Կենցաղային ժանր
Կենցաղային ժանր, (ժանրային նկարչություն ֆր.՝ genre բառից) կերպարվեստի ժանր, որ պատկերում է անձնական և հասարակական, առօրյա կյանքը (սովորաբար՝ ժամանակակից նկարչի կողմից)։ Կենցաղային ժանրում առաջատար է կենցաղային (ժանրային) գեղանկարչությունը, մասամբ՝ գրաֆիկան և քանդակագործությունը։
Կենցաղային ժանրի զարգացումը ընթացել է կենցաղի փաստական վավերացումից դեպի առօրյա կյանքի երևույթների ներքին իմաստի և հասարակական-պատմական բովանդակության հոգեբանական բացահայտումը։ Կենցաղային պատկերները հայտնի են հնուց (նախնադարից՝ որսի, ծեսերի տեսարաններ), սակայն, որպես արվեստի հատուկ ժանր, առանձնացել է ֆեոդալական դարաշրջանում (Հեռավոր Արևելք) և բուրժուական հասարակարգի ձևավորման շրջանում (Եվրոպա)։
Միջին դարերում ժանրային տեսարանները հաճախ միահյուսվել են կրոնական և այլաբանական կոմպոզիցիաներին։ 7-13-րդ դարերում Չինաստանում կազմավորվել և գործել են ժանրային գեղանկարչության դպրոցներ։
Վերածննդի դարաշրջանում եվրոպական գեղանկարչության մեջ մեծ տեղ է տրվել կենցաղային մանրամասներին։ Գեղանկարիչները պատկերել են մարդկանց առօրյա կյանքի և կենցաղի զանազան իրավիճակներ, ինչպես օրինակ, շուկաներ, փողոցներ, երեկույթներ, խնջույքներ և այլն։
16-րդ դարում կենցաղային ժանրը հետզհետե անջատվել է կրոնական, այլաբանական ժանրերից և վերջնականապես ձևավորվել 17-րդ դարում։
Կենցաղային ժանրի առաջադիմական զարգացումը կապված է դեմոկրատական և ռեալիստական միտումների աճի, սոցիալական խնդիրների լայն ընդգրկումով աշխատավոր ժողովրդի կյանքն ու աշխատանքը պատկերող արվեստագետների (Պ. Բրեյգել, Յան Վերմեեր, Դ. Վելասկեզ, Լուի Լենեն, Ժ. Բ. Մ. Շարդեն, Ֆ. Գոյա, Գ. Կուրբե, Գասպարե Տրավերսի, Ա. Մենցել, Ալեքսեյ Վենեցիանով, Պ. Ֆեդոտով, պերեդվիժնիկներ՝ Վ. Պերով, Ի. Ռեպին, Ն. Կասատկին) գործունեության հետ։ Կենցաղային ժանրը կարևոր տեղ է գրավել սովետական արվեստում (Յու. Պիմենով, Ա. Պլաստով)։
Ժանրային պատկերին մեծ տեղ է տրվում նաև քանդակագործության և գրաֆիկայի մեջ։ Կենցաղային տեսարաններով և մանրամասներով հարուստ են Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված ժայռապատկերները, միջնադարյան տապանաքարերը, Աղթամարի և այլ ճարտարապետական հուշարձանների բարձրաքանդակները, ձեռագիր մատյանների մանրանկարները։
Կենցաղային ժանրի ուշագրավ գործեր են ստեղծել հայ արվեստում Ս. Ներսիսյանը, Վ. Սուրենյանցը, Հ. Արծաթպանյանը, Ե. Թադևոսյան, Է. Շահին, Ս. Խաչատուրյանը, Վ. Ախիկյանը, Ս. Առաքելյանը, Հ. Կոջոյանը, Գ. Գյուրջյանը, Հ. Կարալյանը, Գ. Խանջյանը։ Կենցաղային ժանրում արտահայտվել են մեր հայրենիքի վերափոխման թափն ու առօրյա կյանքի ողջ բազմազանությունը։
Գրականություն
խմբագրել- Апраксина Н., Бытовая живопись, Л., 1959.
- Никифоров Б. М., Жанровая живопись, М., 1961.
- Русская жанровая живопись XIX века, М., 1961.
- Русская жанровая живопись XIX — начала XX века, М., 1964.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 381)։ |