեր հանրապետությունում աճում են 2 տեսակ, որոնցից հետազոտված և կիրառության մեջ է մտցված միայն ժանգայինը։

Ցեղի Դիգիտալիս անունը լատիներեն նշանակում է մատնոց, ելնելով այն բանից, որ ծաղիկներն իրոք նման են մատնոցի, իսկ ֆերրիգինեուս լատիներեն նշանակում է ժանգային՝ կապված այդ տեսակի ծաղիկների ժանգագույն լինելու հետ։

Քիմիական բաղադրությունը խմբագրել

Բույսի տերևներում հայտնաբերված են 31 տեսակի սրտային գլիկոզիդներ, որոնցից են՝ լանատոզիդ A-ն, B-ն, C-ն, D-ն, E-ն, գիտոզիդը, ացետիլդիգիտոքսին L-ն, B-ն, ացետիլգիտալոքսինը, վերոդոքսինը և այլն։ Այս գլիկոզիդները խիստ անկայուն են, հեշտությամբ հիդրոլիզվելով՝ վեր են ածվում ագլիկոնի և շաքարի։ Տերևները պարունակում են նաև տիոգնին ստերոիդ սապոնինը։

Բուժական նշանակությունը խմբագրել

Մատնոցուկները բժշկության մեջ սկսել են կիրառել 1775 թվականից, այն էլ միայն մեծ դոզաներով՝ փսխում առաջացնելու նպատակով։ Միայն XVIII դարի վերջերին անգլիացի բժիշկ Ուիտերինգին հաջողվեց պարզել, որ մատնոցուկն ավելի շուտ միզամուղ է, քան փսխեցնող, և ավելի շուտ սրտային՝ քան միզամուղ։ Քանի որ մատնոցուկները թունավոր են, ժողովրդական բժշկության մեջ չեն օգտագործվել։

 
Ժանգային մատնոցուկի պատկերը

Բուժման նպատակով հավաքում են միայն 2-ից ավելի տարիք ունեցող բույսի տերևները, որոնք արագ չորացնում են հով տեղում՝ միջանցուկ քամու տակ, կամ վառարանում՝ 40-60° պայմաններում։ Չոր հումքը կազմում է նախահումքի 20-22%-ը։ Այն ունի յուրահատուկ հոտ, տհաճ, դառը համ։ Պահում են մետաղե կամ ապակե ամաններում, չոր տեղում։ Տերևները տարվա ընթացքում հավաքում են 2 անգամ, առաջինը՝ հուլիսի երկրորդ կեսից, երբ դեղաբույսը դեռ չի ծաղկած, իսկ երկրորդը՝ լրիվ ծաղկելուց հետո։ Դեղաբույսի սրտի վրա ունեցող ազդեցությունը փորձնական պայմաններում ուսումնասիրել են Ս. Հ. Միրզոյանը, Գ. Ս. Շահնազարյանը, Շ. Պ. Կվիցարիձեն և ուրիշներ։ Պարզվել է, որ դեղաբույսը իր ազդեցությամբ շատ բանով հիշեցնում է ծիրանագույն մատնոցուկին։ Հյութը բարձրացնում է կատուների արյան ճնշումը։

Փոքր դոզաներից մեծանում է ինչպես գորտի, այնպես էլ կատվի սրտի կծկման ամպլիտուդան, միաժամանակ՝ դանդաղում ռիթմը։ Հյութի ազդեցությունից սեղմվում են կատվի մեկուսացված ականջի անոթները, մեծանում պսակաձև անոթների արյան հոսքի ծավալային արագությունը։ Ուշագրավ է եղել այն հանգամանքը, որ հյութի ազդեցության տակ բուժվել է կատուների մոտ փորձնականորեն առաջ բերված միոկարդիտը, դանդաղել է սրտի ռիթմը, վերականգնվել նախասիրտ-փորոքային հաղորդականությունը։ Շ. Պ. Կվիցարիձեի կլինիկական հետազոտությունները պարզել են, որ ժանգային մատնոցուկի պատրաստուկներն արդյունավետ են ներգործում II և III աստիճանի սրտային անբավարարությունների դեպքում, սակայն իրենց կումուլյատիվ հատկությամբ այդ պատրաստուկները գերազանցում են ծիրանագույն մատնոցուկին։

Բ. Ե. Վոտչալի տվյալներով, մատնոցուկների պատրաստուկները՝ կիրառելով սրտային տարբեր բնույթի անբավարարությունների ժամանակ, մեծացնում են հոգնած սրտամկանի օգտակար գործողության գործակիցը, արյան րոպեական և պսակային շրջանառության ծավալները, լավացնում սրտամկանի սնուցումը։ Իսկ ընդհանուր առմամբ, մատնոցուկային խմբի դեղամիջոցներն իջեցնում են երակային ճնշումը, որը հաճախ բարձր է լինում սրտային անբավարարությունների ժամանակ, կարգավորում են զարկերակային արյան ճնշումը, փոքրացնում շրջանառության մեջ գտնվող արյան քանակը, բարձրացնում արյան հոսքի արագությունը։ Այս բոլորի հետևանքով լավանում է սրտամկանի սնուցումը։ Շատ կարևոր հանգամանք է այն, որ բուժման շնորհիվ ավելանում է դիուրեզը, տոնուսավորվում ստամոքսաղիքային տրակտի, լեղապարկի և բրոնխների մկանները (Ե. Ռոզանով, Մ. Դ. Մաշկովսկի)։

Մատնոցուկի պատրաստուկները լայնորեն ցուցված են սրտային սուր և քրոնիկական անբավարարությունների ժամանակ, որոնք հիմնականում նկատվում են սրտային արատների, սրտամկանի աթերոսկլերոտիկ ախտահարումների, հիպերտոնիկ հիվանդության, ինֆեկցիոն հիվանդություններից և այլ պատճառներից առաջ եկած ինտոքսիկացիաների, շողացող առիթմիաների ժամանակ և այլն։ Էդենսը, որը երկար ժամանակ զբաղվել է մատնոցուկների բուժման հարցերով, գտել է, որ մատնոցուկը թերապևտի ձեռքին այն է, ինչ դանակը վիրաբույժի ձեռքին’’: Ավելի պատկերավոր է ասել Բ. Ե. Վոտչալը. - մատնոցուկը սրտի համար ավելի շուտ վարսակ է, քան մտրակ։

 
Մատնոցուկի թփի տեսքը

Սակայն այս խմբի դեղամիջոցների կումուլյատիվ ներգործության հետևանքով` առանձին դեպքերում, բուժման ընթացքում առաջ են գալիս ինտոքսիկացիայի երևույթներ, որոնք արտահայտվում են դանդաղասրտության, դիսպեպտիկ երևույթների (նեղկանք, ]անորեքսիա և այլն), դիուրեզը պակասելու, որոշ դեպքերում նույնիսկ նեյրոհոգեկան որոշ շեղումների ձևով և այլն։ Դեղամիջոցի դոզայի պակասեցնելը կամ ժամանակավորապես չընդունելը հեշտությամբ վերացնում են այդ անցանկալի երևույթները։ Ժանգային մատնոցուկի տերևներից պատրաստում են նորագալենյան դեղամիջոց՝ դիգալեն նեոն, որը թափանցիկ, բաց դեղնավուն, դառնահամ հեղուկ է, ունի 2,7-3,3 գորտային կամ 0,45-0,55 կատվային միավոր (գորտային կամ կատվային միավոր ասելով հասկանում ենք դեղամիջոցի այն քանակը, որը կարող է առաջ բերել գորտի կամ կատվի սրտի կանգ)։ Սատիտուրանի պատրաստուկը պարունակում է ժանգայիմն մատնոցուկի գլիկոզիդների հանրագումարը՝ 3 գորտային միավոր ակտիվությամբ, իսկ սուկկուդիֆերը դեղաբույսի տերևների կոնսերվացված հյութն է, որի 1 մլ-ը ունի 5-6 գորտային միավորի ակտիվություն։ Բոլոր այս դեղամիջոցները հակացուցված են արտահայտված դանդաղասրտության, նախասիրտ-փորոքային բլոկադաների, հաճախակի կրկնվող կրծքահեղձուկի նոպաների ժամանակ և այլն։ Մեր կողմից, Գեղամա լեռների լանջերից հավաքված ժանգային մատնոցուկի տերևները՝ 0,1 գ փոշու ձևով (40-100 գորտային միավոր), օրական 3 անգամ օգտագործվել է տարբեր ծագման սրտային անբավարարությունների ժամանակ։ Միաժամանակ, առանձին խմբի նույնատիպ հիվանդների մոտ օգտագործել ենք դիագլեն նեո՝ ներարկումների ձևով։ Նշենք, որ այս պատրաստուկներն օժտված են սրտի աշխատանքը կարգավորող ներգործությամբ։

Կիրառման եղանակները խմբագրել

 
Մատնոցուկի տեսքը

Դիգալեն նեոն, որ բաց է թողնվում 1 գ-անոց ամպուլներով, ներարկվում է ենթամաշկային կամ միջմկանային։ Դեղամիջոցի կաթիլները ընդունում են 10-15-ական կաթիլ՝ օրական 2-3 անգամ։ Սատիտուրանին բաց է թողնվում հաբերի ձևով. ընդունում են 1-2 հաբ՝ օրական 2- 3 անգամ։ Տերևափոշին ընդունում են 0,1-ական գ՝ օրական 3 անգամ։

Այլ օգտակար հատկանիշները խմբագրել

Դեղաբույսը՝ շնորհիվ իր հմայիչ տեսքի, դեկորատիվ է. աճեցնում են այգիներում, ծաղկանոցներում և այլուր։ Տալիս է առատ ծաղկափոշի։ Թունավոր խոտաբույս է, անասունները չեն ուտում։

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժանգային մատնոցուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժանգային մատնոցուկ» հոդվածին։