Զմյուռնիայի հայկական տպագրություն

Զմյուռնիայի հայկական տպագրություն, առաջին տպարանը հիմնվել է 1759 թվականին, Մահտեսի Մարկոսի կողմից։ Նա հրատարակել է երեք գիրք․ «Գիրք մանկութեան» (ժամանակագրության մեկնություն), «Խորհրդատետր» (1761), Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը» («Գիրք ընդդիմութեանց», 1762)։

19-րդ դարում Զմյուռնիան դարձել է Թուրքիայում հայ գրքի երկրորդ կենտրոնը՝ Կ․ Պոլսից հետո։ Դարի 1-ին կեսին այստեղ հայկական գրքի հրատարակություն է ծավալել Ամերիկյան մարդասիրական ընկերությունը, գրահրատարակիչներ Հ․ Հալլոկը, ապա՝ Գ․ Գրիֆիտը 1830-1850-ական թվականներին լույս են ընծայել շուրջ 150 անուն հայկական գրքեր, այդ թվում 1843 թվականին՝ Սաղմոսարան (արևելահայերեն), 1847-1850 թվականներին՝ Աստվածաշունչ (արևմտահայերեն)։

1840-ական թվականներին գործել է Ստեփանոս Պապոյանի տպարանը, որտեղ գրքերից բացի, 1840 թվականից հրատարակվել է «Արշալույս արարատյան» պարբերականը։

1840-1900 թվականներին գործել են նաև Մեսրոպյան վարժարանի, Արագածունյաց, Տետեյան եղբայրների, Գ․ Մսերյանի, Մ․ Մասուրյանի, Բ․ Քեշիշյանի տպարան-հրատարակչությունները։ Մինչ 1922 թվականը Զմյուռնիայում գործել է շուրջ 20 հայկական տպարան, լույս տեսել 50 հայկական պարբերական[1]։

Պատմություն խմբագրել

Զմյուռնիայում հայկական տպագրության սկզբնավորումը ևս, ինչպես Կ. Պոլսում, պետք է առնչվեր հայ եկեղեցու և Հռոմի միջև ստեղծված փոխհարաբերություններին[2]։ Կաթոլիկ եկեղեցու, ասել կուզի՝ եվրոպական տերությունների միջոցով արևելյան բռնակալություններից Հայաստանը ազատագրելու ձգտումը, որ հատկապես ուրվագծվեց 16-րդ դարի՝ կաթողիկոսների կողմից Հռոմին հարաբերվելու ջանքերով, հանդիպում էր պապերի համակրանքին, սակայն դավանական պարտադրանքների գնով։ Հայ եկեղեցու (ինչպես և ողջ արևելյան եկեղեցիների) դավանական ինքնուրույնությունն այս տեսակետից Հռոմը դիտում էր որպես հերձվածի ինքնուրույնություն, որն անհրաժեշտ էր արմատախիլ անել՝ կաթոլիկության անվերապահ ճշմարտացիության հիմքով։

Եվ այս էր պատճառը, որ Հռոմի ներկայությունը զգացվում է 16-17-րդ դարերում Եվրոպայում ծավալված հայ գրատպության պատմության գրեթե բոլոր դրվագներում, որտեղ հայ տպագրիչները, սկսած Աբգար Թոքատեցուց մինչև Ոսկան Երևանցի և նրանց հետևորդները, շարունակելով մնալ ազգային եկեղեցու հավատարիմ զավակներ, գոնե գործնական հարաբերությունների հարցում, հարկադրված էին ինչ-ինչ զիջումներ անել Հռոմին։ Այս իմաստով շատ ուշագրավ են Աբգարի՝ 1565 թվականին Վենետիկում տպագրած «Խառնայփնթուր տումարի գեղեցիկ եւ պիտանի» վերնագրով գրքում զետեղված երկու պատկերները։ Առաջինում Աբգարն է իր որդու հետ՝ պապի և կարդինալների մոտ, հայերեն տպատառերը ձեռքին, իսկ մյուսում դարձյալ Աբգարն է՝ Վենետիկի դոժի և նրա մերձավորների առջև[3]։ Կարելի է կարծել, որ զույգ պատկերներն էլ ունեն անցաթղթի արժեք, դրանք պետք է հուշեին պապական գրաքննիչներին ոչ միայն հայ տպագրիչի սոցիալական նշանակալիությունը, այլև այն, որ նա՝ իբրև տպագրիչ, չի մեղանչում Հռոմի եկեղեցու առջև և վայելում է իր՝ պապի, ինչպես և աշխարհիկ տիրակալների վստահությունն ու հովանավորությունը։

Պակաս ուշագրավ չէ նաև այն, որ նշված զույգ պատկերները Աբգարը զետեղեց նաև 1565-1566 թվականներին տպագրված Սաղմոսարանում։ Կնշանակի, հիշյալ նկարները Աբգարի համար շարունակել են պահպանել իրենց անցագրային նշանակությունը՝ ի ողոքումն կասկածող դավանական անհանդուրժողականության։ Այնուհետև Աբգարն իր տպարանը փոխադրել է Կ. Պոլիս, որ կարելի է բացատրել Վենետիկում ու Հռոմում դավանական անբարենպաստ կլիմայով և, մյուս կողմից՝ Կ. Պոլսի հայ գաղթօջախի մշակութային պահանջմունքներով։ Հայ տպագրության պատմության մեջ դավանական գործոնի նշանակությունն ավանդութային որակներ էր ձեռք բերել արդեն 17-րդ դարում, որի բովանդակության մեջ այստեղ չխորանալով՝ նշենք միայն, որ այն կապվում է Զմյուռնիայում հայ տպագրության սկզբնավորման խնդրին։ Հայտնի է, որ Ոսկան Երևանցու 1667-1673 թվականների տպարանները Ամստերդամում, Լիվոռնոյում և Մարսելում օգտագործում էին Տպարան Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի անունը։ Այդ նույն անվանումն ուներ՝ այս անգամ օսմանյան իշխանությունների ճնշումներից պաշտպանվելու նպատակով, հայ կաթոլիկների տպարանը Կ. Պոլսում, 1690-ական թվականներին., երբ իբրև տպագրության տեղ նշում էին ոսկանյան տպարանները՝ Ամստերդամում, Լիվոռնոյում և Մարսելում։

Հավանաբար, այս նույն հանգամանքներն էին հաշվի առել ոսկանյան տպագրիչները 1676 թվականին՝ Մարսելում տպագրած Մաշտոցի տպագրավայր նշելով Զմյուռնիան[4]։ Իրականում Զմյուռնիայում հայ տպագրությունը սկիզբ է առնում Մահտեսի Մարկոսի տպարանով, 1759-1762 թթ., որտեղ տպագրվեցին երեք գիրք` «Մեկնութիւն ժամանակագրութեան», «Խորհըրդատետր» և «Եզնիկ»[5]։

Զմյուռնիայում գրատպությունը պետք է նորոգվեր յոթ տասնամյակ տևած ընդհատումից հետո` ամերիկյան «Պորտ» ընկերության բողոքական քարոզիչների կողմից։ 1833-1852 թվականներին նրանք տպագրեցին կրոնական և ուսումնական բնույթի մի շարք գրքեր, այդ թվում` անգլերեն-հայերեն քերականություն, հեգարան։ Տպարանը փոխնիփոխ կոչվում էր Հոման Հալլոքի և Գուլիելմոս Գրիֆիտի անուններով։ Այստեղ տպագրվեց նաև «Շտեմարան պիտանի գիտելեաց» ամսագիրը 1839-1846 թվականներին` զուտ ավետարանական ճշմարտությունների բողոքական մեկնաբանություններով։ Թանզիմաթի շրջանում, 1830-ականի վերջին և 1840-ականին սկսեցին գործել նոր տպարաններ` նախ, Պողոս Թաթիկյան վիմագրատունը, որ առավել հայտնի է իր տպագրած օտարալեզու արդյունքներով։ Այս տպարանում է տպագրվել «Միմոս» զավեշտական հանդեսը` 1908 թվականին, ուստի չի կարելի բացառել, որ այն գործել է նաև 1910-ական թվականներին։ Այս տասնամյակից հայտնի է Ստ. Պապոյանի տպարանը, որտեղ իր առաջին տարիներին տպագրվում էր «Արշալույս արարատյան» թերթը` սկսած 1840 թվականից, որից հետո այն դարձել է նշված թերթի սեփականությունը` կոչվելով նրա անունով։ Զմյուռնիայի Ս. Մեսրոպյան վարժարանի տպարանը ևս այս նույն շրջանի կրթական ու բարեսիրական շարժման արդյունք էր` նվիրաբերված տրիեստաբնակ Պետրոս Յուսուֆյանի կողմից։ Այստեղ տպագրվեցին Հովհաննես Վանանդեցու «Ոսկի դար Հայաստանի» գիրքը, Ֆենելոնի «Արկածք Արիստովնոսի» թարգմանական գործը և այլ գրքեր, դասագրքեր, բարոյախրատական հրատարակություններ։ «Արագածունյաց» լուսավորական ընկերությունը նույնպես ուներ իր տպարանը, որի անունով հրատարակվեցին մի քանի գրքեր, ինչպես և Խ. Մելիքսելումյանի «Հայրենասեր» թերթը։ 

1845 թվականի հունիսի հայտնի հրդեհը Զմյուռնիայում նյութական ծանր հարված հասցրեց հայ համայնքին, հրո ճարակ դարձան Հայնոց թաղի շատ տներ, ազգային, բարեգործական ու կրթական շատ հիմնարկների սեփականություններ։ Այրվեցին նաև Ստ. Պապոյանի և «Արշալույս արարատյանի» տպարանները[6]։ Կրած վնասներից չկարողացավ ուշաբերվել «Արագածունյաց» ընկերությունն` իր «Հայրենասէր» թերթով։

Տետեյան տպարան խմբագրել

Հայ տպագրության պատմության մեջ առանձնահատուկ կարևորությամբ աչքի է ընկնում Զմյուռնիայի Տետեյան տպարանը, որ գործել է 1853-1892 թվականներին։ Իր արդյունավետ և համազգային ճանաչման հասած գործունեության համար տպարանը պարտական է ականավոր մտավորական, տպագրիչ ու թարգմանիչ Տիգրան Հարություն Տետեյանին (1832-1868)։ Հարկ է հիշել նրա կատարած անչափ կարևոր դերը հայ թարգմանական գրականության զարգացումը հրատարակչական գործին լծորդելու, ազգային մշակույթի այս երկու կողմերի սերտաճումը արդյունավորելու ուղղությամբ։ Տպագրապետը փաստորեն նպաստեց զմյուռնահայ թարգմանական փայլուն դպրոցի կայացմանը` տպագրելով Գր. Չիլինկիրյանի, Մ. Մամուրյանի, Մ. Նուպարյանի, իր եղբայրներ Ա. Կ. Տետեյանի, Հ. Հ. Տետեյանի և այլոց թարգմանական գործերը եվրոպական (հիմնականում ֆրանսիական և անգլիական) գրականությունից` քաջալերելով նրանց նաև նյութապես։ Զմյուռնահայերի այս տպարանում տպագրվեցին նրանց թարգմանությունները Վոլտերից, Մոլիերից, Շատոբրիանից, Հյուգոյից, Դյումայից, Շեքսպիրից, Սկոտից և շատ այլ հեղինակներից։ Ինքը` Տ. Տետեյանը ևս վերոհիշյալ դպրոցի ներկայացուցիչներից մեկն էր։ Իր թարգմանությամբ և սեփական տպարանում նա լույս ընծայեց «Հազարումեկ գիշերը» (արաբական հեքիաթների ժողովածու), Մոլիերի «Ագահը», «Ակամայ բժիշկը», «Սէրը բժիշկ է» կատակերգությունները, Ալ. Դյումայի «Մօնթէ Քրիսթօն» և այլ գործեր։

Մասնավորապես, Տետեյան եղբայրների թարգմանական ու հրատարակչական գործունեությունը սկիզբ է առնում նրանց խմբագրած «Արփի արարատյան» ամսագրի տպագրությամբ (1853-1856)։ Տ. Հ. Տետեյանն իր տպարանը սարքավորել էր Եվրոպայից ներմուծված տպագրական լավագույն տեխնիկայով, ուստի և դրա արդյունքները իրավունք ունեին համեմատվելու ժամանակի ճանաչված եվրոպական հրատարակությունների հետ։ Տետեյան տպարանում են հրատարակվել 1850-1870-ական թվականների գրեթե բոլոր զմյուռնահայ պարբերականները, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ և այլն։ Հիրավի, Տետեյան տպարանն ազդեցիկ նշանակություն ունեցավ զմյուռնահայ մշակույթի զարգացման վրա, որ առաջ էր մղելու նոր բարձրացող սերունդը։ Մի հայտնի չափով այդ տպարանի թողած ազդեցությամբ ու հմայքով պետք է բացատրել նաև 1850-ական թվականների Ս. Մեսրոպյանի երեք սաների հրատարակած «Թութակ Հայկազեան» ամսաթերթը, նաև Մ. Նուպարյանի «Երկասէր» պարբերականը, որի մամուլը պատանի խմբագիրը ստացել էր Տետեյան տպարանից։

1870-1880-ական թվականներին և հետագա տասնամյակներին Զմյուռնիայում հիմնվեցին բազմաթիվ նոր տպարաններ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 199 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։
  2. Ա., Խառատյան, Ա. (2012 թ․ դեկտեմբերի 14). «Հայ գրատպությունը Կ. Պոլսում և Զմյուռնիայում (1567-1860-ական թթ.)». lraber.asj-oa.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Իշխանյան Ռ., նշվ. աշխ., էջ 40։
  4. Ալպոյաճյան, Արշակ (1964). Զմյուռնիո տպարանները. Պատմաբանասիրական հանդես. էջ 69.
  5. Նույն տեղում, էջ 71-72։
  6. Նույն տեղում, էջ 78։