Հեղափոխություն գրանիտի վրա

Հեղափոխություն գրանիտի վրա (ուկր.՝ Революцiя на гранитi), ուկրաինական խորհրդային երիտասարդության՝ գլխավորապես ուսանողության կողմից 1990 թվականի հոկտեմբերի 2-ից 17-ը ձեռնարկված բողոքի գործողություններ, որոնք տեղի ունեցան Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Հոկտեմբերյան հեղափոխության հրապարակում (ներկայումս՝ Майдан Незалежности` «Անկախության հրապարակ»)։ Իշխանությունները հարկադրված եղան մասամբ բավարարել ցուցարարերի պահանջները[1], մասնավորապես՝ հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Վիտալի Մասոլը պաշտոնանկ արվեց։ Այս հեղափոխությունը համարվում է Ուկրաինայում քաղաքական բողոքի, քաղաքացիական անհնազանդության առաջին խոշոր գործողությունը, որին հաջորդեցին 2004 թվականի Նարնջագույն հեղափոխությունը և 2013-14 թվականների Եվրոմայդանը։

Պատմություն խմբագրել

Բողոքի լայնամասշտաբ գործողության նախապատրաստական աշխատանքներն սկսվել էին դեռևս 1990 թվականի սեպտեմբերին։ Նախաձեռնողներն էին՝ դրանից ընդամենը մեկ տարի առաջ հիմնադրված «Ուկրաինայի ուսանողական միությունը» (հատկապես՝ այդ միության կիևյան ստորաբաժանումը) և «Լվովշչինայի ուսանողական եղբայրություն» կազմակերպությունը, որոնք չափազանց դժգոհ էին 1990 թվականի մարտին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։ Ըստ այդ արդյունքների՝ Ուկրաինայի խորհրդարանում կոմունիստական կուսակցությանը բաժին էր հասել 331, իսկ ժողովրդավարական բլոկին՝ ընդամենը 111 տեղ։ Ուսանողների առաջնորդ, ՈւՈւՄ-ի Կիևի կազմակերպության ղեկավար Օլես Դոնիյը հայտարարեց, որ ընտրությունները անարդար են եղել, և ժողովրդավարական բլոկը պետք է մեծամասնություն կազմի խորհրդարանում։

Հոկտեմբերի 1-ին Կիևի փողոցներով անցկացվեց ընդդիմադիր ուժերի, մասնավորապես՝ Ուկրաինական ժողովրդական ռուխի (շարժման) և Ուկրաինայի հանրապետական կուսակցության նախաձեռնած բողոքի հզոր երթը, որին մասնակցեց ավելի քան հարյուր հազար մարդ։ Հաջորդ օրը ուսանողները հայտարարեցին, որ սկսում են քաղաքացիական անհնազանդության ավելի խոշոր գործողություն և գրավեցին Կիևի Հոկտեմբերյան հեղափոխության հրապարակը (նախապես որոշվել էր գործողությունն անցկացնել Մարիինսկի զբոսայգում, բայց քանի որ միլիցիայի մեծաքանակ ուժերը հասցրել էին լցվել այնտեղ ու «գրավել» զբոսայգին, ընդդիմադիրները, ստեղծված նոր իրադրության մեջ արագ կողմնորոշվելով, նպատակահարմար գտան փոխել գործողության վայրը)։ Հարյուրից ավել ուսանողներ միանգամից վրանային քաղաք ստեղծեցին հրապարակի գրանիտե սալահատակի վրա (այստեղից էլ՝ բողոքի գործողության «Հեղափոխություն գրանիտի վրա» անվանումը), շատերը հացադուլ հայտարարեցին։ Նրանք մեծ մասամբ Կիևի, Լվովի, Դնեպրոպետրովսկի բուհերից էին։

Շատ շուտով, աջակցելով նախաձեռնողներին, նրանց միացան և դասադուլ ու գործադուլ հատարարեցին ու արեցին Կիևի, ապա՝ նաև ուկրաինական այլ քաղաքների բուհերի, տեխնիկումների, ուսումնարանների սովորողներ, դպրոցների բարձր դասարանների աշակերտներ, դասախոսներ, ուսուցիչներ[2]։ Ցույցերի մասնակիցները փակեցին փողոցներ, շրջափակեցին Գերագույն խորհրդի շենքը, գրավեցին Կիևի Տարաս Շևչենկոյի անվան համալսարանի մասնաշենքերը[3]։

Բողոքի հզոր գործողություններ տեղի ունեցան նաև մարզկենտրոններում՝ Լուգանսկում, Դոնեցկում, Լվովում... Ցուցարար ուսանողների հետ զրուցելուց հետո մեծահամբավ գրող Օլես Գոնչարը ցուցադրաբար հանձնեց ԽՄԿԿ իր անդամատոմսը[4]։ Միաժամանակ՝ բողոքին միացած կիսաընդհատակյա հասարակական կազմակերպությունների անդամների հաշվին անընդհատ աճում էր մայրաքաղաքի հրապարակում տեղադրված վրանների թիվը։

Բողոքողների հզոր ճնշման տակ հարկադրված լինելով գնալ զիջումների՝ իշխանությունները ուսանողներին հնարավորություն տվեցին հանդես գալու ՈւՏ-1 հեռուստաընկերության ուղիղ եթերում և ներկայացնելու իրենց պահանջները[2]։ Ուսանողները հեռուստատեսության միջոցով Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդին ներկայացրին հետևյալ պահանջները.1. կանխակայել ԽՍՀՄ կազմի մեջ մտնելու մասին միութենական նոր պայմանագրի կնքումը. 2. 1991 թվականի գարնանը կամ նախքան այդ անցկացնել խորհրդարանական բազմակուսակցական նոր ընտրություններ. 3. խորհրդային բանակի կազմում ուկրաինացի երիտասարդների զինվորական ծառայությունն անցկացնել Ուկրաինայի տարածքում. 4. ազգայնացնել Ուկրաինայի կոմունիստական կուսակցության և կոմերիտմիության ունեցվածքը. 5. պաշտոնանկ անել Ուկրաինական ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ Վիտալի Մոսոլին։

Ցուցարարների պահանջները քննելու նպատակով ստեղծվեց Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդի հատուկ, համաձայնեցված հանձնաժողով։ 1990 թվականի հոկտեմբերի 17-ին ՈւԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց «1990 թ. հոկտեմբերի 2-ից Կիև քաղաքում հացադուլ անող ուսանողների պահանջները քննելու մասին» որոշումը[5]։ Այդ նույն օրն ևեթ Վիտալի Մասոլը ազատվեց հանրապետության վարչապետի պաշտոնից[6], նրա փոխարեն նշանակվեց Վիտոլդ Ֆոկինը։ Ցուցարարների մյուս պահանջները միանգամից չկատարվեցին։ Բայց շուտով Ուկրաինայում կրճատվեց խորհրդային բանակ զորակոչվող երիտասարդների թիվը, ԽՍՀՄ կազմի մեջ մտնելու վերաբերյալ նոր պայմանագրի կնքումը պարզապես անուշադրության մատնվեց, իսկ բազմակուսակցական հիմքի վրա խորհրդարանական նոր ընտրություններ անցկացվեցին 1994 թվականին։

Գրանիտի վրա հեղափոխությունը կարևորագույն դեր խաղաց Ուկրաինայի անկախացման գործում[1], նրա կազմակերպիչներից շատերը հետագայում առաջնորդների դեր ստանձնեցին Նարնջագույն հեղափոխության ժամանակ։

Տեսահոլովակ խմբագրել

Լուսանկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Виктория Радченко (редактор луганского журнала «Гвоздь в мармеладе», участница голодовки): «Как говорят, чёрт опасен в мелочах. Одна личность (премьер-министр Масол, которого мы свергли) вдруг стал олицетворением нелюбви к СССР, автократичной, репрессивной и несвободной стране. Фактически, он стал „козлом отпущения“. Его отставка стала победой, а более серьёзные и важные требования голодующих — забылись или проигнорировались. Лидеры, названной позднее, „Революции на граните“, так и не смогли воспользоваться победой в интересах страны. Возможно, кому-то наш успех помог в личной политической карьере. Но если говорить шире — победа была упущена». From-UA: «Революция на граните: надежда нации или утраченный шанс?». 02.11.2007
  2. 2,0 2,1 «Новости фото - Революция на граните: фоторепортаж 25 лет спустя | События - В Украине | Mignews.com.ua - 02.10.2015 11:00». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  3. ВВС: 20-та річниця «революції на граніті»: спогади
  4. Революція на граніті: нас можна назвати циніками, які готові загинути за ідею
  5. Про розгляд вимог студентів, які проводять голодування … | вiд 17.10.1990 № 402-XII
  6. Конституція (Основний Закон) України | вiд 20.04.1978 № 888-IX

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել