Կամասուտրա (սանսկրիտ՝ कामसूत्र), հին հնդկական տրակտատ[1][2], նվիրված կամայի՝ զգացմունքային ոլորտի, հուզական կյանքի, տարփանքի և սիրո թեմային։ Կամա բառը սանսկրիտում արտահայտում է զգացմունքային բավարարվածությունը, սեռական հաճույքը, տարփանքը և կիրքը։ Կամասուտրան հիմնվում է Կամաշաստրայի (տղամարդու և կնոջ սեռական փոխհարաբերությունների մասին գիտություն) ոլորտին նախորդած աշխատությունների վրա և իր ամբողջականության, ինչպես նաև համակարգվածության շնորհիվ, շատերի կողմից դիտվում է որպես այդ բնագավառի սանսկրիտական գրականության հիմնական աշխատություն[3]։

Կամասուտրա
սանսկրիտ՝ कामसूत्र
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրնոնֆիքշն
ՀեղինակՎաթսյայանա Մալլանագա
ԵրկիրԳուպտա կայսրություն
Բնագիր լեզուսանսկրիտ
Գրվել էIII—IV դդ.
Թվային տարբերակgutenberg.org/ebooks/27827
 Kama Sutra
Կամասուտրայի պատկերազարդումներից

Տեքստերի հեղինակը հնդիկ փիլիսոփա և գիտնական Վաթսյայանա Մալլանագան է։ Ստեղծագործության ամբողջական անվանումն է «Վաթսյայանա կամա սուտրա» («Վաթսյայանաին պատկանող հրահանգներ՝ կամայի մասին»)։ Ենթադրվում է, որ հեղինակը ապրել է 3-4-րդ դարերում, ամենայն հավանականությամբ Գուպտա կայսրությունում։

Պատմություն

խմբագրել

Կամասուտրան առաջին անգամ անգլերեն լեզվով հրատարակվել է 1883 թվականին՝ Անգլիայում, որը թարգմանվել էր անմիջապես սանսկրիտից՝ անգլիացի ճանապարհորդ, գրող և թարգմանիչ Ռիչարդ Ֆրենսիս Բյորտոնի կողմից[4]։ Վերջինիս անունը պսակված է լեգենդներով և պատմության մեջ մտել է որպես Կամասուտրայի թարգմանիչ։ Նա տիրապետում էր 29 լեզուների, որոնք պատկանում էին տարբեր լեզվաընտանիքների, սակայն չէր տիրապետում սանսկրիտին, որով գրված էր Կամասուտրան։ Բյորտոնը նամակագրական կապ էր պահպանում Ֆոսթեր Ֆիցջերալդ Արբետնոտի հետ, քանի որ վերջինիս էր պատկանում ստեղծագործության կրկնօրինակը և նրանք որոշել էին միասին անգլերեն թարգմանել սեքսի մասին դասական այդ ձեռնարկը։ Այնուհետև նրանք նշված նպատակի համար օգնություն են խնդրել հնդիկ գիտնական Բհագվանլալ Ինդրաջիից[5]։

Թարգմանիչներն ակնկալում էին գրաքննության հետ կապված դժվարություններ և արդարանում էին նրանով, որ գիրքը հրատարակվել է Անգլիայի սահմաններից դուրս և նախատեսված է հետազոտական նպատակների համար։ Բացի այդ, գրքի առաջին հրատարակությունների համար սահմանվել էր չափազանց բարձր գին, որը բացառում էր հասարակության լայն շերտերի կողմից այն գնելը։ Գիրքը լույս էր տեսնում մասնավոր հրատարակչությունների կողմից, հազվագյուտ տպաքանակով՝ մինչև 1960-ական թվականների սեքսուալ հեղափոխությունը[5]։

Բաժինները

խմբագրել

Կամասուտրան ընդգրկում է 64 գլուխ՝ հավաքված 49 մասերի մեջ, որոնք միավորված են 7 բաժիններում[6].

1. Ընդհանուր (5 գլուխ) - սիրո մասին ընդհանրապես, նրա դերը մարդու կյանքում։

2. Սիրային միասնության մասին (15 գլուխ) - համբույրների, նախնական փաղաքշանքների տարաբնույթ տեսակների և օրգազմի խորը վերլուծություն, սեռական դիրքերի ցանկ, օրալ սեքս, պարաֆիլիա, ինչպես նաև սիրային եռանկյունի (ընտանիք երեքով՝ ամուսին, կին և ամուսնու սիրուհի)։

3. Աղջիկների նկատմամբ վերաբերմունքը (9 գլուխ) - սիրահետում և հարսանիք։

4. Ամուսնացած կանանց վերաբերյալ (8 գլուխ) - ընտանիքում ամուսնու և կնոջ միջև փոխհարաբերությունները, ինչպես պետք է կանայք դրսևորեն իրենց։

5. Ուրիշների կանանց մասին (10 գլուխ) - հիմնականում գայթակղության մասին է։

6. Հետերաների մասին (9 գլուխ)։

7. Գաղտնի խորհուրդներ (6 գլուխ) - այն մասին, թե ինչպես հմայել շրջապատին և վերականգնել ազդեցությունը։

Բովանդակությունը

խմբագրել

Կամասուտրան նկարագրում է ընդամենը 64 սեռական դիրքեր, որոնք անվանվում են «արվեստներ»։ Վաթսյայանան ենթադրում էր, որ կա սիրով զբաղվելու ութ հնարք, ամեն մի հնարքում՝ ութական դիրք։ Գրքում դրանք կոչվում են «64 արվեստներ»։ «Սիրային միասնության մասին» բաժինը, որը դիտարկում է սեռական փորձն ու դիրքերը, առավել հայտնի է ժամանակակից զանգվածային մշակույթում և վերահրատարակվում է առավել հաճախ (մասնավորապես բնօրինակից բավականին հեռու)։ Հաճախ այդ բաժինը ընդունում են ողջ գրքի տեղ։

Միաժամանակ, սեռական փորձերին նվիրված է գրքի ընդամենը մեկ հինգերորդ մասը, իսկ սեքսուալ դիրքերին՝ ընդամենը երեք գլուխ։ Մյուս բաժիններում խոսվում է այն մասին, թե ինչպես պետք է լինել լավ քաղաքացի, ինչպես նաև մտքեր են արտահայտվում տղամարդկանց և կանանց փոխհարաբերությունների մասին։ Կամասուտրան՝ սեքսով զբաղվելն համարում է «աստվածային միասնություն»։ Վաթսյայանան ենթադրում էր, որ սեքսի մեջ դատապարտելի ոչինչ չկա, սակայն դրանով զբաղվելը թեթևամտություն է և մեղք։

Ժամանակակից արևմտյան մշակույթում բավական մեծ հանրահայտության պատճառով, Կամասուտրայի հետ հաճախ նույնացվում և միախառնվում են զգացմունքային և ֆիզիկական սիրո մասին հնդկական այլ տրակտատներ՝ ինչպիսիք են միջնադարյան Կոկոշաստրան և առավել ուշ շրջանի Անանգա Ռանգա բանաստեղծական աշխատությունը։

Նշանակությունը

խմբագրել

Մեր ժամանակներում Կամասուտրան չի կորցրել իր նշանակությունը որպես՝ մարդու սեռական կյանքի հիմնական ձեռնարկ և սեքսոլոգիայի պատմական հուշարձան։ Այն միաժամանակ հանդիսանում է Հին Հնդկաստանի այն ժամանակների կենցաղային և հասարակական սովորույթներն ու փորձերը (ոչ միայն սեռական) նկարագրող պատմական փաստաթուղթ։

Դիրքերը Կամասուտրայում

խմբագրել

Չնայած Կամասուտրան երբեք նկարազարդված չի եղել և սեռական դիրքերի մեծամասնությունը այնտեղ նկարագրված են բավականին հակիրճ կամ պարզապես միայն անվանումներն են առկա, այնուամենայնիվ հաճախ մողոլական գեղանկարչության էրոտիկ բնույթի որոշ նկարներ և դրանցից սկիզբ առած 16-19-րդ դարերի հնդկական նկարչության որոշակի ոճեր ներկայացվում են որպես Կամասուտրայի նկարազարդումներ։

Կամասուտրայում նկարագրված շատ դիրքեր իրենց անվանումն ստացել են կենդանիներից, որոնց պետք է նմանակել սեռական հարաբերության ժամանակ (նշվում է նաև, որ զույգերը այդ պահին պետք է նմանակեն տվյալ կենդանիներին բնորոշ ձայները)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Doniger, Wendy (2003). Kamasutra – Oxford World's Classics. Oxford University Press. էջ i. ISBN 978-0-19-283982-4. «The Kamasutra is the oldest extant Hindu textbook of erotic love. It was composed in Sanskrit, the literary language of ancient India, probably in North India and probably sometime in the third century»
  2. Coltrane, Scott (1998). Gender and families. Rowman & Littlefield. էջ 36. ISBN 978-0-8039-9036-4.
  3. For Kama Sutra as the most notable of the kāma śhāstra literature see: Flood (1996), p. 65.
  4. Suzanne G. Frayser, Thomas J. Whitby Studies in Human Sexuality: A Selected Guide. — Libraries Unlimited, 1995. — 766 с. — ISBN 9781563081316
  5. 5,0 5,1 «100 запрещенных книг: цензурная история мировой литературы. Книга 2». www.xliby.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  6. Date checked: 29 March 2007 Burton and Doniger

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամասուտրա» հոդվածին։