Նոր Ջուղա

Իրանի Սպահան քաղաքի թաղամաս, նախկինում՝ քաղաք
(Վերահղված է Հայերը Նոր Ջուղայումից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջուղա

Նոր Ջուղա, նախկին քաղաք, այժմ՝ թաղամաս Իրանի Սպահան քաղաքի կազմում։ Կարևոր կենտրոն է եղել իրանահայության համար։ Հիմնադրվել է 1606 թվին, երբ շահ Աբասը Արևելյան Հայաստանից ու հարակից տարածքներից մոտ 300.000 հայ տեղահանեց ու գաղթեցրեց Իրան։

Բնակավայր
Նոր Ջուղա
ԵրկիրԻրան Իրան
Կաղապար:Դրոշավորում/Ղաջարական Պարսկաստան
Համայնքմարզ 5
Հիմնադրված է1606 թ.
Պաշտոնական կայքnorjugha.ir

Պատմություն

խմբագրել
 

Պարսկաստանում հայ բնակչությունը շատ հին պատմություն ունի։ Հայտնի է դեռևս 4–րդ դարից պարսից Շապուհ թագավորը Հայաստանից տասնյակ հազարավոր մարդկանց բռնի տեղափոխել է Պարսկաստան։ Հայ բնակչության այդպիսի գաղթեցումներ դեպի Պարսկաստանի խորքերը կատարվել են նաև հետագա դարերում։ Սակայն հայկական գաղթավայրերի առաջացումը Պարսկաստանում տեղի է ունենում ավելի ուշ՝ առանձնապես 18–րդ դարում։ Այդ գաղութներից առավել նշանավոր է պարսկական Սպահան քաղաքի արվարձաններից մեկում հիմնված Նոր Ջուղան։ Այստեղ հայերի բնակության մասին տեղեկությունններ կան՝ սկսած 16–րդ դարի 50–ական թվականներից, բայց նրա հիմնադրումը տեղի է ունեցել Շահ Աբասի օրոք։ «Ջուղա» տեղանունը գիտական գրականության մեջ դեռևս ստուգաբանված չէ։ Հայ մատենագրության մեջ այս հնագույն տեղանունը V-XVII դարերում կոչվել է Ջուղայ, Ճողայ, Ջուղա, իսկ XVII ֊XX դդ., ի տարբերություն Նոր Ջուղայի, կոչվել է Հին (տեղական բարբառով Խին) Ջուղա։ Օտարազգի պատմիչներն ու ճանապարհորդները այն անվանել են Djoulfa, Ciulfa, Iulfa, Zulfa, Usulfa, Sulfa, Diulfa, Tulfa, Iula, Chiulfa, Zugha: XVII դարում Ղազար կաթողիկոս Ճահկեցին նշել է, որ Անի քաղաքի կործանումից հետո նրա բնակչության «կեսքն ճղեալ գնացին ի Ճուղայ...»։ Այս տեղեկությունն էլ հիմք է ծառայել, որպեսզի կարծվի, թե Ջուղան որպես բնակատեղի հիմնվել է Անիի կործանումից հետո և այն Անի քաղաքի մի ճյուղն է («ճյուղ ա»)։ Այս ոչ ճիշտ մեկնաբանությունն էլ ավանդաբար փոխանցվել է ջուղայեցիներին։ Սակայն Նախիջևանի հնամենի գավառների բազմաթիվ տեղանունները, ինչպես, օրինակ, Գողթն, Տրունիք, Երնջակք, Ռամիք, Ցղնայք, Ապրակունիք, Շահապունիք կամ Շահապոնք, Շարուր և այլն, որոնք հոգնակի թվով աշխարհագրական անուններ են, ցույց են տալիս հավաքական գաղափար և տեղ։ Կարելի է ենթադրել, որ Ջուղայքը կամ Ջուղայը էթնիկական ծագում ունի[փա՞ստ] և ցույց է տալիս հավաքական նշանակությամբ բնակվելու տեղ։ Հավանաբար այս տեղանունը նախահայկական ծագում ունի և առաջացել է այդտեղ բնակվող հայկական նույնանուն ցեղի անունից։ 1604 թվականին հայոց կաթողիկոսների սադրանքով ու դրդմամբ պարսից Շահ Աբաս Առաջինը հայաթափեց Արևելյան Հայաստանը։ Շահ Աբասին ձեռնտու էր դա. Պարսկաստանում բնակեցնելով հայերին՝ նա որոշ արտոնություններ շնորհեց նրանց, և կարճ ժամանակ անց ոտքի կանգնեց երկրի տնտեսությունը, լցվեց պետական գանձարանը։ Ի թիվս այլ ծաղկուն բնակավայրերի՝ հայաթափվեց վաճառաշատ Ջուղա քաղաքը։ Շահը հայությանը բռնի տեղահանելով՝ նրանց բնակեցրեց իր մայրաքաղաք Սպահանի մոտակայքում, հող հատկացրեց նրանց, և այստեղ կարճ ժամանակ անց՝ 1606 թվականին, հառնեց Նոր Ջուղան՝ ժամանակին Արևելքի ու աշխարհի ամենածաղկուն ու բարգավաճ քաղաքներից մեկը։ Նոր Ջուղան կառուցվեց դատարկ տեղում, արագ։ Գլխավոր պողոտան ձգվում էր արևելքից արևմուտք, ուներ 3276 քայլ երկարություն և 16 քայլ լայնություն։ Այն քաղաքի առաջին քաղաքապետ՝ քալանթար Նազարի պատվին կոչվել է Նազարի խիավան։ Պողոտայում էին գտնվում հիմնական վաճառատներն ու արհեստանոցները։ Պատմական Ջուղա քաղաքը տարածված է եղել այժմյան Նախիջևանի ԻՍՍՀ Ջուլֆայի շրջանի Ջուղա գյուղի մերձակայքում, Արաքս գետի ձախ ափին, ավելի քան 2 կմ երկարությամբ՝ արևելքից դեպի արևմուտք, Արաքսից մինչև մոտակա լեռնափեշերը 400- 500 մ լայնությամբ։ Ապառաժոտ լեռնաշղթաների արանքում հիմնադրված Ջուղայի թաղամասերն ընդգրկել են նաև Արաքսի աջափնյա (այժմ իրանական) հարթությունները, ուր այժմ էլ նկատվում են քաղաքապատկան շինությունների՝ կամրջի, քարավանատան, Անդրեորդու եկեղեցու, գերեզմանատան և այլ կառույցների ավերակներն ու հետքերը։ Արաքսամերձ այս վայրը, ուր հիմնված է եղել Ջուղան, բավական խորն ու երկար, նեղ կիրճ է, որին ջուղայեցիները կոչել են Ծակուտա ձոր, Ծակուտ։ Զայանդեռուդ գետի եզերքից դեպի հարավ 10 ուղիղ և լայն փողոցներ էին ձգվում, որոնք հատում էին Նազարի պողոտան և ձևավորում քսան ինքնուրույն թաղամասեր. դրանցից յոթի ծայրերը նույն ուղղությամբ հասնում էին այն դաշտը, որտեղ գտնվում էր հայոց գերեզմանատունը։ Այդ 10 փողոցները եղել են թաղերի սահմանները, և դրանց միջև կառուցվել են տները՝ սկիզբ առնելով գետի եզերքից։ Պողոտան բաժանվում էր երկու մասի. արևմուտքից` Սաֆրազենց դուռ, որտեղ ապրում էին առաքելադավան հայերը, և Շահրիմանյանց դուռ, որտեղ ապրում էին կաթոլիկ հայերը։ Ջուղան պատված էր գեղեցիկ պարտեզներով։ Հայերը քաղաքում 13 եկեղեցի են կառուցել։ 1620 թվականին Նոր Ջուղան արդեն իրանական առևտրական կապիտալի կենտրոնն էր` 30 հազար բնակչով։ Իրանական հում մետաքսի արտահանման մենաշնորհը Շահ Աբասը հանձնեց հայերին։

Նոր Ջուղայի դերը և նշանակությունը

խմբագրել
 

Նոր Ջուղայի գաղութը 17-18-րդ դարերում խոշոր դեր է խաղացել հայկական մշակույթի զարգացման գործում։ Այնտեղ 17-րդ դարի առաջին կեսերին հիմնադրվել է մի դպրոց, որը Խաչատուր Ջուղայեցին անվանում է համալսարան։ 17-րդ դարի երկրորդ կեսին Ջուղայում սկսում են գործել այլ դպրոցներ ևս, որոնցից նշանավոր էր Կոստանդին վարժապետի գլխավորած դպրոցը։ Այնտեղ դասավանդում էին աշխարհիկ գիտություններ և գերազանցապես հաշվողական առարկաներ։ Դասավանդումը կատարվում է պարզ, հասկանալի լեզվով, համարյա աշխարհաբար[1]։ Առևտուր, արհեստ Պատմական աղբյուրների վկայությամբ Ջուղայում, դեռևս XXII դդ. սկսած, արհեստների հետ համատեղ շեշտակի զարգացել է առևտուրը։ Այն XI դարում արդեն ուներ իր հոգևոր կենտրոնը և իր նշանակությամբ ու համբավով դասվում էր Նախիջևանի շարքը։ Գտնվելով նշանավոր առևտրական երթուղու վրա, որը կոչվում էր նաև արքունի կամ վաճառականական ճանապարհ, նա կարճ ժամանակամիջոցում Արաքսի (Երասխի) ձորում հռչակվում է որպես տարանցիկ ապրանքների պահեստավայր ու առևտրական փոխանակությունների կենտրոն և XV դարից սկսած աննախադեպ ծաղկման ու բարգավաճման է հասնում։ Այդ պատճառով էլ ջուղայեցիների համար առևտրական լինելը գլխավոր և առաջնակարգ ժառանգական զբաղմունք ու մասնագիտություն է եղել։ Եվ արդեն XV-XVII դարերում հայ իրականության մեջ ջուղայեցի վաճառականները, որոնք իրենց կոչում էին «խոջաներ», հայտնի էին թե՛ իրենց կուտակած անհաշիվ հարստություններով ու կարողություններով, թե՛ որպես հայ տպագրական-հրատարակչական գործի իսկական կազմակերպիչներ ու նվիրյալ հայրենասերներ։ Այդ դարերին՝ Հայաստանի համար քաղաքական, տնտեսական և մշակութային առումով անկումային համարվող ժամանակաշրջանում, մեծ հռչակ է ձեռք բերում Ջուղան, որի կապիտալը հայտնի էր համարյա թե ամենուր։ Ջուղայեցիների հարստությունները առասպելական չափերի էին հասել, իսկ «խոջաների» տների ու ապարանքների զարդարանքներն ու կահկարասիների մեծ մասը ոսկուց ու արծաթից էին պատրաստված։ Հայ վաճառականները հիմնեցին Նոր Ջուղայի հայ առևտրական ընկերությունը, որի գործակալները, առևտրական գործունեությունից զատ, շահի համար հաճախ նաև հետախուզական, թարգմանական և դիվանագիտական ծառայություններ էին մատուցում։ Ջուղայի վաճառականները լայն գործունեություն ծավալեցին։ Նրանք իրենց ձեռքը վերցրին մետաքսի հումքի արտահանումը և հանդես էին գալիս որպես Պարսկաստանի և Եվրոպայի միջև կատարվող առևտրի միջնորդ։ Միջերկրական ծովով նրանք կապ էին հաստատել Ֆրանսիայի, Հոլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի քաղաքների հետ։ Ջուղայի վաճառականներն ունեին իրենց առևտրական ընկերությունները և ներկայացուցիչներ եվրոպական մեծ քաղաքներում։ Այդ ընկերություններն առևտրական պայմանագրեր էին կնքում անգամ օտար պետությունների հետ։ Ջուղայի հայ առևտրական ընկերությունը՝ հանձին Գրիգոր Լուսիկովի, 1667 թ. պայմանագիր է կնքում Ռուսաստանի հետ։ Դրանով ընկերությունը ազատ առևտրի իրավունք է ստանում Ռուսաստանի տարածքում։ Ռուսները ջուղայեցիներին իրավունք տվեցին նաև Ռուսաստանի տարածքով արտահանել իրենց ապրանքները Եվրոպա։ Խաչատուր Կեսարացին 1630 թվականին Նոր Ջուղայում դպրոց հիմնեց, որտեղ դասավանդում էին հումանիտար և բնական գիտություններ` մաթեմատիկա, քերականություն, քնարերգություն, իմաստասիրություն... Դպրոցը հաճախ կոչվել է նաև համալսարան։ Նոր Ջուղայում հիմնվեց նաև առաջին տպարանը պարսկական պետության տարածքում։ Ինքնաշեն այդ տպարանում 1638-1642 թվականներին հրատարակվել են «Սաղմոսարան», «Հարանց վարք», «Խորհրդատետր», «Ժամագիր ատենի» գրքերը։ Բացի առևտրից, հայերը Նոր Ջուղայում զբաղվում էին գինեգործությամբ, կոշկակարությամբ, ոսկերչությամբ, այգեգործությամբ։ Շահ Աբասն ուզում էր, որ հայության հոգևոր-մշակութային ու քաղաքական կենտրոնը Նոր Ջուղայում հաստատվի։ Նա անգամ պատրաստվում էր քանդել Էջմիածնի վանքն ու նույն քարերով վանքը հաստատել Նոր Ջուղայում, բայց հայ խոջաները տարհամոզեցին շահին։

Նոր Ջուղայի հայկական գաղութը ծաղկման շրջանում

խմբագրել
 

7-դարի երկրորդ կեսին Նոր Ջուղայի հայկական գաղութը ծաղկման շրջան էր ապրում, նրա բնակչության թիվը հասնում էր մի քանի տասնյակ հազարի։ Եվրոպական ճանապարհորդներից մեկը՝ Ջոնսոնը, նշել է, որ Սպահանի արվարձան Նոր Ջողան ունեցել է 50-60 հազար շունչ, իսկ եթե հաշվեն նաև նրան մոտիկ և նրա հետ կապված հայկական գյուղերի բնակչությունը, ապա հայկական այդ գաղթավայրի բնակչությունը հարյուր հազարից ավելի է եղել։ Այնտեղ առավել աչքի է ընկել խոշոր վաճառականների դասը, որն իր առևտրական գործունեությամբ կապված է եղել բազմաթիվ երկրների հետ և խոշոր դեր է խաղացել Արևելքի և Արևմուտքի միջև առևտրի զարգացման գործում։ Մեծ թիվ էին կազմում նաև միջին և մանր առևտրականները։ Այդ երկու խավերից ավելի բազմազան էին արհեստավորական և գյուղացիական խավերը, որոնք նույնպես իրենց լուման ունեին Սեֆեյան Պարսկաստանի արհեստագործության և գյուղատնտեսության զարգացման գործում։ Ջուղայի հայկական դպրոցներ, Ջուղայի գրչճջախը Նոր Ջուղան եղել է հոգևոր կենտրոն և բնակավայր հայ ազգի համար դեռ 17-րդ դարից, երբ Պարսից Շահ Աբասի հրամանով ավելի քան 300հազար հայերի Հայաստանից տեղափոխեցին Պարսկաստան։ Գաղութն ուներ ինքնավարություն, որը տնօրինում էր քաղաքագլուխը։ Նորաբնակները ունեին մի շարք արտոնություններ, սկսած կրոնի ազատությունից մինչև արհեստանոցներ և դպրոցնել հիմնելը։ Ջուղայի առևտրականները լայն գործուներություն ծավալեցին՝ վերցնելով իրենց ձեռքը մետաքսի հումքի արտահանումը և համագործակցելով տարբեր եվրոպական միջնորդների հետ։ Նոր Ջուղայում պահպանվել են հայկական մշակույթի լավագույն ավանդույթները։ Այնտեղ բացվել են լայն գիտելիքներ տվող դպրոցներ։ Նոր Ջուղան դարձել էր իր ժամանակի հայ մշակույթի կարևոր կենտրոն։ 1854 թվականին Նոր Ջուղայում բացվեց գաղութի առաջին օրիորդաց դպրոցը, որն ի դեպ հանդիսանում է նաև առաջին օրիորդաց դպրոցը ամբողջ Երանում։ Սա կառուցվեց Կատարինյան օրիորդաց կուսանոցին կից ճավայաբնակ Մանուկ Հորդանանյանի միջո ցներով։ 1630-ական թվականներին Խաչատուր Կեսարացին հիմնել է դպրոց, որը ժամանակակիցները կոչել են «համալսարան»[1]։ 1638 թվականին հիմնադրելէ տպարան։ Նշանակալի դեր է խաղացել նաև Սուրբ Ամենափրկիչ վանքի դպրոցը, որտեղ աշակերտներին սովորեցրել են եվրոպական լեզուներ և «վաճառականության արվեստ»։ Վանքին կից բացվել է մատենադարան, որտեղ հավաքվել են բազմաթիվ հայերեն ձեռագրեր։ XX դարի սկզբներին, 1901—1905 թվականներին Նոր Ջուղայում հիմնադրվեցին ((Գևորգ Քանանյան)) անունով օրիորդաց դպրոցը և մանկապարտեզը, ի հիշատակ մոսկվացի Գևորգ Քանանյանի Հ Ռափայել Պատկանյանի ընկերոջ։ Դպրոցը, որն ստեղծվեց Գևորգ Քանանյանի կտակած միջոցներով, տեղավորվեց այն ժամանակի համար հազվադեպ երկհարկանի հարմարավետ շենքում։ Հայ մշակույթի և գրչարվեստի պատմության մեջ Ջուղան հայտնի է նաև որպես նշանավոր գրչօջախ։ Այստեղ գրչագրված ձեռագրերի տվյալներով քաղաքի հոգևոր օջախներից Ամենափրկիչ վանքում, ս. Սարգիս, ս. Աստվածածին, ս. Գևորգ, ս. Հովհաննես եկեղեցիների հովանու ներքո, բազմացվել ու մանրանկարվել են բազմաթիվ ձեռագրեր։ Դատելով ձեռագրերի ընդօրինակման արվեստով, պետք է ենթադրել, որ Ջուղայում գրչարվեստը և նրա ուսուցումը սկզբնավորվել են XII– XIII դարերից ոչ ուշ, և նրա գրչատների գործունեությունը հարատևել է հիմնականում մինչև քաղաքի բռնագաղթը Պարսկաստան, ուր և կարճ ընդմիջումից հետո վերսկսվել է նորջուղայեցիների բուռն մշակութային կյանքին զուգընթաց։ Ջուղայում XVI-XVII դարերում գրչագրված մի շարք ձեռագրերից հատկապես արժանահիշատակ են Հակոբ Ջուղայեցու, Խաչատուր Խիզանեցու, ԲարսեղՎարդապետի Հովհան Դարգամարգեցու, Հովհաննես գրչի, Ռստակես աբեղայի, Հակոբ քահանայի գրչագրած ու ծաղկած ձեռագրերը։ Նշված ժամանակաշրջանում նախիջևանի գավառներում գործած նկարիչների, հատկապես հռչակավոր Հովնաթանյանների շարքում և առհասարակ հայ գեղանկարչության պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Հակոբ Ջուղայեցին։ Վերջինիս նկարազարդած ձեռագրերի գեղարվեստական լեզուն ու արվեստը անքակտելիորեն հյուսված են հայկական միջնադարի գեղանկարչության ու մանրանկարչության ավանդների վրա։ Այսուհանդերձ այն միաժամանակ հագեցած է նոր ժամանակների ոգով ու գեղագիտական հասկացություններով։ Պատկերների ու կերպարների կենդանի, աշխույժ պատկերումը, գունագեղությունը, հագեցվածությունն ու ռիթմը, բազմազան զարդամոտիվների յուրովի կիրառումը մի առանձնահատուկ հմայք ու անհատականություն են հաղորդում Ջուղայեցու արվեստին։

Հայերը Նոր Ջուղայում

խմբագրել

Ուշ միջնադար

խմբագրել

Հայերը Նոր Ջուղայում հաստատվել են շահ Աբբաս I-ի օրոք։ 16-րդ դարի սկզբին Նոր Ջուղա են տեղափոխվել տեղահանված և Իրանի Սպահանի նահանգ քշված Ջուղայի հայերը, Զայանդերուդ գետի աջ ափին՝ Սպահան քաղաքի մոտ։ Նպատակ ունենալով հայ վաճառականների միջոցով ընդլայնել Իրանի առևտրական և քաղաքական կապերն օտարերկրյա պետությունների հետ՝ Աբբաս I-ը Նոր Ջուղային շնորհել է արտոնություններ («Արքունի Խասսերին» վերապահվող իրավունքներ)։ Բնակավայրն ունեցել է ինքնավարություն, որն իրականացրել է քալանթարը (քաղաքագլուխ), դատական գործերը վարել է քեդխուդան (քալանթարի տեղակալը)։ Կարճ ժամանակում Նոր Ջուղան բարգավաճել է, արդեն 1620-ական թվականներին ունեցել է ավելի քան 30 հազար բնակիչ, դարձել երկրի առևտրական կապիտալի կենտրոն։ Նորջուղայեցի հայ վաճառականներին հանձնել իրանական հում մետաքսի արտասահմանյան մենաշնորհը։ 17-րդ դարի կեսին տեղի հայ վաճառականները ստեղծել են «Նոր ջուղայի հայ առևտրական ընկերությունը»։ Տնտեսական գործունեությանը զուգընթաց, նրանք հաճախ կատարել են նաև դիվանագիտական հանձնարարություններ։ Համայնքը միատարր չէր. զգալի թիվ են կազմել միջին և չքավոր խավերը, որոնք հիմնականում զբաղվել են արհեստագործությամբ։ Նոր Ջուղայի հայ արհեստավորների սոցիալական բողոքի դրսևորումներից էր 1630-1640-ական թվականներին դերձակ Թումիկի և սև Պետրոսի գլխավորությամբ ծագած աղանդավորական շարժումը։ 1722 թվականի աֆղանների արշավանքի ժամանակ, երբ Միր Մահմուդը գրավել է Սպահանը և սկիզբ դրել Սեֆյան Պարսկաստանի անկմանը, Նոր Ջուղան ավերվել է, հայերը գաղթել են Հնդկաստան, Ֆրանսիա, Ավստրիա, Հոլանդիա, Ռուսաստան և այլուր։ 17-18-րդ դարերում Նոր Ջուղան եղել է հայկական մշակույթի կարևոր կենտրոն։

Ժամանակակից շրջան

խմբագրել
 
Սուրբ Ամենափրկիչ վանք

Նոր Ջուղան եղել է իրանաբնակ (բացառությամբ Ատրպատականի), իսկ հետագայում նաև հնդկաստանաբնակ հայերի հոգևոր կենտրոն։ 19-20-րդ դարերում մնացել է որպես թեմական և մշակութային կենտրոն։ 19-րդ դարի 30-ական թվականներին Նոր Ջուղայում բնակվել է շուրջ 4 հազար հայ։ Այդ տարիներին բացվել էր Նոր Ջուղայի առաջին հայկական դպրոցը (1831-1853)։ 1858 թվականին հիմնվել է Օրիորդաց դպրոցը, 1880 թվականին մի շարք դպրոցներ միավորվել և կազմել են Ազգային կենտրոնական դպրոց։ 20-րդ դարի սկզբին բացվել է Գևորգ Քանանյան իգական դպրոցը։ 1905-1911 թվականների իրանական հեղափոխությունից հետո աշխուժացել արդեն է Նոր Ջուղայի մշակութային կյանքը։ Կառուցվել է թանգարան-մատենադարանի շենքը (1905)։ 1930-ական թվականներին ստեղծվել են ազգային ակումբներ, կազմակերպվել երգչախմբեր։ Հրատարակվել են «Նոր Ջուղայի լրաբեր» ամսաթերթը (1904-1908), «Նոր Ջուղայի ավետաբեր (1906-1911), «Ընկեր» (1920) թերթերը և 10 անուն ձեռագիր կամ մեքենագիր պարբերականներ։ 1946 թվականից սկսվել է նորջուղահայերի ներգաղթը Խորհրդային Հայաստան։ 1952 թվականին Նոր Ջուղայում բնակվել է 4675, 1958 թվականին՝ 5 հազար, 1969 թվականին՝ 8 հազար, 1979 թվականին՝ 10 հազար հայ։ Ներկայումս Նոր Ջուղան Սպահանի թաղամասերից է։ 2003 թվականի դրությամբ հայության թիվը եղել է շուրջ 7 հազար։ Հիմնականում զբաղվում են արհեստներով, տնայնագործությամբ, զգալի թիվ են կազմում մանր ձեռնարկատերերն ու առևտրականները, մտավորականները։

Նոր Ջուղան այժմ ունի 14 եկեղեցի (Սուրբ Ամենափրկիչ, Սուրբ Աստվածածին, Սուրբ Բեթղեհեմ եկեղեցի, Սուրբ Գևորգ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Հակոբ, Հովհաննես Մկրտիչ, Սուրբ Հովսեփ, Կատարինյան մենաստան, Սուրբ Մինաս, Ներսես Մեծ, Սուրբ Նիկողայոս, Սուրբ Սարգիս, Սուրբ Ստեփանոս), որոնցից հիմնականը Սուրբ Ամենափրկիչ Վանքն է[2]։ Նոր Ջուղայի և Սոֆի լեռան միջակա տարածությունը՝ շուրջ 300.000 քառակուսի մետր, որտեղ թաղված են նշանավոր տոհմեր (ինչպես՝ Աղազարյան-Լազարյաններ), խոջաներ (Խոջա Պետրոս Վելիջանյան), հոգևորականներ, գիտնականներ ու մշակույթի գործիչներ (Հովհաննես Մրքուզ Ջուղայեցի), աշուղներ (Ղուլ Էգազ)։ Այստեղ հաշվվում է մոտավորապես 50.000 տապանաքար[3]։

Ջուղայի պատմական հուշարձանները

խմբագրել
 

Ջուղայի հուշարձանների ուսումնասիրության գործում մեծ աշխատանք է կատարել հայ երախտավորներից մեկր' Արամ Վրույրը։ 1912 թվականին Ջուղայում ուսումնասիրություններ կատարելուց հետո, իր տպավորությունների մասին գրել է Ն. Մառին, որտեղ ասում է. «Աչափ հետաքրքիր է Ջուղան, մի փոքրիկ Անի, կարծեք ավելի ճոխ պահեստ 14-15 դարերի իրեղենների... Անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել այդ տեղի վրա, մանավանդ, որ համարյա ամեն տարի տնավարի պեղումներ են կատարվում։ Գտնված ամաններր ամբողջ կամ զարդարված անհաշիվ են»։

 

Հետագայում Ա. Վրույրը 1915 թվականի սեպտեմբերին ձեռնամուխ է լինում Ջուղայի գերեզմանատան խաչքարերի լուսանկարման աշխատանքներին, ինչպես նաև բռնագաղթի ու ավերման ենթարկված քաղաքի մասին մնացած ավանդույթների հավաքմանը։ Ջուղան հայոց պատմության մեջ հայտնի է իր միջնադարյան մի շարք պատմական ու ճարտարապետական հուշարձաններով, հազարավոր գեղաքանդակ ու զարմանահրաշ խաչքարերով, հոյակապ կամրջով, բերդով, մի շարք քարավանատներով ու վաճառատներով, քաղաքային շուակայով ու բաղնիքով, եկեղեցիներով ու այլեւայլ հուշարձաններով, որոնք այժմ մեզ են հասել մեծ մասամբ հիմնահատակ ավերված և մասամբ էլ կանգուն ու կիսակործան վիճակով։ Ժամանակին այստեղ գործում էին՝ Ամենափրկիչ վանքը, Ս. Գևորգ վանքը, Ս. Մինաս, Ս. Հովհաննես, Ս. Հակոբ, Ամենասուրբ Երրորդություն կամ Վերին Կաթան, Անդրեորդի, Պամբլոզի ժամ և այլ եկեղեցիներ, որոնցից մի քանիսն են մնում, այն էլ կիսակործան վիճակով։ ժամանակի և պատմական անցյալի բերումով Ջուղա քաղաքից այժմ շատ քիչ բան է մնացել։

Ս. Ամենափրկիչ վանք

խմբագրել
 

Ջուղայի գերեզմանատնից դեպի հյուսիս-արեւմուտք մի բավականին խոր ձորակ կա, որր մշտական քամիների պատճառով ջուղայեցիները կոչում էին Քամու ձոր։ Այդ ձորի պռնկին է կառուցված Ջուղայի հռչակավոր Ամենափրկիչ վանքը։ Վանքի հարավային մասում՝ Մաղարդայի լեռնաշղթայի փեշերով, հոսում է Արաքս գետը։ Արևելքում՝ վանքի լեռան ստորոտում, Ջուղայի գերեզմանատունն ու քաղաքի ավերակներն են, իսկ հյուսիսից և արեւմուտքից լերկ եւ վարդագույն լեռներն են։ Ամենափրկիչ վանքի համալիրր բաղկացած է փոքրածավալ եկեղեցուց, գավթից, սեղանատնից, միահարկ եւ երկհարկ օժանդակ, արտադրական եւ այլ շինություններից, որոնք պարսպապատված են։ Համալիրի հարավ-արևելյան անկյունում գտնվող եկեղեցին ավագ աբսիոդով և զույգ ավանդատներով, արևմտյան ճակատի մուտքով կենտրոնագմբեթ հուշարձան է։ Կառուցված է ճեղքված, կիսամշակ եւ մասամբ սրբատաշ քարերով եւ կրաշաղախով։ Ներքին տարածքը սվաղված է և սպիտակացված։ Բավական մեծ ու կլոր գմբեթը ծածկված է բրգաձև վեղարով։ Եկեղեցին հիմնականում զուրկ է ճարտարապետական հարդարանքից։ Նրա միապաղաղ տեսքին որոշ չափով շունչ են հաղորդում մուտքի շուրջը և որմերի այլ մասերում տեղադրված մի քանի արձանագիր խաչքարերը։ Նկատի ունենալով հուշարձանի ճարտարապետական ու հորինվածքային առանձնահատկությունները՝ պետք է եզրակացնել, որ Ամենափրկիչ վանքը կառուցվել է ոչ ուշ քան 9-10-րդ դարերում։ Ամենափրկիչ վանքի հարավային մասում գտնվում է վանքի գերեզմանատունը, ուր ամփոփված են միաբանների եւ եպիսկոպոսների աճյունները։ Այս գերեզմանատան խաչքարերի մեծ մասը վերաբերում են 15-16 դարերում և ունեն ուշագրավ պատկերաքանդակներ ու զարդաձեւեր, որոնց մեծ մասր տապալված են կամ կործանված, կամ էլ թաղված հողի տակ։

Քարանձավները

խմբագրել

Քամու ձորի և Ջուղայի շրջակա լեռների ծերպերում կան մի քանի խորշ ու խորշակներ, րնական քարայրներ, որոնցից ամենանշանավորը «ճգնավորի» եւ «կրեկճատուն» քարանձավներն են։ Վերջիններս գտնվում են Ամենափրկիչ վանքից հյուսիս՝ Քամու ձորում։ Մոտավորապես մ.թ.ա. 1-2 հազարամյակին վերագրվող այս քարանձավները հնում օգտագործվել են որպես րնակատեղեր, իսկ մինչև Ջուղայի տեղահանությունը՝ ապահով թաքստոցներ։ «Կրեկճատուն» քարանձավը հնում օգտագործվել է որպես կիր մշակելու արհեստանոց, որտեղից էլ ստացել է իր անունը։ Քաղաքային բաղնիքը.- Այս հուշարձանի ավերակները այժմ չեն էլ երևում. գտնվել է քաղաքային գերեզմանատան և արաքսամերձ տարածքում։ Այն հիմնահատակ ավերվել է երկաթգծի շինությունների ժամանակ։ Հուշարձանի նկարագիրը թողել է Քաջրերունին։ Ըստ այդ՝ «գերեզմանատան և Արաքսի արանքում ճանապարհորդը կտեսնի մի հոյակապ, գմրեթաձև, կրաշաղախ բաղնիք, որի ընդարձակ նախասրահը երեք դռներով րացվում է դեպի Արաքսը։ Նախասենյակից միակ կամարաձև դռնով դուք մտնում եք երկայն, աջ և ձախ կողմը ձգվող կամարակապ շեմը, որի ծայրերում կան փոքրիկ սենյակներ, երևի թե հանվելու կամ հագնվելու առանձնատներն են։ Շեմից մտնում եք լողարանի կամարակապ մեծ սենյակը, որի գբեթի մի մասը թե քանդված է, բայց մեջտեղի լուսամուտները դեռևս ամրողջ են։ Լողարանի յուրաքանչյուր անկյունում կա փոքրիկ կամարակապ սենյակ, իսկ ետևի պատի մյուս կողմում, կամարակապ շինության մեջ երևում է ջրի պահարանը, հնոցը եւ այլն»։ Բաղնիքը հավանարար կառուցված է եղել 16-րդ դարում, քանի որ ավանդությունն այն վերագրում է Ջուղայի քաղաքապետ խոջա Խաչիկին։ Գլխավոր քարավանատուն.- Քաղաքի գլխավոր քարավանատունը համարվող այս հուշարձանի ավերակները գտնվում են Արաքսի և երկաթգծի միջև գտնվող հարթ վայրում։ Շինության հորինվածքը կրկնում է փակ առևտրական շենքերի՝ շուկաների, հատակագիծը։ Այն ուղղանկյուն հատակագծով շինություն է և զրաղեցնում է բավականին ընդարձակ տարածություն (ունի 37 մ երկարություն ), որի մեծ մասը փլատակների է վերածված։ Թաղակիր ծածկերով իրականացված այդ շինությունը կառուցվել է կիսամշակ քարերով, աղյուսով և կրաշաղախով, և ներսից գաջով սվաղվել է։ Ներսում՝ պատերին կից, կառուցված են եղել ճանապարհորդների, անասունների և ապրանքների համար բազմաթիվ մեծ ու փոքր սենակներ։ Ամենայն հավանականությամբ այս քարավանատունը կառուցված է եղել 12-13-րդ դարերում։

Կամուրջը

խմբագրել

Արաքսի գետի ափին կառուցված այս գեղեցիկ և հոյակապ կամրջի ավերակների մնացորդներր մինչև օրս էլ մնում են պարսկական ափին։ Այն գտնվում է բնակատեղիից արեւելք՝ Երնջակ գետի Արաքսին միախառնվելու հատվածում։ Առևտրական հույժ կարևոր այս կամուրջր կառուցվել է մեծ խնամքով, սրբատաշ քարերով ու կրաշաղախով։ Կամարների բացվածքներն ունեցել են մոտ 37 մ թռիչք և 3 մ լայնություն։ Պատմական աղբյուրների վկայությամբ՝ Ջուղայի այս հռչակավոր կամուրջր, որը կառուցված է եղել դեռևս վաղ միջնադարում «...կանգուն է եղել մինչև 1400 կամ 1500 թվականներին, քանի որ Ջուղայի տեղահանության ժամանակ այն ավերված էր։ 1655թվական Տավերնիե, 1673 թվական Շարդեն և 1700 թվական Տուրնֆոր ճանապարհորդներր անցնելով Ջուղայով նշում են, որ կամուրջր ավերակ է եղել։ Ջուղայի կամ Դարվազրի բերդը - Գտնվում է քաղաքի արևելյան կողմում՝ Արաքսից դեպի մոտակա լեռնաշղթան ձգվող լեռան վրա, անմատչելի վայրում։ Անմատչելի և բարձր պարիսպներով կառուցված այս բերդր դարեր շարունակ անվանվել է Ջուղայի կամ Դարվազրի բերդ։ Վերջին անավնումր ստացել է քաղաքի գլախվոր մուտքի բարձր ու աշտարակավոր դարպասի պատճառով։ 11-12 դարերում կառուցված այս բերդի մասին պատմական աղբյուրներր շատ կցկտուր են. այն կառուցված է հիմնականում ճեղքված և կիսամշակ քարերով։ Այժմ բերդապարիսպների և աշտարակների մեծ մասր ավերված է։ Աստվածածին եկեղեցին -Հիմնադրված է քաղաքի արևելյան կողմում, մի բարձր բլրանման ապառաժի վրա։ Եկեղեցին հատակագծով ուղղանկյուն, արևելայն աբիսոդով և զույգ ավանդատներով հուշարձան է։ Այն հիմանակնում շարված է ճեղքված քարերով և ներսից ծեփապատ է։ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի նախկին շինությունր հիմնված է եղել 12-13 դարերում, վերանորոգվել է 16 դարի վերջին։ Եկեղեցու բոլոր կողմերում դրված խաչքարերր տեղահան են արված։ Եկեղեցին չորս կողմերից շրջափակված է եղել ժամանակակից և ամուր պարսպով, որն էլ նրան փոքրիկ բերդի տեսք է հաղորդում։ Եկեղեցուց ոչ այնքան հեռու՝ արևմտյան լանջի վրա, կա շուրջ 60 խաչքար։

Դաշտ գյուղի հետքեր

խմբագրել

Գտնվում է Ջուղայի 1,5 կմ արևելք՝ Արաքսի ափին, կամրջի մոտ, հարթ վայրում։ Միջին մեծության այս գյուղր, տափարակ վայրում կառուցված լինելու պատճառով, ստացել է Դաշտ անվանումը, Դաշտի գյուղ, որի բնակչությունր ևս 1605 թվականին բռնագաղթի ենթարկվեց։ Դաշտի տարածքր կանաչազարդ և վարդերով պատված լինելու պատճառով ստացել է նաև Վարդուտ, Վարդուտի գյուղ անվանումները։

ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ

խմբագրել
 

Քաղաքային այս գերեզմանատունր, որը Ջուղայից մնացած ամենակարևոր ու արժեքավոր հուշարձանախումբն էր, խաչքարերի մի կիսավեր անտառ էր։ Հուշարձանախումբ, որն իր ընդարձակությամբ, բազմազանությամբ և բազմաթիվ խաչքարերի կատարողական արվեստով նույնիսկ միակն էր ամբողջ աշխարհում։ Այն պատմական ու ճարտարապետական, քանդակագործական արվեստի մի իսկական հիասքանչ թանգարան էր։ Այդ խաչքարերի, խոյաձև տապանաքարերի տակ են հանգչում Ջուղա քաղաքր, նրա փառքն ու հռչակն արարած ջուղայեցիների աճյուններր։ Գերեզմանատունը տարածված էր քաղաքի արևմտյան կողմում և գրավում էր ավելի քան 600 քմ տարածք։ Գերեզմանատան խաչքարերն ու տապանաքարերր մոտակա լեռնալանջերի փլուզումներից և հեղեղումներից պաշտպանելու նպատակով կառուցվել են բարձր պատնեշ-պարիսպներ։

Գրականություն

խմբագրել
  • Յարութիւն Թ. Տէր Յովհանեանց, Պատմութիւն Նոր Ջուղայու որ յԱսպահան, հատոր առաջին, Նոր Ջուղա, 1880։
  • Առաքելյան Հ., Պարսկաստանի հայերը, Վիեննա, 1911, էջ 31։
  • Լևոն Գ. Մինասեան, Նոր Ջուղան աւելի քան մէկ և քառորդ դարում, Ս. Էջմիածին, 1999։
  • Դիւան Ս. Ամենափրկիչ վանքի 1606-1960. Կազմեց Լ. Գ. Մինասեան,, Նոր Ջուղա, 1983։
  • Լևոն Գ. Մինասեան, Նոր Ջուղայի տպարանն ու իր տպագրած գրքերը, Նոր Ջուղա, 1972։
  • Վահան Բայբուրդյան, Նոր Ջուղա, Երևան, 2007։
  • Աշոտ Ստեփանյան, Նոր Ջուղայի կենցաղային մշակույթը, Երևան, 2000։
  • Էլիզաբեթ Թաջիրյան, Նոր Ջուղայի հայ գաղթօջախը 17-18-րդ դդ. ևրոպական աղբյուրներում, Մաս I, Երևան, 2012։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://arar.sci.am/dlibra/publication/290013/edition/266280 Նոր Ջուղայի հայկական գաղութ
  2. «Նոր Ջուղայի հայկական եկեղեցիները» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  3. ԻՐԱՆՅԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱԿԱՄԱ ՄԻՋԱՐԿՈՒՄՈՎ

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր Ջուղա» հոդվածին։