Ավետիք Տիգրանակերտցի

Ավետիք Տիգրանակերտցի, Ավետիք Ամդեցի, Ավետիք Պաղտասարյան (ծննդյան և մահվան թվականները անհայտ), XVII-XVIII դարերի հայ մշակութային գործիչ, մաթեմատիկոս, աստղագետ, տոմարագետ, պատմիչ և գրիչ։ Տիրապետել է արաբերենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին, եբրայերենին, ղպտերենին, թուրքերենին, հունարենին, լատիներենին և ֆրանսերենին։

Ավետիք Տիգրանակերտցի
Ծնվել էանհայտ
Դիարբեքիր
Մահացել էանհայտ
Մասնագիտությունմաթեմատիկոս, մշակութային գործիչ, աստղագետ, տոմարագետ, գրիչ, պատմաբան և ճանապարհորդող
Գործունեության ոլորտաստղագիտություն, մաթեմատիկա, պատմագրություն և Երաժշտագիտություն
Տիրապետում է լեզուներինհայերեն, արաբերեն, պարսկերեն, արամեերեն, վրացերեն, եբրայերեն, ղպտիերեն, թուրքերեն, հունարեն, լատիներեն և ֆրանսերեն

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Տիգրանակերտում։ Երկար տարիներ ապրել, սովորել ու ստեղծագործել է Արևմտյան Հայաստանի մշակութային աչքի ընկնող կենտրոններում՝ Էրզրումում, Վանում, Բաղեշում, Սեբաստիայում և Թոխաթում։

Ուսումնառության նպատակով եղել է Պարսկաստանում, Արաբիայում։ Առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերել դեպի բնական գիտությունները, զբաղվել է նաև պատմագրությամբ և աշխարհագրությամբ[1]։ Գիտությանն անկաշառ նվիրվածության պատճառով բազմիցս ենթարկվել է ժամանակի «որովայնամոլ և արբշիռ, ուսումնատեաց եկեղեցականաց» նախատինքներին և հալածանքներին։

ԳործունեությունԽմբագրել

 
Էջ «Տարեգրություն»-ից

Օգտվելով հայ և օտար աղբյուրներից՝ մշակել ու կազմել է աստղաբաշխության, տոմարագիտության, աշխարհագրության, երաժշտության վերաբերյալ գործեր։ Ձեռագիր վիճակով մեզ են հասել 1684-1709 թվականներին գրած աստղագիտական-տոմարագիտական ստվարածավալ «Դեֆթեր գիրք»-ը, 1695-1709 թվականներին կազմած «Ըստուռլապ»-ը, որի մեջ նկարագրված են աստղաբաշխական զանազան գործիքներ, 1700 թվականին գրած «Ոսկեփորիկ»-ը, 1719 թվականին կազմած «Զիճ գիրք»-ը, ապա «Ախտարացոյց»-ը, «Աշխարհացոյց»-ը։

1701-1712 թվականներին, օտար և հայ պատմիչների երկերի հիման վրա, շարադրել է խիստ կարևոր մի ժամանակագրություն՝ «Աղի սակապատմագիր», սկսելով աշխարհի արարչագործությունից, հասցնելով մինչև Աստվածատուր Համադանցու կաթողիկոսական գահ բարձրանալու թվականը՝ 1714 թվականը։

Հայ պատմագրության համար որոշակի արժեք ունեն աշխատության վերջին մասերը, որ վերաբերում են Հայաստանի XVI-XVII դարերի քաղաքական անցուդարձերին։ Ուշագրավ են նաև «Աշխարհացոյց»-ում Ավետիք Տիգրանակերտցիի, իբրև ականատեսի, Փոքր Ասիայի և Կիլիկիայի հայաբնակ վայրերի մասին հաղորդած տեղեկությունները և, հատկապես, Հաբեշստանին վերաբերող «Վասն որ կամի Հէպէշին երկիրն գնալ, այսպես է» խորագրով հատվածը։

ԱշխատություններԽմբագրել

Ավետիք Տիգրանակերտցիի աշխատությունների ձեռագրերը մեծ մասամբ գտնվում են Վենետիկի Մխիթարյանների մատենադարանում։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում են նրա ժամանակագրության երեք օրինակներ (ձեռագիր №1492, 7424, 6243)։

Ձեռագիր №1492-ը Ավետիք Տիգրանակերտցու ինքնագիրն է՝ արտագրված իր իսկ սղագիր օրինակից, 1712-1714-ին, Աստվածատուր Համադանցու համար։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Histoire de l'humanité: 1492-1789. — UNESCO, 2008. — С. 667. — 1247 с. — ISBN 9789232028143

ԳրականությունԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 615