Երևանի քարտեզային հիշատակումներ

Երևանի քարտեզային հիշատակումներ, Երևան քաղաքի հիշատակումները աշխարհի հին քարտեզներում` սկսած 7-րդ դարից մինչև 18-րդ դարը։

Terua կամ Terva քաղաքի ծագումնաբանություն խմբագրել

Պտղոմեոսի «Աշխարհագրություն» աշխատության հիման վրա պատրաստված բոլոր քարտեզներում, նաև մեկ այլ՝ ոչ պտղոմեոսյան ցանկի հիման վրա պատրաստված Ֆիլիպ դե լա Ռուի քարտեզում հիշատակվում է Terva կամ Terua բնակավայրը, իսկ նրա հարևանությամբ նշված են Արտաշատը, Արմավիրը, Նաքսուանան (Նախիջևան) և այլ բնակավայրեր[1]։

Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը նույնացնում է Պտղոմեոսիի հիշատակած Terva-ն կամ Terua-ն Երևան քաղաքի հետ[2]։ Կա այն կարծիքը, որ Պտղոմեոսի հունարեն ձեռագիր օրինակներում շփոթմունք է առաջացել (անփույթ գրելու կամ չիմացության պատճառով), և հունարեն Ι տառն արտագրելիս նրա հորիզոնական վերին գիծը երկարացվել է ու արդյունքում ստացվել է T տառը։ Այս մասին անգլիացի ՈՒ. Աուզլեյը գրում է.

  «Այս դեպքում զորավոր նմանություն է ստացվում Irva-ի և Terva-ի միջև, ինչպես մի շարք հին ու նոր անունների միջև, որոնց քննությունը երբեք վեճի առարկա չէ եղած[3]։  

Այն բանում, որ Ιrvan-ը դարձել է Tervan, համոզված են մի շարք այլ մասնագետներ։ Հետագա հեղինակները և քարտեզագիրները հետևելով մեկը մյուսին Մեծ Հայքի կենտրոնում՝ Արարատյան դաշտում նշել են Terva կամ Terua բնակավայրը։ Աուզլեյը նշում է նաև, որ աշխարհագրական դիրքով զուգադիպությունը գրեթե անթերի է. Պտղոմեոսը Terva-ն նկարագրում է 78 – 0 երկարության և 41-50 լայնության վրա, իսկ Ժան Շարդենը նշում է 78-20 երկարությունն ու 41-50 լայնությունը[4]։

Աշխարհացույց խմբագրել

 
Երևանն ըստ Աշխարհացույցի

Հայ միջնադարյան աշխարհագրագիտական պատմության մեջ կարևոր տեղ ունի VII դարի գիտնական, տիեզերագետ ու մաթեմատիկոս Ա. Շիրակացու «Աշխարհացույցը»։ Հայ գիտնականների մանրամասն ուսումնասիրությունները և փաստերը վկայում են, որ «Աշխարհացույցը» գրվել է ամենաուշը մինչև 608-610 թթ։ «Աշխարհացույցում» Մեծ Հայքը ցույց է տրված 37-387 թթ սահմաններում[5]։ Հայտնի է, որ մ.թ.ա. 37 թ. Հռոմեական կայսրության ու Պարթևական թագավորության միջև կնքված դաշնագրով Մեծ Հայքից անջատվում ու Պարթևական թագավորությանն են կցվում Հայոց Միջագետքը` Ծավդեքը (Տուր Աբդին) և Արվաստանը` Մծբին քաղաքով (27600 քառ. կմ տարածք)։ «Աշխարհացույցի» հեղինակը ծանոթ է եղել Պտղոմեոսի «Աշխարհագրություն» աշխատությանը և, ի տարբերություն Պտղոմեոսի, շատ ավելի մանրամասն ու ճիշտ է նկարագրել հատկապես Մեծ Հայքը, Վիրքը, Կողքիսը, Աղվանքը և հարևան այլ երկրները։ Ավելի ճիշտ են դասավորվել Կասպից ծովի արևմտյան մասի երկրները[1]։

«Աշխարհացույցի» հիման վրա Ս. Երեմյանը կազմել է Հայաստանի և հարևան երկրների քարտեզը։ Քարտեզը կազմելիս Ս. Երեմյանն օգտվել է նաև 387 թ. Հայաստանի առաջին բաժանումից մինչև 591 թ. Հայաստանի երկրորդ բաժանումը գրավոր աղբյուրներում (պայմանագրեր, հիշատակումներ) վկայված բնակավայրերի, գետերի, լճերի անվանումներից, ինչպես նաև «Աշխարհացույցից» առաջ ու նրան ժամանակակից պատմիչների, այդ թվում Եղիշեի, Խորենացու, Ագաթանգեղոսի, Բուզանդի, Սեբեոսի և այլ հեղինակների աշխատություններից[1]։

«Աշխարհացույցում» Արարատյան դաշտի այլ բնակավայրերի շարքում հիշատակվում է նաև Երևանը (Երևանի բերդով)։ «Աշխարհացույցում» Terva կամ Terua անվամբ բնակավայր չկա։ «Աշխարհացույցի» տեղեկությունների հիման վրա Երեմյանի կազմած քարտեզում նույնպես նշված է Երևանը։ Սակայն ավելի վաղ Երեմյանի վերականգնած «Ասիայի երրորդ քարտեզում» (ըստ Պտղոմեոսի տեղեկությունների) Terua-ն նշված է Մեծ Հայքի կազմում, Արմավիրից, Արտաշատից և Արաքս գետից հարավ։ Այդ բնակավայրը Ս. Երեմյանը համադրում է Դարոյնքի հետ և տեղադրում Արաքսից հարավ-արևմուտք[1]։

«Աշխարհացույցի» տեղեկությունների հիման վրա կազմված քարտեզում Terva կամ Terua անվամբ բնակավայր չկա, բայց կա Երևան անվամբ բնակավայր, որովհետև Հայաստանում այդ անունով բնակավայր չի եղել և «Աշխարհացույցի» հեղինակը` Շիրակացին, հավանաբար առաջիններից մեկն է եղել, որ հասկացել է հույն արտագրող գրիչների սխալը[1]։

15-17-րդ դարեր խմբագրել

 
Հայաստանի քարտեզն ըստ Պտղոմեոսի

1482 թ. Հռոմում իտալացի Բոնոնիի կողմից մագաղաթի վրա պատկերվեց Պտղոմեոսի «Աշխարհագրության» ատլասը։ Ատլասի պայմանական անվամբ «Քարտեզ 17-ում» ներկայացված են Պտղոմեոսի աշխատության մեջ նշված Մեծ Հայքի և Փոքր Հայքի բնակավայրերը։ Մեծ և Փոքր Հայքը նշված են միասին՝ մեկ էջի վրա, ինչը չի հանդիպում այլ քարտեզներում[6]։ Քարտեզում նշված են հայոց Տուշպա (Վան), Տիգրանակերտ, Արտաշատ, Արմավիր, Արտամետ, Նաքսուանա (Նախիջևան), Մելիտենա (Մալաթիա) և այլ բնակավայրեր, որոնց թվում նաև Terva բնակավայրը։

 
Երևանը Tertia Asiae tabula ատլասում

Մարտին Վալդսեմյուլլերը Պտղոմեոսի աշխատության հիման վրա պատրաստում և 1513 թ. Լոթարինգիայում հրատարակում է Tercia Asiae Tabula (Հայաստանը և այլ երկրներ) քարտեզը (ավելի ուշ հրատարակվել են նաև այլ տարածաշրջանների քարտեզներ)։ Քարտեզում Սև և Կասպից ծովերի միջև պատկերված են այդ տարածաշրջանի երկրները։ Մեծ Հայքը պատկերված է կենտրոնում։ Քարտեզում նշվել են մի շարք քաղաքներ ու բնակավայրեր, այդ թվում Terva բնակավայրը[1]։

 
Երևանը Ջ. Մերկատորի 1579 թ․ ատլասում

157չ թ. տպագրվել է Ջ. Մերկատորի կողմից պատրաստված «Մեծ Հայքի, Իբերիայի, Կողքիսի և Ալբանիայի» քարտեզը։ Ինչպես նախորդ դեպքում, այստեղ էլ Հայաստանի շատ բնակավայրերի շարքում նշված է Terua բնակավայրը[1]։

 
Երևանը Ջ․ Մաջինիի քարտեզում

Հաջորդ քարտեզը 1597-1598 թթ. Վենետիկում Ջ. Մաջինիի հրատարակած «Ասիայի III Աղիւսակ» քարտեզն է։ Կարևորագույն քաղաքների շարքում դարձյալ հիշատակվում է Terua բնակավայրը[1]։

1605 թ. հրատարակված ու 1698 թ. վերահրատարակված Հենդրիկ Հոնդիուսի կողմից կազմած «Մեծ Հայքի, Իբերիայի, Կողքիսի և Ալբանիայի քարտեզ»-ում, որն իրականում Ջ. Մերկատորի քարտեզի վերահրատարակությունն էր փոքր փոփոխություններով, Մեծ Հայքի բնակավայրերի շարքում նշված է Terua բնակավայրը[1]։

1653 թ. Ֆիլիպ դե լա Ռուի պատրաստած «Հայաստանի քարտեզում» ներկայացված են Հայաստանի չորս նահանգները` Մեծ Հայքը, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայքերը։ Մեծ Հայքի կազմում կրկին նշված է Terua բնակավայրը[1]։

 
Երևանը Ն․ Սանսոնի ատլասում

1658 թ. Պտղոմեոսի «Աշխարհագրության» հիման վրա ֆրանսիացի քարտեզագիր Նիկոլաս Սանսոնը պատրաստել ու տպագրել է ատլաս, որի մեջ ներկայացրել է նաև «Հայաստանի, Իբերիայի, Կողքիսի ու Ալբանիայի» քարտեզը։ Հայաստանի բնակավայրերի շարքում նշված է Terua բնակավայրը։ Այս քարտեզում կան մի շարք սխալներ, հատկապես անուններում[1]։

Աշխարհագրագետ Ֆիլիպ Դիվ Վալի կողմից 1676 թ. պատրաստված քարտեզում, որի համար հիմք են հանդիսացել արաբ պատմաբան և աշխարհագրագետ Իսմայիլ Աբուլֆեդայի (1273-1332 թթ) տեղեկությունները, Հայաստանի քաղաքների շարքում Երևանը նշված է Erivan անվամբ[1]։

 
Երևանը Ա․ Մալլետի քարտեզում
 
Երևանը Արարատ լեռան և Նոյյան տապանի պատկերով

Eiruan ձևով Երևանը նշված է Ալեն Մալլետի «Տիեզերքի բացատրությունը» հինգ հատորանոց գրքի երրորդ հատորի Ասիային նվիրված գրքի քարտեզում, որի ֆրանսերեն օրինակը տպագրվել է 1683 թ., իսկ գերմաներեն թարգմանությունը` 1719 թ.: Երևանը համարվում է Հայաստանի կարևոր քաղաքներից մեկը և նշված է Կարսի ու Էրզրումի հետ[7]։ Հետաքրքիր է, որ պատկերված է նաև տեսարան Երևանից, Արարատ սարով ու Նոյյան տապանով, իսկ սարից վեր, ամպերի վրա գրված է Erivan[1]:

 
Երևանը Ռ․ Մորդենի քարտեզում

Անգլիացի Ռոբերտ Մորդենի պատրաստած «Սրբագրված աշխարհագրություն» ատլասը տպագրվել է 1680 թ., 1686 թ., 1688 թ. և 1770 թ.: 1688 թ. տպագրված քարտեզում պատկերված են Հայաստանը, Վրաստանը և հարևան երկրները։ Նշված բնակավայրերի շարքում Երևանը հիշատակվում է Ervan ձևով[1]։

 
Երևանի հատակագիծը՝ ըստ Շարդենի

Երևան անունը Irivan իրանական ձևով է օգտագործում ֆրանսիացի Ժան Շարդենը, ով 1664-1667 թթ. ճանապարհորդել է Արևելքում, եղել Հայաստանում, Իրանում, Թուրքիայում և այլ երկրներում։ 1686 թ. Լոնդոնում հրատարակվել է նրա «Ճանապարհորդություն դեպի Պարսկաստան և Արևելյան Հնդկաստան, Սև ծովի և Կողքիսի միջով» գիրքը, որտեղ Հայաստանին նվիրված մասում ներկայացված է նաև Երևանի հատակագիծը։ Քարտեզի վերևում, ինչպես Մալլետի քարտեզի դեպքում է, գրված է Irivan[1][4],:

Եվրոպացի քարտեզագիր և փորագրիչ Յոհան Բապտիստ Հոմանի (1664-1724) հատակագիծ-քարտեզի վերին հատվածում գրված է՝ Erivan՝ Հայաստանի գլխավոր քաղաք[1]։

18-րդ դար խմբագրել

Մոտավորապես 1710 թ. Նիդերլանդների Լեյդեն քաղաքում տպագրված «Նոր և հետաքրքիր ատլաս»-ում Հայաստանի այլ քաղաքների շարքում նշված է Erivan-ը։ Քարտեզը պատրաստել է Վան դեր Աան[1]։

 
Երևանը Հ․ Մոլի քարտեզում

Հոլանդացի Հերման Մոլի կողմից Լոնդոնում 1729 թ. հրատարակված քարտեզում Երևանը ևս նշված է Erivan ձևով[1]։

Օսմանցի առաջին աշխարհագիր Քյաթիբ Չելեբիի (1609-1657) «Աշխարհացույց» աշխատության հիման վրա 1732-1735 թթ հրատարակված քարտեզում (օսմաներեն) Երևանը հիշատակվում է Revan անունով[8]։ Մ. Խորենացու «Հայոց պատմություն» և Ա. Շիրակացու «Աշխարհացույց» աշխատությունների համատեղ հրատարակությունների համար եղբայրներ Ուիստոնների կողմից 1736 թ. Լոնդոնում տպագրած Միջնադարյան Հայաստանի քարտեզում (լատիներեն, հայերեն) Երևանը հիշատակվում է Erivanum ձևով[1]։

Հետաքրքիր է ֆրանսիացի քարտեզագիր Ռ. Վուգոնդիի 1762 թ. հրատարակած «Միջնադարյան Աշխարհի քարտեզը», որտեղ հիշատակված քիչ բնակավայրերից նշվում է Երևանը՝ Erivan ձևով[1]։

Այսպիսով, հայոց Արարատ-Ուրարտու պետության թագավոր Արգիշտի Ա-ի արձանագրության մեջ Erebuni անունով հիշատակվելուց հետո Երևանն աշխարհի հնագույն քարտեզներում հանդես է գալիս Terva, Terua, Erivan, Eiruan, Erivan, Ervan, Irivan, Revan, Erivanum և այլ անուններով, իսկ հայ միջնադարյան մատենագրության մեջ հիշատակվում է Յերեւան («յերեւան»), Էրիւան, Արիւան, Էրւան, Իրվան և այլ ձևերով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 Անժելա Ավետիսի Տերյան, Երևան-2, Գիտական հոդվածների ժողովածու, 2009 թ.
  2. Ժան Շարդեն, Ճանապարհորդություն դեպի Պարսկաստան, Լոնդոն, 1686, հ.1, էջ 244
  3. Հ. Հակոբյան, «Աղբյուրներ Հայաստանի և Անդրկովկասի պատմության, ուղեգրություններ», հ. Զ, Երևան, 1934, էջ 454
  4. 4,0 4,1 «Սըր Ժան Շարդենի ճանապարհորդությունները Պարսկաստանով և Արևելյան Հնդկաստանով», անգլերենից թարգմանությունը՝ Գ. Պողոսյանի, Երևան, 2008 թ.
  5. Ս. Երեմյան, «Հայաստանն ըստ «Աշխարհացույցի», Երևան, 1963, էջ 66
  6. Ռ. Գալչեանի, «Հայաստանը համաշխարhային քարտեզագրության մեջ», Երևան, 2005
  7. Mallet, Allain Manesson, Chez Denys Thierry, Rue S. Jacques, MDCLXXXIII, Paris, 1683, vol. 3, p. 211
  8. Ռ. Գալչեան, «Հայաստանը համաշխարhային քարտեզագրության մեջ», Երևան, 2005, էջ 201
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 418-419