Ռուդիկ Զավենի Հարոյան (հուլիսի 3, 1948(1948-07-03), Արթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 19, 2013(2013-07-19), Երևան, Հայաստան), հայ բանահավաք, պարուսույց, ազգագրագետ, տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու[1][2]։

Ռուդիկ Հարոյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 3, 1948(1948-07-03)
ԾննդավայրԱրթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 19, 2013(2013-07-19) (65 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունտնտեսագետ, ազգագրագետ, բանահավաք և պարուսույց

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1948 թվականի հուլիսի 3-ին Արթիկում, խնուսցի և գյումրեցի ծնողների՝ Զավենի ու Մանիկի ընտանիքում[2]։

Գործունեություն խմբագրել

Լինելով Հայրիկ Մուրադյանի երգերի երկրպագու` Ռուդիկ Հարոյանը 1978 թվականին անդամագրվում է նրա դստեր` լեզվագետ, բանասիրական գիտությունների թեկնածու և երաժիշտ Մարո Մուրադյանի` դեռևս անանուն (հետագայում` «Ակունք») տոհմիկ երգի սիրողական խմբին[3]։ Առաջին բանը, որ զարմացնում է նրան, «Հով, հով, հովն ընկավ» պարերգի կատարման ճիգն էր։ Գիտեին, որ պարերգ է, բայց ոչ մեկը հստակ չգիտեր պարի քայլերը։ Ցանկությունը մեծ էր գեղջկական պարերին տիրապետելու, բայց հրավիրված մասնագետները չէին գոհացրել[2]։

Գիտակցելով ավանդական պարի անհրաժեշտությունը, Ռուդիկ Հարոյանը իր առջև նպատակ է դնում ազատ ժամերին ուսումնասիրել և գյուղական միջավայրում գործնականում տիրապետել ավանդական պարի հիմունքներին[2]։

  Հանդուգն որոշում էր դա, բայց, փառք Աստծո, համառ պրպտումներս, հափշտակությունս և անզուսպ սերս պարի հանդեպ անպտուղ չմնացին։ Ավանդական պարը կրողներից սովորած բանահավաքչական նյութերիս կարողացա շունչ տալ, և «Ակունքը», ի թիվս ազգագրական երգերի, կատարեց նաև մեր նախնյաց մաքրամաքուր, ավանդական պարերն ու պարերգերը։
- Ռուդիկ Հարոյան[2]
 

Ռուդիկ Հարոյանը դառնում է խմբի առաջին պարուսույցը[3]։ Բազմաթիվ համերգներ են կազմակերպվում Խորհրդային Հայաստանի շրջաններում, սփյուռքում, հանրային հեռուստատեսությամբ, որոնց ժամանակ Հարոյանի բեմ հանած ազգագրական պարերը փայլում են իրենց գունագեղությամբ, ոճական ինքնատիպությամբ, ավանդականի բնականությամբ[2]։

Բանահավաքչություն խմբագրել

Շուրջ երեք տասնամյակ Ռուդիկ Հարոյանը լրջորեն զբաղվել է բանահավաքչությամբ[3]։ Շրջել է հանրապետության և արտերկրի հայասփյուռ շատ վայրերում, գրառել, հավաքագրել ազգագրական տարբեր շրջանների 300-ից ավելի պար ու պարերգ[3]։ Իսկ Սև ծովի ափին հաստատված համշենահայերի բնակավայրերում, գրառելով նրանց հնօրյա երգն ու պարը, աջակցել է նրանց՝ հայրենիքում իրենց ավանդական երգերն ու պարերը ներկայացնելուն։ 1984 թվականին, Երևանում՝ ի մի բերելով համշենցիներին, հիմնադրել է «Համշեն» ազգագրական անդրանիկ խումբը[2][3]։

«Պարատուն» խմբագրել

1987-1991 թվականներին, Երևանում, «Նարոյ» համույթի բազայի հիման վրա[3], ազգային պարը, երգը, ծեսը ժողովրդին հասու դարձնելու նպատակով, նախաձեռնում է «Պարատան» թեմատիկ երեկույթ-հավաքներ` նվիրված հայոց այս կամ այն գավառի ազգագրական մշակույթին` իրականացնելով միաժամանակ գեղջկական պարերի, պարերգերի զանգվածային ուսուցում։ Ջավախքի ավանդական մշակույթին նվիրված «Պարատան» խանդավառ երեկույթը խթանում է «Ջավախք» հարենակցական միության ստեղծմանը, որի վարչության անդամ է ընտրվում Ռուդիկ Հարոյանը` Ջավախքի ավանդական մշակույթի վերհանման և հանրայնացման ավանդի համար[2]։

Ավանդական պարերի, խաղերի, պարերգերի ուսուցման նպատակով պարբերաբար հրավիրվել է Ֆրանսիա, Պարսկաստան, ԱՄՆ։ Եղել է առաջիններից էր, որ հեռուստատեսությամբ պարբերաբար ներկայացրել է ազգային պարարվեստի խնդիրները, մեկնաբանել և սովորեցրել պարը եթերում[2]։

Նկատի ունենալով «Պարատան» փորձը, մտահոգ հինավուրց պարերի ճակատագրով՝ Ռուդիկ Հարոյանը 1987 թվականին մամուլում հարց է բարձրացնում ազգային ավանդական պարի ժառանգությունն ըստ ամենայնի ուսումնասիրելու նպատակով ստեղծել գիտագործնական և մշակութային «Պարատուն» կենտրոն, որը հիմնովին կզբաղվի և կհամակարգի ազգագրական պարերի, պարանմուշների հավաքագրման, մեկնաբանման, պահպանման, հանրայնացման, սերնդեսերունդ փոխանցման խնդիրները[2]։

Ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ՝ պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողները դիպլոմային հինգ աշխատանք են պաշտպանում այդ թեմայով։ Երքաղսովետը Զանգվի ձորում տեղ է հատկացնում «Պարատան» կառույցի համար։ Շինարարությունը թափ է առնում, բայց 1990 թվականին, երկրի անկախացումից հետո, նորաստեղծ իշխանությունը թաղում է «Պարատան» գաղափարը` կիսակառույցը մասնավորեցնելով[2]։

«Սրբուհի Լիսիցյանի անվան ավանդական պարի դպրոց» խմբագրել

1993 թվականին, կամովին հրաժարվելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում իր բարձր պաշտոնից, Երևանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական երաժշտական ստեղծագործության կաբինետի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի երաշխավորությամբ և մասնակցությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հիմնադրում է հայ պարագիտության հիմնադիր «Սրբուհի Լիսիցյանի անվան ավանդական պարի դպրոցը», ըստ էության, առաջինը հանրապետությունում գործնականում իրականացնելով Կոմիտասի փափագը` ավանդական պարը դարձնել հանրակրթական առարկա[2]։

Ներդրումը այլ համույթներում խմբագրել

Որպես պարուսույց, գեղարվեստական ղեկավար՝ անուրանալի ներդրում է ունեցել նաև «Մարաթուկ» (1984-1986), Երևանի տնտեսագիտության ինստիտուտի «Մասունք» (1986-1989), Երևանի պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի «Նարոյ» (1987-2000), «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկապատանեկան «Գոհար» (1993-1995), «Հայրիկ Մուրադյան» մանկապատանեկան ազգագրական երգի-պարի (1997-2004), Աշտարակի «Փերիա» (1988-1994), Արաբկիրի Հայորդաց տան մանկապատանեկան «Նիգ» (2001-2004) խմբերում, որոնցից յուրաքանչյուրը ժամանակին իր յուրօրինակությամբ եղել են անկրկնելի[2][3]։

Ստեղծագործական աշխատանքներ խմբագրել

Ռուդիկ Հարոյանը բանահավաքչական, բեմադրական, մանկավարժական գործունեությանը զուգահեռ, հրատարակել է նաև հայկական ավանդական երգերի, խաղ-պարերի ուսուցման «Զորի-Զորի» (1995), «Զատիկ» (1996, 2008), «Շեկլիկ փիսիկը» (2004) գրքերը, հեղինակել է ավանդական պարին, պարերգին նվիրված հոդվածներ, բեմականացված «Պաս, թե՞ ուտիս», «Տիկնի պսակ» թատերախաղերը, Ամանորին, Տրնդեզին, Ծառզարդարին, Զատիկին, Վարդավառին և ազգային այլ տոների հեռուստատեսային նկարահանումները։ Գործնական աշխատանքներ է տարել ֆոլկլորիկ թատրոնի կայացման, խաղերի միջոցով ազգային երգի, պարի ուսուցման մեթոդական նյութերի հրատարակման ուղղությամբ։ Եղել է Հայաստանի ազգային պարարվեստի վարչության անդամ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վարպետ Ռուդիկ Հարոյան
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 «Ռուդիկ Հարոյան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Վարդավառ» Ռուդիկ Հարոյան 68