Կոճղարմատ (լատին․՝ rhizoma), բազմամյա խոտաբույսերի ստորգետնյա ընձյուղ։ Արմատից տարբերվում է ծայրապատյանի բացակայությամբ, պարենքիմի և թեփուկանման, մանր տերևների առկայությամբ։

Polygonatum multiflorum-ի կոճղարմատները

Վերջիններիս ծոցերում կամ հանգույցներում առաջանում են բողբոջներ, որոնք ամեն տարի ստորգետնյա նոր ընձյուղներ և հավելյալ արմատներ են առաջացնում։ Որոշ բույսերի (հիրիկի) կոճղարմատները կարճ են, հաստ, մյուսներինը (օրինակ՝ սիզախոտինը)՝ շատ բարակ, երկար, արագ ճյուղավորվող։ Կոճղարմատի ծերացած մասերի մահացման դեպքում վերգետնյա հատվածները միմյանցից առանձնանում են, տեղի է ունենում բնական վեգետատիվ բազմացում։ Կոճղարմատները հողում տարածվում են հորիզոնական ուղղությամբ, երբեմն՝ թեքությամբ։ Տարածման խորությունը սովորաբար ընդգրկում է վարելաշերտը, բայց որոշ բույսեր (մոլասորգո) թափանցում են մինչև մեկ և ավելի մետր։

Կոճղարմատավոր բույսերից մի քանիսը (արվանտակ, սեզ, մոլասորգո, ձիաձետ) վարելաշերտում առաջացնում են արմատների խիտ ցանց՝ դժվարացնելով հողի մշակման, բույսերի ցանքի ու խնամքի աշխատանքները։ Որոշ բույսերի կոճղարմատները պարունակում են դեղանյութեր (կատվախոտ), ներկանյութեր (կզմուխ), դաբաղանյութեր (մատրասդ) ևն։ Երկար կոճղարմատներ ունեցող բույսերն օգտագործվում են ավազուտների ամրացման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 532