Յակոբ Վիլլոտ
Յակոբ Վիլլոտ (ֆր.՝ Jacobus Villotte, 1656 - հունվարի 14, 1743), ֆրանսիացի հայագետ։ Հիսուսյան ընկերության անդամ։ Այդ ընկերության հանձնարարությամբ եղել է Պարսկաստանում, 12 տարի ապրել Թեհրանում։
Յակոբ Վիլլոտ | |
---|---|
Ծնվել է | 1656 |
Մահացել է | հունվարի 14, 1743 |
Մասնագիտություն | գրող և միսիոներ |
Այցելել է Կ․ Պոլիս, Եվդոկիա, Տրապիզոն, Կարին, Կարս, 4 անգամ՝ Երևան և այլ հայաբնակ վայրեր, ուսումնասիրել է հայերի, պարսիկների և թուրքերի բարքերն ու սովորությունները, սովորել նրանց լեզուները, հայերեն քարոզներ կարդացել։ «Հիսուսյան ընկերության մի միսիոների ճանապարհորդությունը Թուրքիայով, Պարսկաստանով, Հայաստանով, Արաբիայով և Բերբերիայով» (1730) գրքում Վիլլոտի արժեքավոր տեղեկություններ է հաղորդել Հայաստանի աշխարհագրության, երկրագործության, առևտրական և քաղաքական հարաբերությունների, ինչպես նաև հայերի առօրյայի մասին։ Առանձնապես արժեքավոր է Վիլլոտի «Բառգիրք հայկական լեզուի․․․» [լատ․ վերնադիրը՝ Dictionarium novum Latino-armenium․․․» («Նոր բառգիրք լատինա-հայկական․․․»), 1714] երկլեզվյան բառարանը (մոտ 26 000 բառահոդված)։ Վիլլոտի բառարանի և՛ հայերեն, և՛ լատիներեն բաժինները հարուստ են բառակապակցություններով ու դարձվածներով, հայերեն բաժնում տեղ են գտել ժողովրդախոսակցական, բարբառային բառեր, քերականական բացատրություններ։ Վիլլոտը կազմել և գործածել է հայերեն բառեր, որոնց մի մասը՝ տնտղել, լպրծուն, զուգակշիռ, ժրաջան, գրավաճառ ևն, առ այսօր կենսունակ է։ Բառարանին կցված է հայերենի քերականության ուրվագիծ («Հայոց լեզվի ներածություն»), որը պարունակում է տեղեկություններ հայկական այբուբենի տառերի ձևի, դրանց հնչման, անունների հոլովման, հնչյունափոխության, ածականների և սրանց համեմատության աստիճանների, բայական համակարգի և այլ հարցերի մասին։ Առանձին գլխով ներկայացրել է հայ կաթողիկոսների և թագավորների ժամանակագրությունը։ Ետմահու լույս է տեսել նրա անտիպ հիշատակարանը։ Գրել է նաև կրոնական բնույթի գործեր։
Գրականության
խմբագրել- Շրումպֆ Գ․ Ա․, Ուսումնասիրութիւնք հայ լեզուի և մատենագրության յարևմուաս (ԺԴ-ԺԹ դար), թարգմանել և լրացրել Դ․ Զարբհանալյան, Վնտ․, 1895։
- Գասպարյան Դ․ Կ․, Հայ բառարանագրության պատմություն, Ե․, 1969։ Ջահուկյան Գ․, Գրաբարի քերականության պատմություն, Ե․, 1974։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 440)։ |