Բետոն
Բետոն (ֆրանսերեն béton բառից), արհեստական քարե շինանյութ, ստացվում է կապակցող (ցեմենտ կամ այլ) նյութից, խոշոր և մանր լցանյութերից, ջրից բաղկացած, ճիշտ ընտրված և խտացված խառնուրդի ձևավորման և պնդացման արդյունքում։ Մի շարք դեպքերում իր կազմում կարող է ունենալ հատուկ հավելանյութեր, ինչպես նաև՝ չպարունակել ջուր (օրինակ՝ ասֆալտաբետոն)։
Պատմություն
խմբագրելՀայտնի է ավելի քան 6000 տարի (Միջագետք), լայն կիրառություն է ունեցել Հին Հռոմում։
Պատրաստումը
խմբագրելՑեմենտային բետոնն արտադրվում է ցեմենտը, ավազը, խիճը և ջուրը խառնելու ճանապարհով, որոնց հարաբերակցությունը կախված է ցեմենտի մակնիշից, ավազի և խճի տրամաչափից և խոնավությունից։ Ոչ մեծ քանակով անհրաժեշտության դեպքում ավելացվում են տարբեր տարբեր հավելանյութեր՝ առաձգականություն, ջրադիմացկունություն հաղորդող և այլն։ Բետոնի արտադրության ժամանակ ցեմենտն ու ջուրը հանդիսանում են գլխավոր կապակցող բաղադրիչները։ Օրինակ, 400 մակնիշի ցեմենտ օգտագործելու դեպքում 200 մակնիշի բետոն ստանալու համար կիրառվում է 1։ 3։ 5։ 0,5 հարաբերակցությունը։ Իսկ ահա 500 մակնիշի ցեմենտ օգտագործելու դեպքում այդ պայմանական հաաբերակցության դեպքում ստացվում է 350 մակնիշի բետոն։ Բետոնի կարևոր հատկանիշներից է ջրի և ցեմենտի հարաբերակցությունը (նշանակվում է «Ջ/Ց»)։ Այդ հարաբերակցությունից ուղղակիորեն կախված է բետոնի ամրությունը՝ ինչքան փոքր է Ջ/Ց-ն, այնքան բետոնն ավելի ամուր է։ Տեսականորեն, ցեմենտի հիդրատացիայի համար բավարար է Ջ/Ց=0,2 հարաբերակցությունը, սակայն, այսպիսի բետոնն ունենում է չափազանց ցածր առաձգականություն և գործնականում կիրառվում է Ջ/Ց=0,3÷0,5 հարաբերակցությունը։
Չափազանց շատ ջուր ավելացնելու դեպքում մեծանում է բետոնի շարժունությունը, սակայն, դրա հետևանքով մի քանի անգամ ընկնում է ամրությունը, դրա համար հարկավոր է, որ ճշտությամբ պահպանվի ջուր-ցեմենտ հարաբերակցությունը։
Բետոնի տեսակները
խմբագրել- Ըստ նշանակման՝
- սովորական (արդյունաբերական և քաղաքացիական շենքերի համար)
- հատուկ՝
- հիդրոտեխնիկական, ճանապարհային, ջերմամեկուսիչ, դեկորատիվ,
- հատուկ նշանակության՝ քիմիականապես կայուն, ջերմադիմացկուն, ձայնակլանիչ, միջուկային ճառագայթումից պաշտպանող և այլն։
- Ըստ կապակցանյութի տեսակների՝
- ցեմենտային
- սիլիկատային
- գիպսային
- ասֆալտային և այլն
- Ըստ լցանյութերի հատիկների չափերի բետոնները լինում են.՝
- մանրահատ, երբ լցանյութի հատիկաչափերը մինչև 10 մմ,
- խոշորաչափ,երբ լցանյութի հատիկաչափերը (10-150) մմ։
- Ըստ կառուցվածքի տարբերում են.
- խիտ,
- ծակոտկեն,
- խոշորածակոտկեն (անավազ),
- ծակոտկենացված,
- բջջային բետոններ։
- Ըստ ծավալային զանգվածի՝
- հատկապես ծանր (խտությունը` 2500 կգ/մ³-ից ավել)` բարիտային և այլն
- ծանր (խտությունը` 2200÷2500 կգ/մ³)
- թեթևոտ (խտությունը` 1800÷2200 կգ/մ³)
- թեթև բետոն (խտությունը` 500÷1800 կգ/մ³)` խարամաբետոն, փրփրաբետոն, պերլիտային բետոն
- առանձնապես թեթև (խտությունը` մինչև 500 կգ/մ³)
Տեղավորումը, խտացումը
խմբագրելԲետոնի պնդացման համար օպտիմալ են Ցելսիուսի +5-ից +30 ջերմաստիճանները։ Բետոնը տեղավորելուց անմիջապես հետո այն հարկավոր է խտացնել։ Խտացումն իրականացվում է թրթռիչների (վիբրատոր) միջոցով։
Բնութագրող ցուցանիշները
խմբագրելԲետոնի հատկությունները բնութագրող ցուցանիշներն են դասը և մակնիշը։ Բետոնի դասը նրա հատկանիշներից որևէ մեկի թվային արտահայտությունն է, նշանակվում է լատինական «B» տառով և մեգապասկալներով (ՄՊա) արտահայտված այն ճնշումը, որին դիմանում է։ Օրինակ, В25 նշանակումը ցույց է տալիս, որ այդ բետոնը դիմանում է 25 ՄՊա ճնշմանը։ Բետոնի ամրությունը բնորոշելու համար կիրառվում է նաև «մակնիշ» հասկացությունը, որը նշանակվում է «М» տառով և սեղմման նկատմամբ դիմացկունության սահմանը կգ/սմ3-ներով արտահայտող 50-ից մինչև 1000 թվերով։
Բետոնի դասը ըստ ամրության | Բետոնի մոտակա մակնիշը |
---|---|
B3,5 | М50 |
B5 | М75 |
B7,5 | М100 |
B10 | М150 |
B12,5 | М150 |
B15 | М200 |
B20 | М250 |
B22,5 | М300 |
B25 | М350 |
B27,5 | М350 |
B30 | М400 |
B35 | М450 |
B40 | М550 |
B45 | М600 |
B50 | М700 |
B55 | М750 |
B60 | М800 |
B65 | М900 |
B70 | М900 |
B75 | М1000 |
B80 | М1000 |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բետոն կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 415)։ |