Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիմֆոնիա № 9 (այլ կիրառումներ)

Սիմֆոնիա № 9 Ռե մինոր, Օպ․ 125, Լյուդվիգ վան Բեթհովենի վերջին ավարտած սիմֆոնիան։ Ավարտելով 1824 թվականին՝ այն ներառում է Ֆրիդրիխ Շիլլերի Ode an die Freude («Ձոն ուրախության») պոեմից մի մաս, որի տեքստը վերջին մասում կատարվում է մենակատարի և երգչախմբի կողմից։ Սա առաջին դեպքն է, երբ կոմպոզիտորը գործիքների հետ մեկտեղ սիմֆոնիայում օգտագործել է նաև մարդկային ձայնը։ «Ձոն ուրախության» հատվածը Հերբերտ ֆոն Կարայանի վերադաշնակմամբ օգտագործվում է որպես Եվրոպայի օրհներգ։

Կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովեն
Սիմֆոնիայի չորրորդ մասի ձեռագիր

Առաջին անգամ սիմֆոնիան հրատարակվել է գերմաներեն Sinfonie mit Schlusschor über Schillers Ode «An die Freude» für großes Orchester, 4 Solo und 4 Chorstimmen componiert und seiner Majestät dem König von Preußen Friedrich Wilhelm III in tiefster Ehrfurcht zugeeignet von Ludwig van Beethoven, 125 tes Werk անվանմամբ, սակայն նրա ավելի ընդհանուր, պաշտոնական անվանումն է «Սիմֆոնիա № 9 Ռե մինոր, Օպ․ 125»:

Այս սիֆոնիան հանդիսանում է դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից մեկը և համարվում Բեթհովենի գլուխգործոցը, ով ստեղծել է այն՝ լիովին կորցրած լինելով լսողությունը։ Ստեղծագործությունը մեծ դեր է խաղում նաև ժամանակակից հասարակության մեջ։ Իններորդ սիմֆոնիան իր մեջ ամփոփում է Բեթհովենի որոնումները սիմֆոնիկ երաժշտության ժանրում, և ամենից առաջ հերոսական գաղափարները, պայքարի ու հաղթանակի կերպարները, որոնց որոնումները սկսվել էինդ դեռ քսան տարի առաջ «Հերոսական սիմֆոնիայում»։ Իններորդ սիմֆոնիայում նա հանգում է առավել էպիկական և ն որարարական որոշման, ընդլայնում է երաժշտության փիլիսոփայական հնարավորությունները և նոր էջ բացում սիմֆոնիկ երաժշտության ժանրում։

Ստեղծման պատմություն խմբագրել

Բեթհովենը սկսել է աշխատել ստեղծագործության վրա 1822 թվականին։ Սիմֆոնիայի առաջին մասի էսքիզը պահպանվել է Բեթհովենի 1809 թվականի նոթատետրում, սիմֆոնիայի ստեղծումից 8 տարի առաջ, իսկ երկրորդ մասը գրել էր դեռևս 1815 թվականին։ Այս ստեղծագործության վրա Բեթհովենն աշխատեց երկու տարի, սակայն դրա գաղափարը նրա մտքում զարգանում էր ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում։ Դեռ Վիեննա մեկնելուց առաջ, 1790-ականներին, նա երազում էր Ֆրիդրիխ Շիլլերի «Ձոն ուրախության» պոեմի համար գրել երաժշտություն, որը երևան գալով 1785 թվականին, խանդավառության աննախադեպ ալիք բարձրացրեց երիտասարդների շարքերում՝ մարդկությանն ուղղված եղբայրության ու միասնության կոչով։ Սկսած «Փոխադարձ սեր» երգից (1794 թ.) կամաց-կամաց ձևավորվեց ու մարմին առավ այդ պարզ, բայց հրաշալի մեղեդին, որին վիճակված էր երգչախմբային հզոր հնչողությամբ դառնալ Բեթհովենի ստեղծագործության թագն ու պսակը։ Վերջաբանում խոսք ներմուծելու որոշումը Բեթհովենը կայացրեց միայն երկար տատանումից հետո, քանի որ ընդունված չէր սիմֆոնիայում նվագարաններից բացի նաև մարդկային ձայն օգտագործել։ Դեռևս 1823 թվականի հուլիսին նա ակնկալում էր ավարտել 9-րդ սիմֆոնիան սովորական գործիքային մասով, և, ինչպես հիշում էին նրա բարեկամները, անգամ պրեմիերայից հետո որոշ ժամանակ այդ միտքը նրան չէր լքում։

Իններորդ սիմֆոնիայի պրեմիերան խմբագրել

 
Ավստրիացի երգչուհի Կարոլին Ունգերը, որն Իններորդ սիմֆոնիայի պրեմիերայի ավարտին, բռնելով Բեթհովենի ուսերից, շրջեց դեպի դահլիճը:

1824 թվականի մայիսի 7-ին Վիեննայի մեծ համերգասրահում կայացավ 9-րդ սիմֆոնիայի պրեմիերան՝ նվիրված Պրուսիայի արքա Ֆրիդրիխ Վիլհելմ Գ-ին։ Կոմպոզիտորն ամբողջությամբ կորցրած լսողությունը, կանգնելով դիրիժորական հարթակին, միայն ցույց էր տալիս ամեն մասի սկզբի տեմպը, իսկ նվագախումբն ու երգչախումբը ղեկավարում էր վիեննացի կապելմայստեր Ումլաուֆը։ Չնայած փորձեր քիչ էին արվել, բայց 9-րդ սիմֆոնիան միանգամից մեծ տպավորություն գործեց հանդիսատեսի վրա։ Բեթհովենին ողջունեցին փոթորկալից ծափահարություններով ու մեծ խանդավառությամբ։ Սակայն լսողությունը կորցրած կոմպոզիտորը, վերջին ակկորդներից հետո դեռ երկար ժամանակ չէր համարձակվում շրջվել դեպի դահլիճը՝ վախենալով, թե այնտեղ կտեսնի սառն ընդունելություն, քննադատող ու իր այդքան տարիների տառապանքի արդյունքը մերժող դեմքեր։ Այդ պահին նրան է մոտենում երգչախմբի շարքերից դուրս է գալիս երգչուհիներից մեկը՝ Կարոլին Ունգերը, և ձեռքերը դնելով մաեստրոյի ուսերին՝ շրջում դեպի դահլիճը։ Այդ պահը գեղեցիկ կերպով նկարագրված կա Անտոնին Զգորժի «Միայնակ ընդդեմ ճակատագրի» վեպում. «Այն, ինչ տեսավ Բեթհովենը, ցնցեց նրան։ Հարյուրավոր հրճվագին դեմքեր, իրեն ողջունող անթիվ-անհամար ձեռքեր, բուռն ծափեր՝ պարտերից, օթյակներից։ Ո՛չ, նա չէր լսում, թե ինչպես էր թնդում դահլիճը։ Հիացմունքի ալիքները զարնվում էին պատերին, բարձրանում մինչև առաստաղ, և ընկնում ներքև, որպեսզի վեր սուրան նոր ուժով։ Բայց նա տեսնում էր մարդկանց՝ ձեռքերով ծածկված հեկեկացող դեմքերը։ Շատերը նետվեցին դեպի նա, որ շփոթված կանգնել էր բեմահարթակին։ Առաջին շարքերից մարդիկ վեր էին թռել, վազել դեպի բեմ, ձգվել էին դեպի Բեթհովենը, ասես ուզում էին սեղմել նրա ձեռքը բոլորի փոխարեն, ովքեր չէին կարող մոտենալ նրան։ Իրենց տեղերից վեր կացան նաև երաժիշտները։ Նրանք աղեղներով տկտկացնում էին իրենց ջութակներին, վիոլաներին, թավջութակներին, կոնտրաբասներին, հետո գործիքները դրեցին աթոռներին և երգչախմբի հետ միասին կատաղորեն ծափահարեցին։ Բեթհովենը խոնարհեց ճերմակել սկսող խիտ մազերով գլուխը, և նրա ձեռքի ծաղիկները նույնպես խոնարհվեցին։ Այդ պահին նրա հոգին գտնվում էր հեռվում։ «Ուրախության ձոնի» թևերով այն վերադարձել էր հայրենի Հռենոս։ Նա տեսնում էր իրեն, ստեղներին չհասնող փոքրիկ տղային, և նա կարծես հպվեց, ինչպես մի ժամանակ, մոր ձեռքին»։

Իններորդ սիմֆոնիան հայ իրականության մեջ խմբագրել

Հայ կատարողական արվեստի պատմության մեջ որպես Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի պրեմիերայի օր նշանավորվեց 1941 թ. մարտի 10-ը։ Այն հնչեցրին Երևանի օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, մեներգիչները և Հայաստանի պետական կապելլան` Արամ Տեր-Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Այս սիմֆոնիայի հաջորդ կատարումը իրագործել է Միքայել Մալունցյանը` Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի և ՈՒկրաինական «Տրեմբիտա» կապելլայի և հայ մեներգիչների հետ։ Այս նշանակալի իրադարձությանը անդրադարձել էր անվանի դաշնակահար Կոնստանտին Իգումնովը` «Հայֆիլհարմոնիայի լուրջ նվաճումը» հոդվածով (Коммунист, 22 июня, 1974 г.): 2-րդ աշխարհամարտի ժամանակաշրջանում Հայաստանում Բեթհովենը ամենահաճախ կատարվող կոմպոզիտորներից էր։ Եվ դա հատուկ խորհուրդ ուներ, մանավանդ երբ հայտագրերում Բեթհովենի անվան կողքին նշված էին լինում ռուս կոմպոզիտորների անունները։ Օհան Դուրյանի ղեկավարմամբ Հայաստանում հնչել են Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները։ Հովհաննես Չեքիջյանն այս սիմֆոնիան կատարել է տարբեր երկրներում տարբեր երաժշտախմբերի հետ շուրջ 60 անգամ։

Նվագախմբի կազմ խմբագրել

Փայտե փողային
Ֆլեյտա պիկոլո
2 ֆլեյտա
2 Հոբոյ
2 Կլարնետ
2 Ֆագոտ
Կոնտրաֆագոտ (միայն չորրորդ մասում)
Պղնձե փողայիններ
4 Վալտորն (1-ը D, մնացածը B)
2 Շեփոր (D, B)
3 Տրոմբոն
Հարվածային
Լիտավր
Եռանկյունի
Ափսեներ
Մեծ թմբուկ
Լարային
I և II ջութակներ
Ալտեր
Թավջութակներ
Կոնտրաբասներ
Վոկալ
Սոպրանո (սոլո)
Կոնտրալտո (սոլո)
Տենոր (սոլո)
Բարիտոն (սոլո)
Խառը երգչախումբ

Մասեր խմբագրել

  1. Allegro ma non troppo, un poco maestoso
  2. Molto vivace
  3. Adagio molto e cantabile
  4. Presto (երգչախմբով)

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Քաղաքային լեգենդը վկայում է, որ կոմպակտ դիսկի ստեղծողները դրա ծավալն այնպես են հաշվարկել, որ դրա վրա հնարավոր լինի ամբողջությամբ ձայնագրել Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան (այն ժամանակ աշխարհի ամենաերկար դասական երաժշտական ստեղծագործությունը), որը տևում է մոտ 74 րոպե[1]։
  • 2003 թվականի մայիսի 22-ին «Սոթբիս» աճուրդում 9-րդ սիմֆոնիայի պարտիտուրը վաճառվել է 3.48 միլիոն դոլլարով[2][3]։
  • 9-րդ սիմֆոնիան կարևորագույն նշանակություն ունի Լարովի նարինջ ֆիլմում՝ լինելով գլխավոր հերոսի սիրելի երաժշտությունը, որը խիստ դրամատիկ ավարտ է ունենում նրա համար։
  • 9-րդ սիմֆոնիան հնչել է որպես ԱՊՀ երկրների ֆուտբոլի հավաքականի հիմն ԽՍՀՄ հավաքականի հետ խաղում Շվեդիայում 1992 թվականի Եվրոպայի չեմպիոնների լիգայում։
  • 9-րդ սիմֆոնիայի մի հատվածը համարվում է Լիբերտադորեսի գավաթի հիմնը։
  • Ճապոնիայում սովորություն կա Նոր տարվա նախաշեմին կատարել 9-րդ սիմֆոնիան[4]։
  • Սիմֆոնիան հնչում է «Մարդասպանների դպրոց» անիմացիոն սերիալի վերջին սերիայում։

Երաժշտական հատվածներ խմբագրել

Ուշադրություն! Երաժշտական հատվածները MIDI ձևաչափով են։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «How the CD was developed» (անգլերեն). news.bbc.co.uk. 2007 թ․ օգոստոսի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. На торги Sotheby’s выставлена рукописная партитура 9-й симфонии Бетховена
  3. «Бетховена продали за 4 млн долларов». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  4. Японский бум на «Девятую симфонию» Бетховена