Մայորի խնամախոսությունը

«Մայորի խնամախոսությունը» (ռուս.՝ Сватовство майора), ռուս նկարիչ Պավել Ֆեդոտովի (1815-1852) նկարը՝ ստեղծված 1848 թվականին։ Պատկանում է Տրետյակովյան պատկերասրահին (ինվ. 5210): Նկարի չափերը՝ 58,3 × 75,4 սմ [1][2]:

Մայորի խնամախոսությունը
տեսակգեղանկար
նկարիչՊավել Ֆեդոտով
տարի1848
բարձրություն58,3 սանտիմետր
լայնություն75,4 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ
 Major Makes a Proposal Վիքիպահեստում

Պավել Ֆեդոտովը «Մայորի խնամախոսությունը» (հայտնի է նաև «Մայորի ամուսնությունը» անվանումով) նկարի վրա սկսել է աշխատել 1848 թվականին, նույն թվականին էլ նկարն ավարտել է[3]։ 1849 թվականի աշնանը կտավը՝ «Հանգամանքների շտկում կամ խնամախոսություն» անվանումով, նկարչի ավելի վաղ արված 2 այլ նկարների հետ («Երիտասարդ կավալերը» (1846) և «Պահանջկոտ հարսնացուն» (1847)) ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսում[3][4]։ Ըստ Ալեքսանդր Բենուայի՝ ցուցահանդեսում Ֆեդոտովի նկարներն «ունեցել են հսկայական հաջողություն, «Պոմպեյի» ժամանակներից աննախադեպ»[5]։ «Մայորի խնամախոսությունը» կտավի համար Գեղարվեստի ակադեմիան Ֆեդոտովին շնորհել է ակադեմիկոսի կոչում[3]։

Արվեստագետ Գալինա Լեոնտևան գրել է, որ «Մայորի խնամախոսությունը» «19-րդ դարի առաջին կեսի ռուսական նկարչության ուշագրավ ստեղծագործություններից մեկն է», որում «կերպարների ցնցող ճշտության շնորհիվ բարձրացված խնդրի նշանակությունն ավելի լուրջ է, քան նկարչի նախնական մտադրությունը»[6]։ Արվեստագետ Դմիտրի Սարաբյանովը նկարն անվանել է «գեղանկարչության բնագավառում Ֆեդոտովի բարձրագույն նվաճումներից մեկն է»[7]։

«Մայորի խնամախոսությունը» նկարի կրկնօրինակ տարբերակը, որի վրա նկարիչն աշխատել է 1850-1852 թվականներին, պահպանվում է Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում (կտավ, յուղաներկ, 56 × 76 սմ , ինվ. Ж-4521)[8][9][10]: Չնայած Ռուսական թանգարանի տարբերակում սյուժեն և կոմպոզիցիան ամբողջովին պահպանվել է, սակայն այն ունի մի շարք էական տարբերություններ[11]։

Պատմություն խմբագրել

1843 թվականի վերջին Պավել Ֆեդոտովը, որը մինչ այդ մոտ 10 տարի ծառայել էր Ֆինլանդիայի լեյբգվարդիական գնդում, պաշտոնաթող է եղել, տեղափոխվել Սանկտ Պետերբուրգում Վասիլևսկի կղզու 16-րդ գիծ և իրեն ամբողջովին նվիրել նկարչական գործունեությանը։ Նախապես մտադրություն է ունեցել դառնալ մարտանկարիչ, բայց շուտով հասկացել է, որ իրեն ավելի հոգեհարազատ է կենցաղային ժանրը, որի շրջանակներում 1844-1846 թվականներին ստեղծել է բազմադրվագ սեպիաների շարք։ 1846 թվականին Ֆեդոտովը նկարել է իր առաջին՝ «Երիտասարդ կավալերը» նկարը, իսկ 1847 թվականին ևս մեկ նկար՝ «Պահանջկոտ հարսնացուն»[12]։ 1848 թվականին Պավել Ֆեդոտովն սկսել է աշխատել «Մայորի խնամախոսությունը» նկարի վրա[13] (հայտնի է նաև «Մայորի ամուսնությունը» անվանումով), որն ավարտել է նույն թվականին[3]։ Նկարի աշխատանքներն ավարտելու համար Կառլ Բրյուլովի միջնորդությամբ Ֆեդոտովը Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայից ստացել է 700 ռուբլի ասիգնացիա[14][15], որը, մասնավորապես, կարող էր օգտագործել բնորդների, կոստյումների և այլ նյութերի համար[16]։ Ըստ նկարչի ընկեր քանդակագործ Նիկոլայ Ռամազանովի՝ «Մայորի խնամախոսությունը» նկարի վրա աշխատելիս Ֆեդոտովը «իրեն թույլ չի տվել առանց բնօրինակի որևէ բան անել». հարսնացուի զգեստները հատուկ այդ դեպքի համար էին պատվիրված, շատ այլ իրեր, որոնք «չնչին մանրուք են թվում», նրանք գնել կամ վարձույթով էին վերցրել[17]։

 
Մայորի խնամախոսությունը (հեղինակային կրկնօրինակ տարբերակ, կտավ, յուղաներկ, 56 × 76 սմ , 1850-1852, Ռուսական պետական թանգարան)

1849 թվականի հոկտեմբերի 19-ին կտավը՝ «Հանգամանքների շտկում կամ խնամախոսություն» անվանումով, ցուցադրվել է Գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսում[1][4][18]։ Նույն ցուցահանդեսում ցուցադրվել են Ֆեդոտովի 2 այլ նկարներ՝ «Երիտասարդ կավալերը» և «Պահանջկոտ հարսնացուն»[3][19]։ Ըստ նկարիչ և քննադատ Ալեքսանդր Բենուայի՝ ակադեմիական ցուցահանդեսում նկարներիի ցուցադրություններն «ունեցել են հսկայական հաջողություն, «Պոմպեյի» ժամանակներից աննախադեպ»՝ վաստակելով «խանդավառ հավանությունը ոչ միայն հասարակության, այլ նաև, հավանորեն, թյուրիմացաբար, ակադեմիական պրոֆեսորների, այդ թվում՝ Կարլ Բրյուլովի»[5]։ «Մայորի խնամախոսությունը» կտավի համար Գեղարվեստի ակադեմիան շնորհել է ակադեմիկոսի կոչում[3]։

Ֆեդոտովն իր նկարի համար հորինել է բանաստեղծական նկարագրություն, այսպես կոչված՝ խրատաճառ, որը 1849 թվականին կարդացել է ցուցահանդեսի այցելուների համար[3]։ Ըստ այլ տվյալների[20]՝ սկզբում Ֆեդոտովը հորինել է կարճ բանաստեղծական նկարագրություն, իսկ ավելի երկար խրատաճառը՝ նկարի մանրամասն նկարագրությամբ, գրել է 1850 թվականին Մոսկվայում 2 անհատական ցուցահանդեսների առթիվ (Ա. Ֆ. Ռոստոպչինի և Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի պատկերասրահներում), որտեղ ցուցադրվել է «Մայորի խնամախոսությունը» նկարը[1][21]։

Ավելի ուշ Ֆեդոտովը «Մայորի խնամախոսությունը» և «Երիտասարդ կավալերը» նկարները վաճառել է Ֆյոդոր Պրյանիշնիկովին, բայց նրանց դիմաց ստացել է իր հաշվածից բավականաչափ քիչ գումար[22]. սկզբում «Խնամախոսություն» նկարի համար առաջարկվել էր 2000 ռուբլի, վերջնական գործարքի ժամանակ Պրյանիշնիկովը նկարչին հայտարարել է, որ կարող է վճարել միայն կեսը, նյութական դժվարությունների պատճառով Ֆեդոտովն ստիպված էր համաձայնվել[23]։ Այդ ժամանակից ի վեր «Մայորի խնամախոսությունը» գտնվում էր Սանկտ Պետերբուրգում՝ Պրյանիշնիկովի հավաքածուում, որի 1853 թվականին հրապարակված նկարագրության մեջ նկարը հիշատակվել է «Փեսայի ժամանումը» անվանումով։ Պրյանիշնիկովի մահից հետո՝ 1867 թվականին, նկարը հանձնվել է Ռումյանցևի թանգարանին, որի 1915 թվականին հրապարակված կատալոգում այն ունեցել է 2 անվանում՝ «Փեսայի ժամանումը (Մայորի խնամախոսությունը)»։ 1925 թվականին՝ Ռումյանցևի թանգարանի լուծարումից հետո, կտավն ընդունվել է Տրետյակովյան պատկերասրահ[1]։

1850-1852 թվականներին Ֆեդոտովը նկարել է «Մայորի Խնամախոսությունը» կտավի կրկնօրինակ տարբերակը (այլընտրանքային անունը՝ «Հարսնատես վաճառականի ընտանիքում»), որն այժմ պահպանվում է Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում (կտավ, յուղաներկ, 56 × 76 սմ [8], նախկինում կատալոգում որպես նկարի ստեղծման ամսաթիվ նշվել է «շուրջ 1851 թվական»[9][10], իսկ «1850-1852» թվականները նշվել են 1993 թվականի ցուցահանդեսի առթիվ հրատարակված կատալոգում[8][24]): Այդ կրկնօրինակ տարբերակը մինչև 1870 թվականը գտնվում էր մոսկվացի մեկենաս Վասիլի Կոկորևի հավաքածուում, իսկ այնուհետև՝ Ալեքսանդրյան պալատում, որտեղից 1897 թվականին հանձնվել է այդ ժամանակ ստեղծված Կայսր Ալեքսանդր III-ի ռուսական թանգարան (այժմ՝ Ռուսական պետական թանգարան)[8]։ Համաձայն կտավի հակառակ կողմում ռեստավրատոր Ա. Սիդորովի արած մակագրության՝ 1886 թվականին յուղաներկի շերտը նկարի հետ հին կտավից տեղափոխվել է նորի վրա[9][8]։ Չնայած Ռուսական թանգարանի տարբերակում սյուժեն և կոմպոզիցիան ամբողջովին պահպանվել է, սակայն այն ունի մի շարք էական տարբերություններ Տրետյակովյան պատկերասրահի նկարից[11]։

Նկարագրություն խմբագրել

Սյուժե և կոմպոզիցիա խմբագրել

19-րդ դարի կեսերին, չնայած աշխարհիկ հասարակության կողմից դատապարտմանը, հաճախակի էին լինում անհավասար ամուսնություններ աղքատացած ազնվական սպաների և հարուստ վաճառականների դուստրերի միջև։ Այդպիսի հաշվարկով ամուսնությունները, ինչպես նաև դրանց հետ կապված խնամախոսությունները բազմիցս նկարագրվել են 1830-ական և 1840-ական թվականների ռուսական գրականության մեջ։ Մասնավորապես, Նիկոլայ Գոգոլն իր «Նևսկի պողոտա» պատմվածքում գրել է. «Կան սպաներ, որոնք Պետերբուրգում կազմում են ինչ-որ միջին խավի հասարակություն... Վերին խավ նրանք շատ հազվադեպ են ընկնում կամ էլ, ավելի լավ է ասել, երբեք չեն ընկնում... նրանցից շատերը, դասավանդելով պետական հաստատություններում կամ պատրաստվելով պետական հաստատություններում, վերջապես շրջում են կաբրիոլետով և զույգ ձիերով։ Այդ ժամանակ նրանց շրջանն ավելի է մեծանում, նրանք վերջապես հասնում են նրան, որ ամուսնանում են վաճառականի աղջկա հետ, որը կարողանում էր դաշնամուր նվագել, ուներ հարյուր հազար կամ մոտավորապես այդքան կանխիկ և անհաշիվ բարեկամներ»[25]։ Այդպիսի միությունը կարող է միանգամայն ձեռնտու լինել երկու կողմերի համար էլ. սպան այդպիսի ամուսնության արդյունքում ստանում էր օժիտ, որը նա կարող էր օգտագործել իր ֆինանսական վիճակը բարելավելու համար, իսկ վաճառականն այդ ձևով հնարավորություն էր ստանում խնամիանալ ազնվականի հետ և այդպիսով բարձրանալ հասարակության աչքում[26]։

 
Ջահ (նկարի հատված)

Կտավում պատկերված է հարուստ առևտրականի տան ինտերիերը, որը դիտորդի համար բացված է որպես թատերաբեմի տարածություն[26]։ Ֆեդոտովը նկարի կոմպոզիցիան կառուցել է այնպես, կարծես դիտորդը գործողություններին հետևում է հյուրասենյակի այն կողմից, որտեղ գտնվում է պատուհանը. «ակամա ստեղծվում է այնպիսի զգացողություն, որ մենք պատահաբար նայել ենք պատուհանից և տանտերեին գտել կողմնակի աչքի համար չնախատեված վիճակով»[27]։ Աջ կողմում՝ դռնախորշում, կանգնած է մայորը, որին բերել է խնամախոսուհին, որպեսզի խնդրի վաճառականի դստեր ձեռքը։ Դատելով տեսարանի բնույթից՝ խնամախոսուհու բանակցությունները հարսնացուի ծնողների հետ անցկացվել են նախապես, և մենք տեսնում ենք ապագա փեսացուի առաջին այցելությունն առևտրականի տուն, որտեղ նրան սպասում են մեծ անհամբերությամբ[26]։ Չնայած հյուրերի գալուն սպասում էին, սենյակում իրարանցում է՝ հանդիպման վերջին նախապատրաստական աշխատանքները։ Կենտրոնական խմբում առևտրականի դուստրը (ապագա հարսնացուն) և նրա մայրն են, ինքը՝ առևտրականը, կանգնած է հետևում՝ սենյակի անկյունում[2]։ Տեսարանը լի է շարժմամբ. վախեցած ու շփոթված աղջիկը նետվել է առաջ, կարծես հանկարծակիի է եկել մայոր փեսացուի հայտնվելով։ Որպեսզի նա չփախչի, նրա զգեստից բռնել է մայրը[26]։ Սենյակի ձախ մասում պատկերված է ուտեստներով սեղան, որի մոտ գտնվում են 3 երկրորդական կերպարները՝ խոհարարը, որը սեղանին դնում է կուլեբյական, ինչպես նաև գինու շշով բուֆետապանն ու դռնից գլուխը դուրս հանած կենվորուհին[28]։ Այդպիսով ամբողջ նկարում պատկերված է 8 կերպար[29][30]։

Ամուսնական կատակերգության նկարում պատկերված գործող բոլոր անձինք կապված են միակ գործողությամբ։ Ըստ արվեստագետ Դմիտրի Սարաբյանովի՝ Ֆեդոտովը «ամեն ինչ հավաքել է ընդհանուր մեխանիզմի մեջ, կարծես գործողությունների շղթան «քանդել է» մեկ ելակետից և այն «բաց թողել» տարբեր ուղղություններով՝ իր հերոսներին ստիպելով շարժվել ու միմյանց հետ փոխներգործությունների մեջ մտնել»։ Իր կերպարների առավել ամբողջական բացահայտման նպատակով նկարիչը մտածել է այնպիսի իրավիճակ, որտեղ յուրաքանչյուր կերպար գտնվում է հատուկ պայմաններում՝ հեռու առօրյա գոյությունից. «Մայորի խնամախոսությունը» նկարում այդ իրավիճակը «առաջ է քաշվում անսովոր կոնկրետությամբ», իսկ Ֆեդոտովի կողմից սյուժեի հիմքում դրված պահը «դուրս է քաշված իրադարձության ժամանակ կատարվածից այնքան որոշակի, համոզիչ, այն այնքան լիակատար է, որ ամբողջ իրավիճակը ընդհանրապես չի ընկալվում որպես մտացածին, հնարովի», ընդհակառակը, այն «ընկալվում է որպես մի տեսակ իրական»[31]։

 
Կատու (հատված նկարից)

Ձգտելով նկարի բոլոր տարրերի ներդաշնակ համադրությանը՝ Ֆեդոտովը ուշադիր կերպով կառուցել է կոմպոզիցիան՝ օգտագործելով համաչափության և հավասարակշռության դասական սկզբունքները[26]։ Շատ կարևոր դեր է խաղում լույսի բաշխումը, որը կիրառվում է գլխավոր հերոսների՝ վաճառականի դստեր և մայորի կերպարներն առանձնացնելու համար։ Կտավի կենտրոնական, առավել լուսավոր մասում գտնվում են հարսնացուն ու նրա մայրը։ Հարսնացուի զգեստը մոր զգեստից ավելի լուսավոր է, ինչը հնարավորություն է տալիս հարսնացուին՝ որպես առավել կարևոր կերպարի, առանձնացնել կենտրոնի խմբից[32]։ Մայորը նույնպես գրավում է դիտողի ուշադրությունը, քանի որ լույսն ընկել է նրա հետևից, բայց գլուխը թեքել է դեպի ձախ, ինչի շնորհիվ դեմքը լուսավորված է[33]։ Գործողության մթնոլորտի վրա ազդում է նաև նկարի գերակշռող գույնը, որը բաղկացած է շագանակագույնի տարբեր երանգներից։ Բացի այդ, գունային գամմայում առկա են նաև սպիտակի տարբեր երանգներ, որոնցով նկարը «կարծես թե ամբողջովին «ծակծկված» է»[34]։ Մոդելներից բացի Ֆեդոտովն օգտագործել է նաև նախկինում ձեռք բերած շարժական հոդերով մանեկենը՝ նրան հագցնելով տարբեր կերպարների հագուստները և տալով անհրաժեշտ կեցվածքը[35]։

Նկարիչը մեծ ուշադրություն է դարձրել կահավորանքի մանրամասներին. նրա կողմից ցույց են տրված վաճառականների կյանքին բնորոշ շատ գծեր[2]։ Սենյակը լցված է իրերով, որն արտահայտում է տերերի՝ «մայրաքաղաքային ձևով» ապրելու ցանկությունը, բայց տարբեր իրերի սխալ համադրությունը ներկայացնում է նահապետական սովորություն՝ ստեղծելով զավեշտական էֆեկտ։ Օրինակ՝ ճաշի սեղանը ծածկված է ոչ թե սպիտակ, այլ եզրերն ասեղնագործած վարդագույն սփռոցով։ Տերերի աստվածավախության մասին է վկայում ձախ կողմի սեղանիկին դրված Սաղմոսարանն ու Աստվածաշունչը, ինչպես նաև դարակիկի վրա կանթեղների հետ դրված սրբապատկերները։ Առաստաղին, որից կախված է հսկայական ջահը, պատկերված են ծաղկաշղթաներ, նիմփաներ ու ամուրներ։ Կոմոդի վրա բյուրեղապակե մոմակալ է, աթոռին՝ շամպայնի շշով ու բաժակներով սկուտեղ։ Պատերից կախված են նկարներ, որոնց թվում են Նիկոլո-Ուգրեշայի վանքի վիմագրությունը, մետրոպոլիտի (ըստ տարբեր վարկածների՝ կամ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտ Սերաֆիմի, կամ էլ Մոսկվայի մետրոպոլիտ Ֆիլարետի), գեներալներ Միխայիլ Գոլենիշև-Կուտուզովի և Յա. Պ. Կուլնևի, ձիուն նստած ատաման Ալեքսեյ Իլովայսկու դիմանկարները, ինչպես նաև գիրքը ձեռքին պահած տանտիրոջ դիմանկարը, որպեսզի ընդգծի նրա գրագիտությունը[36]։ Հատակին նստած է կատուն[28]։

Գործող անձինք խմբագրել

Նկարի աջ թևին՝ բաց դռան որմնախորշում, մայորի կերպարն է[37]։ Ի տարբերություն մնացած կերպարների՝ նա չի շարժվում՝ չհաշված այն, որ մի ձեռքով ոլորում է բեղերը[29]։ Մայորի մուգ ուրվագիծը պատկերված է լույսին հակառակ, այնպես որ նա զուրկ է ծավալայնությունից և հակադրվում է ինտերիերի ծավալային իրերին[37]։ Մայորը ուսադիրներով համազգեստով է և կրում է սուսեր ու եռեզր գլխարկ։ Նա դեռ չի տեսնում, թե ինչ է կատարվում սենյակում, որտեղ տեղի է ունենում հիմնական գործողությունը, և սպասում է, որ ներս հրավիրեն[38]։ Ենթադրվում է, որ մայորի կերպարը նկարչին տրվել է հեշտությամբ՝ հաշվի առնելով նրա ստեղծագործական փորձն ու Ֆինլանդիայի լեյբգվարդիական գնդում ռազմական ծառայության ժամանակ իրականացրած դիտարկումները[6][39]։ Մայորի կերպարի ստեղծման համար Ֆեդոտովի մոտ բնորդ է եղել նրան ծանոթ սպան, իսկ դեմքը նկարել է հենց իրենը՝ «նայելով հայելու մեջ, միայն հաղորդել է որոշ ինքնագոհություն և փոփոխել իր գծերը»[35]։

Մայորից ձախ պատկերված է նրա հետ եկած խնամախոսուհին, որն արդեն հասցրել է մտնել սենյակ։ Նա կապող օղակ է մայորի (որի կողմն ուղղված է ձեռքը) և վաճառականի (որին ուղղված է հայացքը) միջև։ Այդ վիճակը համապատասխանում է նրա՝ «վաճառականի և մայորի միջև կատարվող գործարքի միջնորդի» դերին[40]։ Խնամախոսուհին հագել է դիպակից կարված տոնական քոթանակ և մուգ կիսաշրջազգեստ, իսկ գլխին կապել է մանր ծաղիկներով մուգ գլխաշոր։ Նա երիտասարդ չէ և, ըստ երևույթին, իր գործում բավականին փորձառու է, բայց ոչ հայտնի մարդկանց շրջանում[41]։

Կենվորուհին, խոհարարուհին ու բարապանը
Վաճառականի դուստրն ու կինը
Վաճառականը
Խնամախոսուհին ու մայորը
Հատվածներ «Մայորի խնամախոսությունը» նկարից

Վաճառականը մորուքավոր հաղթանդամ մարդ է, գտնվում է ստվերում՝ սենյակի անկյունում։ Ընտանիքի հայրը հագնվել է քաղաքային ձևով՝ երկար ու պարկանման սերթուկ, որը փորձում է կոճկել՝ շտապելով ու խառնելով թևքերը[41]։ Նկարիչը երկար է աշխատել վաճառականի կերպարի վրա, նա Ապրաքսին և Գոստինի փողոցներում զբոսնելիս համառորեն փնտրում էր հարմար կերպար։ Վերջ ի վերջո Անիչկով կամրջի շրջանում նա գտել է «իր հերոսի ստեղծագործական երևակայության կենդանի մարմնացումը»[42]։ Ըստ նկարչի՝ ինքը հանդիպել է իդեալի իրականացմանը, «և ոչ մի երջանիկ, որի համար նշանակված է ամենահաճելի ժամադրությունը, չէր կարող այնքան ուրախանալ իր գեղեցկուհով, ինչքան ես ուրախացա իմ կամիր մորուքով ու հաստ փորով»[43][44]։

Կտավի կենտրոնում գտնվում են գլխավոր անձինք՝ վաճառականի դուստրն ու կինը[45]։ Նրանք վառ լուսավորված են, «ինչպես բեմում լուսավորված են այն դերասանները, որոնց վրա պետք է կենտրոնանա հանդիսատեսի ուշադրությունը»[46]։ Առավել կոլորիտային է մոր ֆիգուրան՝ «գիրացած, բայց դեմքի նախկին գեղեցկության մնացորդներով»։ Նրան բնորոշ են առևտրական տան տիրուհու իշխող սովորությունը. նա «կարծես ժայռ է, որը ջարդուփշուր կանի ցանկացած դաժան փոթորիկ»[45]։ Վաճառականի կինը հագել է մետաքսե տոնական զգեստ, իսկ ուսերին գցել է գեղեցիկ նախշերով թանկարժեք շալ։ Բայց նրա հանդերձանքում կան որոշակի անհամապատասխանություններ այդ ժամանակ ավանդույթների հետ, որոնք ընդունված էին ամուսնացած կանաց համար. նրա գլխին ոչ թե շորագլխարկ է, այլ գյուղական ձևով հյուսված թաշկինակ։

Վաճառականի դստեր կերպարը (որին հաճախ անվանում են հարսնացու) ավելի բարդ է, քան մոր կերպարը։ Նրա մեջ պայքարում են հակասական զգացմունքներ։ Մի կողմից նա շատ անհարմար է զգում իր նոր զգեստով, հիմնականում մեծ լանջաբացվածքի պատճառով, որը բացում է նրա ուսերն ու կուրծքը։ Իրավիճակի անհեթեթությունն ընդգծվում է նրանով, որ վաճառականի դստեր հագուստը նախատեսված է պարահանդեսի կամ երեկոյան այլ միջոցառումների համար, և ոչ թե փեսացուի հետ հանդիպման համար, որ տեղի է ունենալու ցերեկով՝ ընտանեկան միջավայրում[47], բացի դրանից, նրա համար անսովոր են ոսկյա զարդերի չափազանց շատ քանակը՝ մատանի, օղեր, թևնոց, վզնոց։ Մյուս կողմից «նրա կեցվածքում, բացված ձեռքերում, քմահաճ դեմքի արտահայտության մեջ զգացվում են սեթևեթանք, շինծու ուրախություն, կեղծավորություն»։ Հնարավոր է և, որ նա ցանկանում է դառնալ մայորի կինը, բայց նա վախենում է հանդիպել փեսացուի հետ։ Վաճառականի դուստրը փորձում է փախչել մյուս սենյակ (վերնատուն), բայց նրա շարժմանը հակազդում է մայրը՝ բռնելով նրա զգեստի փեշից։ Դատելով այն բանից, որ Ֆեդոտովը վաճառականի կնոջ ձեռքը, որով բռնել է աղջկա քղանցքը, նկարել է կտավի գրեթե կենտրոնում, նա այդ դետալին շատ կարևոր նշանակություն է տվել[48]։ Հարսնացուի գլխի էտյուդում Ֆեդոտովը նկարել է իրեն ծանոթ մի կնոջ[47], իսկ մարմնի պատկերման համար օգտագործել է մանեկեն, ինչպես նաև օգտվել է իր ընկեր Կարլ Կարլովիչ Ֆլուգի (նկարիչ Իլյա Գլազունովի նախապապը[49]) ծառայությունից, որը համաձայնվել էր կանացի զգեստ հագնել[47][50]։

Նկարի ձախ կողմում պատկերված են երկրորդական կերպարները՝ խոհարարուհին, որը սեղանին է դնում նոր թխած կուլեբյական, գինու շիշը ձեռքին բարապանը, որը նա, ըստ երևույթին, բերել է գինու կրպակից, ինչպես նաև հարևան սենյակից հետաքրքրությամբ դուրս նայող ծեր կենվորուհին։ Բարապանը (գործակատար, որ տիրոջ բացակայության ժամանակ նրան փոխարինում է խանութում) երիտասարդ է, որ հագել է առևտրական կապա, մազերը սանրված են ուղիղ բաժուկով։ Ձեռքին պահած լինելով գինու շիշը՝ նա շրջվել է դեպի կենվորուհու դուռը, ըստ երևույթին, նրան բացատրում է, թե ինչ է կատարվում տանը[51]։ Գլխակապով կենվորուհու կերպարը նկարիչը պատկերել է, որպեսզի ցույց տա առևտրական տան առօրյա կյանքը. «տանը թրև եկող անթիվ կենվորներ և հեռավոր բարեկամներ, որպես անմարմին ստվերներ»։ Որպես բարապանի և կենվորուհու Ֆեդոտովը նկարել է Տոլկուչևի և Անդրեևյան շուկաների մշտական հաճախորդներին, իսկ որպես խոհարարուհու՝ իրեն լավ ծանոթ Ֆլուգով ընտանիքի սպասուհուն[52]։ Արվեստագետ Գալինա Լեոնտևան ենթադրում է, որ «Մայորի խնամախոսությունը» նկարում խոհարարուհին համարվում է դրական կերպար, քանի որ նա նկարի բոլոր հերոսներից միակն է, որ հասկանում է կնքվող գործարքի ստորությունը[53]։

Ռուսական թանգարանի կրկօրինակ տարբերակը խմբագրել

1850 թվականին՝ «Մայորի խնամախոսությունը» նկարի առաջին տարբերակն ավարտելուց 2 տարի անց, Պավել Ֆեդոտովն սկսել է աշխատել երկրորդ տարբերակի վրա[37]։ Այդ կրկնօրինակ տարբերակը, որն ավարտել է 1852 թվականին, այժմ պահպանվում է Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում (կտավ, յուղաներկ, 56 × 76 սմ , ինվ. Ж-4521)[8][9][10]: Սյուժեն և կերպարների տեղադրությունն ամբողջությամբ պահպանված են. ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ տարբերակում կան 8 գործող անձ և կատու։ Այնուամենայնիվ Ռուսական թանգարանի նկարն ունի մի շարք էական տարբերություններ Տրետյակովյան պատկերասրահի նկարից. ըստ արվեստագետ Գալինա Լեոնտևայի՝ նոր տարբերակում «Ֆեդոտովն այնքան լուրջ փոփոխություններ է մտցրել գաղափարի իրականացման մեջ, որ հիմքեր կան այստեղ տեսնելու նկարչի ստեղծագործական մեթոդի զարգացման նոր փուլի սկիզբը»[40]։ Այդ փոփոխություններն ազդում են և՛ նկարի կոմպոզիցիայի, և՛ նրանում պատկերված կերպարների, և՛ իրադրության մանրամասների վրա[54]։

Կենվորը, խոհարարուհին և բարապանը
Վաճառականի դուստրն ու կինը
Վաճառականը
Խնամախոսուհին ու մայորը
Հատվածներ «Մայորի խնամախոսությունը» նկարի կրկնօրինակ տարբերակից

Առաջին տարբերակի հետ համեմատած՝ կրկնօրինակ տարբերակում Ֆեդոտովն ավելի խիստ է դետալների ընտրության մեջ։ Մասնավորապես, երկրորդ տարբերակում բացակայում է ջահը, որը կարևոր դեր էր խաղում կոմպոզիցիայում։ Ըստ երևույթին նկարիչը գտել է, որ «այն իր չափսերով շեղել է ուշադրությունը, իսկ տեղադրությամբ կտավի մեջտեղից նկարը բաժանել է 2 հավասար մասերի՝ խանգարելով տեսարանի ամբողջական ընկալմանը»։ Բացի այդ, երկրորդ տարբերակում բացակայում են սենյակի պատերի ու առաստաղի միացման ելունները, ինչպես նաև առաստաղին պատկերված ծաղիկները։ Բացակայում են նաև այլ տարրեր. չկան սփռոցի պաճուճավոր նախշերը, պատերից կախված նկարները պակաս մանրամասնությամբ են նկարված և այլն։ Ֆեդոտովը փորձել է հեռացնել պատմությունը գերբեռնող երկրորդական մանրամասնությունները, որպեսզի դիտողների ուշադրությունը կենտրոնացնի գլխավորի վրա և ավելի մեծ սրություն հաղորդի նկարում պատկերվող իրադրությանը[55]։

Մեծապես փոխվել է մայորի արտաքին տեսքը. առաջին տարբերակի հետ համեմատած, որտեղ նա համեմատաբար բարետես է, խիզախ և զուրկ չէ գրավչությունից՝ երկրորդ տարբերակում նրա կեցվածքը դարձել է հավակնոտ, իսկ կերպարը՝ ծիծաղելի՝ փոքր փորով և բարակ ոտքերով, փոխվել է և նրա դեմքը. ճակատն ավելի նեղ է, աչքերի տակ պարկեր են հայտնվել։ Վաճառականի դստեր (հարսնացուի) կերպարը նույնպես էական փոփոխություններ է կրել։ Առաջին տարբերակում նկարիչը նրան պատկերել է զավեշտալի՝ հիմար, քմահաճ և ծանրաշարժ, ծիծաղ առաջացնող։ Երկրորդ տարբերակում «նրա վրա հայտնվել է նուրբ կանացիություն, նույնիսկ որոշ նրբագեղություն», այնպես որ «փոքր-ինչ ճղճիմ քաղքենիության, հիմարության ծիծաղելի մարմնավորման փոխարեն մեր առջև հայտնվում է կենդանի մարդ», որ դիտողի մոտ ոչ թե արհամարհանք է առաջացնում, այլ որոշակի կարեկցություն[56]։ Վաճառականի կերպարը, որ առաջին նկարում շրջանաձև վառարանի ֆոնին էր, երկրորդ տարբերակում գտնվում է ուղղանկյունաձև վառարանի ավելի լուսավոր ֆոնի վրա և առաջին պլանին մի քիչ ավելի մոտ է ընկալվում։ Բարապանի գլուխը, որ առաջին տարբերակում մասամբ ծածկված է խոհարարուհու գլխով, երկրորդ տարբերակում ամբողջությամբ բաց է[55]։

Մայորի և հարսնացուի կերպարներում շեշտադրության փոփոխությունների շնորհիվ փոխվում է նաև նկարչի կողմից պատկերված իրավիճակի ընկալումը։ Նկարի առաջին տարբերակում 2 կերպարներն էլ՝ և՛ մայորը, և՛ հարսնացուն, դիտողի մոտ առաջացնում էին հեգնական վերաբերմունք, իսկ երկրորդ տարբերակում, որտեղ մայորն ավելի բացասական կերպարի տեսք ունի, վաճառականի դստեր նկատմամբ առաջանում է կարեկցություն, անհանգստություն նրա ճակատագրի նկատմամբ։ Արդյունքում «տեսարանը մաքուր ծաղրանկարից վերածվել է դրամատիկ սարկազմի»[56]։

Էտյուդներ, էսքիզներ, պատճեններ խմբագրել

«Մայորի խնամախոսությունը» նկարի ստեղծման ժամանակ Ֆեդոտովը կատարել է նախապատրաստական բազմաթիվ աշխատանքներ։ Այդ մասին են վկայում պահպանված տասնյակ ուրվանկարները (էտյուդներ և էսքիզներ), որոնք նկարիչն օգտագործել է կոմպոզիցիայի տեսարանի, գործող անձանց կերպարների, ինչպես նաև կեցվածքների ու կտավի հարթության վրա փոխադարձ դասավորության որոնման ժամանակ։ Մասնավորապես Ֆեդոտովը շատ է աշխատել վաճառականի կերպարի վրա՝ երկար և ուշադիր փնտրելով, թե ինչպես պատկերի անսովոր սերթուկն ուղղելու ձեռքի փութկոտ ժեստը։ Նկարիչը նաև ստեղծել է վաճառականի դստեր դեմքի և ֆիգուրայի բազմաթիվ ձևեր, որոնցում նա փոխել է նրա ձեռքերի ժեստերը, գլխի թեքությունը և դիմագծերը, քանի դեռ չի կարողացել «արտաքին տեսքում, շարժուձևերում առավել պարզ արտահայտել այն զգացմունքները, որոնք նրան տիրում են այդ պահին՝ անբնական հուզմունք, իր երկչոտությունն ու համեստությունը ցույց տալու ցանկություն»։ Ֆեդոտովն իր ուրվանկարներում մեծ աշխատանք է կատարել և առևտրականի կերպարի վրա, որպեսզի հասնի «դեմքի միմիկայում նրա հոգեվիճակի ճշգրիտ ընթեռնելիության», վերջնական տարբերակում «դիտողը կարծես լսում է «հիմար» բառը, որը նա ասում է մայոր փեսացուից փախչել փորձող դստերը։ Ըստ երևույթին, մայորի հետ կապված քիչ խնդիր է եղել՝ պայմանավորված զինվորական ծառայության ժամանակ Ֆեդոտովի կյանքի հարուստ դիտարկումների։ Պահպանվել են նաև երկրորդական կերպարների՝ խոհարարուհու, բուֆետապանի ու կենվորուհու ուրվանկարները։ Մասնավորապես, այդպիսի ուրվանկարներից մեկում պատկերված է ծեր կենվորուհին, իսկ առանձին՝ հատուկենտ ատամներով նրա բերանը[57]։

Հարսնացուի գլուխը։ Ծեր կնոջ գլոխը։ Կատուն
Կենվորուհին
Խոհարարուհին սկուտեղը ձեռքին
Բարապանը շշով
Մոր և դստեր կերպարների ուրվանկար
Վաճառականի ֆիգուրի ուրվանկար
«Մայորի խնամախոսությունը» նկարի էտյուդներ և ուրվանկարներ

Նկարի էտյուդներից հայտնի է Ռուսական պետական թանգարանի «Հարսնացուի գլուխը։ Ծեր կնոջ գլուխը։ Կատուն» կտավը (կտավ, յուղաներկ, 34,5 × 29 սմ , ինվ. Ж-3816, նույն կտավում պատկերված են նաև «Մայորի խնամախոսությունը» նկարի հետ չկապված էտյուդներ՝ «Խաչով մանկիկը» և «Պուդել»)[58], որտեղ միանգամից պատկերված են մի քանի դետալներ։

Հայտնի են նաև «Մայորի խնամախոսությունը» նկարի պատճենները, որոնք 19-րդ դարում կատարել են այլ նկարիչներ։ Այդպիսի պատճեններից մեկը, որը նկարել է անհայտ նկարիչը, գտնվում է Կիևի ռուսական արվեստի թանգարանում։ Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուում եղել է նաև մեկ պատճեն, որը նկարել է Ապոլոն Մոկրիցկին։ 1929 թվականին այն տրվել է Դնեպրոպետրովսկի գեղարվեստի թանգարանին, 1941 թվականին ցուցադրվել է Ֆեդոտովի անհատական ցուցահանդեսում, որ կազմակերպվել էր Լենինգրադում՝ Ռուսական պետական թանգարանում, իսկ հետո նրա հետքերը կորել են[1]։

Արձագանքներ խմբագրել

Արվեստի քննադատ Վլադիմիր Ստասովը «Ռուսական արվեստի 25 տարին» հոդվածում, որ տպագրվել է 1883 թվականին, Պավել Ֆեդոտովի հետ ծանոթության մասին պատմել է որպես «իր կյանքի լավագույն, ամենաուժեղ ժամանակը, այն տարիները, երբ նա նկարել է «Մայորի խնամախոսությունը»[59]։ Ստասովը նշել է, որ, ստեղծելով «Երիտասարդ կավալերը» և «Մայորի խնամախոսությունը» կտավները, «Ֆեդոտովը հանկարծ դիպել է այնպիսի խորը նոտաների, ինչպիսիք մինչև նա ռուսական արվեստում ոչ ոք չէր վերցրել»։ Քննարկելով «Մայորի խնամախոսությունը» նկարը, որ հայտնվել էր 1849 թվականի ցուցահանդեսում՝ Ստասովը գրել է, որ, չնայած նրանում պատկերված յուրաքանչյուր կերպար զվարճալի է, դա միմյանց թշնամական 2 ճամբարների խնամախոսություն էր, որոնք փորձում էին իրար խաբել. «ողբերգություն, որ ահարկու կերպով երևում է ուրախ ու զվարճալի վարագույրի ետևից»[60]։

 
Картина «Մայորի խնամախոսությունը» նկարը փոստային նամականիշի վրա (ԽՍՀՄ, 1965)[61]

Ֆեդոտովի մասին իր հուշերում արվեստագետ Անդրեյ Սոմովը պատմել է 1849 թվականին ակադեմիական ցուցահանդեսում ցուցադրված «Մայորի խնամախոսությունը» և նկարչի մյուս նկարների նկատմամբ հասարակության հսկայական հետաքրքրության մասին։ Նա գրել է, որ այդ նկարները «ներկայացնում էին ամբողջությամբ իրական կյանքից վերցված տեսարաններ, որոնք լի են խորը գաղափարներով և առողջ հումորով, հավասարապես հետաքրքիր են և՛ արվեստի գիտակների, և՛ անգետների համար»։ Ըստ Սոմովի՝ հենց այդ հատկանիշներն են Ֆեդոտովի նկարն առանձնացրել ցուցահանդեսին ներկայացված նկարիչ-ակադեմիստների մեծաքանակ առավել «ձանձրալի» ստեղծագործություններից[62][63]։

Արվեստագետ Գալինա Լեոնտևան գրել է, որ Ֆեդոտովը, երկար և քրտնաջան աշխատելով «Մայորի խնամախոսությունը» նկարի վրա, կարողացել է ստեղծել «19-րդ դարի առաջին կեսի ռուսական նկարչության ուշագրավ ստեղծագործություններից մեկը», որում «կերպարների ցնցող ճշտության շնորհիվ բարձրացված խնդրի նշանակությունն ավելի լուրջ է, քան նկարչի նախնական մտադրությունը»[6]։ Լեոնտևան նշել է, որ Ֆեդոտովի այդ ստեղծագործությամբ բարձրացված խնդիրները շատ ավելի հեռու են գնում «ամուսնության կատակերգությունը» մերկացնելու համար։ Նկարիչը բարձրացնում է այդ ժամանակահատվածի համար շատ արդիական հարցերի մի շարք՝ կապված ենթադրյալ մեզալյանսի հետ. սնանկացած, ոչ երիտասարդ մայորի ամուսնությունը վաճառականի դստեր հետ[6]։

Արվեստագետ Դմիտրի Սարաբյանովը «Մայորի խնամախոսությունը» նկարն անվանել է «գեղանկարչության բնագավառում Ֆեդոտովի բարձրագույն նվաճումներից մեկն»։ Ըստ նրա՝ նկարչին հաջողվել է այս նկարում մեծ վարպետությամբ ստեղծել ոչ միայն կոմպոզիցիա, այլ նաև կոլորիտ։ Նա նշել է նկարի կառուցվածքային ներդաշնակ երանգավորումը, ինչպես նաև նուրբ գունագեղությունը, որ հնարավորություն է տալիս ստեղծել գունային միասնություն, բայց միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս «դուրս հանել յուրաքանչյուր գունային որակի գեղեցկությունը, ինչպես առանձին վերցված»։ Ըստ Սարաբյանովի խոսքերի՝ Ֆեդոտովի այս ստեղծագործության մեջ լույսն ու գույնը ծառայում են որպես «իրականության բանաստեղծական մարմնավորման» միջոց[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Каталог ГТГ, т. 3, 2005, էջ 310—311
  2. 2,0 2,1 2,2 «Федотов Павел Андреевич — Сватовство майора, 1848». Государственная Третьяковская галерея — www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2020 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 13.08.2017-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Г. К. Леонтьева, 1962, էջ 36
  4. 4,0 4,1 Г. К. Леонтьева, 1985, էջ 13, 16—17
  5. 5,0 5,1 А. Н. Бенуа, 1995, էջ 210
  6. 6,0 6,1 6,2 6,3 Г. К. Леонтьева, 1962, էջ 38
  7. 7,0 7,1 Д. В. Сарабьянов, 1990, էջ 54
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Каталог ГРМ, т. 3, 2007, էջ 178
  9. 9,0 9,1 9,2 9,3 Каталог ГРМ, 1980, էջ 328—329
  10. 10,0 10,1 10,2 «Федотов П. А. — Сватовство майора, около 1851» (HTML). Виртуальный Русский музей — rusmuseumvrm.ru. Վերցված է 14.08.2017-ին.
  11. 11,0 11,1 М. М. Алленов, 2000, էջ 23
  12. Е. Ф. Петинова, 2001, էջ 136
  13. М. Гордеева, 2011, էջ 25
  14. Л. К. Дитерихс, 1893, էջ 26
  15. Ф. И. Булгаков, 1893, էջ 6
  16. В. Греков, 1913, էջ 231
  17. Р. М. Кирсанова, 2006, էջ 53
  18. С. С. Степанова, 2016, էջ 8
  19. Г. К. Леонтьева, 1985, էջ 16
  20. М. М. Алленов, 2000, էջ 16
  21. Каталог ГТГ, т. 3, 2005, էջ 401
  22. С. С. Степанова, 2016, էջ 10
  23. Э. Д. Кузнецов, 1990, էջ 260
  24. К 175-летию со дня рождения, 1993
  25. С. С. Степанова, 2016, էջ 14—16
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 С. С. Степанова, 2016, էջ 16
  27. Г. К. Леонтьева, 1985, էջ 17
  28. 28,0 28,1 С. С. Степанова, 2016, էջ 14
  29. 29,0 29,1 Д. В. Сарабьянов, 1990, էջ 53
  30. Э. Д. Кузнецов, 1990, էջ 181
  31. Д. В. Сарабьянов, 1969, էջ 117
  32. Г. К. Леонтьева, 1985, էջ 28
  33. Г. К. Леонтьева, 1985, էջ 28—29
  34. Г. К. Леонтьева, 1985, էջ 29
  35. 35,0 35,1 Э. Д. Кузнецов, 1990, էջ 190
  36. С. С. Степанова, 2016, էջ 30
  37. 37,0 37,1 37,2 Д. В. Сарабьянов, 1969, էջ 128
  38. С. С. Степанова, 2016, էջ 18
  39. Г. К. Леонтьева, 1985, էջ 39
  40. 40,0 40,1 Г. К. Леонтьева, 1962, էջ 39
  41. 41,0 41,1 С. С. Степанова, 2016, էջ 22
  42. Г. К. Леонтьева, 1962, էջ 37
  43. Г. К. Леонтьева, 1985, էջ 36—37
  44. Э. Д. Кузнецов, 1990, էջ 187
  45. 45,0 45,1 С. С. Степанова, 2016, էջ 24
  46. Д. В. Сарабьянов, 1969, էջ 129
  47. 47,0 47,1 47,2 С. С. Степанова, 2016, էջ 27
  48. Г. К. Леонтьева, 1985, էջ 18
  49. В. С. Новиков, 2015, էջ 19
  50. Каталог ГТГ, т. 3, 2005, էջ 310
  51. С. С. Степанова, 2016, էջ 29
  52. Г. К. Леонтьева, 1985, էջ 25—26
  53. Г. К. Леонтьева, 1962, էջ 69
  54. Г. К. Леонтьева, 1962, էջ 40—41
  55. 55,0 55,1 Г. К. Леонтьева, 1962, էջ 40
  56. 56,0 56,1 Г. К. Леонтьева, 1962, էջ 41
  57. Г. К. Леонтьева, 1962, էջ 37—38
  58. Каталог ГРМ, т. 3, 2007, էջ 176—177
  59. В. В. Стасов, 1952, էջ 394
  60. В. В. Стасов, 1952, էջ 395
  61. Каталог почтовых марок СССР / М. И. Спивак. — М.: Центральное филателистическое агентство «Союзпечать» Министерства связи СССР, 1983. — Т. 1 (1918—1969). — С. 388. — 512 с.
  62. С. С. Степанова, 2016, էջ 8—9
  63. К 175-летию со дня рождения, 1993, էջ 27

Գրականություն խմբագրել

  • Алленов М. М. Федотов. — М.: Белый город, 2000. — 48 с. — ISBN 5-7793-0256-1
  • Булгаков Ф. И. Павел Андреевич Федотов и его произведения, художественные и литературные. — СПб.: Типография А. С. Суворина, 1893. — 48 с.
  • Бенуа А. Н. История русской живописи в XIX веке. — М.: Республика, 1995. — 448 с. — ISBN 5-250-02524-2
  • Гордеева М. Павел Андреевич Федотов. — М.: Директ-Медиа и Комсомольская правда, 2011. — 48 с. — (Великие художники, том 82). — ISBN 978-5-7475-0117-1
  • Греков В. Федотов Павел Андреевич // Русский биографический словарь: Яблоновский — Фомин. — СПб: типография Главного управления уделов, 1913. — Т. 25. — С. 228—234. — 495 с.
  • Дитерихс Л. К. П. А. Федотов. Его жизнь и художественная деятельность. — СПб.: Типография Ю. Н. Эрлиха, 1893. — 78 с.
  • Кирсанова Р. М. Павел Андреевич Федотов. Комментарий к живописному тексту. — М.: Новое литературное обозрение, 2006. — 176 с. — (Очерки визуальности). — ISBN 5-86793-431-4
  • Кузнецов Э. Д. Павел Федотов. — Л.: Искусство, Ленинградское отделение, 1990. — 330 с. — ISBN 5-210-00314-0
  • Леонтьева Г. К. Павел Андреевич Федотов. Основные проблемы творчества. — М.: Искусство, 1962. — 200 с.
  • Леонтьева Г. К. Картина П. А. Федотова «Сватовство майора». — Л.: Художник РСФСР, 1985. — 56 с.
  • Новиков В. С. Илья Глазунов. Русский гений. — М.: Litres, 2015. — 350 с. — (Лучшие биографии). — ISBN 978-5-699-37511-0
  • Петинова Е. Ф. Русские художники XVIII — начала XX века. — СПб.: Аврора, 2001. — 345 с. — ISBN 978-5-7300-0714-7
  • Сарабьянов Д. В. Федотов. — М.: Изобразительное искусство, 1969. — 296 с.
  • Сарабьянов Д. В. Федотов. — Л.: Художник РСФСР, 1990. — 176 с. — (Русские живописцы XIX века). — ISBN 5-7370-0213-6
  • Стасов В. В. Избранные сочинения: живопись, скульптура, музыка. — М.: Искусство, 1952. — Т. 2.
  • Степанова С. С. Павел Федотов. «Сватовство майора». — М.: Государственная Третьяковская галерея, 2016. — 36 с. — (История одного шедевра). — ISBN 978-5-89580-138-3
  • Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — М.: СканРус, 2005. — Т. 3: Живопись первой половины XIX века. — 484 с. — ISBN 5-93221-081-8
  • Государственный Русский музей — Живопись, XVIII — начало XX века (каталог). — Л.: Аврора и Искусство, 1980. — 448 с.
  • Государственный Русский музей — каталог собрания / Г. Н. Голдовский. — СПб.: Palace Editions, 2007. — Т. 3: Живопись первой половины XIX века (К—Я). — 272 с. — ISBN 978-5-93332-263-4
  • Павел Федотов. К 175-летию со дня рождения. Каталог / М. Н. Шумова. — СПб.: Седа-С, 1993. — 280 с. — ISBN 5-85973-005-5

Արտաքին հղումներ խմբագրել