Իտալիայի հայկական տպագրություն

Իտալիայի հայկական տպագրությունը սկզբնավորվել է Վենետիկում, որտեղ 1512 թվականին Հակոբ Մեղապարտը լույս է ընծայել հայերեն առաջին տպագիր գիրքը՝ Ուրբաթագիրքը, իսկ 1513 թվականին՝ ևս 4 գիրք։ 1565-1566 թվականներին այստեղ գործել է Աբգար Թոխաթեցին[1]։

Հայերեն առաջին տպագիր գիրքը՝ Հակոբ Մեղապարտի հրատարակած Ուրբաթագիրքը

Պատմություն խմբագրել

16-րդ դարում հայկական տպագրության երկրորդ կենտրոնը Հռոմն էր։ Առաջին գրքերը՝ «Տօմար Գրիգորեան» և «Դաւանութիւն ուղղափառութեան» (Հովհաննես Տերզնցու և Սուլթանշահ Թոխաթեցու աշխատասիրությամբ), լույս են տեսել 1584 թվականին Դոմինիցի Բազաեի տպարանում։ Տպագրվել է նաև կրոնական բովանդակաթյան ևս 5 գիրք՝ Բարտոլոմեի Բոնֆադինիի, Ջակոմո Ռուֆինելլոյի, Ստեֆան Պաուլինիուսի և Վատիկանի տպարաններում[1]։

17-րդ դարի սկզբներին Վատիկանն ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերել արևելյան ազգերի, այլ թվում՝ հայերի նկատմամբ` ջանալով կաթոլիկ դավանանքը տարածել Արևելքի երկրներում։ Այդ նպատակով 1627 թվականին Ուրբանոս VIII պապը Հռոմում հիմնադրել է տպարան (Ուրբանյան), որտեղ 17-18-րդ դարերի ընթացքում տպագրվել են 44 անուն հայերեն գրքեր, հիմնականում՝ դավանաբանական, նաև բառարաններ ու հայոց լեզվի ձեռնարկնեը՝ այլազգի քարոզիչների համար (Կղեմես Գալանոսի «Միաբանութիւն Հայոց սուրբ եկեղեցւոյն ընդ մեծի սուրբ եկեղեցւոյն Հռովմայ» (h. 1, 2, 1650, 1658), Թովմա Գեմբացու «Համահետեւումն Քրիստոսի» (1674) աշխատությունները, Հովհաննես Հոլով Կոստանդնուպոլսեցու «Զտութիւն հայկաբանութեան կամ Քերականութիւն հայկական» (1674), «Քերականութիւն լաթինական» (1675), «Դաւանութիւն հաւատոյ» (1678) «Հրահանգք շուրջ զհաղորդութեամբ» (1719) երկերը, «Լատիներէն-հայերէն» բառարանը (1675), Յակոբ Վիլլոտի «Մեկնիչ Սրբոյ Աւետարանին» (1714), Հակոբ Մծբնացու «Ճառք» (1756), Գեորգ Անթապեցի Պաղտատյանի «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եւ առաջին հայրապետ հայոց» (1786, պատկերով), Ստեփաննոս Աբկարյան Անկյուրացու «Սկզբունք բնական գիտութեանց» (1796) գրքերը, Պատարագատետրեր, պապական ճառեր և այլն։ Տպարանը գործել է մինչև 1890-ական թվականները և զգալի դեր է խաղացել կրոնական մարդորսության գործում։ Հռոմում ավելի ուշ՝ 1911 թվականին, հիմնադրվել է Հասունյան տպարանը, որտեղ տպագրվել է «Արձագանք» շաբաթաթերթը, որը շուտով փոխադրվել է Կոստանդնուպոլիս[1]։

 
Ֆրանչեսկոս Ռիվոլայի «Քերականութիւն հայերէնի» աշխատությունը

1621 թվականին Միլանում՝ Ամբրոսյան վարժարանի տպարանում տպագրվել է Ֆրանչեսկոս Ռիվոլայի «Բառցիրք հայոց»-ը, 1624 թվականին՝ «Քերականութիւն հայերէնի» (հայերեն և լատիներեն) աշխատությունը, 1690 թվականին ասորի եպիսկոպոս Տիմոթեոս Գառնուկը Պադուայում տպագրել է «Դաշանց թուղթը» (սխալաշատ), ներառել է նաև Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթքը, Հռոմեական եկեղեցու մի քանի աղոթքներ ու պատկերներ[1]։

Իտալիայի հայկական տպագրության ամենաբեղուն ու արգասաբեր շրջանը կապված է Մխիթարյան միաբանության գործունեության հետ, որը 1789 թվականից Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հիմնադրել է տպարան և ցայսօր տպագրում է հիմնականում հայագիտական դավանաբանական և այլ բնույթի գրքեր։ Հայկական տպագրություն է եղել նաև Լիվոռնո, Պավիա, Տրիեստ, Ֆեռարա քաղաքներում[1]։

Իտալիայում, մասնավորասես՝ Վենետիկում, հրատարակվել են Մխիթարյանների 10-ից ավելի պարբերականնեը. առաջինը՝ «Տարեգրութիւնք»-ը (1799-1802), ապա՝ «Եղանակ Բիւզանդեան»–ը (1803-1820), «Յիշատակարան»-ը (1807-1808), «Դիտակ Բիւզանդեան»-ը (1812-1816), «Բազմավէպ»–ը (1843 թվականից), «Մխիթարեան ընտանիքը» (1947-1985) և այլն[1]։

Գրականություն խմբագրել

  • Զարբհանալեան Գ., Պատմութիւն հայ տպագրութեան, Վենետիկ, 1895։
  • Ճէմճէմեան Ս., Հայկական տպագրութիւնը և Հռոմը, Վենետիկ, 1979։
  • Կոստանեան Կ., Հայագիտութիւնը Արեւմտեան Եւրոպայում, Թ., 1910։
  • Զէքիեան Լ-Պ., Վենետիկը եւ հայերը, Վենետիկ, 1990։
  • Հակոբյան Հ., Հայերը և Իտալիան, Երևան, 2005։
  • Կարապետյան Մ., Հռոմի հայ գաղթօջախի պատմությունից, «ՊԲՀ», 1998, թիվ 1-2։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջեր 444–445. ISBN 978-5-89700-042-5.