Դրվագման նյութեր շինարարության մեջ, նյութեր և շինվածքներ, որոնք կիրառվում են շենքերի և կառույցների զարդարման և շահագործման որակը բարձրացնելու, շինարարական կոնստրուկցիաները մթնոլորտային և այլ ազդեցություններից պաշտպանելու նպատակով։ Դրվագման նյութեր են դրվագման շաղախները և բետոնը, բնական և արհեստական քարերը, դրվագման խեցեսալը, փայտե, թղթե, ապակե, պլաստմասսայե, մետաղե շինվածքները և նյութերը, լաքաներկման նյութերը։ Սովորաբար դրվագման նյութերը նախատեսվում են ներքին կամ արտաքին, իսկ որոշ նյութեր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դրվագման աշխատանքների համար (օրինակ, դեկորատիվ բնական քարը, խեցենյութերը և այլն)։ Առանձին խումբ են կազմում հատակի պատման նյութերը։ Դրվագման նյութեր են նաև որոշ ակուստիկ նյութեր, որոնք միաժամանակ կարող են կիրառվել որպես ձայնակլանիչ ծածկույթներ, իսկ հանդիսադիր կառույցներում (թատրոններ, համերգասրահներ և այլն)՝ ինտերիերների հարդարիչներ։ Ըստ շինարարական կոնստրուկցիայում կատարած դերի, դրվագման նյութերը լինում են հատուկ (լաքեր և ներկեր, պաստառ, լինոլեում և այլն) և կոնստրուկցիոն դրվագման (դեկորատիվ բետոն, երեսապատման աղյուս, ապակեբլոկ և այլն)։ Մեծ խումբ են կազմում երեսապատման նյութերը և շինվածքները, որոնք թողարկվում են թերթերի, սալերի ու սալիկների ձևով և ունեն շահագործման ու ճարտարապետա-դեկորատիվ բարձր որակ։ Հնուց կիրառվող դրվագման նյութերից է բնական քարը, որն ունի գեղեցիկ տեսք և դիմացկունություն։ Երեսապատման շինվածքներ ստանալու համար օգտագործում են գրանիտ, սիենիտներ, գաբբրո, կրաքարեր, մարմար, Հայաստանում նաև տուֆ և այլ ապարներ։ Բնական քարից դրվագման նյութեր օգտագործում են պատերի արտաքին և ներքին դրվագման, հասարակական շենքերի և կառույցների (թատրոնների, հյուրանոցների, մետրոյի կայանների և այլն), հատակի պատման, ինչպես նաև բետոնե և երկաթբետոնե մասերի ու տարրերի մակերևույթների դրվագման (դեկորատիվ խճանկարով) համար։ Արհեստական քարերից ստացված դրվագման նյութերից առավել տարածված են խեցենյութերը, որոնք կիրառվում են բնակելի և հասարակական շենքերի արտաքին (երեսապատման աղյուս, ճակատամասի սալեր ու սալիկներ և այլն) ու ներքին (երեսապատման ջնարակված սալիկ, հատակի պատման սալիկ և այլն) դրվագման համար։ Ապակուց պատրաստված դրվագման նյութերը աչքի են ընկնում հարուստ գունաշարով, շահագործման բարձր հատկություններով, դիմացկունությամբ և, գլխավորապես, օգտագործում են հասարակական շենքերի ու կառույցների արտաքին դրվագման համար։ 20-րդ դարի 60-ական թվականներին շինարարության մեջ կիրառվում են ապակեբյուրեղային նյութեր (սիտալներ և խարամասիտալներ), որոնք ունեն մեխանիկական բարձր հատկություններ և կոռոզիակայուն են։ Դրվագման նյութեր են նաև դեկորատիվ բետոնները և շաղախները, որոնք լայնորեն կիրառվում են լրիվ հավաքովի շենքերի կոնստրուկցիաների գործարանային դրվագման ժամանակ։ Բարձր դրվագման-դեկորատիվ հատկություններ ունեցող մետաղները (պողպատ, թուջ, ալյումին, պղինձ, տիտան) թանկ են և օգտագործվում են հիմնականում եզակի շենքերի ու կառույցների երեսապատման համար։ Փայտանյութից դրվագման նյութեր (դեկորատիվ ֆաներա, շպոն, պարկետ, փայտաթելքավոր և փայտատաշեղային սալեր և այլն) ստանալու համար օգտագործում են ոչ միայն դեկորատիվ (կաղնի, հաճարենի, ընկուզենի և այլն), այլև մանրազնին մշակված հասարակ ծառատեսակները (կեչի, սոճի և այլն)։ Հեռանկարային են պլաստմասսայե դրվագման նյութերը։ Դրանք բազմագույն են, կոռոզիակայուն, ունեն սանիտարահիգիենիկ բարձր հատկություններ։ Հիմնականում կիրառվում են ներքին դրվագման համար։ Լաքաներկման նյութերը կիրառվում են ներկման աշխատանքների համար։ Ժամանակակից շինարարության մեջ լայնորեն կիրառվում են սինթետիկ ներկերը և լաքերը, որոնց շնորհիվ հնարավորություն է ընձեռվել զգալիորեն կրճատելու դրվագման աշխատանքները, բարձրացնելու շինարարական կոնստրուկցիաների պաշտպանական ու դեկորատիվ հատկությունները։

Հայաստանում արտադրվում են բազմապիսի դրվագման նյութեր, հատկապես մեծ քանակությամբ տուֆի և մարմարի սալեր, խեցեսալեր, լինոլեում, ներկանյութեր, պարկետ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 456