Հայերը Հնդկաստանում
Հայերը Հնդկաստանում, Հնդկաստանում բնակվող հայերն են։ Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Հնդկաստանի միջև հաստատվել են 1992-ին։ Ներկայիս Հնդկաստանում բնակվում է մոտ 200-300 հայ՝ կենտրոնացած Կալկաթայում (այստեղ գործում է հայկական ծերանոց) և Բոմբեյում։ Հնդկաստանում գործում է 6 եկեղեցի և 2 մատուռ։
Պատմություն
խմբագրելՀայ-հնդկական առնչությունների մասին տեղեկություններ կան Քսենոփոնի (մ.թ.ա. V-IV դդ.), Զենոբ Գլակի (մ.թ. IV դ.), Մովսես Խորենացու (V դ.), Պրոկոպիոս Կեսարացու (VI դ.) երկերում։ Հնդկաստանում առաջին հայ համայնքները կազմավորվել են XVI դարում, բնակիչները հիմնականում վաճառականներ էին, պետական և զինվորական ծառայողներ։ Համայնքները ստվարացել են XVII-XVIII դդ. (շուրջ 20-25 հզ. մարդ), երբ բազմաթիվ պարսկահայեր բնակություն են հաստատել Հնդկաստանի շուրջ 20 քաղաքներում և առևտրակայաններում (Ագրա, Կալկաթա, Չինսուրահ, Սեիդաբադ, Սուրաթ, Բոմբեյ, Մադրաս, Մալաբար, Հայդարաբադ, Գվալիոր, Դաքա, Լահոր, Կոչին ևն)։ XIII դարի սկզբի կեսին Մադրասի ամենահայտնի հայ վաճառականներից էր խոջա Պետրոս Ոսկան Վելիջանյանը, ով 1725-26 թվականին իր սեփական ծախսերով կառուցել է Սարիար (Ադյար) գետի բազմակամար կամուրջը, որը միացնում էր Մադրասի Սբ Թոմեի (Թոմաս) բլուրները և Մադրասի հարավային ծայրամասում գտնվող Մամիլան գյուղը[1][2]։ Մադրասի Հայկական կամրջի պատմությունը լատիներեն, պարսկերեն և հայերեն արձանագրված է հուշաքարի վրա[3]։ Նա հայրենասեր էր, հայրենակիցներին փորձել է օգնել և աջակցել։ Փոքրաթիվ, բայց ազդեցիկ համայնքներ են ունեցել Դելի, Հուգլի, Նորովար, Քաշմիր քաղաքները։ Համայնքները կազմակերպչորեն ազգային-եկեղեցական էին և ենթարկվում էին Ամենայն հայոց կաթողիկոսությանը։ Առաջինը մադրասահայերն են կազմել համայնքային կանոնադրություն՝ «Տետրակ, որ կոչի նշավակ...» (1783), ըստ որի համայնքի բարձրագույն մարմինը Ընդհանուր ժողովն էր (գումարվում էր ամեն տարի), գործադիր մարմինը՝ 3 կառավարիչները։ Հնդկահայերը հիմնականում վաճառականներ, արհեստավորներ (ոսկերիչներ, դերձակներ, ասեղնագործներ, դարբիններ, զինագործներ), մանր գործավորներ էին, կային նաև պետական պաշտոնյաներ, մտավորականներ։ Հնդկաստանի կյանքում առավել նշանակալի դեր են ունեցել խոշոր վաճառականները, որոնք իրականացրել են առևտուրը Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Վենետիկի հետ։ Հնդկաստան թափանցած հոլանդական, անգլիական, ֆրանսիական առևտրային ընկերությունները առավելագույնս օգտվել են հայ վաճառականների ծառայություններից։ 1686-ին Արևելա-հնդկական ընկերության հետ կնքած պայմանագրով հայ վաճառականներն անգլիական ազդեցության ոլորտում գտնվող բոլոր երկրներում ստացել են ազատ առևտուր անելու, սեփականություն ձեռք բերելու, պաշտոններ վարելու, ֆակտորիաներում բնակվելու իրավունք։ Այդ պայմանագրով միաժամանակ ամրապնդվել է հայ վաճառականների դիրքը, սակայն հետագայում նրանք աստիճանաբար կորցրել են իրենց ինքնուրույնությունը և դուրս մղվել անգլիացի մրցակիցների կողմից։
Հայերի մասնակցությունը ազատագրական պայքարներին
խմբագրելՀնդկահայերը մասնակցել են Հնդկաստանի ազատագրական պայքարին։ Հնդկական իշխանությունների հովանավորած և արտոնած հայ վաճառականները հնդիկներին օգնել են ֆինանսական միջոցներ տրամադրելով, զինագործները զենք պատրաստելով, զինվորականները մտել են հնդկական բանակ և կռվել գաղութարարների դեմ։ 1662-ին Մալաբարի հայերը հնդիկների կողքին կռվել են պորտուգալացի նվաճողների դեմ։ Հաղթանակից հետո հնդկական իշխանությունները Մալաբարի կառավարիչ են նշանակել հայազգի Մարկոսին։ 1760-64-ին Բենգալիայում անգլիացիների դեմ կռվող հնդկական զորքի հրամանատարն էր Գորգին խանը (Հարությունյան Գրիգոր)։ Կռիվներում քաջությամբ աչքի են ընկել հայ սպաներ Մարգար Քալանթարը, Հարություն Մարգարը, Գրիգոր Այվազյանը, Պետրոս Աստվածատուրը, Ղազար Հակոբը, Սուքիաս Ավետիքը և ուրիշներ։ Հայերը մասնակցել են նաև XIX դարի 1-ին կեսին ծագած հակաբրիտանական գրեթե բոլոր ապստամբություններին։ Հնդկական տարեգրություններում դրվատանքով են հիշվում սպաներ Հակոբ Պետրոսյանը, Հովհաննես Մկրտիչը, որոնք գլխավորել են հայ-հնդկական զինված ջոկատներ։ Հնդկահայերին զբաղեցրել է նաև հայրենիքի՝ Հայաստանի ազատագրության խնդիրը։ Այդ նպատակով էլ 1770-ական թթ. Մադրասում հիմնվել է Մադրասի խմբակը։ Խմբակի ակնառու դեմքեր Հովսեփ Էմինը, Մովսես Բաղրամյանը, Շահամիր Շահամիրյանը, Հարություն Շմավոնյանը մեծ դեր են կատարել հայ ժողովրդի ազատագրական գաղափարախոսության ձևավորման գործում։ 1772-ին Մադրասի հայկական տպարանում լույս է տեսել Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» գիրքը, 1773-ին՝ «Որոգայթ փառացը», որն ապագա հանրապետական Հայաստանի պետական կազմակերպության ծրագիր էր։ 1806-ին Մադրասի Ազգային ժողովը հարց է հարուցել Հայաստանի ազատագրության համար դիմել Ռուսաստանի օգնությանը։
Հայկական հաստատություններ
խմբագրելՀնդկահայերն ազգայինը պահելու համար հիմնել են եկեղեցիներ, ընկերություններ, հայ ազատագրական պայքարի հաջողության նախադրյալ են համարել ազգային մշակույթի զարգացումը։ Ցայսօր գործում են հայկական եկեղեցիներ Կալկաթայում (Սուրբ Նազարեթ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Երրորդության մատուռ), Բոմբեյում (Սուրբ Պետրոս առաքյալ), Մադրասում (Սուրբ Աստվածածին)։ 1771-ին Խոջա Չաքիկենցի ծախքով Էջմիածնում հիմնվել է Հայաստանի առաջին տպարանը, Էդվարդ Ռափայելի և Սամվել Մուրատի միջոցներով Եվրոպայում՝ Մուրատ-Ռափայելյան վարժարանը, Խոջա Յոհանջյան-Գերաքյանի միջոցներով Նոր Նախիջևանում հիմնադրվել է դպրոց, որին իր ունեցվածքից տոկոսներ է կտակել Մասեհ Բաբաջանը։ XVIII դարի վերջին - XIX դարում դպրոցներ կային հնդկահայ գրեթե բոլոր համայնքներում։ 1821-ին հայերի նվիրատվությամբ հավաքված դրամով բացվել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը (1999-ին ճեմարանը հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությանը), 1846-ին՝ Ս. Սանդխտյան դպրոցը, որին զուգահեռ գործել է հայ աղջիկների տնային դպրոցը, 1922-ին՝ Դավթյան օրիորդաց վարժարանը (1949-ին միավորվել է Հայոց մարդասիրական ճեմարանին)։ 1843-60-ին հայկական դպրոց է գործել Մադրասում։ 1828-ին Հովհաննես Ավդալի ջանքերով Հայոց մարդասիրական ճեմարանին կից բացվել է Արարատյան գրադարանը։ Գործել են մշակութային ընկերություններ՝ Օճանասփյուռ ժողովը (1815), Իմաստախնդրական միաբանությունը (1821), Արարատյան ընկերությունը (1945), ՀԲԸՄ Հնդկաստանի մասնաճյուղը (գործում է 1916-ից), Հայկական գեղարվեստասիրաց միությունը (1930), Մարզական միության ակումբը։
Հիմնվել են տպարաններ (Մադրասում, Կալկաթայում)։ 1794-ին Մադրասում լույս է տեսել հայ մամուլի առաջնեկը՝ «Ազդարարը» (խմբագիր՝ Հարություն Շմավոնյան), և այնուհետև՝ շուրջ 19 պարբերականներ (հայերեն և անգլերեն, Կալկաթայում)։ Վերջին պարբերաթերթը՝ «Նոր ազդարարը», լույս է տեսել Կալկաթայում, 1950-80-ին (խմբագիր՝ Զ. Հանանյան)։
Հնդկաստանի հայկական գաղթօջախներ
խմբագրելՀայ ժողովուրդը դարեր շարունակ թափառել է ամբողջ աշխարհով։ Տարբեր վայրերում նրանք ստեղծել են իրենց համայնքները և զբաղվել ազգապահպան գործունեությամբ։ Ինչպես այլ երկրներում այնպես էլ Հնդկաստանում են ստեղծվել բազմաթիվ հայկական գաղթօջախներ։ Հայերը Հնդկաստանում ապրել են 16-17դդ․ սկսած։ Սակայն հայ-հնդկական բարեկամական կապի մասին մեզ տեղեկություններ են տալիս՝ Քսենոփոնը (մ.թ.ա. V-IV դդ.), Զենոբ Գլակը (մ.թ. IV դ.), Մովսես Խորենացին (V դ.), Պրոկոպիոս Կեսարացին (VI դ.), այսինքն՝ հայերը ապրել են այստեղ ավելի վաղ ժամանակներից սկսած։ Առաջին հայկական գաղթօջախը Հնդկաստանում ստեղծվել է Ագրայում։ Ներսես Աշտարակեցին 1851 թ․ դեկտեմբերի 31-ի մի գրության մեջ հայտնում է մեզ մի շարք հայկական գաղթօջախների անուններ՝ Կալկաթա, Չիչրա, Սեյդաբադ, Սուրաթ, Դաքքա, Ագրա, Գուլավեր, Կամփուր, Լահոռ, Մադրաս և Բոմբեյ, ցուցակից դուրս են մնացել Փաթանան, Գոան, Հայքարաբադը, Հանգալորը, Մայսորը և մի շարք այլ քաղաքներ, ուր հայկական համայնքներ են եղել։ Ըստ աշխարհագրական տեսանկյունի հնդկահայ գաղութները կարելի է բաժանել չորս խմբի։ Դրանք են՝ հյուսիսային, արևմտյան, արևելյան, հարավային։ Ագրան և Լաքանաուն՝ հյուսիսում, Սուրաթը և Բոմբեյը՝ արևմուտքում, Սաիդաբադը, Չիչրան և Կալկաթան՝ արևելքում, Մադրասը՝ հարավում։
Բնակչության թվաքանակ
խմբագրելՀայ բնակչությունը ժամանակի ընթացքում պակասել է։ Հնդկահայ գաղթօջախների վիճակը 19-րդ դ․ 60-ական թ․ մանրամասն պատկերել է Կալկաթայի բնակիչ Հովհաննես Խաչիկյանը, իր «Հայելի փոքրիկ » աշխատության մեջ։ Նա վշտով նշում է, որ նախկին ծաղկուն հնդկահայ գաղթօջախներից շատերը խամրել են և գոյություն չունեն։ Մարել է Սեյդաբադի հայկական գաղթօջախը և այնտեղ այլևս հայկական ոչ մի տուն չկա։ Դաքքայի հայկական գաղթօջախի հետքն անգամ չկա։
Մադրասում նույնպես բնակչության թվի անկում տեղի ունեցել։ 1860-ական թ, ըստ «Մասյաց աղավնու» մեջ տպագրված մի թղթակցության, Մադրասում փոքրաթիվ հայեր են մնացել, և թղթակիցը գանգատվում է, թե՝ «Եկեղեցական գանձանակին ապրող աղքատները շատ են»։ 19-րդ դ-ի վերջին և 20-րդ դարի սկզբին հայերի թիվը [Մադրաս]ում չի անցել 25-30 ընտանիքից։ [1917] թ․ Մադրաս այցելած Գուշակյանն իր ճանապարհորդական նոթերում նշում է, որ Մադրասում «Մեկ-երկու զանազան ծառայությունների մեջ գտնվող մարդկանցից բացի, մնացածները անկար ծերունիներ են և նպաստընկալներ»։ Թորգոմ Գուշակյանի տվյալներով Մադրասում՝ [1915] թ. կար 5 ընտանիք, որը հաշվվում էր 36 անձ։ 1961 թ. դրությամբ Մադրասում մնացել է հինգ հայ։ Եկեղեցուն սպասարկում է միայն մի քահանա և ժամկոչ, որպեսզի չզրկվեն եկեղեցուն պատկանող ունեցվածքի եկամուտից։ Մադրասում, բացի կալվածներից, եկեղեցին ունի ավելի քան 300000 հնդկական ռուպի դրամ։ Հնդկական օրենքով եկեղեցուն պատկանող կալվածքը և ունեցվածքը պահպանվում է այն դեպքում, եթե նա գործում է։ Իսկ մեկ քահանայի և ժամկոչի գոյությունը հիմք է ծառայում ասելու, որ Մադրասի հայկական եկեղեցին գործում է։ Բոմբեյում նույնպես անկում է ապրել բնակչության թվաքանակը։ Բոմբեյում, որը անցյալում համարվել է «Հայոց որդոց համար համալսարան», ըստ 1813 թ․ մարդահամարի, ապրելիս են եղել ընդամենը 107 հոգի հայեր։ 1889 թ․ Բոմբեյ այցելած Մ․ Սեթյանը հայերի թիվը համարում է 30 հոգի։ 20-րդ դարի մարդահամարի տվյալներով, Բոմբեյում ապրում էր ընդամենը 25 տուն։ 18-րդ դարում մի քանի հարյուր տուն հայ բնակչություն ունեցող Սուրաթը, 19-րդ դարի սկզբում գրեթե ամայացել էր։ 1850 թ․ Սուրաթում ապրում էր մի քանի տուն«շատ աղքատ հայեր»։ Այս ամբողջ վայրերից միայն Կալկաթայի հայերն էին, որ կարողացան ապրել։ 19-րդ դ․ վերջին այստեղ բնակչության թիվը հաշվում էր 800-1000 մարդ։ Մ․ Սեթը նրանց բաժանում է երեք խմբի․
- հին կալկաթացիներ,
- ջուղայեցիներ,
- Պարսկաստանի զանազան գյուղերց գաղթած գյուղացիներ։
20-րդ դարի սկզբներին հնդկահայ համայնքը աշխուժացավ շնորհիվ նոր եկող գաղթականների։ Կալկաթայում հայերի թիվը հասավ երկու հազարի։
Համայնքների կառավարում
խմբագրելԿալկաթահայ համայնքի ղեկավար մարմինը հանդիսցել է եկեղեցական վարչությունը։ Այն մշակել է իր ներքին կանոնադրությունը, որը համակերպված է տեղի պայմաններին և ենթակա կառավարության հսկողությանը։ Եկեղեցական ժողովը չորս տարին մեկ անգամ ընտրվում էր ժողովրդի կողմից։ Այդ ժողովում գտնվող ներկայացուցիչները կոչվում էին «կոմիսարներ», նրանցից բացի, կային «ավանդապահներ» և մեկ «եկեղեցապան»։ Ընտրությունների ժամանակ ինչպես նշվեց եղել են անհամաձայնություններ և բախումներ հասարակ ժողովրդի և վերնախավի անդամների միջև, «կոմիսարներ» են ընտրվել վերնախավի ներկայացուցիչները։
1830 թ․անգլիական գաղութարարները փորձում էին Հնդկաստանի համար սահմանադրություն մշակել, իսկ հայերը աշխատեցին իրենց իրավունքները սահմանադրորեն ճանաչել տալ։ Հենց այդ նպատակով ստեղծվեց կալկաթահայերից կազմված մի հանձնաժողով, որը մեկ տարի փութաջան աշխատելուց հետո, փոխարքային ներկայացրեց հնդկահայերի համախոսականը։ Նրանք մանրամսնորեն հիշեցրել էին իրենց ներդրումները 16-րդ դարից սկսած և ցանկություն հայտնեցին պաշտոնական ճանաչում ստանալ նոր սահմանադրությամբ։
Հայ խավերի դասակարգային խմբավորում
խմբագրելՀնդկահայ գաղթօջախների սոցիալական տարբեր խավերի մեջ տեղի է ունեցել դասկարգային խմբավորում և ներքին սուր պայքար։ Ըստ տեղեկությունների, Կալկաթայում երկու խմբավորում է ձևավորվել՝ մեծահարուստների, որը ղեկավարել է Մարտիրոս Մկրտչյանը, և «ռամիկ»-ների, որը ղեկավարել է Հովսեփ Ստեփանյանը։ Այս խմբավորումները պայքար են ծավալել համայնքի վարչության ընտրության հարցում։ Ունևորները դիմել են ամեն տեսակ խարդավանքի՝ ընտրվելու համար, իսկ աշխատավորները ընդդիմացել։ «Շտեմարան»-ում կան նյութեր, որոնք փաստում են, որ Կալկաթահայ համայնքում եղել են վերնախավից դժգոհ մարդիկ։
Մեծահարուստների մի խումբ քննադատում են գաղթը և հրաժարվում են գաղթականներին օգնություն տրամադրել «ջուղայեցի եղբայրներին»։ Չնայած նրանց դիմադրությանը հնդկահայ համայնքները իրենց գաղթած հայրենակիցներին չթողեցին բախտի քմահաճույքին։ Համայնքի նվիրաբերած գումարներով և կալկաթաբնակ Հարություն Պետրոսի տված գումարով 1820 թ․ հիմնվեց աղքատանոց։ Աղքատանոցում կար հյուրանոց, որտեղ հայերը երեք ամիս ապրում էին անվճար։ Հայերը փորձեր են արել ստեղծել նաև «Ազգային դեղատուն»։
Սոցիալական վիճակ
խմբագրել19-րդ դարում հնդկահայ գաղթավայրերի բնակչության սոցիալական վիճակը խստորեն տարբերվում էր նախորդից․ եթե անցյալում բնակչության մեծ մասը կազմում էին առևտրականներ, ապա այժմ հանդիսանում են արհեստավորներ, նավահանգստում աշխատող գործավորներ, հիմնարկություններում աշխատող ծառայողներ, մանր առևտրականներ, իրավաբաններ, ճարտարապետներ, բժիշկներ (հայ բժիշկների նախասիրած ճյուղն եղել է վիրաբուժությունը) և այլն։
Արդյունաբերական կյանք
խմբագրելՀայ առևտրականների մի մասը սնանկացան եվրոպական կապիտալի մրցակցության հետևանքով։ Քչերն էին, որոնք աշխատեցին իրենց կապիտալը ներդնել արդյունաբերության մեջ, հիմնել գործարաններ և ֆաբրիկաներ։ Եվրոպացիների օրինակով սկսեցին նաև հայերը համախմբվել և միավորելով իրենց կապիտալները ստեղծել միություններ։ Թաղիադյանը «Ազգասեր»-ում բերել է հայկական նման ընկերությունների բավականին ընդարձակ ցուցակ, որից երևում է, որ հնդկահայերը արդեն զգալի տեղ ունեին երկրի նոր զարգացող արդյունաբերության մեջ։ Թաղիադյանը հայ գործարանատերներից հիշում է «Արևելյան Ապահովչյաց ընկերություն»-ը, որը հաստատվել է 1839 թ․, «Ծովային ապահովագրության գործարան»-ը, որն իր բաժանմունքներն ուներ Լոնդոնում, Սինգապուրում, Մադրասում, Բոմբեյում, Չինաստանում, «Միացյալ շոգենավաձիգ ընկերություն»-ը և այլն։ Չնայած այդ ընկերությունները երբեմն մեծ դրամագլուխներ ունեին և գործողության լայն շրջանակներ, սակայն նրանց մեծ մասը գործակցում էին եվրոպացիների հետ, գնում էին նրանց հետևից և ինքնուրույն չէին։ Հայ առևտրականնեի մեջ գտնվել են մեծ թվով այնպիսիները, որոնք չեն վերակառուցվել և կանգնել են անխուսափելի կրախի առաջ։ Այս երևույթը չի վրիպել Թաղիադյանի ուշադրությունից, որն իր «Ազգասեր»-ում բազմաթիվ հոդվածներ է տպագրել և կոչ է արել նրանց վերակառուցվել՝ առևտրով զբաղվելու փոխարեն դառնալ «արդյունաբերական կառուցողներ»։ Հայերը աշխատել են իրենց զավակներին կրթության տալ Եվրոպայի բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Արհեստագործություն
խմբագրելՀնդկաստանի հայ գաղթօջախներում, մասնավորապես Կալկաթայում, բնակչության մեծ մասը հանդիսանում էին արհեստավորները։ Հնդկահայ արհեստավորության մեջ ամենից մեծ թիվ ունեին ոսկերիչները, որոնք բաց էին անում իրենց արհեստանոցները առանձին-առանձին կամ մեկ-երկու հոգի միանում և ստեղծում փոքրիկ համքարություն։ Հայ ոսկերիչների համբավը մեծ էր և նրանք պատվերներ էին ստանում Եվրոպայի և Ասիայի զանազան երկրներից։ Հայտնի է, որ երբ Անգլիա տանելու համար հարկավոր էր պատրաստել հնդկական Բուդդա-Գոյա տաճարի մակետը, անգլիական Ստեֆե ոսկերչական ֆիրման հայ արհեստագործներին, հանձնարարեց այն պատրաստել՝ որպես բարձրորակ վարպետների։ Հայ արհեստավորներից մեծ հռչակ են ունեցել նաև ներկեր պատրաստող վարպետները, որոնց պատրաստած ներկերը մրցում էին մի ժամանակ մեծ հռչակ ունեցող «մարտին» կոչվող ներկերի հետ։
Իրավաբաններ և զինվորականներ
խմբագրելՀնդկահայ համայնքներում, մասնավորապես Կալկաթայում աշխատող հայ մասնագետների մեջ, մեծ թիվ էին կազմում իրավաբանները։ Կալկաթահայ իրավաբաններից մեծ հեղինակություն է ունեցել Քեմբրիջի համալսարանն ավարտած Գրիգոր Պոլլը, որը բարձր պաշտոններ է վարել Հնդկաստանի բարձրագույն դատարանում։ Նա է, որ պաշտպանել է Միքայել Նալբանդյանի՝ Մասեհ Բարաջանյանի կտակի կապակցությամբ Կալկաթայի դատարանում հարուցած հայցը և շահել այն։ Ճանաչված իրավաբաններ էին նաև Հ․ Առաքելը, Ս․ Սարգիսը և ուրիշներ։
Հայերը իրենց քաջությամբ պահպանել են ոչ միայն իրենց հայրենիքը, այլ նաև այն վայրերը որտեղ նրանք իրենց գործունեությունն են ծավալել։ 19-րդ դար ում հնդկահայ գաղթօջախները տվեցին հայտնի զինվորականներ, որոնցից ամենանշանավորը Հակոբ Պետրոսյանն է, որը տարիներ շարունակ հավատարմությամբ ծառայել է Գլավիորի ռաջաներին։ 1780 թ․ նա արժանացել է գնդապետի աստիճանի Տաուեդ Ռադոյի կողմից։ Նրա հրամանատարության տակ են եղել 12 հետևակային և 4 հեծելազորային գունդ՝ 150 հրետանիով։ 78-ամյա զորավարը փայլեց 1843 թ․ դեպքերից հետո, երբ հնդիկներ կռվում էին անգլիական գաղութարարների դեմ։ Նրա բանակում կար հայկական փոքրիկ ջոկատ։ Հնդկաստանից ուղարկված մի թղթակցության մեջ, ուր խոսվում է Հակոբ Պետրոսյանի մասին, ասված է․«Զինւոր էին ընդ նովաւ այլ բազումք ի հայոց ի նշանաւոր կարգս զօրականին»։ Նրա որդիները նույնպես հետևել են իր օրինակին։ Իր որդին՝ Հավհաննես Հակոբը ստացավ գնդապետի աստիճան և 1850 թ․ դավադրության զոհ։ Հայտնի է նաև Հայդարաբադի զորքերի գնդապետ Մովսես Մանուկը, որը 1837-1851 թթ․ եղել է Հայդարաբադի նիզամի ամենից աչքի ընկնող զինվորականներից մեկը։ Նա թաղված է Գվալիայի գերեզմանատանը։ Նվիրական անուն է Գորգին Խանը (Գրիգոր Հարությունյան), ով բենգալական բանակի հրամանատար էր նշանակվել Բենգալիայի Միր Կասիմ իշխանի կողմից և մասնակցություն ունեցել 1762-1763 թթ. հնդիկ-անգլիական կռիվներին։ Նրա առաջնորդությամբ հնդկական բանակը բազում հաղթանակներ է տարել անգլիացիների դեմ։ Վերջիններս անգամ փորձել են կաշառել Գորգին Խանին, բայց հայ զորավարն անպատվաբեր է համարել ուխտադրուժ լինելը և մերժել առաջարկը։
Մշակութային կյանք
խմբագրելԳտնվելով օտար հողում հայերը աշխատում էին պահպանել իրենց մշակույթը։ Մշակութային կենտրոնը Հնդկաստանում եղել է Մադրասը, սակայն ժամանակի ընթացքում բնակչության թվի անկման հետևանքով մշակութային կյանքը աստիճանաբար տեղափոխվում է Կալկաթա։ 1920-ականների սկզբներին Կալկաթայում հիմնադրվել է «Հայկազյան մշակութային միությունը»։ Սրան կից գործել են մի շարք ինքնագործ խմբակներ։ Կազմակերպվել թատերական ներկայացումներ, օպերային ներկայացումներ հայկական բովանդակությամբ։ Մեսրովբ Սեթի ջանքերով 1909 թ․ հիմնված «Մարդասիրական ճեմարանի շրջանավարտների միությունը» և «Կանանց բարեգործական միությունը»։ 20-րդ դարասկզբին հիմնվել է հայկական «Մարզական ակումբը», որն ուներ ֆուտբոլի, հոկեյի, ռեգբիի, բասկետբոլի և այլ խմբեր։ Ճանաչվել է որպես երկրի լավագույն մարզական ակումբներից մեկը։
Կրթություն
խմբագրելՀնդկահայ գաղթօջախների մտավորականության մտահոգում էր մի շատ կարևոր հարց։ Հնդկահայերը հեռու էին հայրենի երկրից և դատապարտված էին «սուզվելու ազգերի օվկիանոսում» և ձուլվելու։ Եվ հայության պահպանման միակ ելքը ազգային գրի, լեզվի և մշակույթի պահպանում է։
Հայկական մարդասիրական ճեմարանի հիմնումը մեծ ձեռքբերում է հնդկահայերի մշակութային կյանքում։ Ճեմարան հիմնելու գաղափարը առաջին անգամ տվել է Աստվածատուր Մուրադխանյանը 1797 թ․: 1816 թ․ Սեյդաբադից մի ջուղայեցի հայ նույնպես վեր է հանում ճեմարանը բացելու խնդիրը։ 1821 թ․ «Հայկական մարդասիրական ճեմարան»-ի բացումն է տեղի ունենում։ Մինչև 1842 թ․ դպրոցը եղել է երկսեռ, եղել է աղջիկների առանձին բաժին և տղաների առանձին բաժին, սակայն աղջիկների բաժինը փակվել է։ Դպրոցը ունեցել է երթևեկ և գիշերօթիկ բաժիններ։ Ուսման վարձից ազատված էին աղքատ երեխաները։ Աշակերտները սովորել են՝ գրաբար, անգլերեն, ֆրանսերեն, լատիներեն, հունարեն, պարսկերեն, բնագիտություն, աշխարհագրություն, աստղաբաշխություն և մաթեմատիկա։ Չորս հոգուց բաղկացած հոգաբարձությունը, ուրն ընտրվում էր համայնքի կողմից ղեկավարում էր ճեմարանը։ Առաջին դեմքը «գլխավոր վարժապետն» էր։ Առաջին ուսուցիչներն են եղել մշակույթի ականավոր դեմքերը՝ Մարտիրոս Դավթյանցը, Մեսրովբ Թաղիադյանը, Հովհաննես Ավդալյանցը և այլք։ 150 տարվա գործունեության ընթացքում ճեմարանը տվել է բազմաթիվ ճանաչված դեմքեր։ Հայ երեխաների հետ մեկտեղ սովորել են նաև հնդիկ երեխաներ։
Սանդխտյան աղջկյաց դպրոցը հիմնադրվել է 1846 թ․ փետրվարին Կալկաթայում։ Գլխավոր ուսուցչուհին Թաղիադյանի կինն էր՝ Շուշան Թաղիադյանը։ Դպրոցում սովորեցնում էին լեզուներ, նկարչություն, տնարարություն և այլն։ Դպրոցը բավականին մեծ համբավ է ստանում և շուտով բացվում է տղաների բաժինը։ Սակայն «Արարատյան ընկերության» փակվելուց հետո, Թաղիադյանը չէր հասցնում տպարանի, դպրոցի, պարբերականի գործերը։ Նա դպրոցը տեղափոխում է Չիչրա, սակայն դա պատճառ է հանդիսանում աշակերտների թվի նվազման։ 1855 թ․ մահանում է Շուշան Թաղիադյանը, նրա մահից հետո դպրոցը փակվում է։ Այս դպրոցի փակվելուց հետո հայ աղջիկները զրկվում են ազգային լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից։
1922 թ․ Դավիթ Դավթյանի նվիրատվությամբ Կալկաթայում բացվում է «Դավթյաց օրիորդաց վարժարան»-ը։ Այն առաջնորդվում է «Ճեմարանի» ուսումնական ծրագրով։ 1949 թ․ այն միացվում է ճեմարանին։
1828 թ․ «Մարդասիրական ճեմարանին» կից, Հովհաննես Ավդալի ջանքերով բացվում է « Արարատյան գրադարանը»։ Գրադարանը հիմնականում հավաքում էր հայագիտական գրքեր։ Գրադարանում հավաքված գրականության թիվը անցնում էր մի քանի հազարը։ Այստեղ հավաքել են անգլերեն, ֆրանսերեն, հոլանդերեն, հունարեն, չինարեն, պարսկերեն և այլ լեզուներով ձեռագրեր ու գրքեր։ 19-րդ դարի վերջերին Ճեմարանի ղեկավարությունը անցնում է Կարապետ Պետրոս Մուրադին գրադարանը անուշադրության է մատնվում և կողոպտվում։
Պարբերականներ
խմբագրելՀայապահպան գործում մեծ դեր է խաղում մամուլը։ 1822 թ․ Կալկաթայում տպագրվում է «Շտեմարան» պարբերականը, որի խմբագիր-հրատարակիչն էր՝ Մարտիրոս Շիրազեցի Մկրտչյանը։ Այն գործել է մեկ տարի։ Առանձնահատուկ տեղ են գրավում «Ազգասեր» և «Ազգասեր Արարատյան» պարբերականները, որոնց խմբագիր-հրատարակիչն է հանդիսացել հայ մանկավարժ, գրող Մեսրովբ Թաղիադյանը։ Այստեղ հրատարակված են եղել բազմազան նյութեր․ տեղեկատու լուրեր, պատմա-բանասիրական ուսումնասիրություններ, հրապարակախոսություններ, հայրենասիրական, բարոյական, խրատական բանաստեղծություններ և այլն։ Պարբերականը տպագրվել է ջուղահայ բարբառի և աշխարհաբարի խառնուրդով։ 1862-1863 թթ․ ընթացքում Կալկաթայում Եղիազար Տեր-Հարությունյանի խմբագրությամբ, լույս է տեսնում «Եղբայրասեր» թերթը։ Որի նպատակն է եղել հայ ազգի ձուլման դեմ պայքարը, մշակույթի պահպանման և զարգացման գործընթացը։
Հնդկաստանում լույս տեսած հայկական պարբերականների ցանկ
- 1820 թ․ «Հայելի կալկաթյան» շաբաթաթերթը,
- 1822 թ․ Բոմբեյում «Ծաղկաստան» վիմատիպ պարբերականը,
- 1844 թ․ Բոմբեյում «Բոմբեյի հայոց լրաթուղթը»,
- 1844 թ․ Բոմբեյում «Ազդարար» երկշաբաթաթերթը,
- 1863 թ․ Մադրասի «Բանասեր» պարբերականը, որի գործունեությունը ավարտում է Կալկաթայում 1865 թ-ին,
- 1892 թ․ «Արա» պարբերականը, խմբագիր՝ Հովսեփ Մելիք Բեգլարյան, լեզուն՝ անգլերեն,
- 1933 թ․ Կալկաթայում «Զանգ» պարբերականը,
- 1950-1955 թթ․ Կալկաթայում «Նոր Ազդարար» պարբերականը, խմբագիր՝ Զ․ Հանանյան։
Տպագրություն
խմբագրել19-րդ դարի առաջին կեսը հնդկահայ գաղթավայրերի մտավոր և մշակութային վերելքի ժամանակահատվածն է։ Հնդկահայերն այդ ժամանակ բավականին փորձառու էին տպագրության ասպարեզում։ Դարասկզբին իրար են հաջորդում Մադրասում 1809 թ․ Շիրազեցու, 1818 թ․ Սարգիս Ծատուր Աղավելյանցի, Ջնթլում Ավետումյանի տպարանները։ Հայկական տպագրության բաժիններ են ունեցել կաթոլիկ և բապտիստական քարոզչական տպարանները Սրնբուրում, ապա՝ Կալկաթայում։ Այստեղ տպված բոլոր գրքերը կրոնական բնույթի էին։ «Մարդասիրական ճեմարան»-ի հիմնադրումից հետո Հովհաննես Ավդալյանի ջանքերով հիմնվում է «Մարդասիրական տպարանը», որն ունենում է կես դարյա կյանք։ Հայ տպագրությունը իր զարգացման գագաթնակետին հասավ, երբ 1845 թ․ հուլիսի 17-ին Մանուկ Զորաբյանի ղեկավարությամբ, Պետրոս Սարգսյանի, Թադոս Ավետումյանցի, Ավետիք Գալստյանի և Մեսրովբ Թաղիադյանի ջանքերով Կալկաթայում ստեղծվեց «Արարատյան ընկերությունը», որի հիմնական նպատակներից մեկն էր հայկական գրքեր և լրագրեր հրատարակելը։ Այստեղ են հրատարակվել «Ազգասեր» և «Ազգասեր Արարատյան» պարբերականները, բազմաթիվ դասագրքեր և այլն։ Պողոս Վիչենյանի կողմից ստեղծված «Արծիվ» տպարանը կարողացավ ընդամենը մի քանի գիրք հրատարակել 1846 թ․: Հովհաննես Խաչկյանի հիմնած տպարանը ավելի երկար կյանք ունեցավ։ 1869 թ․ սկսած այն բազմաբովանդակ հրատարակություններ ունեցավ։ Բոմբեյում 1915 թ․ հիմնվում է «Օճանասփյուռյան ընկերությունը», որի նպատակն էր հավաքել և հրատարակել հայերեն ձեռագրերը, օտար լեզուներից թարգմանել հայերեն, նպաստել հայկական մշակույթի և լուսավորության տարածմանը։ Բոմբեյաբնակ Պողոս Հորդանյանը «Օճասփյուռ»-ին է նվիրում տպարան։ Կալկաթայում հիմնվում է «Իմաստաքննադատության միացությունը» 1818 թ․: Կարճ ժամանակ անց այս երկու ընկերությունները սկսում են միասին հադես գալ։ Նրանք միացյալ ուժերով տպագրել են «Հայելի կալկաթյան», «Շտեմարան» պարբերականները և մի շարք արժեքավոր գրքեր։
Հայերի անվամբ անվանակոչված վայրերը Հնդկաստանում
խմբագրելԿալկաթայում հայերի խաղացած դերի մասին փաստում է քաղաքի կենտրոնում գտնվող, «Հայկական» կոչվող փողոցներից մեկը։ «Հայկական» է կոչվում նաև Կալկաթայից ոչ հեռու գտնվող լեռնաշղթաներից մեկը։ Կալկաթայի մի այլ փողոց կոչվում է նշանավոր դեմքերից մեկի՝ Սարգսի անունով։ Ավետիս Ծաղիկյան Կարբեցու «Ուղեգրությունից» երևում է, որ Կալկաթայի խոշոր նավահանգիստներից մեկը կոչվել է «Հայկական»։
Հնդկահայերի օգնությունը եղեռնից տուժածներին
խմբագրել1915 թ․ բացվում է հայ ժողովրդի համար ողբերգական մի էջ։ Եղեռնից հետո հազարավոր հայեր ցրվում են աշխարհով մեկ։ Հնդկաստանի բոլոր հայաշատ վայրերում կազմվեցին մի շարք օգնության խմբեր և սկսեցին գումար հավաքել։ 1918 թ․ Թ․ արքեպիսկոպոս Գուշակյանը եղեռնից փրկվածներին օգնելու համար դրամահավաք է կազմակերպում Հնդկաստանում, և նյութակարոտ շրջանները անգամ օգնության ձեռք են մեկնում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Hay zhoghovrdi patmut'yun History of the Armenian People-4
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան/ Մադրաս
- ↑ «Վերականգնվել է Մադրասի Հայկական կամրջի պատմությունը վկայող եռալեզու հուշաքարը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
Աղբյուրներ և գրականություն
խմբագրել- Mesrovb Jacob Seth, History of the Armenians in India from the Earliest Times to the Present Day (1897), London, 1897.
- Mesrovb Jacob Seth, Armenians in India, from the Earliest Times to the Present Day, A Work of Original Research, Calcutta, 1937.
- Թորգոմ արքեպիսկ. Գուշակեան, Հնդկահայք, Երուսաղէմ, 1941։
- Արշակ Ալպոյաճեան, Պատմութիւն հայ գաղթականութեան, հատոր 3, Գահիրէ, 1961: Արխիվացված 2016-03-10 Wayback Machine
- Դ. եպ. Փոլատեան, Ագրայի հայերը, Պէյրութ, 1963։
- Ա. Գ. Աբրահամյան, Հնդկահայ գաղթավայրը նոր և նորագույն ժամանակներում, - «Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության» հատոր Բ, Երևան 1967, էջ 255-279։
- Ռ. Ա. Աբրահամյան, Հնդկաստան, - «Հայ գաղթաշխարհի պատմություն», հտ. 2, Երևան, 2003, էջ 383-422։
- Ina Baghdiantz McCabe. The Shah's Silk for Europe's Silver: The Eurasian Trade of the Julfa Armenians in Safavid Iran and India (1530-1750). By University of Pennsylvania Armenian Texts and Studies. Atlanta: SCHOLARS PRESS, 1999. pp. xii + 414.
- Bhaswati Bhattacharya, Armenian European Relationship in India, 1500-1800: No Armenian Foundation for European Empire?, - Journal of the Economic and Social History of the Orient, Vol. 48, No. 2 (2005), pp. 277–322 (http://www.jstor.org/stable/25165093)
- Bhaswati Bhattacharya, The "Book of Will" of Petrus Woskan (1680-1751)։ Some Insights into the Global Commercial Network of the Armenians in the Indian Ocean, - Journal of the Economic and Social History of the Orient, Vol. 51, No. 1 (2008), pp. 67–98 (http://www.jstor.org/stable/25165228)
- John Shortt, The Armenians of Southern India, - Journal of Anthropology, Vol. 1, No. 2 (Oct., 1870), pp. 180–187 (http://www.jstor.org/stable/3024830 )
- Vahé Baladouni and Margaret Makepeace, Armenian Merchants of the Seventeenth and Early Eighteenth Centuries: English East India Company Sources, - Transactions of the American Philosophical Society, New Series, Vol. 88, No. 5 (1998), pp. i-xxxvii+1-294
- R. W. Ferrier, The Armenians and the East India Company in Persia in the Seventeenth and Early Eighteenth Centuries, - The Economic History Review, New Series, Vol. 26, No. 1 (1973), pp. 38–62 (http://www.jstor.org/stable/2594758)
Արտաքին հղումներ
խմբագրել- Armenians in India - Behind the Scenes Forgotten History.
- Researching Armenian Genealogy in Asia and Beyond.
- Liz Chater, Armenian Graves, Inscriptions and Memorials in India DACCA. 1722-1977.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայերը Հնդկաստանում» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 489)։ |