Տաթև (գյուղ)
Տաթև, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Գորիսից 15 կմ հարավ-արևմուտք, Որոտան գետի աջ կողմում` բարձրադիր սարահարթի վրա, բարձրությունը ծովի մակարդակից` 1560-1660 մ։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 50 կմ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Տաթև | |||
![]() Տաթև գյուղը 2013 թվականին | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի | ||
Համայնք | Տաթև (համայնք) | ||
Մակերես | 65.73 կմ² | ||
ԲԾՄ | 1600 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 864[1] մարդ (2011) | ||
Խտություն | 14 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Տաթևացի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374(284)[2] | ||
Փոստային ինդեքս | 3218[3] | ||
Պաշտոնական կայք | tatev.am | ||
| |||
Գյուղը Տաթավ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ, 2015 թվականից մասն է խոշորացված Տաթև համայնքի։
Պատմություն խմբագրել
Հայաստանի հնագույն բնակավայրերից է, նշանավոր է Տաթևի վանական համալիրով։ Այն եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում։ Հիմնադրվել է 4-րդ դարում, 5-8-րդ դարերում եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, 8-րդ դարի վերջից՝ Սյունյաց Եպիսկոպոսության աթոռանիստը։ 906 թվականին կառուցվել է վանքի Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067 թվականին՝ սուրբ Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295 թվականին սուրբ Գրիգոր եկեղեցին։ 1390-1435 թվականներին Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը և մանրանկարչության ու գրչության դպրոցը։ Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահվել են 10 հազարից ավելի ձեռագիր մատյաններ։ Միջնադարում վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ։ Այստեղ է գտնվում հայ մեծանուն փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Տաթևացու դամբարանը։ Տաթևը հանրահայտ է նաև իր ճոճվող խաչքարակիր-գավազանով, որը հայ ճարտարապետական մտածողության հետաքրքիր լուծումներից է։ 17-րդ և 20-րդ դարի 20-ական թվականների սկզբներին վանքը եղել է ազատագրական պայքարի կարևորագույն հենակետ։ Նրա հետ են կապված բազմաթիվ նշանավոր իրադարձություններ և ավանդույթներ։ 20-րդ դարի վերջերին վանքի տարածքում և շրջակայքում իրականացվել են շինարարական և վերականգնողական աշխատանքներ։ Վանքը ներկայումս հիմնականում վերականգնված է և Սյունիքի թեմի հոգևոր կենտրոնն է։
Տաթևի շրջակայքում կան գյուղատեղիներ, եկեղեցիներ, հին գերեզմանոցներ։ Այստեղ է գտնվում նաև Հայաստանի բնաության հրաշալիքներից մեկը՝ «Սատանի կամուրջը»։
ՀՀ կառավարության 26.06.2009 թվականի «Տաթև» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 848-Ն որոշմամբ «Տաթև» վանական համալիրը և հարակից՝ ՀՀ Սյունիքի մարզի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթևի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի և Բարձրավանի գյուղական համայնքները հայտարարվել է զբոսաշրջային կենտրոն։ Նույն որոշմամբ հաստատվել են «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները։
Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի 2010 թվականի փետրվարի որոշմամբ, Տաթև շրջանում զբոսաշրջության և տնտեսական զարգացման համար վերականգնվելու են Տաթևի վանական համալիրը, Մեծ Անապատը, համալիրի տարածքում դպրատունը, իսկ Տաթև զբոսաշրջային կենտրոնում հիմվելու է գիտակրթական համալիր։
Բնակչություն խմբագրել
Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի արդյունքների` Տաթևի մշտական բնակչությունը կազմել է 864, առկա բնակչությունը` 665 մարդ[1]։ Գյուղը բնակեցված է եղել և շարունակում է բնակեցված լինել գրեթե բացառապես հայերով[4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1908 | 1914 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 313 | 1326 | 1971 | 1940[6] | 2414[7] | 1958 | 2058 | 2096 | 1376 | 1408 | 1096 | 913 | 1042 | 1025 | 864[1] |
Տնտեսություն խմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի, ծխախոտի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղատնտեսությամբ զբաղվում է 216 գյուղացիական տնտեսություն։ Անասնագլխաքանակը 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է. խոշոր եղջերավոր անասուններ՝ 436 գլուխ, մանր եղջերավոր անասուններ՝ 991 գլուխ, խոզեր՝ 62 գլուխ, մեղվաընտանիքներ՝ 600։
Համայնքում 2011 թ.-ին կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 155 հեկտար աշնանացան։
Ճոպանուղի խմբագրել
Հիմնադրամի միջոցներով կառուցվեց և 2010 թվականի հոկտեմբերի 16-ին հանդիսավորությամբ բացվեց աշխարհի ամենաերկար «Տաթևի թևեր» ճոպանուղին, որի երկարությունը կազմում է 5.7 կմ։ Ամենամեծ խորությունը կենտրոնական հատվածում է՝ մոտ 350 մ։ Այն կառուցվել է շվեյցարական Գարավենտա ձեռնարկության միջոցով, ձգվում է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից մինչ Տաթև վանական համալիրը։
Մշակույթ խմբագրել
Տաթևն իրենից ներկայացնում է իր հմայքն ունեցող լավ պահպանված գյուղի եզակի օրինակ։ Բլուրների վրա տեղակայված տները Հարավային Կովկասի գյուղական ճարտարապետության բնութագրական նմուշներ են։ Ավանդական հայկական հյուրասիրությունը բնորոշ է նաև Տաթևին, որտեղ գյուղացիները կհյուրընկալեն յուրաքանչյուրին իրենց տներում և կհյուրասիրեն։ Գյուղում զբաղվում են մի ամբողջ շարք ավանդական աշխատանքներով՝ բուրդ են գզում ու իլիկով թել մանում, թոնրում լավաշ են թխում կամ հատուկ սարքերով օղի են թորում։ Գարնանից մինչև աշուն, մեղուների համար սնուցման հիմնական աղբյուրը ալպիական ծաղիկներն են, ինչի արդյունքը Տաթևի հայտնի մեղրն է։
Գյուղում և մերձակայքում հավաքում են վայրի խոտաբույսեր, ապա չորացնում և օգտագործում են բժշկական նպատակներով։ Ըմպելիքները բազմազան են՝ սկսած թանից մինչև թարմ ուրցով պատրաստված թեյը, սատանայի կամրջի հանքային ջուրը, տարբեր մրգերից և հատապտուղներից պատրաստված թարմ հյութերն ու տնական խմիչքը։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Տաթևում և նրա շրջակայքում են գտնվում Տաթևի վանքը, Սբ. Պողոս-Պետրոս (906), սուրբ Գրիգոր Լուսավորիչ (848), սուրբ Աստվածածին (1087) եկեղեցիներով, ճոճվող հուշասյունը (10-րդ դար)։ Գյուղի պատմամշակութային կառույցներից են «Սատանի» և Տաթևի (17-րդ դար) կամուրջները։
Այլ դիտարժան վայրեր խմբագրել
Տաթևից դեպի հարավ-արևելք մեկ ժամ քայլելով, կարելի է հասնել հարևան գեղատեսիլ Տանձատափ գյուղը, որը հայտնի է իր մրգերով և մասնավորապես, ընկույզով։ Սյունիքի բնապատկերը տեսնելու համար կարելի է ճանապարհ ընկնել դեպի Հարսնաձոր՝ վայր, որն այդպես է անվանվել համաձայն գեղեցիկ աղջկա մասին լեգենդի, որը նախընտրեց իրեն ձորից վայր նետել, քան դառնալ Շահ Աբբասի հարսնացուն։
Հողային և այլ բնական ռեսուրսներ խմբագրել
Հողեր (ընդամենը)՝ 7627 հա, այդ թվում՝
- Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 5216 հա, որից՝
- վարելահող՝ 408 հա, խոտհարք՝ 280 հա, արոտ՝ 2296 հա, այլ հողատեսք՝ 2232 հա
- բնակավայրերի հողեր՝ 166 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր՝ 3 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր՝15 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր՝ 12 հա,
- անտառային հողեր՝ 2183 հա, որից անտառածածկ՝ 1206 հա
- ջրային հողեր՝ 33 հա
Հայտնի մարդիկ խմբագրել
- Քաջիկ Նիկոլայի Մնացականյան- Հայաստանի պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության պետ, գնդապետ
- Ռազմիկ Լևոնի Վարդանյան-քիմիական գիտությունների դոկտոր (1986 թ.) պրոֆեսոր (1992 թ.)
- Գագիկ Գևորգի Մանուչարյան-բժշկական գիտություներրի դոկտոր, պրոֆեսոր
- Պողոսյան Սեդրակ Միքայելի
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «ՀՀ մարզերի կոդեր»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23
- ↑ Հայփոստի ցանցը
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 10
- ↑ Кавказский календарь на 1910 год. — Тифлис: Типография канцелярии Е.И.В. на Кавказе, казенный дом, 1910. — С. 376.
- ↑ Кавказский календарь на 1915 год. — Тифлис: Типография канцелярии Е.И.В. на Кавказе, казенный дом, 1915. — С. 187.
Արտաքին հղումներ խմբագրել
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-28 at the Wayback Machine.