Ձուկ և կարտոֆիլ ֆրի
Ձուկ և կարտոֆիլ ֆրի (անգլ.՝ Fish and Chips), ուտեստ՝ պատրաստված յուղով տապակած ձկներից և մեծ կտորներով կարտոֆիլ ֆրիից: Մեծ Բրիտանիայում այս ուտեստը համարվում է ոչ պաշտոնական ազգային ուտեստ և բրիտանական խոհանոցի բաղկացուցիչ մասն է կազմում: Առաջացել է Անգլիայում՝ որպես խոհարարական մշակույթների խառնուրդ, որի գլխավոր երկու բաղադրիչները ներկայացվել են ներգաղթյալների կողմից[1][2]:

Ձուկ և կարտոֆիլ ֆրին Միացյալ Թագավորությունում առաջին անգամ ի հայտ է եկել 1860-ական թվականներին, իսկ 1910 թվականին արդեն կար մոտ 25.000 խանութ, որտեղ վաճառվում էր ուտեստը: 1930-ական թվականներին այդպիսի խանութների թիվը հասել է 35.000-ի, բայց միտումն անկում է ապրել, և 2009 թվականին եղել է մոտ 10.000 խանութ, որտեղ վաճառվել է ձուկ և կարտոֆիլ ֆրի[3][4][5]:
ՊատրաստումԽմբագրել
ՁուկԽմբագրել
Այս ուտեստի համար օգտագործվող ձկների մեջ առաջին տեղը զբաղեցնում է ձողաձուկը, բայց սպիտակ մսով ձկան այլ տեսակներ նույնպես հարմար են օգտագործման համար, օրինակ՝ պիշկան, մերլանը, սայդան, կամբալան: Պատրաստման կարևոր պայմաններից մեկն այն է, որ ձուկը լինի թարմ: Առավոտ շուտ այն պետք է գնել ձկան շուկայից:
Խմորի պատրաստման համար օգտագործում են ալյուր, փխրեցուցիչ և անգլիական թունդ ու թանձր գարեջուր: Բոլոր բաղադրիչները խառնվում են նրբաբլիթի հաստ խմորի հետ: Ձկան ֆիլեն կտրում են 2-3 սմ հաստությամբ կտորներով, ցողում եգիպտացորենի օսլայով և ընկղմում խմորի մեջ: Այնուհետև ձկան կտորները տապակում են բուսական եռացող յուղի մեջ 190°C ջերմաստիճանում, այնքան ժամանակ, մինչև ստանան ոսկեգույն երանգավորում: Տապակելուց հետո ձկան կտորները պետք է հյութեղ մնան: Սննդի կետերում որակի չափանիշ համարվում է ոչ ավել, քան ֆիլեի՝ 4-5 կտորների միաժամակյա պատրաստումը, ինչը յուրաքանչյուր հաճախորդին հնարավորություն է տալիս համտեսել թարմ պատրաստած ֆիլե: Ուտեստը մատուցվում է տաք վիճակում:
Յուղի մեջ մնացած խմորի կտորները երբեմն հավաքում են և օրվա վերջում մատուցում են որպես խավարտ: Ճաշատեսակը կոչվում է Scraps & Chips, բայց կասկածելի հեղինակություն ունի:
Կարտոֆիլ ֆրիԽմբագրել
Մաքրած կարտոֆիլը կտրատում են խորանարդաձև՝ 1.5x8 սմ: Պատրաստելուց առաջ կարտոֆիլի կտրատած կտորները որոշ ժամանակ լցնում են սառը ջրի մեջ՝ օսլայի ավելցուկը հեռացնելու համար: Այնուհետև քամված կարտոֆիլը մեկ շերտով տարածում են մաղի մեջ և ընկղմում յուղի կամ ձեթի մեջ: Պատրաստման օպտիմալ ջերմաստիճանը կազմում է 185 °C: Կարտոֆիլը պատրաստվում է 4-6 րոպեում, երբ կտորները ձեռք են բերում դեղնաոսկեգույն երանգ և դառնում են փխրուն: Կարտոֆիլը չպետք է լինի կոշտ կամ շատ մուգ գույնի: Տնային պայմաններում պատրաստելիս ավելորդ ճարպը հեռացնելու համար կարտոֆիլը փաթաթում են թղթի մեջ, որից հետո նորից 2-3 րոպե ընկղմում են ձեթի մեջ[6][7]:
Հարավային և կենտրոնական Անգլիայում, ինչպես նաև արևմտյան Շոտլանդիայում, կարտոֆիլը մատուցվում է աղով և քացախի յուղով, իսկ հյուսիսային և արևելյան Շոտլանդիայում` աղով և կծու սոուսով:
ԽավարտԽմբագրել
Խավարտը ավելացնում են ձկանը և մատուցում կարտոֆիլի պյուրեով, թթու դրած սոխով, թթու վարունգով կամ շոգեխաշած լոբին լոլիկի սոուսի հետ խառնած: Այս ուտեստը լրացնում է թեյի մեծ բաժակը: Անգլիայի «Fish & Chips»-ի սննդի կետերը ալկոհոլային խմիչքներ վաճառելու համար արտոնագիր չունեն:
Սպառողական մշակույթԽմբագրել
Չնայած տան պայմաններում ձուկ և կարտոֆիլ ֆրի պատրաստելը դժվար չէ, այնուամենայնիվ այս ուտեստը պատկանում է հանրային սննդի համակարգին: Այն վաճառվում է դրսում գտնվող փողոցային սրճարաններում: Դրանք հիմնականում ընտանեկան փոքրիկ սրաճարաններ են կամ սնվելու համար նախատեսված վայրեր: Այնուամենայնիվ, «Fish & Chips» կարելի է գտնել նաև թանկ ռեստորաններում և պանդոկներում: «Harry Ramsden`s» ռեստորանային ցանցը մասնագիտացված է այս ուտեստը պատրաստելու մեջ: Հնում կարտոֆիլով ձուկը վաճառել են փաթեթավորած նախորդ օրվա քաղաքային թերթով և կերել են ձեռքերով: Ներկայումս այդ ավանդույթները վերացել են:
ՊատմությունԽմբագրել
Այս ճաշատեսակը դարձել է «անգլիական ավանդական» ուտեստ միայն 19-րդ դարում: Դրա հաջողության գրավականը ընտանեկան փոքր ձեռնարկություններն էին, որոնք ավանդական տարբեր կերակուրներ էին վաճառում Լոնդոնի փողոցներում և հյուսիսային Անգլիայի այլ խոշոր քաղաքներում: Լոնդոնը հիմնադրման օրվանից եղել է ձկների առևտրի կենտրոն, իսկ հյուսիսում սննդի հիմնական արտադրանքը եղել է կարտոֆիլը: Մինչդեռ սկզբում տապակել են ոչ թե կարտոֆիլի խորանարդիկներ, այլ հացի կտորներ: Այնուամենայնիվ, սննդի սպառման և սպիտակ հացի պաշարների նվազման արդյունքում կարտոֆիլը աստիճանաբար դարձել է փոխարինող մթերք:
Fish&Chips սննդի առաջին կետերը բացվել են արևելյան Լոնդոնում՝ 1860 թվականին, այնուհետև տարածվել ամբողջ երկրում: Մինչև 1900 թվականը Միացյալ Թագավորությունում արդեն գործում էին ավելի քան 30.000 սննդի կետեր: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այս մատչելի, սննդարար ուտեստը քաղաքի սոցիալապես աղքատ շերտերին օգնել է հաղթահարելու քաղցը:
1935 թվականին ինչ-որ մեկի գլխում միտք էր ձագել Fish&Chips առաքել մոտոցիկլետով: Այդպես է առաջացել արագ սննդի առաջին առաքումը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ի տարբերություն մի շարք մթերքների, այս ուտեստը քարտերով չի տրվել, այլ ընդգրկվել է զորքերի սննդակարգում: Գյուղական համայնքներից տարհանված և բեռնատարներով տեղափոխվող գյուղացիներին նույնպես կերակրում էին այս ուտեստով: Միայն 20-րդ դարի վերջին այս ուտեստը կորցրեց իր նախկին ժողովրդականությունը: Fish&Chips-ին սկսեցին փոխարինել տարատեսակ քաբաբները, շաուրմաներն ու նրբերշիկները: Չնայած դրան՝ Մեծ Բրիտանիայում տարեկան 60,000 տոննա ձուկ և 500,000 տոննա կարտոֆիլ է օգտագործվում Fish&Chips պատրաստելու համար:
Fish&Chips-ը շարունակում են գտնել ավելի շատ հետևորդներ: Ներկայումս Fish&Chips սննդի կետեր կան Իռլանդիայում, Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, ԱՄՆ-ում, Չինաստանում և անգամ Օմանում: Ամեն տարի օգոստոսին, Իտալիայի Բարգա քաղաքում անցկացվում է «Fish&Chips» փառատոնը` ի նշան Մեծ Բրիտանիայի հետ բարեկամության:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Roden Claudia (1996)։ The Book of Jewish Food: An Odyssey from Samarkand to New York։ Knopf։ ISBN 9780394532585 – via Google Books
- ↑ Hosking Richard (2007)։ Eggs in Cookery:Proceedings of the Oxford Symposium of Food and Cookery 2006։ United Kingdom: Prospect Books։ էջ 183։ ISBN 978-1-903018-54-5
- ↑ Marks Gil (1999)։ The world of Jewish cooking: more than 500 traditional recipes from Alsace to Yemen։ Simon & Schuster։ ISBN 0-684-83559-2
- ↑ Hosking Richard (2007)։ Eggs in Cookery:Proceedings of the Oxford Symposium of Food and Cookery 2006։ United Kingdom: Prospect Books։ էջ 183։ ISBN 978-1-903018-54-5
- ↑ «Resources for Learning, Scotland: Rationing»։ Rls.org.uk։ հունվարի 5, 1998։ Վերցված է հունիսի 22, 2009
- ↑ https://www.cooks.am/%D5%AF%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%86%D5%AB%D5%AC-%D6%86%D6%80%D5%AB-%D5%A4%D5%AB%D5%A5%D5%BF%D5%AB%D5%AF/
- ↑ https://www.tert.am/life/am/news/2016/11/12/fri/23817
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ձուկ և կարտոֆիլ ֆրի կատեգորիայում։ |