Վիեննայի հայկական տպագրություն

Վիեննայի հայկական տպագրություն, հայերեն գրքերի տպագրություն և հրատարակություն Վիեննա քաղաքում, 19-20-րդ դարեր․։

Տպագրությունը Իտալիայում խմբագրել

Վենետիկի Մխիթարյանների մի մասը 1772 թվականին Տրիեստում (Իտալիա) նոր միաբանություն հաստատելով՝ 1776 թվականին գործի դրեց իր տպարանը և 35 տարվա ընթացքում (մինչև Վիեննա տեղափոխվելը) հրատարակեց ավելի քան 70 անուն հայերեն, ինչպես և եվրոպական լեզուներով գրքեր (եկամուտ ստանալու համար)։ Տրիեստի հայերեն հրատարակությունները հիմնականում կրոնական են՝ ժամագրքեր, պատարագատետրեր, տոնացույցեր, Ավետարան, Մաշտոց ևն։ Տպագրվել են նաև դասագրքեր, օրինակ, Մ․ Գասպարյանի «Նոր գիւտ կամ Գործ համարողական արհեստի» թվաբանության ձեռնարկը (1787), «Այբբենարան համառօտ» (1776), «Այբբենարան» (1797), «Հայնակ և Նեմեցնակ․․․» (1788)։ Տրիեստում լույս տեսած աշխարհիկ գրքերից են Եզոպոսի «Առակք»-ը (1784), Դ․ Ռոբերտսոնի «Վիպասանութիւն Ամերիկոյ»-ն ( 1784-1786), Բ․ Կրոչեի «Պատմութիւն Չինկիզխանի»-ն (1788

Որոշ գրքեր հրատարակվում էին աշխարհաբաը։ Հրատարակվում էին նաև հայատառ թուրքերեն, հիմնականում կրոնակաբարոյագիտական բնույթի գրքեր։

Տպագրությունը Վիեննայում խմբագրել

1811 թվականին միաբանությունը տեղափոխվել է Վիեննա, 1812 թվականին հիմնել տպարան և ծավալել հրատարակչական լայն գործունեություն։ Մինչև դարի կեսերը Վիեննայում Մխիթարյանները տպագրել են շուրջ 160 անուն գիրք, իսկ մինչև դարավերջ՝ շուրջ 500 անուն։ Վիեննայի տպարանի ավելի քան 172 տարվա արտադրանքի մեջ շատ են հայագիտական արժեքավոր հրատարակությունները։ Կարևորներից են Ա․ Այտրնյանի աշխատությունները, մասնավորապես «Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեգուի» ուսումնասիրությունը (1866), որ նոր գրական հայերենի առաջին գիտական քերականությունն է, Հ․ Տաշյանի ուսումնասիրությունները, այդ թվում՝ «Ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա» (1895), «Ուսումն դասական հայերէն լեզուի» (1920), «Հին Հայաստանի արևմտյան սահմանը» (1948) և այլն։ Հրատարակվել են նաև միաբանության մյուս անդամների՝ Ա․ Դարագաշյանի, Դ․ Մենևիշյանի, Դ․ Դովրիկյանի, Դ․ Դալեմքյարյանի, Ա․ Մատիկյանի, Թ․ Կետիկյանի, Հ․ Ոսկյանի և այլոց գործերը։ Առանձին գրքերով և իբրև հոդված տպագրվեցին Ն․ Ակինյանի մոտ 500 հայագիտական աշխատությունները։ Հրատարակվել են աշխարհագրության, օդերևութաբանության, հանքաբանության, բուսաբանության, աստղագիտության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, գյուղատնտեսության, երաժշտության, մանկավարժության վերաբերյալ գրքեր։

Լույս են ընծայվել մի շարք բառարաններ, այդ թվում՝ հայերեն-թուրքերեն (Հ․ Պոգանճյան, 1838, 1858, Ե․ Չագըճյան, 1850), գերմաներեն-հայերեն (Ա․ Կոլյավ, 1889), ֆրանսերեն-հայերեն- թուրքերեն (Ս․ Էմինյան, 1853, 1871), հունարեն-իտալերեն-հայերեն-թուրքերեն (Ա․ և Ս․ Ազարյաններ, 1848) և այլն։

Հրատարակվել են եվրոպացի նշանավոր հայագետների՝ Հ․ Կարստի, Հ․ Գելցերի, Ա․ Կարիերի, Ֆ․ Կոնիբերի, Հ․ Հյուբշմանի, Հ․ Մարկվարտի, Հ Պեդերսենի և այլոց երկերը, ինչպես և Հ․ Աճառյանի, Ն․ Ադոնցի, Ս․ Մալխասյանցի, Հ․ Մանանդյանի, Ն․ Մառի աշխատությունները, հայ գրողներից Պետրոս Դուրյանի, Րաֆֆու, Ավետիք Իսահակյանի, անտիկ ու եվրոպացի հեղինակներից Քսենոֆոնի, Ցիցերոնի, Ուիլյամ Շեքսպիրի, Լորդ Բայրոնի և ուրիշների ստեղծագործությունները։ Այստեղ լույս են ընծայվել շատ դասագրքեր՝ Վիեննայի Մխիթարյանների մի շարք դպրոցների համար, ինչպես և մանկական գրքեր՝ «Կրթական և զբոսալի տետրակներ» մատենաշարով։

Շարունակվել է տպագրվել հայատառ թուրքերեն գրականություն։ Տպագրվել են 1819 թվականին՝ «Ծանոթութիւնք վաճառագիտութեան», 1847 թվականից՝ «Եվրոպա», 1887 թվականից՝ «հանդես ամսօրյա» պարբերականները։ Տպարանն իր տպագրական արվեստի համար արժանացել է մրցանակների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 427