Գուրգեն Սևակ

հայ լեզվաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գուրգեն Սևակ (Գուրգեն Գրիգորի Գրիգորյան, ապրիլի 14, 1904(1904-04-14), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 14, 1980(1980-09-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան, հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1948), ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ (1971)։

Գուրգեն Սևակ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14, 1904(1904-04-14)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 14, 1980(1980-09-14) (76 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց, Երևանի պետական համալսարան (1928) և Երևանի պետական համալսարան (1932)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1948)
Մասնագիտությունլեզվաբան, հայագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան, Տերմինաբանական կոմիտե և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀՀ ԳԱԱ

Կենսագրություն խմբագրել

Սկզբնական կրթությունն ստացել է Ներսիսյան դպրոցում, բարձրագույնը՝ Երևանի պետական համալսարանում (1924-1928), այնուհետև 1932 թվականին՝ ասպիրանտուրա։ 1932 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում։ 1940 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի, 1948 թվականին՝ դոկտորի գիտական աստիճան։ 1949 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1956 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1971 թվականին՝ իսկական անդամ։ Ստացել է նաև Հայկական ԽՍՀ (1961) և Վրացական ԽՍՀ (1970) գիտության վաստակավոր գործչի կոչումներ։ 1931-79 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ Դասախոսություներ է կարդացել նաև այլ բուհերում։ 1941-71 թվականներին վարել է համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչի պաշտոնը։ 1932-40 թվականներին եղել է Տերմինաբանական կոմիտեի գիտական քարտուղարը։ Որոշ ժամանակ աշխատել է որպես ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի ժամանակակից հայոց լեզվի, հետագայում՝ խոսքի մշակույթի և տերմինաբանության բաժնի վարիչ։

Գիտական գործունեություն խմբագրել

Գուրգեն Սևակն զբաղվել է հիմնականում ժամանակակից հայոց լեզվի տեսության և պատմության, տերմինաշինության և խոսքի մշակույթի հարցերով։ Նրա բազմաթիվ հոդվածներ նվիրված են հայերենագիտության այլևայլ հարցերի։ Գուրգեն Սևակն ունի Մեսրոպ Մաշտոցի գործունեությանը նվիրված ուսումնասիրություն («Մեսրոպ Մաշտոց», Ե., 1962)։ Նա կատարել է նաև թարգմանություններ, այդ թվում՝ Ա. Ս. Պուշկինի «Եվգենի Օնեգին» պոեմի հայերեն թարգմանությունը։ Հեղինակ է հայոց լեզվի բուհական և դպրոցական դասագրքերի ու ձեռնարկների։ Ղեկավարել է հայ էսպերանտիստների խումբը։ Էսպերանտո լեզվի համաշխարհային ակադեմիայի անդամ (1932)[1]։

Սևակի գիտական աշխատություններից է «Խոսքի մասերի ուսմունքը», որտեղ ժամանակակից հայերենի խոսքի մասերի ուսումնասիրությունը ներկայացված է մի քանի լեզուների (վրացերեն, ռուսերեն) քերականությունների մեջ այն ժամանակ ընդունված խոսքի մասերի տեսության քննությանը զուգահեռ, նրա հետ ունեցած սերտ կապի մեջ։ Սևակը առաջարկել է խոսքի մասերի որոշման նոր հիմունք։

«Հայ բարբառների ծագման հարցի շուրջը» ծավալուն հոդվածում Գուրգեն Սևակը քննադատել ու մերժել է այն տեսությունը ըստ ոի հայերենի բոլոր բարբառները առաջացել են ոչ թե գրաբարից, ոչ թե գրաբարատիպ հայերենից, այլ պատմական Հայաստանում տեղադրված այլևայլ ժողովուրդների կողմից հայոց լեզուն յուրացնելու պրոցեսում՝ հեռավոր նախապատմական շրջաններում։

Գուրգեն Սևակը Մեսրոպ Մաշտոցի մասին խմբագրել

Հայերեն գրերի ստեղծման ու Մեսրոպ Մաշտոցի մասին Սևակը գրել է մի քանի աշխատություն։ «Թե ինչ է արել Մաշտոցը Սամոսատում» հոդվածում քննության նյութ է դարձրել Մաշտոցի կենսագիր Կորյունի «Վարք Մաշտոցի» երկի մի փոքրիկ հատվածը, որի վերաբերյալ հայ և օտար շատ մասնագետներ արտահայտել են տարբեր, նույնիսկ հակասական կարծիքներ։ Առանձնացնելով ու գնահատելով բանասերների ճիշտ մտքերը այդ հայտնի հատվածի վերաբերյալ, Սևակը հիմնավոր քննադատել է յուրաքանչյուրի սխալ ու անհամոզիչ դրույթները և գիտականորեն հիմնավորել իր նոր ըմբռնումները։

«Մեսրոպյան գրերը, նրանց կառուցվածքի սկզբունքները և աղբյուրները» հոդվածում Սևակը գիտական վերլուծությունից հետո հաստատել է, որ Մեսրոպյան գրերի ակունքը գտնվում է ոչ թե մերձավոր հունա-ասորա-պարսկական միջավայրում, այլ ժամանակով և տարածությամբ հեռավոր փյունիկ-սեմական՝ հարավ-արաբական-արամեական գրերի ոլորտում, ուր և եղել է նրանց իսկական բնօրրանը, և որ մեսրոպյան գրերի հորինվածության գլխավոր սկզբունքը ոչ թե նույնականությունն է, այլ տարբերացումը և այլն։

Մաշտոցի կյանքի ու մեծ ծառայության պատմությունը Սևակը ներկայացրել է իր «Մեսրոպ Մաշտոց. հայկական գրերի ու մատենագրության սկզբնավորումը» (1962 թ.) մենագրության մեջ, որը հրատարակվել է նաև ռուսերեն լեզվով։

Թարգմանություններ խմբագրել

Սևակը կատարել է նաև թարգմանություններ։ Դրանցից են՝ Մ. Դանիլևսկու «Արյունոտ կիրակին» պիեսը, Մ. Լերմոնտովից «Առագաստ», «Պաղեստինի ոստը» բանաստեղծությունները, Ա. Պուշկինի «Եվգենի Օնեգինը» (1949 թ.), որը առաջին թարգմանությունն է հայ իրականության մեջ և այլն։

Պարգևներ խմբագրել

1961 թվականին Գուրգեն Սևակին շնորհվել է Հայկական ՍՍՀ, իսկ 1967 թվականին՝ Վրացական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոչ կոչումներ, պարգևատրվել կառավարական մեդալներով, ՀՍՍՀ գերագույն սովետի պատվոգրերով։ Գուրգեն Սևակը պարգևատրվել է նաև Խ.Աբովյանի անվան մեդալով։

Երկեր խմբագրել

  • Ժամանակակից հայոց լեզվի տեսություն, գ. 1, Ե., 1939, գ. 2, Ե., 1947։ Նույնի վերամշակված հրատարակությունը՝ «Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց», Ե., 1955։
  • Ժամանակակից հայերենի համառոտ պատմություն, Ե., 1948։
  • Հայոց լեզվի զարգացման սովետական փուլը, Ե., 1946։
  • Հայոց լեզվի շարահյուսություն (դասագիրք), Ե., 1937-80։

Գրականություն խմբագրել

  • Է. Աղայան, Հայ լեզվաբանության պատմություն, հ. 2, Ե., 1962։
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Ե., 1987։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Ա. Վ. Գրիգորյան «Գուրգեն Սևակ» (Ծննդյան 80-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես №1, 1984, էջ 59-67
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Սևակ» հոդվածին։