Հովսեփ Օրբելի խմբագրել

 
Լևոն, Հովսեփ և Ռուբեն Օրբելի եղբայրների հուշարձան

Օրբելի Հովսեփ Աբգարի (1887, Քութայիս (Վրաստան)-1961, Լենինգրադ (այժմ՝ Ս. Պետերբուրգ), արևելագետ, հնագետ։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս և առաջին նախագահը՝ 1943-1947 թվականներին, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1935)։ Լոնդոնի հնագիտական ընկերության պատվավոր (1944), Իրանի ԳԱ թղթակից (1945) անդամ։ Ավարտել է Ս. Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1911)։ Արևելագետ, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ մասնակցել է Անիի պեղումներին։ 1909 թվականին ուսումնասիրել է Ղարաբաղի հայկական արձանագրությունները։ 1911 թվականից աշխատել է Ս. Պետերբուրգի համալսարանում, գիտարշավի է մեկնել Արևմտյան Հայաստանի մի շարք գավառներ, ուսումնասիրել ճարտարապետական հուշարձաններ։ 1914 թվականից Ս. Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում դասավանդել է հնագիտություն և Հայաստանի պատմություն, հայկական արձանագրագիտություն, քրդերեն։ 1916 թվականին Վանում հայտնաբերել է Սարդուրի Բ արքայի (մ. թ. ա. 9-րդ դար) մեծածավալ սեպագիր արձանագրությունը։ Մասնակցել է Նյութական մշակույթի պատմության Ռուսաստանի ակադեմիայի հիմնադրմանը, 1919 թվականի օգոստոսին ընտրվել է այդ ակադեմիայի անդամ, գլխավորել Հայաստանի և Վրաստանի հնագիտության ու արվեստի բաժինը։ 1934-1951 թվականներին եղել է էրմիտաժի տնօրենը, 1937-1938 թվականներին, միաժամանակ՝ ԽՍՀՄ ԳԱ Նյութական մշակույթի պատմության ինստիտուտի տնօրեն։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) սկզբին կազմակերպել է էրմիտաժի գեղարվեստական արժեքների տարհանումը Սվերդլովսկ (այժմ՝ Եկատերինբուրգ1946 թվականին մասնակցել է Նյուրնբերգի դատավարությանը՝ որպես ֆաշիստական հանցագործներին մեղադրող կողմի վկա։ 1956 թվականին հիմնադրել և ցկյանս ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքը։

Վիկտոր Համբարձումյան խմբագրել

Կենսագրություն խմբագրել

Համբարձումյան Վիկտոր Համագասպի (1908, Թիֆլիս-1996, Երևան), աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը։ ՀՀ ԳԱԱ նախագահ՝ 1947-1994 թվականներին, պատվավոր նախագահ՝ 1994-1996 թվականներին։ Ֆիզմաթ գիտական դոկտոր (1935), պրոֆեսոր (1934), ԽՍՀՄ ԳԱ (1953), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս։ ՀԽՍՀ (1940) և ՎԽՍՀ (1968) գիտական վաստակավոր գործիչ։ Հայաստանի ազգային հերոս (1994), Սոցիալական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978)։ Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը (1928), 1939 թվականին նշանակվել է նույն համալսարանի աստղադիտարանի տնօրեն, 1941 թվականից՝ համալսարանի ուսումնական մասի պրոռեկտոր։ 1943 թվականից՝ ՀՀ ԳԱԱ հիմնադիրներից և առաջին փոխնախագահը։ 1946-1988 թվականներին՝ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր (1988-1996 թվականներիև՝ պատվավոր) տնօրեն։ 1955-1991 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ նախագահության անդամ, 1994-1996 թվականներին՝ ՌԳԱ խորհրդական։

Գործունեությունը խմբագրել

 
Վիկտոր Համբարձումյանի արձանը Երևանում, Քանդակագործ` Տարիել Հակոբյան, ճարտարապետ՝ Հայկ Ասատրյան։ Ունի 3 մ 20 սմ բարձրություն և տեղադրված է 80-սմ-անոց պատվանդանի վրա։ Տեղադրվել է 2009 թ. Տերյան-Աբովյան փողոցների միջև գտնվող զբոսայգում, աստղադիտարանի մոտ։

Ստեղծել է գազային միգամածությունների լուսարձակման քանակական տեսությունը։ Մշակել է նոր աստղերից արտանետվող և անկայուն աստղերի մակերևույթներից արտահոսող գազային զանգվածների գնահատման մեթոդ, որի հիման վրա գտել է աստղերի վիճակների փոփոխությունների առաջին նշանները։ Մշակել է աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքները։ Ցույց է տվել, որ աստղակույտերն աստիճանաբար քայքայվում են, և քայքայման արագությունից ելնելով՝ կարելի է գնահատել դրանց տարիքը։ Կրկնակի աստղերի նկատմամբ նոր մեթոդներ կիրառելով՝ հիմնավորել է Գալակտիկայի տարիքի կարճ (1011 տարի) սանդղակը։ Ցույց է տվել, որ Գալակտիկայում լույսի միջաստղային կլանումը հարուցվում է ոչ թե անընդհատ միջավայրի (ինչպես ընդունված էր նախկինում), այլ համաչափության հարթության շուրջ կենտրոնացած բազմաթիվ մութ, փոշային միգամածությունների՝ կլանող ամպերի առկայությամբ։ Այդ ամպերի ուսումնասիրման համար մշակել է ֆլուկտուացիաների տեսությունը։ Ստեղծել է պղտոր միջավայրում լույսի յուրօրինակ ցրման տեսություն, որը հիմնված է իր իսկ առաջադրած ինվարիանտության սկզբունքի վրա և տալիս է հիմնախնդրի ճշգրիտ լուծումը։ Այդ սկզբունքի հիման վրա ստացել է նաև լույսի ցրման ոչ գծային տեսության որոշ խնդիրների լուծումներ։ 1947 թվականին հայտնագործել է նոր տիպի աստղային համակարգեր, որոնց անվանել է աստղասփյուռներ։ Հիմնավորել է, որ աստղասփյուռները երիտասարդ են, որը հիմք է ծառայել աստղային տիեզերածնության մի շարք սկզբունքային հիմնախնդիրների լուծման համար։ Ապացուցել է, որ Գալակտիկայում աստղաառաջացումը ներկայումս շարունակվում է և ունի խմբային բնույթ։ Բացահայտել է Т-Ցուլի տիպի և բռնկվող աստղերի տեղը աստղային էվոլյուցիայի ընդհանուր շղթայում՝ որպես զարգացման ամենավաղ փուլերի ներկայացուցիչների։ 1950-ական թվականներին հայտնագործել է Գալակտիկայի կենտրոնական խտացումների՝ գալակտիկաների կորիզների ակտիվությունը։ Մշակել է նախաստղերի վարկածը, որը հիմնվել է Տիեզերքում նյութի առայժմ անհայտ վիճակների գոյության ենթադրության վրա։ Նախաստղերի վարկածի կապակցությամբ տվել է աստղերի գերխիտ գոյաձևերի տեսության հիմունքները։ Կարևոր արդյունքներ է ստացել ֆիզիկայում և աստղագիտության մեջ հանդիպող հակադարձ խնդիրների լուծման միջոցով։ Ս. Պետերբուրգում և Բյուրականում ստեղծել է գիտական դպրոցներ, որոնք մեծ ազդեցություն են թողել աստղագիտության շատ բաժինների զարգացման վրա։ Վ. Համբարձումյանը Հայկական հանրագիտարանի ստեղծման նախաձեռնողներից էր և առաջին գլխավոր խմբագիրը (1965-1974), գիտախմբագրական խորհրդի նախագահը (1968-1987)։ Միջազգային աստղագիտական միության փոխնախագահ (1948-1955), նախագահ (1961-1964), գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ (1968-1972), 30-ից ավելի երկրների գիտական ակադեմիաների, գիտական ընկերությունների անդամ և պատվավոր անդամ։ Արժանացել է Հայաստանի, ԽՍՀՄ-ի, ՌԴ-ի, Անգլիայի, Բելգիայի, Ավստրիայի և այլ երկրների բազմաթիվ մրցույթների, շքանշանների ու մեդալների։

Ֆադեյ Սարգսյան խմբագրել

Սարգսյան Ֆադեյ Տաճատի (1923, Երևան-2010, Երևան), պետական գործիչ, կառավարման համակարգերի բնագավառի գիտնական։ ՀՀ ԳԱԱ նախագահ՝ 1994-2006 թվականներին։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1975), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1977, թղթակից անդամ՝ 1971 թվականից), գեներալ-մայոր (19701940-1942 թվականներին սովորել է ԵՊՀ-ում, 1946 թվականին ավարտել Լենինգրադի ռազմական էլեկտրատեխնիկայի ակադեմիան։ 1963-1977 թվականներին՝ ԵՄՄ ԳՀհ տնօրեն, 1977-1989 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ, 1988-1989 թվականներին եղել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման շտաբի ղեկավար, 1989-1994 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ ֆիզտեխնիկական և տեղեկագիտության բաժանմունքի ակադեմիայի քարտուղար, 2006-2010 թվականներին՝ ՀՀ վարչապետի խորհրդական։ 1964 թվականից ընտրվել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ ԳԽ-ների, 1955-2003 թվականներին՝ ՀՀ Աժ-ի պատգամավոր։ Աշխատանքները վերաբերում են ռադիոտեղորոշման, ռադիոէլեկտրոնիկայի, հաշվող, տեխնիկայի, կառավարման համակարգերի, արտադրական շարժընթացների ավտոմատացման սարքերի և համակարգերի ստեղծման ու արտադրության մեջ ներդրման խնդիրներին։ Մի շարք միջազգային ԳԱ-ների անդամ է։ Արժանացել է Հայաստանի, ԽՍՀՄ-ի, ՌԴփ, Գերմանիայի, Ուկրանիայի Պետական մրցանակների, պարգևատրվել բազմաթիվ մեդալներով։

Ռադիկ Մարտիրոսյան խմբագրել

Մարտիրոսյան Ռադիկ Մարտիրոսի (ծ. 1936, գ. Մատաղիս, ԼՂՀ Մարտակերտի շրջան), ռադիոֆիզիկոս։ ՀՀ ԳԱԱ նախագահ՝ 2006 թվականից։ Ֆիզմաթ գիտական դոկտոր (1980), պրոֆեսոր (1983), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990, թղթակից անդամ՝ 1986 թվականից)։ Ավարտել է ԵՊՀ-ն (19581980-2006 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն, 1993-2006 թվականներին՝ ԵՊՀ ռեկտոր։ Աշխատությունները վերաբերում են քվանտային և գերբարձր հաճախությունների ռադիոֆիզիկային։ Կարևոր արդյունքներ է ստացել սանտիմետրային և միլիմետրային ռադիոալիքների տիրույթում աշխատող նոր, բարձր արդյունավետության քվանտային ուժեղացուցիչների ուսումնասիրման ու ստեղծման ասպարեզում։ Հայտնաբերել և հետազոտել է քվանտային ուժեղացուցիչներում որպես ակտիվ միջավայր ծառայող նոր նյութեր։ Այդ աշխատանքների հիման վրա ստեղծվել են նոր տեսակի քվանտային սարքեր, որոնք լայնորեն կիրառվում են ռադիոաստղագիտական հետազոտություններում։ Նրա մշակած 21 սմ ալիքի երկարության քվանտային ուժեղացուցիչը ԽՍՀՄ-ում առաջինն է կիրառվել աստղաֆիզիկայում։ Բարձրջերմաստիճանային գերհաղորդչի կամրջակային թաղանթային կառուցվածքներում հայտնաբերել է ինտենսիվ քվազիմեներանգ սեփական ճառագայթում՝ գերբարձր հաճախական տիրույթում։ Ռ. Մարտիրոսյանի գիտական ղեկավարությամբ ստեղծված բարձր զգայունության ռադիոընդունիչ համակարգերը կիրառվել են երկրի բնական պաշարների հետազոտման «Պրիրոդա» և «Օկեան» միջազգային գիտական ծրագրերում։ Ստեղծված սարքերն օգտագործվել են տիեզերական հետազոտություններում։ Նրանց օգնությամբ մեծ ճշգրտությամբ որոշվել են Վեներայի մթնոլորտի դինամիկ տարրերը։ Արժանացել է Հայաստանի, ԽՍՀՄ-ի, ՌԴ-ի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Իտալիայի մրցանակների, պարգևատրվել մի շարք շքանշաններով ու մեդալներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։