Խմբերգեցողություն

Խմբերգեցողություն, խմբերգային արվեստ, վոկալ երաժշտության կոլեկտիվ կատարում։ Լինում է՝ միաձայն (ունիսոն) և բազմաձայն, նվագակցությամբ և առանց նվագակցության (ա կապելլա)։

ՊատմությունԽմբագրել

Խմբերգեցողությունը, ինչպես և երգեցողությունն առհասարակ, երաժշտական կատարման հնագույն ձևերից է, ծագել է մարդկային հասարակության զարգացման վաղ շրջաններում, աշխատանքի պրոցեսում, ապա, սոցիալական դերի մեծացումով, դարձել է ժողովրդական խաղերի, պարերի ու ծեսերի, նաև տաճարային արարողությունների ու պալատական տոնախմբությունների անբաժան մասնիկը։ Տարածված է եղել դեռես Հին Եգիպտոսում, Բաբելոնում, Հնդկաստանում, Պաղեստինում, առանձնապես՝ Հին Հունաստանում։ Կարևոր տեղ է գրավել նաև դրամայում (իտալ.՝ coro` երգչախումբ, հին հուն․՝ χορός-ից, որը սկզբնապես նշանակել է երգով կատարվող պաշտամունքային շուրջպար, երգեցողությամբ պարողների խումբ և երգի-պարի հրապարակ)։

Խմբերգեցողության ձևերԽմբագրել

Խմբերգեցողության անտիկ ձևերը մուտք են գործել քրիստոնեական ժամերգություն, ազդելով Հռոմի և Բյուզանդիայի եկեղեցական երաժշտության ձևավորման վրա։ Իր հերթին, երգչախմբային մոնոդիկ կատարումը (պահվող ձայնով) նշանակալից զարգացման է հասել նաև քրիստոնեական Արևելքի երկրներում (դրանց թվում՝ Հայաստանում և Վրաստանում) և սլավոնական ժողովուրդների մոտ։

Խմբերգեցողության բնորոշ տեսակը բազմաձայն երգեցողությունն է։ Որոշ ժողովուրդների (օրինակ` վրացիների) ժողովրդական երաժշտության մեջ այն գոյություն ունի բնականից, կրում է ազգային հատկանիշներ (օրինակ՝ ենթաձայնային պոլիֆոնիան ռուսական ժողովրդական խմբերգում)։

Բազմաձայն խմբերգեցողությունը Արևմտյան Եվրոպայում զարգացել է պոլիֆոնիայի երևան գալով (XI դար) և երկար ժամանակ մնացել է եկեղեցու մենաշնորհ։ Նշանավոր կենտրոններն էին Հռոմի և Միլանի, Փարիզի և Ռուանի, Էյխենաուի, Սեն-Հալլի տաճարներն ու վանքերը, երևան է եկել բազմախմբային երգեցողություն։ XIV- XVI դարերի պոլիֆոնիստների հոգևոր և աշխարհիկ ստեղծագործության բուռն զարգացումը (Ժոսկին Դեպրե, Ջիովաննի Պիեռլուիջի Պալեստրինա, Օռլանդո դի Լասսո) պայմանավորել է խմբերգեցողության մեջ նոր հնարների ներդրումը, որ առաջ է բերել ձայնախմբերի ֆունկցիոնալ հստակ տարբերակում։ XVII դարից վոկալ-գործիքային խոշոր ժանրերի ծաղկումը (Հենրիխ Շյուց, Բախ, Գեորգ Ֆրիդրիխ Հենդել, Յոզեֆ Հայդն, Մոցարտ, Բեթհովեն) հանգեցրել է խմբերգային տեխնիկայի աննախընթաց կատարելագործման, ձայնածավալների ընդարձակման, հուզական-արտահայտչական հնարավորությունների ընդլայնման։

Խմբերգեցողություն մեծ տեղ է գրավել ու զարգացել է նաև օպերայում, հարստանալով մասնավորապես ասերգի հնարներով (Ժան Բատիստ Լյուլլի, Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ, հետագայում՝ Ջակոմո Մեյերբեր, Ռոսսինի, Վերդի, Վագներ, Մուսորգսկի, Ռիմսկի-Կորսակով և ուրիշներ)։ Ֆրանսիական հեղափոխության շրջանում խմբերգեցողություն նոր, քաղաքացիական ուղղվածություն է ստացել (1794 թվականին Փարիզում հրապարակ է ելել 2400 մասնակիցներով հսկայական երգչախումբ)։ XIX դարում Արևմտյան Եվրոպայում ու Ռուսաստանում այն մուտք է գործել բանվորական շարժման բնագավառը, երևան են եկել մասսայական խմբերգային ընկերություններ։

Նորագույն ժամանակներում խմբերգեցողությունը նշանակալիորեն հարստացել է ժողովրդական արվեստներից ստացած հնարներով, կոմպոզիտորների խմբերգային երկերում այն առաջադիմել է հոգեբանական արտահայտության խորացման, ուժային և տեմբրային նոր հնարավորությունների բացահայտման ուղղությամբ։

Խմբերգեցողությունը ՀայաստանումԽմբագրել

Հայաստանում խմբերգեցողությունը դարեր ի վեր եղել է միաձայն։ Բազմաձայն խմբերգեցողությունը սկիզբ է առել Ք. Կարա-Մուրզայի գործունեությամբ, զարգացել Մ. Եկմալյանի և Կոմիտասի ջանքերով։ Խորհրդային շրջանում այդ արվեստի զարգացմանը սատարել են Ռ. Մելիքյանը, Ս. Մելիքյանը, Ա. Տեր-Հովհաննիսյանը, Թ. Ալթունյանը, Կ. Զաքարյանը, Մ. Մազմանյանը, Հ. Չեքիջյանը, Է. Ծատուրյանը և ուրիշներ։ 1957 թվականից գործում է Հայաստանի երգչախմբային ընկերությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 57