Պլաստմասսա, օրգանական միացություն, որի հիմքը կազմում են պոլիմերները։

Պլաստմասսայի օգտագործմամբ արտադրված կամ լիովին պլաստմասսե իրեր

Պլաստմասսաների մի մասը (թերմոպլաստերը) բարձր ջերմության ազդեցության տակ ենթարկվում է հալման (այդ վիճակում ենթակա է կաղապարման)։ Այդ տեսակի պլաստմասսաները եռակցվում են։

Մյուս տեսակները (անգ. thermoset; elastomer) հալման, ձևավորման և եռակցման չեն երթարկվում։

Հակիրճ տեղեկություն խմբագրել

Պլաստմասսաները սինթետիկ կամ կիսասինթետիկ ամենաբազմազան պոլիմերներից կազմված նյութեր են, որոնք հեշտությամբ մշակման են ենթարկվում և կարող են կաղապարվել՝ վերափոխվելով պինդ առարկայի։

Պլաստիկությունը այն բոլոր նյութերի գլխավոր հատկությունն է, որոնք կարող են անդառնալիորեն դեֆորմացվել առանց կոտրվելու։ Սակայն կաղապարման ենթարկվող պոլիմերների դասում այդ հատկանիշն այնքան լայն ընդգրկում ունի, որ դրանց ներկա անվանումն ինքնին բխում է հենց այդ առանձնահատկությունից։

Պլաստմասսաները տիպականորեն մոլեկուլյար բարձր զանգվածի օրգանական պոլիմերներ են, հաճախ նաև այլ նյութեր են պարունակում։ Դրանք սովորաբար սինթետիկ են, մեծ մասամբ ստացվում են նավթաքիմիական նյութերի մշակմամբ, սակայն կան նաև մի ամբողջ շարք տարբերակներ, որոնք պատրաստվում են հացահատիկից ստացվող պոլիլակտիկ թթվից կամ բամբակի լինտերից ստացվող ցելյուլոզից[1]։

Ցածր արժեքի, հեշտությամբ մշակման ենթարկվելու, անջրաթափանցության և բազմազանության շնորհիվ պլաստմասսաներն ամենալայն ընդգրկումով օգտագործվում են բազմաթիվ արտադրատեսակներում՝ սկսած թղթի ամրակներից և վերջացրած տիեզերանավերով։ Շատ դեպքերում դրանց գերադասում են ավանդական նյութերից՝ փայտից, քարից, ոսկրից, կաշվից, մետաղից, ապակուց։ Զարգացած տնտեսություններում կիրառվող պլաստմասսաների շուրջ մեկ երրորդն օգտագործվում է փաթեթավորման, մոտավորապես այդքան էլ՝ շինարարական նպատակներով (որպես խողովակներ, սանտեխնիկական նյութեր և այլն)։ Պլաստմասսաների լայնորեն կիրառման մյուս բնագավառներն են ավտոմեքենաշինությունը, կահույքի և խաղալիքների արտադրությունը։ Զարգացող երկրներում այդ ցուցանիշները կարող են տարբերվել վերոնշյալներից (օրինակ՝ Հնդկաստանում փաթեթավորման նպատակով օգտագործվում է երկրում կիրառվող պլաստմասսաների ամբողջ զանգվածի 42 տոկոսը)։

Պլաստմասսաները լայնորեն կիրառվում են նաև բժշկության բնագավառում՝ որպես պոլիմերային իմպլանտներ, բժշկական բազմազան այլ հարմարանքներ։

Աշխարհի առաջին ամբողջապես սինթետիկ պլաստմասսան՝ բեյքլիտը, հայտնագործվել է 1907 թվականին, Նյու Յորքում, Լեո Բեյքլանդի կողմից[2], ով հենց ինքն էլ հորինել ու գործածության մեջ է դրել 'plastics' պլաստմասսա եզրույթը[3]։ Բազմաթիվ քիմիկոսներ են իրենց ավանդը ներդրել պլաստմասսաների ուսումնասիրման և ստեղծման ասպարեզներում, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերման Սթոդինգերը, ում շնորհվել է նաև «Պոլիմերային քիմիայի հայր» պատվանունը, և Հերման Ֆրենսիս Մարկը, ով հայտնի է «Պոլիմերային ֆիզիկայի հայր» պատվանունով[4]։

Քսաներորդ դարում պլաստմասսաների կիրառման ծավալների հսկայածավալ ընդլայնումը, նկատի առնելով անգործածելի դառնալու, աղբի վերածվելու դեպքում դրանց քայքայման խիստ դանդաղ ընթացքը, հանգեցրեց բնապահպանական բնույթի մտահոգությունների։ Դարավերջին այդ հիմնախնդրի լուծման ուղիներից մեկը դարձավ պլաստմասսայե աղբի վերամշակման կազմակերպումը։

Ստուգաբանություն խմբագրել

Plastic բառն առաջացել է հունարեն πλαστικός (plastikos) բառից, որ նշանակում է "ձևավորվելու, կաղապարվելու ունակ" կամ πλαστός (plastos) ձևույթից, որ նշանակում է "կաղապարված".[5][6]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Life cycle of a plastic product. Americanchemistry.com. Retrieved 2011-07-01.
  2. American Chemical Society National Historic Chemical Landmarks. «Bakelite: The World's First Synthetic Plastic». Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  3. Edgar, David; Edgar, Robin (2009). Fantastic Recycled Plastic: 30 Clever Creations to Spark Your Imagination. Sterling Publishing Company, Inc. ISBN 978-1600593420 – via Google Books.
  4. Teegarden, David M. (2004). Polymer Chemistry: Introduction to an Indispensable Science. NSTA Press. ISBN 978-0873552219 – via Google Books.
  5. Plastikos, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, at Perseus. Perseus.tufts.edu. Retrieved on 2011-07-01.
  6. Plastic, Online Etymology Dictionary. Etymonline.com. Retrieved on 2011-07-01.

Արտաքին հղումներ խմբագրել

Հղումներ խմբագրել