9-րդ սիմֆոնիայի անեծք, սնահավատություն, ըստ որի՝ սկսած Բեթհովենից` բոլոր այն կոմպոզիտորները, ովքեր գրում են 9-րդ սիմֆոնիա, կարճ ժամանակ անց մահանում են։

Երևույթի առաջացում խմբագրել

9-րդ սիմֆոնիայի անեծքի մասին առաջին անգամ բարձրաձայնել է Առնոլդ Շյոնբերգը` այդ նախապաշարմունքի հայտնաբերումը վերագրելով Գուստավ Մալերին։ Ըստ Շյոնբերգի՝ Մալերը նկատի ուներ երկու նախադեպ՝ Բեթհովենին, ով մահացել է 10-րդ սիմֆոնիայի վրա աշխատելիս, և Անտոն Բրուքներին, ով կյանքի վերջին շրջանում աշխատում էր 9-րդ սիմֆոնիայի վրա (վերջին մասը այդպես էլ չավարտեց), սակայն ըստ էության դա ևս 10-րդ սիմֆոնիան էր, քանի որ իր Բրուքները հրաժարվել էր իր սիմֆոնիաներից մեկից՝ համարի փոխարեն նշելով ∅ նշանը (այժմ այդ սիմֆոնիան հայտնի է որպես Սիմֆոնիա № 0)։ Ստեղծագործելիս Բրուքները հիմնվել է Բեթհովենի աշխատելաոճի վրա և 9-րդ սիմֆոնիան գրելիս վերցրել այն նույն տոնայնությունը, որով գրված է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան։ Շյոնբերգի պնդմամբ՝ Մալերը, այդ ամենի մեջ տեսնելով առեղծվածային օրինաչափություն, փորձել է շրջանցել այն և իր «Երգ հողի մասին» ստեղծագործությանը տվել «սիմֆոնիա» ենթավերնագիրը։ Դրանից հետո ավարտել է իր 9-րդ սիմֆոնիան և մահացել 10-րդի վրա աշխատելիս (հատկանշական է, որ Բեթհովենը ևս ուներ չհամարակալված սիմֆոնիա)։ 1912 թվականի հոկտեմբերի 12-ին Մալերի հիշատակին նվիրված խոսքում Շյոնբերգը նշել է[1].

  Նա, ով գրում է 9-րդը, շատ է մոտենում հանդերձյալ կյանքին։  

Հետագայում Ֆրանց Շուբերտը և Անտոնին Դվորժակը ևս դասվեցին այն կոմպոզիտորների շարքին, ում վրա տարածվել է 9-րդ սիմֆոնիայի անեծքը։ Ներկայումս ընդունված է համարել, որ Շուբերտին է պատկանում ինը սիմֆոնիա, թեև նրանցից երկուսը հեղինակը չի ավարտել (8-րդ սիմֆոնիան այդպես էլ կոչվում է՝ «Անավարտ», իսկ մի մաժոր սիմֆոնիան ամբողջությամբ գրվել է, բայց երբեք չի գործիքավորվել)։ Դվորժակը գրել է ինը սիմֆոնիա, սակայն նրանցից առաջինը հեղինակի կյանքի ընթացքում չի կատարվել նվագախմբի կողմից և չի հրապարակվել։ Հեղինակը դրա բնագիրը համարում էր անհետ կորած[1]։

Խնդրի հետագա պատմություն խմբագրել

9-րդ սիմֆոնիայի անեծքի հետ է կապված 20–րդ դարի կոմպոզիտորների մի ամբողջ շարք, որոնց սիմֆոնիկ արվեստը կանգ առավ 9-րդ սիմֆոնիայի վրա։ Նրանց թվում առավել հայտնիներն են՝ Ռալֆ Վոան Ուիլյամս, Մալկոլմ Առնոլդ, Կուրտ Ատտերբերգ, Ռոջեր Սեշենս, Վելլես Էգոն։ Ալեքսանդր Գլազունովը 1900-ական թվականների երկրորդ կեսին սկսեց աշխատել իր 9-րդ սիմֆոնիայի վրա, սակայն առաջին մասն ավարտելուց հետո կիսատ թողեց՝ ապրելով ևս երկուսուկես տասնամյակ։ 9-րդ սիմֆոնիան վերջինը դարձավ նաև Ալֆրեդ Շնիտկեի համար, ով գրել է այն անմիջապես մահվանից առաջ։ Շնիտկեի այրու խնդրանքով Նիկոլայ Կորնդորֆը վերսկսեց ստեղծագործության աշխատանքները, սակայն շուտով մահացավ[2]։

Դմիտրի Շոստակովիչը իր 9-րդ սիմֆոնիայի աշխատանքներն սկսելիս հաշվի էր առել պատմական նախադեպերը և դրանից հետո գրել ևս վեցը։ Սակայն երաժշտագետ Սոլոմոն Վոլկովի համոզմամբ անեծքը, այդուհանդերձ, հետապնդել է Շոստակովիչին։ 9-րդ սիմֆոնիան առաջացրել էր Ստալինի դժգոհությունը, ինչին հետևել էին 1940-50-ական թվականներին արտերկրում Շոստակովիչի կյանքում և կարիերայում առաջացած լուրջ խնդիրները[3]։

Նիկիտա Բոգոսլովսկին իր ութերորդ սիմֆոնիան անվանել է «Վերջին»։ Թեպետ կոմպոզիտորը դա մեկնաբանում էր՝ վստահեցնելով, որ «ամեն ինչ ասել է սիմֆոնիկ ժանրում», սակայն շատերը կարծում էին, որ Բեթհովենից հետո նա պարզապես վախեցել է գրել 9-րդ սիմֆոնիան։ 8-րդ սիմֆոնիայից հետո Բոգոսլովսկին հեռացավ երաժշտական արվեստից, թեև ապրեց ևս քսան տարի (մահացել է 2004 թվականին)։

20-րդ դարում կային նաև բազմաթիվ հեղինակներ, ովքեր գրել են ավելի քան ինը սիմֆոնիա, մասնավորապես՝ Էդուարդ Տուբին (10), Դեվիդ Դայմոնդ և Էդմունդ Ռաբբրա (11), Դարիուս Միյո (12), Հենրի Քոուել և Ալան Պետերսոն (17), Նիկոլայ Մյասկովսկի (27), Ալան Հովհաննես (67) և այլք։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Gerald S. Fox. Musings on Mahler’s Ninth Symphony Արխիվացված 2014-10-06 Wayback Machine // Site of Colorado MahlerFest. (անգլ.)
  2. И. Овчинников. Близко к потустороннему: Загадка Девятой симфонии Шнитке Արխիվացված 2010-04-24 Wayback Machine // «Частный корреспондент», 26 ноября 2009 года.
  3. Музыкальный альманах Արխիվացված 2011-10-29 Wayback Machine։ Беседа Александра Гениса с Соломоном Волковым. // Радио «Свобода», 4.12.2007.

Արտաքին հղումներ խմբագրել