Ամստերդամի հայկական տպագրություն կամ Ոսկանյան տպարան, առաջին տպարանը հիմնել է Էջմիածնի (այժմ՝ Վաղարշապատ) նոտար Մատթեոս Ծարեցին, Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու հանձնարարությամբ, 1660 թվականին։

1661 թվականի Մատթեոս Ծարեցու հրատարակած «Հիսուս որդի» գրքի անվանաթերթ։

Պատմություն խմբագրել

Անդրանիկ հրատարակությունը Ներսես Շնորհալու «Յիսուս Որդին» էր, որը Ծարեցու մահից հետո (1661) լույս է ընծայել վաճառական Ավետիս Ղլիճենցը (Ոսկան Երևանցու եղբայրը)։ 1661 թվականից, տպարանի տնօրինությունը ստանձնել է Ոսկան Երևանցու աշակերտ Կարապետ Անդրիանացին։

1664 թվականից տպարանի տնօրինությունը ստանձնել է Ոսկան Երևանցին, որի անունով էլ այն կոչվել է Ոսկանյան տպարան։ Գործել է երեք քաղաքներում՝ Ամստերդամում (մինչև 1669 թվականը), Լիվոռնոյում (մինչև 1672 թվականը), Մարսելում (մինչև 1686 թվականը)։ Հրատարակել է 42 անուն հայկական գիրք։

Ամստերդամում տպարանը լույս է ընծայել 22 անուն գիրք՝ Սաղմոսարաններ, մեծ Ժամագիրք, Շարակնոց, Աստվածաշունչ, Մաշտոց, Նոր կտակարան, այբբենարան, Ոսկան Երևանցու «Քերականութեան գիրքը», Մովսես Խորենացուն վերագրվող «Աշխարհացույցը»[Ն 1] (1668) և Վարդան Այգեկցու առակները, Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանցը» (1669)։ Ոսկան Երևանցին հայկական հրատարակումների տպաքանակը մի քանի հարյուրից հասցրել է մի քանի հազարի։

1685 թվականին Ոսկան Երևանցու աշակերտներից Մատթեոս Վանանդեցի Հովհաննիսյանը Ամստերդամում սկզբնավորել է հայկական երկրորդ տպարանը, որի տնօրենը դարձել է Թովմաս Վանանդեցին, իսկ նրա մահից հետո (1703)՝ Ղուկաս Վանանդեցին։ Վանանդեցիների գրահարատարակչական տունը (տպարանը) դժվարին պայմաններում գործել է 32 տարի, լույս ընծայել Շարակնոց, «Համատարած աշխարհացոյց» (հայկական առաջին տպագիր քարտեզը՝ կիսագնդեր, 1695, փորագրիչներ՝ հոլանդացի Ադրիան և Պետրոս Սկոմբեկ եղբայրներ), Մովսես Խորենացու «Հայոց պատմութիւնը», Ղուկաս Վանանդեցու աշխատությունները, Արիստոտելի «Յաղագս առաքինութեանց» և այլ գործեր։

Ամստերդամում Վանանդեցիների հետ բարեկամական հարաբերություններ են ունեցել գերմանացի փիլիսոփա, մաթեմատիկոս Գ․ Լայբնիցը, արևելագետ Յո․ Շրյոդերը, նրանց այցելել է Ռուսաստանի կայսր Պետրոս I-ը։ Վանանդեցիների գրահրատակչական տունը փակվել է 1917 թվականին[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 1, Երևան, ՀԽՀԳԽ, 1990, էջ 165։

Նշումներ խմբագրել

  1. «Աշխարհացույցի» հեղինակի ստույգ անունը հայտնի չէ։ Դասավանդվել է միջնադարյան Հայաստանի դպրոցներում՝ Մովսես Խորենացու (V դար) «Հայոց պատմություն» և Անանիա Շիրակացու (VII դար) մաթեմատիկական ու տիզերագիտական աշխատությունների հետ. սովորաբար կցվել է դրանց։ Ուստի մեզ հասած ձեռագրերի մի մասում հեղինակ է համարվում Մովսես Խորենացին, իսկ մյուսներում՝ Անանիա Շիրակացին։ Ժամանակակից հայ և օտարերկրյա ուսումնասիրողների մի մասը երկի հեղինակությունը վերագրում են Անանիա Շիրակացուն, իսկ մյուսները այն համարում են անանուն հեղինակի գործ։

Գրականություն խմբագրել

  • Սարուխան Ա․, Հոլլանդան և հայերը ԺԶ―ԺԹ դարերում, Վիեննա, 1926։
  • Լևոնյան Գ․, Հայ գիրքը և տպագրության արվեստը, Երևան, 1958։
  • Գրիգորյան Մ., Նոր նյութեր և դիտողություններ հրատարակիչ Վանանդեցվոց մասին, Վիեննա, 1969։
  • Ռաֆայել Իշխանյան, Հայ գրքի պատմություն, հ. 1, Երևան, 1977։
  • Ռաֆայել Իշխանյան, Հայ գիրքը, Երևան, 1981։

Արտաքին հղումներ խմբագրել