Հին Եգիպտոսի ճարտարապետություն

Հին Եգիպտոսի ճարտարապետություն, ճարտարապետության տեսակ Հին Եգիպտոսի քաղաքակրթության մեջ, որը զարգացել է Նեղոսի ափի երկայնքով՝ տաք կլիմայի և որոշակի բուսականության պայմաններում։ Բազմադարյա պատմության ընթացքում այն առանձնանում է իր պահպանողականությամբ[1]։

Հին Եգիպտոսի ճարտարապետություն
Իսիդայի տաճարը
Տեսակճարտարապետական ոճ

Հնարավոր չէ սահմանել հնագիտական ճշգրիտ թվեր․ հարկավոր է ներկայիս գիտելիքներով դասակարգել հուշարձանները տվյալ ժամանակաշրջանի Դինաստիաների հերթականությամբ[2] կամ դարաշրջաններով․

  • Վաղ թագավորության ճարտարապետություն
  • Հին թագավորության ճարտարապետություն
  • Միջին թագավորության ճարտարապետություն
  • Նոր թագավորության ճարտարապետություն
  • Ուշ ժամանակաշրջանի, ուշ թագավորության ճարտարապետություն
  • Հելլենիստական Եգիպտոսի ճարտարապետություն

Հին Եգիպտոսի ճարտարապետության տարբերակիչ առանձնահատկություններ խմբագրել

 
Ռեհմիրի պարտեզը նրա գերեզմանից (TT100), մոտ 1504 −1425 թթ մ.թ.ա., XVIII դինաստիա, Նոր թագավորություն
 
հինեգիպտական խոյակներ

Հին Եգիպտոսը, որը հիմք դրեց ճարտարապետությանը, տարօրինակ, բուսազուրկ երկիր էր[3]։ Ծառերը նույնքան քիչ էին, ինչքան և աֆրիկյան անապատների մյուս օազիսներում, այստեղ հիմնականում աճում էին արմավենիներ, որոնք տալիս էին վատորակ փայտ և եղեգներ։ Այս ամենը մեծապես նպաստեց, որ հիմնական շինանյութեր դառնան հում աղյուսն ու քարը, գլխավորապես՝ կրաքարը՝ հայթայթված Նեղոսի հովտից, ինչպես նաև ավազաքարն ու գրանիտը[3]։ Քարը հիմնականում օգտագործվում էր թաղումների և գերեզմանների համար, մինչդեռ աղյուսն օգտագործվում էր պալատների, բերդերի, քաղաքների հարևանությամբ կառուցվող շինությունների և տաճարների, ինչպես նաև տաճարների համար օժանդակ շինությունների կառուցման նպատակով։

Հինեգիպտական տները կառուցում էին Նեղոսից բերված ցեխով։ Այն թողնում էին արևի տակ, որպեսզի չորանա և շինարարության համար պիտանի դառնա։

Հինեգիպտական ճարտարապետության տարբերակիչ առանձնահատկություններ[1]

  • ներքին բակեր, այգիներ
  • բաց հովանոց–պատկերասրահներ
  • հարթ տանքիներ, որոնք օգտագործվում էին, որպես տեռասներ (կտուրներ)

Եգիպտական շատ քաղաքներ չեն պահպանվել մինչև մեր օրերը, քանի որ գտնվում էին Նեղոսի ջրհեղեղային գոտում, որի մակարդակը բարձրացել է ամեն հազարամյակ, դրա հետևանքով շատ քաղաքներ խորտակվել են, իսկ շինարարության նպատակով օգտագործված ցեխը գյուղացիների դաշտերի համար պարարտանյութ է դարձել։ Հին քաղաքների տեղերում կառուցվել են նորերը, այդ պատճառով էլ հին բնակավայրերը չեն պահպանվել։ Բայց և այնպես Հին Եգիպտոսի չոր կլիման պահպանել է հում աղյուսով շինված որոշ կառույցներ` Դեյր Էլ Մեդինա գյուղը, Կահուն[4]՝ քաղաք, որը ծաղկեց Միջին թագավորությունում, (ժամանակակից Էլ–Լահունը), ամրոցներ Բուհենում[5] և Միրգիսում։

Հինեգիպտական ճարտարապետության հիմնական հասկացողությունը հիմնված է կրոնական հուշարձանների, համեմատաբար լավ պահպանված կառույցների ուսումնասիրության հիման վրա[6]։ Թեբեական դարաշրջանում մետաղական ամրացումներ, ըստ երևույթին, բացարձակապես չեն օգտագործվել, միայն հազվադեպ օգտագործվել են ծիծեռնակի պոչի նման փայտե կեռներ` քարերը միմյանց միացնելու (Մեդինետ–Աբու Աբիդոս) կամ էլ ճեղքված մոնոլիտները միասին պահելու համար (Լուկսորի կոթողը)[2]։

Ներքին և արտաքին պատերը, ինչպես նաև սյուներն ու պիրսները ծածկվում էին հիերոգլիֆիկ և պատկերազարդ որմնանկարներով և փորագրություններով[3]։ Եգիպտական շենքերի զարդարման դրդապատճառները խորհրդանշական են և առնչվում են կրոնական կամ պատմական պատճառների հետ։ Այդպես և հաճախ հանդիպում են արմավենու տերևներ, պապիրուսի ծածկոցներ, լոտոսի ծաղիկներ[6]։ Հիերոգլիֆներն օգտագործվել են պատմական իրադարձությունները, պատերազմները, աստվածներին, փարավոնների իշխանությունը նկարագրելու նպատակով։

Վաղ թագավորության ճարտարապետություն խմբագրել

Մոնումենտալ ճարտարապետության հուշարձանները չեն պահպանվել, քանի որ այդ ժամանակաշրջանում շինարարական հիմնական նյութը հեշտությամբ ավերվող հում աղյուսն էր։ Օգտագործվել են նաև կավ, եղեգն և փայտ։ Աղյուսաերեսպատման և փայտանյութի կեղևի ու դեկորների համադրությունը կարևոր առանձնահատկություն է, որը թույլ է տալիս այդ աշխատանքները վերագրելու Վաղ թագավորության ժամանակաշրջանի արվեստին։ Քարն օգտագործվում էր զուտ որպես հարդարման միջոց։ Այս դարաշրջանին է պատկանում ֆասադային պալատների տեսակը, որոնց պատկերները հանդիպում են I դինաստիայի փարավոնների քարակոթողների վրա։ Այս կառույցների առանձնահատկությունները հաճախ կրկնվել են թագավորական սարկոֆագների տեսքով։ Պաշտամունքային և հուշահամալիրային կառույցներն ավելի լավ են պահպանվել, քան պալատները․ դրանք առաջին հերթին սրբավայրեր են սերդաբներ և մաստաբաներ։ Սրբավայրերի զարդարանքը դեռևս կապ է պահպանում փայտե ճարտարապետության հետ, որի մեջ օգտագործված է եղեգնի հյուսքի զարդարանք։ Վաղ թագավորության ժամանակաշրջանում ձևավորվեց և նախագծման այնպիսի տեխնիկա, ինչպիսին փխրուն քիվերն էին, դեկորատիվ ֆրիզները (ճարտարապետություն) և խորը խորշով դռների ձևավորումը։

Տաճարային ճարտարապետության ավանդույթներից շատերը արտացոլված են հուշահամալիրային կառույցի տեսքով, որը շատ կարևոր էր հինեգիպտական մշակույթի համար, այն որոշիչ դեր ուներ հուղարկավորության պաշտամունքի մեջ։ I - II դինաստիաների հուղարկավորությունները կենտրոնացած էին Մեմֆիսի (Եգիպտոս)| և Աբիդոսի տարածքում, որոնք թաղման պաշտամունքի կենտրոն էին։

Հին թագավորության ճարտարապետություն խմբագրել

 
Ջոսերի դամբարանային համալիրի վերականգնված մուտքը Սահարայում

Մ․թ․ա․ մոտ XXX դ․–ում I դինաստիայի փարավոն Նարմերը կամ Մենես, Վերին և Ներքին Եգիպտոսները միավորեց մեկ պետության մեջ՝ Մեմփիս (Եգիպտոս) մայրաքաղաքով։

Հզոր կենտրոնացված պետության ստեղծումը փարավոնի տիրապետության տակ, որը համարվում է Ռա աստծո որդին, թելադրեց և ճարտարապետական կառույցների հիմնական տեսակը՝ դամբարան, որ արտաքին միջոցներով փոխանցում էր աստվածության գաղափարը։ III և IV դինաստիաների տիրակալների օրոք Եգիպտոսը հասնում է իր բարձրագույն վերելքին։ Ստեղծվում են չափերով ամենամեծ թագավորական դամբարանները, որոնց կառուցման վրա տասնյակ տարիներ աշխատել են ոչ միայն ստրուկները, այլ նաև գյուղացիները։ Պատմական այս ժամանակաշրջանը հաճախ անվանում են «բուրգերի ժամանակաշրջան», որի լեգենդար հուշարձանները չէին ստեղծվի Եգիպտոսում՝ առանց ճշգրիտ գիտությունների և արհեստների փայլուն զարգացման։

Քարե մոնումենտալ ճարտարապետության ամենավաղ հուշարձաններից մեկը III դինաստիայի Ջոսեր փարավոնի հուղարկավորության կառույց–համալիրն է։ Այն կառուցվել է եգիպտ ճարտարապետ Իմհոթեփի ղեկավարությամբ (չնայած այս պլանը մի քանի անգամ ենթարկվել է էական փոփոխությունների)։ Հրաժարվելով մաստաբայի ավանդական ձևերից՝ Իմհոթեփը կանգ առավ ուղղահայաց հիմքով բուրգի վրա՝ բաղկացած վեց աստիճանից։ Մուտքը հյուսիսային կողմում էր։ Հիմքի տակ փորված էին ստորգետնյա միջանցքներ և հորեր, որոնց ներքևում գտնվում էր հուղարկավորության պալատը։ Ջոսերի հուղարկավորության համալիրը ներառում էր նաև հարավային կենոտաֆ գերեզմանոցը՝ հարակից Սերդաբ մատուռով, և հեբ–սեդ ծիսակարգի համար նախատեսված բակը։

Աստիճանային բուրգեր կառուցել են նաև III դինաստիայի այլ փարավոններ (բուրգեր Մեդումում և Դահշուրում, որոնցից մեկն ադամանդաձև է)։

 
Գիզայի բուրգերը

Բուրգ–դամբարանի գաղափարն իր կատարյալ արտահայտությունը գտավ գերեզմանատներում, որոնք կառուցվել են Գիզայում IV դինաստիայի — Քեոփս, (Խուֆու), Խաֆրեն (Խաֆրա) և Մինքերին (Մենկաուր) փարավոնների համար, դեռևս հին ժամանակներից այդ կառույցները համարվել են աշխարհի հրաշալիքներից։ Դրանցից ամենամեծը կառուցվել է ճարտարապետ Քեմյունի կողմից Քեոփս փարավոնի համար (Քեոփսի բուրգ։ Յուրաքանչյուր բուրգի համար կառուցվեց տաճար, որի մուտքը Նեղոսի կողմից էր և տաճարին միանում էր երկար փակ միջանցքով։ Բուրգերի շուրջ շարքերով տեղադրվեցին մաստաբաները։ Միկերինի բուրգը մնաց անավարտ, այն ավարտին է հասցրել փարավոնի որդին, նա շարունակել է կառուցել ոչ թե քարե բլոկներով, այլ աղյուսներով։

V—VI դինաստիաների հուղարկավորոթյան համալիրներում հիմնական դերը հատկացվում է տաճարներին, որոնք առանձնանում են իրենց շքեղությամբ։ Հին թագավորության ժամակաշրջանի վերջում ի հայտ է գալիս շինության նոր տեսակ՝ արևային տաճար։ Այն կառուցվել է բարձր տեղ և շրջապատվել պարսպով։ Ընդարձակ բակի կենտրոնում կանգնեցվել է քարե հսկայական մատուռ - կոթող՝ ոսկեզօծ պղնձե գագաթով և հսկայական զոհասեղանով։ Կոթողը խորհրդանշում էր սուրբ քարը՝ բեն–բենը, որի վրա, ըստ լեգենդի, ծագել է արևը՝ ծնվելով Միանձնուհի (առասպելաբանություն) անդունդից։ Ինչպես բուրգերը, այնպես էլ արևային տաճարը, միանում էր հովտի դարպասներով՝ երկար ծածկված անցումներով։ Առավել հայտնի արևային տաճարների թվին է պատկանում Նիուսերրայի տաճարը Աբիդոսում[7]։

Միջին թագավորության ճարտարապետություն խմբագրել

Մ․թ․ա․2050թ․ Մենթուհոթեփ I–ը վերամիավորեց Եգիպտոսը և վերականգնեց փարավոնների միասնական զորությունը Թեբեի հովանու ներքո։ Միջին թագավորությունը Հին թագավորությունից բաժանող դարաշրջանը կարևոր նշանակություն ունեցավ եգիպտացիների հոգևոր կյանքում։ Երկրի փլուզումը, պատերազմները, կենտրոնի անկումը և փարավոնների աստվածային հզորությունը հիմք հանդիսացան անհատականության առաջացման համար։

Եգիպտացիների անհատականությունը հիմնականում դրսևորվեց նրանով, որ բոլորն սկսեցին մտահոգվել իրենց անմահության մասին։ Հիմա արդեն ոչ միայն փարավոններն ու ազնվականները, այլ նաև հասարակ մահկանացուներն սկսեցին պահանջել արտոնություններ անդրշիրիմյան կյանքի համար։ Այսպես է առաջացել մահից հետո հավասարության գաղափարը, որն անմիջապես արտացոլվեց մահացածների պաշտամունքի մեջ։ Գնալով այն պարզեցվեց։ Մաստաբա տիպի դամբարանները դարձել էին անհարկի շքեղություն։ Հավերժական կյանքն ապահովելու համար բավական էր մեկ սալաքար, որի վրա գրվում էին կախարդական խոսքեր և այն ամենը, ինչ հետագա կյանքի համար պահանջվում էր հանգուցյալի կողմից։ Միևնույն ժամանակ փարավոնները շարունակում էին կառուցել բրգաձև դամբարաններ՝ ցանկանալով ընդգծել գահի օրինականությունը, չնայած որ դրանք արդեն այն բուրգերը չէին, որոնք կառուցվել էին Հին Թագավորության դարաշրջանում․ չափերը զգալիորեն փոքրացել էին, կառույցների համար որպես շինանյութ օգտագործում էին ոչ թե երկտոննա բլոկներ, այլ հում–աղյուս, փոխվել էր նաև երեսպատման ձևը։ Հիմքը կառուցում էին ութ կապիտալ քարե պատերից ՝ բուրգի կենտրոնից թեք ճառագայթներ տանելով դեպի իր անկյունը և դեպի նրանցից յուրաքանչյուրի կենտրոնը։ Այդ պատերից 45 աստիճան անկյան տակ կային ևս ութ պատեր, նրանց միջև եղած բաժանումները լցվում էին քարե բեկորներով, ավազով, աղյուսով։ Բուրգերը վերևից երեսպատվում էին կրաքարային սալիկներով՝ իրար միանալով փայտե ամրակներով։ Ինչպես Հին Թագավորությունում՝ բուրգի արևելյան կողմում հուղարկավորության տաճարն էր, որից դեպի հովիտ գնացող փակ անցուղի կար։ Այդ բուրգերն այսօր ավերակի կույտեր են։

 
Մենթուհոթեպ II փարավոնի հուղարկավորության տաճարը

Բուրգերի հետ միասին, որոնք փաստորեն պատճենեցին Հին Թագավորության բուրգերը, ստեղծվեցին հուղարկավորության նոր կառույցներ՝ համատեղելով բուրգի և ժայռե դամբարանի ավանդական ձևը։ Այս հուշարձաններից ամենանշանավորը Դեյր Էլ– Բահրիում կառուցված Մենթուհոթեփ II–ի դամբարանն էր, դեպի որը տանում էր հովտից սկսվող 1200 մ երկարությամբ և 32 մ լայնությամբ, քարե պատերով պարսպված մի ճանապարհ։ Դամբարանների գլխավոր մասը հուղարկավորության տաճարն էր՝ սյունազարդ նախասրահով։ Թեքահարթակը կենտրոնից տանում էր դեպի երկրորդ կտուր, որտեղ դահլիճը երեք կողմից շրջապատվում էր սյունասրահներով։ Դահլիճի կենտրոնում քարակառույց բուրգն էր, որի հիմքը բնական ժայռ էր։ Արևմտյան կողմում բաց սյունազարդ գավիթ էր՝ ելքը դեպի դահլիճ և ժայռափոր սրբարան։ Փարավոնի գերեզմանը գտնվում էր սյունասրահի տակ։

Միջին Թագավորության նշանավոր կառույց է Ամենեմհեթ III–ի հուշահամալիրը Հավարայում։ Բուրգը կառուցված է աղյուսով և երեսպատված է կրաքարով, հուղարկավորության պալատը փորված է դեղին քվարցիտի ամբողջական ապառաժից։ Հատկապես հայտնի է բուրգի հուղարկավորության տաճարը։ Այդ տաճարը մշակույթի պատմության մեջ հիշատակվում է «լաբիրինթոս» անունով։ Տաճարն ընդգրկում էր 72000 քմ տարածք և երկու շարասյունով բաժանվում էր երեք նրբանցքի, որոնցից կենտրոնականն ավելի բարձր էր, քան կողայինները, լուսավորվում էին պատերի վերին մասերում գտնվող տարբեր բացվածքներից։

Միջին Թագավորության ժամանակաշրջանում կառուցված բազմասյուն տաճարներից ամենաակնառուն Լաբիրինթոսն է։ Նրա սյուները ձևավորված էին բուսական զարդարվեստով, որը համապատասխանում էր Արևի տաճարի սիմվոլիզմին։ Սյուներն ամենից շատ նմանվում էին պապիրուսի ցողունների փնջերի, կային նաև բուսազարդ խոյակներ ունեցող սյուներ՝ պապիրուսի կամ լոտոսի ծաղիկների պատկերներով։ Բոլոր սյուներն աչքի էին ընկնում գունավոր նախշերով և ոսկեզօծ զարդարմամբ։ Խոյակների և ծանր առաստաղի միջև եգիպտացիները տեղադրում էին ներքևից անտեսանելի փոքր խորանարդի սալաքարեր, որոնց շնորհիվ թվում էր, թե աստղային երկնքի տակ ոսկե աստղերով զարդարված առաստաղը լողում է օդում։ Եգիպտոսի ճարտարապետության մեջ ավանդական սյուներին զուգահեռ ի հայտ եկավ սյուների նոր ձև։

Նոր թագավորության ճարտարապետություն խմբագրել

Նոր թագավորության ճարտարապետության և արվեստի մեջ առաջատար դեր ունեն Թեբաները (Եգիպտոս)։ Կարճ ժամանակամիջոցում նրանցում կառուցվում են ճոխ պալատներ ու տներ, հոյակապ տաճարներ, որոնք ձևափոխում են Թեբեի տեսքը։ Քաղաքի փառքը շարունակվել է դարեր շարունակ։ Տաճարների կառուցումն իրականացվել է երեք հիմնական ուղղություններով․ ստեղծվել են վերգետնյա, ժայռափոր և կիսաժայռափոր տաճարային համալիրներ։

 
Լուկսորի տաճարի դարպասները

Վերգետնյա տաճարները ունեին ուղղանկյուն հատակագիծ, զանգվածեղ ու բարձր պատեր, դեպի Նեղոս տանող լայն ճանապարհ, որն ուղեկցվում էր Սֆինքսի արձաններով։ Տաճարի մուտքն սկսվում էր պիլոններով (սյունաշար), որի ներքին երկու աստիճանները տանում էին վերին հարթակ։ Արտաքին կողմից պիլոնին կցված էին բարձր ձողափայտեր, իսկ նրանց առջև կանգնեցված էին փարավոնի հսկա արձաններ ու ոսկեզօծ կոթողներ։ Մուտքից բացվում էր գունավոր բակի սյունասրահը, որն ավարտվում էր բակի մակերևույթից փոքր–ինչ վերև կառուցված պորտիկով։ Բակի կենտրոնում գտնվում էր զոհաքարը, իսկ նրա հետևում՝ տաճարի խորքում, աղոթարանն էր՝ բաղկացած մի քանի սրահներից։ Զոհաքարի կենտրոնում եղել է սրբազան նավ՝ գլխավոր աստծո արձանով, իսկ մյուս երկուսում՝ աստվածուհի-կնոջ և աստված-որդու արձանները։ Աղոթարանի շուրջը՝ պարագծի երկայնքով, ձգվում էր շրջանցիկ միջանցք, որտեղից դռները տանում էին այլ սրահներ, տաճարի գրադարան, արձանների պահեստ, հատուկ ծեսերի սենյակներ։ Տաճարների այս տեսակին են պատկանում Թեբասի երկու տաճարներ՝ Քառնաքը և Լյուքսորը։

 
Ռամզես II -ի տաճարի ճակատային մասը Աբու-Սիմբելում

Ժայռափոր տաճարային համալիրները շրջված «Т» տառ են հիշեցնում։ Տաճարի ճակատային մասը փորվում էր ժայռի արտաքին մասում, մնացած բոլոր տարածքները գտնվում էին խորքում։ Այդպիսի տաճարի օրինակ է Ռամզես II–ի տաճարը Աբու Սիմբելում։ Համալիրը բաղկացած է երկու կառույցներից՝ մեծ և փոքր տաճարներից։ Մեծը նվիրված է փարավոնին և երեք աստվածներին՝ Ամոն, Ռա, Փթահ։ Փոքրը կառուցվել է աստվածուհի Հաթորի պատվին, որի կերպարը համապատասխանում էր Ռամզես II–ի կնոջ՝ Նեֆերտարիի կերպարին։

Նոր թագավորության ճարտարապետության մեջ նշանակալի նորամուծություն էր գերեզմանի առանձնացումը հուղարկավորության տաճարից։ Ավանդույթը խախտող առաջին փարավոնը Թութմոս I –ն էր, ով որոշեց իր մարմինը թաղել ոչ թե հուղարկավորության տաճարի ճոխ դամբարանում, այլ կիրճում փորված գերեզմանի մեջ, այսպես կոչված՝ «Թագավորների հովտում»։

 
Հուղարկավորության տաճար Հաթեշփսութ Հաթեփսութի հուշահամալիրը Դեյր էլ-Բահրիում

Կիսաժայռափոր տաճարի օրինակ է Դեյր էլ-Բահարիում Հաթշեպսութ թագուհու տաճարը։ Նա իր տաճարը կառուցել է Մենթուհոթեպի II-ի տաճարի կողքին։ Նրա տաճարը գերազանցում էր Մենթուհոթեպի տաճարին ինչպես չափերով, այնպես էլ զարդարանքի հարստությամբ։ Այն իրար վրա դրված երեք խորանարդների համադրություն էր։ Ճակատային մասի ձևավորումը հիմնված էր տեռասների հորիզոնական գծերի ուղղությունների վրա։ Ստորին աստիճանում կար մի սյունասրահ, որը ձգվում էր արևելյան պատի ամբողջ երկարությամբ, իսկ մեջտեղից բաժանվում էր թեքահարթակով։ Դեպի երկրորդ կտուր տանում էր մի սանդուղք, որն ակնհայտորեն թեքահարթակի շարունակությունն էր։

Ամառնայի արվեստ խմբագրել

Ախենաթենի իշխանություն գալուց հետո սկսվում է Աթոնին նվիրված տաճարների կառուցումը։ Տաճարներն առաջվա նման տեղորոշված էին արևմուտքից արևելք, իսկ նրանց տարածքը շրջապատված էր պարսպով։ Մուտքը ձևավորված էր ցածր պիլոններով և ձողափայտերով։ Նրանք կառուցված էին աղյուսով, այդ պատճառով էլ չեն պահպանվել մինչև մեր օրերը։ Ամառնայի ճարտարապետության առանձնահատկությունը տաճարի բազմասյուն տանիքից հրաժարվելն էր․ այսպես արեգակնային աստվածության հետ հաղորդակցությունն առավել բաց ու անմիջական էր։ Աստվածության ավանդական արձանը հեռու էր պահվում մարդկանց աչքերից, ատոնիզմում այդպիսի արձան ընդհանրապես չկար․ այն փոխարինվել էր հենց արևով[8]։

Ուշ թագավորության ճարտարապետություն խմբագրել

 
Հորուս աստծո տաճարը Էդֆուում

Այս ժամանակաշրջանում Եգիպտոսում թագավորական ինքնավարության դերն զգալիորեն ընկնում է, իսկ քահանայության զորությունը նկատելիորեն ամրապնդվում։ Մ.թ.ա 1085թ. կառավարությունն անցնում է Սմենդեսին, որից հետո լիբիական ազնվականության ներկայացուցիչները գրավում են գահը։ Հիմնադիրը Շեշոնկ I -ն էր, ով կարճ ժամանակով կրկին միավորում է Եգիպտոսը։ Ուշ թագավորության իշխաններից շատերը, ընդօրինակելով մեծ թագավորներին, շինարարություններ էին կատարում Քառնակում, (օրինակ` Ամուն տաճարի ժամանակակից մուտքը կառուցվել է Շեշոնկ I –ի օրոք։ Պահպանվել է նաև փարավոն Թահարկայի կոլոնեզը։ Քուշի օրոք կառուցվում են բրգաձև աղյուսե դամբարաններ)։ Ընդհանուր առմամբ շենքերի կառուցումը ուղղորդվում էր դեպի դասական ավանդույթներ։ XXVI դինաստիայի տիրապետության օրոք թեբաները կորցնում են իրենց քաղաքական և գեղարվեստական արժեքը։ Եգիպտոսի նոր մայրաքաղաք է դառնում Սաիսը։ Սաիսյան շրջանի ճարտարապետական հուշարձանները գրեթե չեն պահպանվել։ Ոչ անվանի համալիրներում առկա են վերգետնյա և ժայռափոր կառույցներ, օգտագործվում են տաճարային ճարտարապետության որոշ տարրեր` հիպոստիլ, պիլոն, սրահների շղթա։

Պարսկական տիրապետության դարաշրջանի ճարտարապետությունը աստիճանաբար մերժում է մոնումենտալ համալիրների տեսակը։ Հին աստվածներին նվիրված տաճարներն ավելի փոքր են կառուցվում։ Նոր թագավորության դասական կոլոնադայի տեսակը պահպանվում է, բայց միևնույն ժամանակ նկատելիորեն ավելանում է դեկորի շքեղությունն ու մանրամասն մշակումը։ Հույների կողմից Եգիպտոսը նվաճվելուց հետո տեղի է ունենում տեղական գեղարվեստական մշակույթի սինթեզ հնագույն ավանդույթների հետ. դա անխուսափելի էր և արդյունավետ մշակույթի համար։ Նոր սինթեզող ոճի ինքնատիպությունը արտահայտվում է Քառնակի Պտղոմեոս III-ի տաճարի, Էդֆուիի Հորուսի տաճարի և մոտակայքում գտնվող «Իսիդի» համալիրի վրա, որը Հերոդոտոսն անվանել է «Եգիպտոսի մարգարիտ»[7]։

Հին Եգիպտոսի անվանի ճարտարապետներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Евгений Поляков Архитектура Древнего Египта. — Архитектура Древнего мира. — Томск: ТГАСУ, 2016. — Т. 1. Архитектура стран Древнего Востока. — 401 с. — ISBN 9785041320867
  2. 2,0 2,1 О. Шуази История архитектуры. — М.: Академия Архитектуры, 1937. — Т. 1,2. — 704 с.
  3. 3,0 3,1 3,2 R. G. Blakemore, History of Interior Design and Furniture: From Ancient Egypt to Nineteenth-Century Europe, John Wiley and Sons 1996, p.100
  4. W. M. Flinders Petrie, Kahun, Gurob, and Hawara, Kegan Paul, Trench, Trübner, and Co., London 1890
  5. Charles Gates, Ancient Cities: The Archaeology of Urban Life in the Ancient Near East and Egypt, Greece and Rome, Routledge 2003, p.101
  6. 6,0 6,1 Dieter Arnold, Byron Esely Shafer Temples of Ancient Egypt, I.B.Tauris, 2005
  7. 7,0 7,1 Афанасьева В., Луконин В., Померанцева Н. Искусство Древнего Египта. // Малая история искусств. Искусство Древнего Востока. — М., 1976.
  8. Jessica Joyce Christie, Jelena Bogdanovic, Eulogio Guzmán Political Landscapes of Capital Cities. — University Press of Colorado, 2016. — С. 39—42. — 425 с. — ISBN 9781607324690

Գրականություն խմբագրել

  • «Տաճարների կառուցում»// Կրուշկոպ Յու․ Ս․, Մուրիգինա Ն․ Ֆ․, Չերկասովա Ե․ Ա․ – «Քրեստոմատիա հին աշխարհի պատմության» 1975թ․
  • «Իսիսը և Օսիրիս»ը// Նեմիրովսկի Ա․ Ի․ «Հին առասպելներ»․ Մերձավոր Արևելք։ Գիտական և գեղարվեստական հանրագիտարան։ — 2001թ․
  • «Մահացածների գիրքը» // Հին Արևելքի պոեզիա և արձակ / հր. և vst.st. Բրագինսկի Ի. -1973թ.
  • «Ամենհոթեպ III–ի արձանագրությունը Մեմնոնիայից» //Հին Արևելքի պատմության քրոստոմատիա/ Գլխ․ խմբ․ Ստրուվե Վ․ Վ․- 1963թ.
  • Պոմերանցևա Հ․ «Հին Եգիպտոսի արվեստի գեղագիտական հիմքերը » 1976թ.
  • «Արվեստի ընդհանուր պատմություն»։ 6 հատորով Վեյմառն Բ․ — հ.1.«Հին աշխարհի արվեստը », 1956թ.
  • Գնեդիչ Պ.Պ. - «Հնագույն ժամանակների արվեստի պատմություն» 2000թ.
  • Կինկ Հ. Ա. - «Հինեգիպտական տաճար» - 1979թ.
  • 1979. «Հին Եգիպտոսի մշակույթը» / հր. խմբ. Կացնելսոն Ի. - 1976:
  • Նատե Մ. Է. - «Նեֆերտիտիի օրոք» 1965թ.
  • Պերեպյոլկին Յու. Ա. - «Ամեն-Հոպտա IV -ի հեղաշրջումը» - 1967թ.
  • «Թութանհամոնը և նրա ժամանակը» Հոդվածների ժողովածու / Էդ. Դանիլովա Ի. — 1976թ.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին Եգիպտոսի ճարտարապետություն» հոդվածին։