Հայաստանն Առաջին համաշխարհային պատերազմում
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հայաստանն Առաջին համաշխարհային պատերազմումմասնակցություն է ունեցել Կովկասյան ճակատում։ 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել պետությունների երկու ռազմական դաշինքների միջև, մի կողմից Կենտրոնական ուժերի (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915 թվականից՝ Բուլղարիա), մյուս կողմից՝ Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, 1917 թվականից՝ ԱՄՆ, ընդամենը 34 պետություն)։ Իր բնույթով պատերազմը զավթողական Էր. նրա բոլոր գլխավոր մասնակիցները հետապնդում Էին տարածամոլական նպատակներ։ 1914 թվականի հուլիսի 18-ին (օգոստոսի 1) սկսված համաշխարհային պատերազմի հետ հայ ժողովուրդը որոշակի հույսեր Էր կապում, ռուսական զենքի օգնությամբ ազատագրել Արևմտյան Հայաստանը և վերականգնել իր պետականությունը։ Արևելահայ հասարակական–քաղաքական շրջաններն ու ազգային կուսակցությունները պատերազմը հայտարարեցին արդարացի և իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Անտանտի քաղաքականությանը։ Դրան շատ բանով նպաստեց Ռուսաստանի պաշտոնական շրջանների կողմից պատերազմի մեջ մտնելու գլխավոր նպատակը արևելքի քրիստոնյաների «ազատագրումը» ազդարարելը։ Ռուսաստանի կողմից Արևմտյան Հայաստանի գրավումը ոչ միայն չէր հակասում հայ ազգ-ազատագրական շարժման ղեկավարների ձգտումներին, այլև կարևոր տեղ էր զբաղեցնում նրանց քաղաքական ծրագրերում։ Սկսված համաշխարհային պատերազմն ու Թուրքիայի պատերազմի մեջ մտնելը խիստ բարդացրին արևմտահայերի վիճակը։ Թուրքիայի կառավարող շրջանները ձգտում էին իրենց կողմը գրավել հայերին և բանակցությունների մեջ մտնելով նրանց քաղաքական ղեկավարների հետ, առաջարկում էին կամավորական ջոկատներ ստեղծել թուրքական բանակի շարքերում և արևելահայերին ապստամբության դրդել Ռուսաստանի դեմ։ Հայերը մերժեցին այդ առաջարկները։ Պատերազմը սկսվելուն պես Արևելյան Հայաստանի քաղաքական շրջանները եռանդուն կերպով ձեռնամուխ եղան Հայկական կամավորական շարժման կազմակերպմանը Անդրկովկասում։ Բացի այդ, պաշտոնական տվյալներով, Ռուսաստանի յուրաքանչյուր 100 հայից 13-ը զորակոչվել էր բանակ։ Ռուսաստանի 2 միլիոնանոց հայությունը պատերազմի տարիներին ռուսական բանակին տվեց ավելի քան 200 հազար զինվոր։ Ռուսական իշխանությունները հավանություն տվեցին և ըստ ամենայնի օժանդակեցին հայկական կամավորական զորամասերի ստեղծմանը ռուսական բանակի կազմում։ Կովկասյան ճակատում ռազմական գործողությունները հիմնականում տեղի էին ունենում Արևմտյան Հայաստանի տարածքում։ Պատերազմը սկսվեց թուրքական զորքերի հարձակմամբ, որոնց ճնշման տակ ռուսական Կովկասյան բանակը նահանջեց՝ հակառակորդին թողնելով Ալաշկերտի դաշտը։ 1914 թվականի դեկտեմբերին թուրքական 3-րդ բանակը էնվեր փաշայի հրամանատարությամբ ձեռնարկեց Սարիղամիշի օպերացիան՝ Կարսի հետագա գրավման նպատակով։ Սակայն թուրքական զորքերի հարձակումը կասեցվեց։ Ռուսական բանակը, հակահարձակման անցնելով, ջախջախիչ պարտության մատնեց հակառակորդին։ Թուրքերը կորցրին մոտ 70 հազար մարդ և ստիպված նահանջեցին ելման դիրքերը։ 1915 թվականի ապրիլին ռուսական զորքերը նոր հաղթանակ տարան Դիլմանի ճակատամարտում (հատկապես որոշիչ դեր խաղաց Անդրանիկի հայ կամավորների ջոկատը), որի շնորհիվ կանխվեց թուրքական հարձակումը դեպի Թավրիզ ռուսական բանակի թիկունքը։ Կովկասյան ճակատում ռազմական գործողությունների առաջին իսկ շրջանում թուրքական իշխանությունները սկսեցին հայ բնակչության բռնի տեղահանումը Արևմտյան Հայաստանի ճակատամերձ շրջաններից։ Թուրքիայում ծավալվեց կատաղի հակահայկական քարոզչություն։ Հակառակ իրողությանը, հերյուրանքներ էին տարածվում արևմտահայերի «դավաճանության», թուրքական բանակից նրանց «զանգվածային դասալքության», հայերի կողմից թուրքական բանակի թիկունքում պատրաստվող «ապստամբության» և այլնի մասին։ Մինչդեռ պատերազմի սկզբում թուրքական բանակ էր զորակոչվել մոտ 60 հազար հայ, որոնք շուտով զինաթափվեցին և ուղարկվեցին թիկունք՝ ծանր աշխատանքների, ապա գլխովին ոչնչացվեցին։ Այդպիսով Թուրքիայի հայ բնակչությունը զրկվեց իր մարտունակ մասից։ Օգտվելով պատերազմի ընձեոած հնարավորությունից՝ երիտթուրքական կառավարությունը, սկսած 1915 թվականի ապրիլից, ճակատամերձ գոտուց «վստահություն» չներշնչող հայ բնակչության տեղահանության պատրվակով, ձեռնամուխ եղավ հայերի բարբարոսական բնաջնջմանը, այդ կանխամտածված ցեղասպանությանը զոհ գնաց 1, 5 միլիոն Մարդ։ Մի շարք վայրերում Օսմանյան կայսրության հայ բնակչությունը դիմեց ինքնապաշտպանության և դիմադրեց թուրք ջարդարարներին (Վանի հերոսամարտ 1915 թվական, Մուշի գոյամարտ 1915 թվական, Սասունի ինքնապաշտպանություն 1915 թվական, Ուրֆայի հերոսամարտ 1915 թվական, Շապին–Գարահիսարի հերոսամարտ 1915 թվական, Ֆընտըճագի ինքնապաշտպանություն 1915 թվական)։
1915 թվականի գարնանը ռուսական զորքերը հարձակողական հաջող օպերացիա կազմակերպեցին Վան և Ուրմիա լճերի շրջանում, ազատագրեցին Վան քաղաքը (որտեղ ռուսական զորքերը մնացին 80 օր)։ Վանի գրավմամբ անխուսափելի ջարդերից փրկվեցին հազարավոր վասպուրականցիներ, որոնք այնուհետև նահանջող ռուսական զորքերի հետ գաղթեցին Արևելյան Հայաստան և Անդրկովկաս։ 1915 թվականի հուլիս-օգոստոսին Ալաշկերտի օպերացիայի ընթացքում ռուսական զորքերը պարտության մատնեցին հակառակորդին, խափանեցին Կարսի ուղղությամբ Կովկասյան ճակատը ճեղքելու թուրքական հրամանատարության ծրագիրը՝ դրանով թեթևացնելով անգլիական զորքերի գործողությունները Միջագետքում։ 1915 թվականի դեկտեմբերից 1916 թվականի փետրվարը ռուսական բանակը գեներալ Յուդենիչի հրամանատարությամբ հաջողությամբ իրականացրեց էրզրումի հարձակողական օպերացիան, որի հետևանքով ռուսական զորքերը փետրվարի 3 (16)-ին գրավեցին էրզրումը։ Թուրքական զորքերի հետապնդումը շարունակվեց մինչև փետրվարի կեսը. ռազմաճակատի գիծը կայունացավ էրզրումից արևմտյան 70-100կմ երկարությամբ։ Միաժամանակ ռուսական բանակի այլ զորամասեր հարձակման անցան Սև ծովի ափերով և գրավեցին Ռիզե ու Տրապիզոն նավահանգիստները։
1916 թվականի ամռանն արդեն Արևմտյան Հայաստանի մեծ մասը գրավված էր ռուսական զորքերի կողմից։ Կովկասյան ճակատում ռուսական բանակի հաջողությունները խթանեցին անգլո-ֆրանսական բանակցությունները Օսմանյան կայսրության ասիական տարածքները, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանը բաժանելու շուրջ և հանգեցրին 1916 թվականի Սայքս-Պիկոյի համաձայնագրի կնքմանը։ 1916 թվականի հունիսին ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստանում ստեղծվեց Թուրքահայաստանի գեներալ-նահանգապետությունը։ Ռուսական կառավարությունը մշակում էր Արևմտյան Հայաստանի հայաթափ եղած հողերը ռուսներով վերաբնակեցնելու ծրագրեր։ Ձեռնամուխ լինելով գրավված տարածքի տնտեսական յուրացմանը՝ ձգտում Էր Թուրքիայի հայկական նահանգները վերածել Ռուսաստանի սովորական ծայրագավառների։ Այդպիսով, ի դերև ելան Արևմտյան Հայաստանում գեթ ինքնավարության ձևով հայկական պետականությունը վերականգնելու հայ հասարակական–քաղաքական շրջանների հույսերը։
1917 թվականի մայիսից ռուս-թուրքական ռազմաճակատում փաստացի զինադադարի վիճակ էր ստեղծված։ Պաշտոնապես զինադադարը ստորագրվեց 1917 թվականի դեկտեմբերի 18-ին Երզնկայում։ Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը սկսեցին լքել Արևմտյան Հայաստանը։ Օգտվելով դրանից՝ թուրքական հրամանատարությունը, խախտելով զինադադարը, հարձակման անցավ ամբողջ ճակատով։ Հետ մղելով ռազմաճակատը պահող փոքրաթիվ հայկական ազգային զորամասերը՝ թուրքերը վերագրավեցին Արևմտյան Հայաստանը, 1918 թվականի մայիսին՝ Ալեքսանդրապոլը, հասան Ղարաքիլիսա (այժմ Վանաձոր), ապա Երևանի մերձակա շրջանները։ Վտանգված հայրենիքը փրկելու համար ոտքի ելած հայ ժողովուրդը կասեցրեց թուրքական զորքերի առաջխաղացումը (Սարդարապատի ճակատամարտ 1918 թվական, Ղարաքիլիսայի ճակատամարտ 1918 թվական, Բաշ–Ապարանի ճակատամարտ 1918 թվական), կանխեց հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգը և պայմաններ ստեղծեց հայ պետականության վերականգնման համար (Հայաստանի Հանրապետություն 1918-1920)։ 1918 թվականի հունիսի 4-ին Բաթումի պայմանագրով Կարսից ու Արդահանից բացի, Թուրքիային էին անցնում Սուրմալուի, Շարուրի, Նախիջևանի գավառները. Էջմիածնի և Ալեքսանդրապոլի գավառների մեծ մասը։ 1918 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունը ըստ էության գտնվում էր Թուրքիայի վերահսկողության տակ։ Եվ միայն Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից ու 1918 թվականի Մուդրոսի զինադադարից հետո թուրքական զորքերը թողեցին Հայաստանի Հանրապետության տարածքը, Կարսի մարզը, վերականգնվեց 1914 թվականի ռուս-թուրքական սահմանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չեղյալ հայտարարեց Բաթումի պայմանագիրը։
Հետպատերազմյան կարգավորման ժամանակ հայկական հարցը Անտանտի երկրների օգնությամբ լուծելու Հայաստանի Հանրապետության կառավարության և արևմտահայերի քաղաքական շրջանների փորձերը ապարդյուն անցան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 528)։ |