Թովմաս առաքյալ
Թովմաս (նաև՝ Թովմաս Թերահավատ, Թովմաս Երկվորյակ (հուն.՝ «Դիդիմոս»), հուն․՝ Θωμάς, լատին․՝ Thomas, 1-ին դար, Գալիլեա, Հյուսիսային մարզ, Իսրայել[1][2][3] - հուլիսի 3, 72, Mylapore, Չեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը։ Նախքան կանչվելը՝ ձկնորս։
Թովմաս առաքյալ | |
---|---|
Թովմաս առաքյալի հավաստիացումը, նկարը՝ Կարավաջոյի | |
Ծնունդ | 1-ին դար |
Ծննդավայր | Գալիլեա, Հյուսիսային մարզ, Իսրայել[1][2][3] |
Վախճան | հուլիսի 3, 72 |
Վախճան վայր | Mylapore, Չեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Թաղման վայր | Սուրբ Թովմասի տաճար |
Եկեղեցի | քրիստոնեություն |
Սրբացված կարգ | սուրբ և կաթոլիկ սուրբ |
Հիշատակության օր | Հուլիսի 3, Հռոմի Կաթոլիկ եկեղեցի, Հոկտեմբերի 6 և ուղղափառություն |
Աշխատանք | միսիոներ |
Պաշտոն | առաքյալ |
Երկիր | Հին Հռոմ |
Ուսուցիչ | Հիսուս[4] |
Թովմաս առաքյալը Նոր Կտակարանում
խմբագրելԱվետարանները Թովմաս առաքյալի՝ Հիսուսի կողմից կանչվելու վերաբերյալ ոչինչ չեն հայտնում։ Ավելին, համատես հեղինակները նրան լոկ հիշատակում են 12-ի ընտրության ցուցակում (Մատթ. 10։3, Ղուկ. 6։15, Մարկ. 3։18)։ Առավել մանրամասն տեղեկություններ Թովմաս առաքյալի մասին փոխանցում է Հովհաննես առաքյալ-ավետարանիչը, որոնց շնորհիվ, սակայն, էական որոշ գծեր են ի հայտ գալիս։ Այսպես՝
- Ղազարոսի մահվան լուրը լսելուց 2 օր հետո Հիսուս «...աշակերտներին ասաց. «Եկե՛ք վերստին գնանք Հրեաստան»։ Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել, և նորից այնտե՞ղ ես գնում» (Հովհ. 11։7-8)։ Չնայած որոշ աշակերտների թաղանձանքին և բացատրություններին՝ «Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, աշակերտակիցներին ասաց. «Եկե՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհ. 11։16)։
- Կարևորություն ներկայացնող հաջորդ դրվագը երեևում է Վերնատանը՝ Վերջին ընթրիքի ժամանակ. «Հիսուս ասաց իր աշակերտներին. «Թող ձեր սրտերը չխռովվեն. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք և ինձ։ Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան. թե չէ ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. և եթե գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ ինձ մոտ, որպեսզի, ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք։ Եվ թե ուր եմ գնում, այդ գիտեք, գիտեք և ճանապարհը»։ Թովմասը նրան ասաց. «Տե՛ր, չգիտենք՝ ուր ես գնում, ուրեմն ինչպե՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը»։ Հիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ՝ ինձանով։ Եթե ինձ ճանաչեիք, ապա կճանաչեիք և իմ Հորը. այսուհետև կճանաչեք նրան. և տեսել եք նրան» (Հովհ. 14։1-7)։
- Վերջին և թերևս ամենակարևոր հատվածը կապված Թովմաս առաքյալի հետ տեղի է ունենում արդեն Քրիստոսի հարությունից հետո, երբ Հիսուսը հայտնվում է իր աշակերտներին, «Իսկ Թովմասը՝ Տասներկուսից մէկը՝ Երկվորյակ կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուս եկավ։ Մյուս աշակերտները նրան ասացին, թե՝ Տիրոջը տեսանք։ Եվ նա նրանց ասաց. «Եթե չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»։ Ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին. և Թովմասը՝ նրանց հետ։ Հիսուս եկավ փակ դռներով, կանգնեց մեջտեղ ու ասաց՝ խաղաղությո՜ւն ձեզ։ Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. և բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մեջ. անհավատ մի՛ եղիր, այլ՝ հավատացյալ»։ Թովմասը պատասխան տվեց ու նրան ասաց՝ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ։ Հիսուս նրան ասաց. «Որովհետև դու ինձ տեսար, հավատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան»» (Հովհ. 20:24-29):
Այս վերջին հատվածը հատկապես շատ խորը հետք է թողել Թովմասի կերպարի վրա՝ պիտակելով նրան որպես «թերահավատ», սակայն արդարացիության համար անհրաժեշտ է արձանագրել, որ մյուս հատվածներում առաքյալը ներկայանում է որպես առավել քաջ ու նախանձախնդիր և պրպտող անհատականություն, իսկ կասկածամտության մասին խոսքերը այլևս ավելորդ են դառնում նրա՝ «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ» բացականչությամբ։
Հովհաննես Ավետարանիչը Թովմասին հիշատակում է նաև Տիբերիայի ծովեզերքի մոտ, երբ [Հիսուս Քրիստոս[|Հիսուս]] հայտնվում է առաքյալներից մի քանիսին, այդ թվում և Թովմաս Երկվորյակին (տես 21։2)։ Սուրբ գրքում Թովմաս առաքյալը վերջին անգամ հիշատակվում է Գործք առաքելոցում՝ Մատաթիայի ընտրության ժամանակ (1:13)։
Թովմաս առաքյալը Ավանդության մեջ
խմբագրելՀովհաննու Ավետարանում Թովմաս առաքյալը հաճախ անվանվում է նաև «Երկվորյակ» (տես Հովհ. 11։16, 20։24, 21։2)։ Այս անվանման հետ կապված Ավանդություն ասում է, թե Թովմասը եղբայրն է եղել Թադեոս առաքյալի կամ մեկ այլ առաքյալի։ Կարծիք կա նաև, որ առաքյալը արտաքնապես շատ նման է եղել Քրիստոսին, ինչի համար էլ անվանվել է «Երկվորյակ»։ Ավանդության համաձայն Թովմասը քարոզել է Պարթևստանում, հարավային Հնդկաստանում ու Քերալայում, ուստի և համարվում է հնդիկ քրիստոնյաների գլխավոր սուրբը և Մար Թովմա եկեղեցու հիմնադիրը։ Մադրաս քաղաքի մոտ ցույց է տրում նրա ուխտատեղի-գերեզմանը։ Ավանդության համաձայն նահատակվել է նետահարմամբ։ Թովմաս առաքյալի անվամբ հայտնի է 2-րդ դարի պարականոն մի ավետարան։
Հիշատակության օրը
խմբագրելՍուրբ Թովմաս առաքյալը Ընդհանրական Եկեղեցու սուրբ է։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է նրա տոնը 12 առաքյալների հետ և Վերափոխմանը Երրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ Հակոբոս Ալփյան, Սիմոն Կանանացի առաքյալների հետ միասին նույն օրը։ Հույն Եկեղեցին տոնում է հոկտեմբերի 6-ին, Լատին Եկեղեցին՝ դեկտեմբերի 21-ին և հուլիսի 3-ին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.stminastabanoub.org/index.php?option=com_synaxarium&Itemid=86&iday=03&imonth=06&iyear=2011
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.dioceseofkalyan.org/index.php?module=downloads&id=124&action=download.html
- ↑ 3,0 3,1 3,2 http://northbahamasconference.interamerica.org/bibleinfo_questions/5456
- ↑ Καινή Διαθήκη — 0100.
Աղբյուրներ
խմբագրել- Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
- Մաղաքիա արք. Օրմանյան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997։
- Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997։
- Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010։
- Новый библейский словарь, часть 1, Санкт-Петербург, 1999г.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թովմաս առաքյալ» հոդվածին։ |