Հայրիկ Մուրադյան

հայ երգիչ-բանահավաք, ազգագրագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հայրիկ Մանուկի Մուրադյան (մայիսի 3, 1905(1905-05-03)[1], Ջնուկ, Շատախի գավառակ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 22, 1999(1999-12-22)[2], Երևան, Հայաստան), հայ երգիչ-բանահավաք, ազգագրագետ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1955)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից[3]։

Հայրիկ Մուրադյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 3, 1905(1905-05-03)[1]
ԾննդավայրՋնուկ, Շատախի գավառակ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 22, 1999(1999-12-22)[2] (94 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն,
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
ԿրթությունԵՊՀ պատմության ֆակուլտետ
Մասնագիտություներգիչ, բանահավաք, ազգագրագետ և ազգագրագետ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
և ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
Կայքhayrik.am

Կենսագրություն

խմբագրել

Հայրիկ Մուրադյանը ծնվել է Վանի նահանգի Շատախի շրջանի Ջնուկ գյուղում 1905 թվականի մայիսի 3-ին։

Ընտանիքի յուրաքանչյուր անդամ տարբեր հույսեր էր կապում մանկան հետ․ տատը մանկան օրորոցի բարձի տակ պարան էր դրել ասելով․ «թող շալկտար դառնա, մեջքն ամուր լինի», հայրը «Նարեկ» էր դրել՝ «թող գիտուն լինի», իսկ Մուրադ պապը դրել էր իր դաշույնը և ասել․ «թող ֆիդայի դառնա»։ Հարևան գյուղի ավագ քահանան, որը կրթվել և դաստիարակվել էր Հայրիկ Խրիմյանի բարոյական շնչի ներքո, փոքրիկին մկրտել է Ջնուկ գյուղի Սուրբ Եռախորան եկեղեցում՝ նրան կնքելով Հայրիկ անվամբ՝ Խրիմյան Հայրիկի պատվին։

Վանում եղած տարիներին սովորել է Վանի դպրոցում։ Նրա ուսուցիչները՝ Բարունակ Կապուտիկյանը, աշխարհագրագետ Մատիր Խերանյանը, երգեցողության դասատու պարոն Սենեքերիմը և այլք եղել են մեծ հայրենասերներ, և Հայրիկը նաև նրանցից է սովորել հայրենի երգն ու բանահյուսությունը։

1915 թվականին, երբ Հայրիկը 10 տարեկան էր, Շատախի հայերը, այդ թվում նաև Մուրադյանների գերդաստանը, հարկադրաբար լքեցին իրենց տները։ Սոված ու հուսահատ՝ Մուրադյանների 54 անձից բաղկացած գերդաստանը, անցնելով մեծ դժվարությունների, համընդհանուր կոտորածի միջով հասել է Սալմաստ (Իրան)։ Այնուհետև վերադարձել ՝ Վան, հետո նորից Իրան և, վերջապես, հասել Իրաքի անապատներ։ Միայն Հայրիկը, նրա մայրը, եղբայրն ու հորեղբայրն են կարողացել ողջ մնալ այդ փորձություններից հետո։

1921 թ․ տեղափոխվել են Հայաստան և բնակություն հաստատում Վերին Արտաշատում։

Սկզբում պատանին աշխատել է որպես բատրակ։ Միաժամանակ ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա և Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Համալսարանում նա շփվել է հայտնի մտավորականների՝ Հրաչյա Աճառյանի, Յուրի Ղամբարյանի, Արսեն Տերտերյանի, Գուրգեն Սևակի, Մկրտիչ Մկրյանի և ուրիշներ հետ։

Հետագա տարիներին Հայրիկ Մուրադյանն ապրեց Խորհրդային Հայաստանում։ Տարիների ընթացքում Հայրիկը Հայաստանի տարբեր շրջաններում ծավալել է ղեկավար բնույթի աշխատանքներ։ Հերթական գործուղումներից մեկի ժամանակ էլ Հայրիկը հանդիպեց Աննային, սիրահարվեց ու ամուսնացավ։ Այդ ժամանակաշրջանում Հայրիկը ծանոթացել և շփվել է նաև տարբեր գյուղերի հայ գեղջուկների հետ, որոնցից էլ սովորել և գրի է առել հայկական ֆոլկլորին հարազատ ազգագրական երգեր։

1937 թ. հայազգի այլ մտավորականների նման հայտնվեց բանտում։ Նրան մեղադրում էին որպես Խանջյանի դրածո։

Հայրենական պատերազմի տարիներին Հայրիկը մեկնել է ռազմաճակատ, որպես քաղաշխատող 64-րդ ինտերնացիոնալ հատուկ գնդի ռազմիկների հետ մարտնչել է թշնամու դեմ Թերեքի հովտում, մասնակցել Հյուսիսային Կովկասի և Հարավային Ռուսաստանի բազմաթիվ քաղաքների և գյուղերի ազատագրմանը։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի շքանշանով», «Պատվո նշանով», «Կովկասի պաշտպանության համար» մեդալով և երեք մարտական մեդալներով։

1965 թ. առաջին անգամ եթեր արձակվեց Հայրիկ Մուրադյանի ձայնը։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում է ստացել 1985 թվականին։

Հայրիկ Մուրադյանը մահացել է 1999 թվականի դեկտեմբերի 23-ին՝ 95 տարեկան հասակում։

Գործունեությունը

խմբագրել

Հայրիկը մասնագիտությամբ պատմաբան էր և շատ արժեքավոր աշխատությունների հեղինակ։ Սակայն նա առավել հայտնի է որպես հին հայկական ավանդական երգերի կատարող։ Նա ձայնագրվել է Հայաստանի Ազգային Ռադիոյում։ Նրա ձայնն է հնչում բազմաթիվ հայկական հայտնի ֆիլմերում[4]։

 
Հայրիկ Մուրադյանի և Մարո Մուրադյանի հուշատախտակը Երևանի Մաշտոցի պողոտայի 6-րդ շենքի պատին

Նրա և իր դուստր Մարոյի ջանքերով 1980 թ. հիմնադրվեց «Ակունք» ազգագրական համույթը (Ռադիոյի և հեռուստատեսության Պետական կոմիտե), որը հետագայում մեծ ճանաչում ստացավ հանրապետությունում և նրա սահմաններից դուրս և «Վան» ազգագրական համույթը (Պոլիտեխնիկական ինստիտուտ)։

Հայրիկ Մուրադյանը «Ակունք» ազգագրական համույթի ոգեշնչողն ու խորհրդատուն էր, որը հետագայում գլխավորեց նրա դուստրը՝ Մարո Մուրադյանը։ Բազմաթիվ ազգագրական համույթներ (այդ թվում՝ ուսանողական, մանկական) է ստեղծել և գլխավորել Մուրադյանը, որոնցից ամենահայտնին «Հայրիկ Մուրադյան» ազգագրական երգի ու պարի համույթն էր՝ Հասմիկ Հարությունյանի ու Ռուդիկ Հարոյանի տնօրինությամբ։

Հայրիկ Մուրադյանի կատարած ժողովրդական երգերը հուզական յուրահատուկ գունավորում են տվել «Հայֆիլմի» նկարահանած «Երգ Հայրենի» (1972), «Պետրոս Դուրյան» (1973), «Վասպուրականի պարեր» (1973) վավերագրական ֆիլմերին։ Նրա կատարման ձայնագրություններով է ձևավորվել Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի՝ Վիլյամ Սարոյանի «Խաղողի այգին» ներկայացումը (1971)։ Նրա երգած երգերից երկուսը տեղ են գտել Փարիզում (1971) լույս տեսած «Աշխարհի ժողովուրդների ֆոլկլորը» ծրագրված շարքի չորս ձայնասկավառակներից առաջինում՝ Հայաստան բաժնում։ Մուրադյանը ձայնագրվել է շուրջ 200 երգ՝ ՀՀ ազգային ռադիոյի ձայնադարանում, «Հայրենի երգեր» ժողովածուում (1980) և այլն։

Հայրիկ Մուրադյանը թողել է հոգևոր, մշակութային և գրական մեծ ժառանգություն։

Միջադեպեր կյանքից

խմբագրել

Գարնանային արևոտ մի օր Հայրիկի մայրը գնացած է լինում Առնոս լեռան լանջ՝ կանաչի հավաքելու։ Հանկարծ երկինքը մթնում է։ Սկզբում անձրև է տեղում, հետո՝ կարկուտ։ Մայրը, եղանակից պաշտպանվելու համար, ծածկում է գլուխը մեծ տերևներով, մինչև որ հասնում է մի քարանձավի։ Այդ ժամանակ հանկարծակի սկսվում են ծննդաբերության ցավերը ու աշխարհ է գալիս Հայրիկը։ Մայրը չկորցնելով իրեն՝ նրան փաթաթում է իր զգեստի մի կտորով։ Հայրը տեսնելով, որ եղանակը փոխվել է՝ անհանգստանում է ու գնում է Առնոս լեռ՝ օգնելու կնոջը։ Հասնելով քարանձավի մուտքի մոտ՝ նա զարմացած ու ուրախացած նայում է կնոջը և որդուն ու երկուսին էլ տուն է տանում։

Հետագայում Հայրիկը, իմանալով իր առասպելական ծննդի մասին, հետևյալ տողերն է նվիրել մորը.

Խավարծիլ գափը ինձ եղավ ներքնակ,
Հայրենի լեռը՝ ինձ գթության քույր,
Ինձ ողջունեցին որոտն ու կայծակ
Եվ ես զգացի հողմերի համբույր։

Մեջբերումներ Հայրիկ Մուրադյանից

խմբագրել

«Երգը մեր պատմությունն է։ Հիշողություն է երգը։ Երգը օգնում է մեզ թե՛ ուրախության, թե՛ տխրության ժամին։ Երգը փայլատակում է, երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ, իսկ աշխատանքում՝ լուսավոր միտք․․․ Ահա՛ թե ինչ է երգը։ Մեր հին երգերը ամրապնդում են մեր ազգային ոգին։ Երգերը դաստիարակության հզոր միջոց են։ Նրանց մեջ արտահայտված են և՛ աշխատասիրություն, և՛ անձնազոհություն, և՛ նվիրվածություն մեր ազգին, մեր հայրենիքին։ Երգերի միջոցով այդ բոլորը կփոխանցվի մեր մատաղ սերնդին»։

«Առաջնայինը աստվածայինն է, հոգին պետք է մաքրել ամեն տեսակ թույներից, արատներից»։

«Կուզենայի տեսնել իմ ծննդավայրը, իմ Շատախ հայրենիքը, կարոտս առնել»։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://hayrik.am/#98afd2b5-8fdd-4c55-b09f-ffb8bcc203ac
  2. 2,0 2,1 2,2 http://armradioarchive.am/ar/A3ZF6iQ
  3. Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  4. «ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայրիկ Մուրադյան» հոդվածին։