«Շաբաթվա հոդված» նախագիծ

Տիգրան Բ Արտաշեսյան, առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ (մ․թ․ա․ մոտ 140, Արտաշատ, Այրարատ, Արտաշեսյանների թագավորություն - մ․թ․ա․ 55, Տիգրանակերտ, Աղձնիք, Մեծ Հայք), Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մ․թ․ա․ 95 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 55 թվականը։ Մ.թ.ա. 115 թվականին անժառանգ Արտավազդ Ա-ն, որը կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին հոր՝ Տիրան կամ Տիգրան Ա արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միհրդատ Բ-ին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում է իրականացնել հայրենիքի հզորացման և աշխարհակալ տիրակալության ստեղծման իր սկզբունքային ծրագրերը։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը։ Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։ Օրեցօր բարգավաճող Հայոց թագավորության զարթոնքն արգելակելու նպատակով երբեմնի հակառակորդները դաշինք են կնքում և շարունակական պատերազմներից հետո՝ մ․թ․ա․ 66 թվականին, պաշարում հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում կնքված Արտաշատի պայմանագրով Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճյալ հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատականորեն խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում․ զարկ է տրվում տնտեսությանը, մշակույթին և քաղաքաշինությանը։ Հայոց «արքայից արքան» մահանում է մ․թ․ա 55 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արտավազդին։ Վերջինս դեռևս մի քանի տարի առաջ դարձել էր հոր գահակիցը։

Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը։ Ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանը հելլենիստական պետություն էր, որտեղ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Աշխարհակալության ամենազարգացած շրջանը Անտիոքն էր, որը գտնվում էր միջազգային առևտրական ուղղու վրա։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր, որից 120 հազարը կազմում էին բուն հայկական ուժերը։ Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին՝ Աղձնիք նահանգում, վերջինս հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում, Ուտիքում և Նախիջևանում․․․ Ավելին