Աննի Բերգման

շվեդ արվեստագետ

Աննի Բերգման (շվեդ.՝ Annie Bergman, դեկտեմբերի 15, 1889(1889-12-15)[1], Լիեժ, Վալոնիա, Բելգիա - հունվարի 11, 1987(1987-01-11), Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ նկարիչ, գծանկարիչ և նկարազարդող։

Աննի Բերգման
Ծնվել էդեկտեմբերի 15, 1889(1889-12-15)[1]
ԾննդավայրԼիեժ, Վալոնիա, Բելգիա
Վախճանվել էհունվարի 11, 1987(1987-01-11) (97 տարեկան)
Մահվան վայրՀեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա[2]
Մասնագիտությունարվեստագետ
Ժանրբնանկար

Կենսագրություն և ստեղծագործական ուղի խմբագրել

Աննի Բերգմանը ծնվել է 1889 թվականին, Լեժում, որտեղ նրա հայրը՝ Վիլյամ Բերգմանը, աշխատել է զինագործական արտադրության ոլորտում։ Աննիի մայրը՝ Ինգեբորգ Բիլկվիստը, սիրողական նկարիչ էր։ Փարիզում կարճատև բնակությունից հետո ընտանիքը տեղափոխվել է Ստոկհոլմ, որտեղ Աննին 1907 թվականին ավարտել է դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Տեխնիկական դպրոց (Tekniska skolan) և Կալեբ Ալտինի գեղանկարչության դպրոց։ 1908 թվականից Արքայական գեղարվեստի ակադեմիայում սովորել է նկարչություն, գեղանկարչություն և փորագրություն։ Նրա համակուրսեցիներն էին այնպիսի հայտնի նկարիչներ, ինչպիսիք են Էլսա Բյորկման-Գոլդշմիդտը, Սիրի Դերկերտը, Հարրիետ Լյովենհելմը, Ռագնհիլդա Նորդենստերը, Գերդա Նորդլինգը և Էլվի Տոնդենը։ Այդ ժամանակահատվածում Աննի Բերգմանի նախընտրած տեխնիկան էր աքվատինտան և փայտափորագրությունը[3]։

1913 թվականին Էնի Բերգմանը ճամփորդել է Գերմանիայում (Բեռլին, Դրեզդեն, Նյուրնբերգ և Մյունխեն) և Իտալիայում (Ֆլորենցիա, Սիենա, Հռոմ, Նեապոլ և այլն)։ Նա մեկ տարի անցկացրեց Իտալիայում, իսկ 1914 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ հաճախել է Գրանդ Շոմեր ակադեմիա։ Առաջին աշխարհամարտի սկսվելուց հետո Բերգմանը վերադարձել է Շվեդիա, իսկ 1921 թվականին մեկ ուղևորություն կատարել դեպի Իսպանիա[3]։

Սկզբում Աննի Բերգմանը ստեղծել է միայն սև և սպիտակ փորագրական աշխատանքներ, բայց ավելի ուշ աշխատել է գունավոր փայտամշակման տեխնիկայով։ Փոխել է նաև աշխատանքների թեմատիկան, բնանկարները փոխարինվել են ծաղկային ձևավորումներով։ 1929 թվականից Աննի Բերգմանը զբաղվել է լինոփորագրությամբ, հիմնականում պատրաստել է շնորհավորական բացիկներ, որոնք վաճառվել են ամբողջ երկրում։ Այնուհետև Բերգմանի ստեղծագործությունները տպագրվել են արվեստի տարբեր ամսագրերում, բացի այդ, 1968 թվականին իր ծաղկանկարների հիման վրա ստեղծել է «Nordiska vildblommor» նամականիշերի շարքը[3]։

Գծանկարչության հետ մեկտեղ Բերգմանը շարունակել է զբաղվել գեղանկարչությամբ։ Նկարել է դիմանկարներ՝ հիմնականում երեխաների համար, ինչպես նաև բնանկարներ և ծաղկային նատյուրմորտներ։ Նկարիչը նաև նկարազարդել է ամսագրի և թերթի զանազան հոդվածներ և գրքեր։ 1923 թվականից հրատարակել է երեխաների համար նախատեսված իր պատկերազարդ գրքերը՝ հիմնվելով այն պատմությունների վրա, որոնք նա սիրում էր պատմել իր զարմիկներին և զարմուհիներին (Բերգմանը սեփական երեխաներ չի ունեցել)։ 1925, 1927 և 1941 թվականներին Ստոկհոլմում կազմակերպվել են Աննի Բերգմանի անհատական ցուցահանդեսները։ Նա նաև մասնակցել է տարբեր ցուցահանդեսների Շվեդիայում ու արտերկրում և եղել է մի շարք արվեստի միությունների անդամ[3]։

Աննի Բերգմանը մահացել է 1987 թվականին և թաղվել է Սոլնայի հյուսիսային գերեզմանատանը։ Նա իր ունեցվածքի մի մասը կտակել է Շվեդիայի գծանկարիչների ընկերությանը (Grafiska Sällskapet), որն էլ սահմանել է նրա անվան կրթաթոշակ։ Նկարչի աշխատանքների մի մասը փոխանցվել է Շվեդիայի ազգային գրադարանին[3]։ Բացի այդ, նրա ստեղծագործությունները գտնվում են Ստոկհոլմի Ազգային թանգարանում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Փարիզի դեկորատիվ արվեստի թանգարանում, Վիեննայի Ալբերտինայում և Բրյուսելի փորագրության և գծանկարչության կենտրոնում[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Svenskt kvinnobiografiskt lexikon
  4. Moderna Museet