Անդրեյ Լեոնի Միքայելյան (Андрей Леонович Микаэлян, հունիսի 14, 1925(1925-06-14)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 7, 2010(2010-07-07), Մոսկվա, Ռուսաստան), Ռուսաստանի հայազգի ականավոր գիտնական, ֆիզիկոս-ինժեներ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1990 թ․)։

Անդրեյ Միքայելյան
Ծնվել էհունիսի 14, 1925(1925-06-14)[1]
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհուլիսի 7, 2010(2010-07-07) (85 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունռադիոֆիզիկոս
Հաստատություն(ներ)ՌԳԱ Համակարգային հետազոտությունների գիտահետազոտական ինստիտուտ
Գործունեության ոլորտօպտիկա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի տեխնիկական կապի և ինֆորմատիկայի համալսարան[1]
Կոչումպրոֆեսոր[1] և թղթակից անդամ[1]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1956)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարAleksandr Pistolkors?
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Հետազոտությունների բնագավառները եղել են ռադիօպտիկան, լազերային ֆիզիկան, հոլոգրաֆիան, օպտիկական հիշողության համակարգերը, նեյրոնային ցանցերը և տեղեկատվական տեխնոլոգիաները։ Հայտնի է Միքայելյանի ոսպնյակ հասկացությունը, նրա գրադիենտային ֆոտոնաբյուրեղական հարթ ոսպնյակի հաշվարկները[2]։ Բազմակի կիզակետման երևույթի հայտնագործության հեղինակ, 1982, JSC 257,1951 թվականի առաջնությամբ։

Կենսագրություն խմբագրել

Հայրական ընտանիք խմբագրել

Հայրը՝ Լևոն Անդրեյի Տեր-Միքայելյանը (1867-1943 թ.), ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը և Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտը։ 1918 թվականին նա Սիբիրում ղեկավարել է Բայկալ-Ամուր երկաթուղային մայրուղու շինարարությունը, որն ընդհատվում է Ռուսաստանում սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով։ XX դարի այդ մասշտաբային շինարարությունը ԽՍՀՄ-ում վերսկսվեց 50 տարի անց և այժմ էլ կոչվում է Բայկալ-Ամուր երկաթուղային մայրուղի (ԲԱՄ)։ Սիբիրից տուն վերադարձի ճանապարհին Լևոն Տեր-Միքայելյանը հանդիպումներ է ունեցել Կոլչակի և Հայկ Բժշկյանցի հետ։ 1918-1920 թթ. եղել է Հայաստանի առաջին հանրապետության տրանսպորտի նախարարը։

Մայրը՝ Եվգենիա Իվանի Տեր-Միքայելյանը (օրիորդ Նաբաթյան, 1887-1964 թ.) ծնվել է Բաքվի մեծահարուստ նավթարդյունաբերողի ընտանիքում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրանց Թիֆլիսի տուն են այցելել Կովկասյան հանրապետություններ տեղափոխված (տարհանված) մշակույթի և արվեստի բազմաթիվ հայտնի ՀԽՍՀ գործիչներ։ Նրանց տանը եղել են Այվազովսկու և Բաշինջաղյանի կողմից նվիրած նկարներ։

Եղբայրը՝ Միքայել Տեր-Միքայելյանը (1923-2004 թ.), Հայաստանի ականավոր տեսաբան ֆիզիկոս էր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1982 թ.)։ Հետազոտությունների բնագավառը եղել է բարձր էներգիաների ֆիզիկան, քվանտային էլեկտրոնիկան և լազերային ֆիզիկան։ ՀԽՍՀ պետական և Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակների դափնեկիր, պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։ 1991 թվականին ֆիզիկայի գծով մրցանակների Նոբելյան հանձնաժողովի կողմից առաջադրվել է 1992 թվականի Նոբելյան մրցանակի թեկնածու։

Կրթություն և պաշտոններ խմբագրել

  • 1949 թ․ ավարտել է Մոսկվայի Կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը (ռուս.՝ МЭИС
  • 1952 թ․ պաշտպանել է տեխնիկական գիտությունների թեկնածուական ատենախոսությունը։
  • 1952 թ․ պաշտպանել է տեխնիկական գիտությունների դոկտորական ատենախոսությունը։
  • 1957 թ․ շնորհվել է Կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտի պրոֆեսորի կոչում։
  • 1958 թ․-ից եղել է ԽՍՀՄ Ռադիոօպտիկայի ինստիտուտի («Վեգա» ռադիոշինություն միավորման կազմում) լաբորատորիայի գիտական ղեկավարի, բաժնի և, այնուհետ, տնօրենի պաշտոններում։
  • 1984 թ․ դեկտեմբերի 26-ին ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (Ինֆորմատիկայի, հաշվիչ տեխնիկայի և ավտոմոտացման բաժին)։
  • 1990 թ․ դեկտեմբերի 15-ին ընտրվել է Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս (Ինֆորմատիկայի, հաշվիչ տեխնիկայի և ավտոմոտացման բաժին)։
  • 1991-2006 թթ․ Ռուսաստանի ԳԱ Օպտիկանեյրոնային տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն և գիտական ղեկավար։
  • 2006 թ․-ից՝ Ռուսաստանի ԳԱ Օպտիկանեյրոնային տեխնոլոգիաների կենտրոնի գիտական ղեկավար։

Գիտական ձեռքբերումներ խմբագրել

1951 թվականին ցույց է տվել, որ անհամասեռ միջավայրերում, որոշակի պայմաններում, էլեկտրամագնիսական ալիքների տարածումն ուղեկցվում է դրանց բազմակի կիզակետման երևույթով, այսինքն՝ էլեկտրամագնիսական դաշտի կառուցվածքը տարածման ընթացքում պարբերաբար վերականգնվում է։ Այս երևույթը դրվել է ուղղորդիչ համակարգերում ազդանշանների հաղորդման նոր սկզբունքի հիմքում, ինչպես նաև օգտագործվել ալիքատարների նոր դասի ստեղծման համար, որոնք լայնորեն կիրառվում են որպես կապի օպտիկական գծեր։ Այդպիսի «ինքնակիզակետող» ալիքատարները՝ «սելֆոկները» (անգլ.՝ selffocusing - ինքնակիզակետող), ոչ միայն ավելի պարզ ու էժան են կաբելային համակարգերից, այլև թույլ են տալիս հաղորդել զգալիորեն ավելի մեծ ծավալի ինֆորմացիա։ Բազմակի կիզակետման երևույթի հիման վրա ստեղծվել են անտենային տեխնիկայում և օպտիկայում կիրառվող նոր տեսակի ոսպնյակներ, որոնք կրում են հեղինակի անունը՝ Միքայելյանի ոսպնյակ։ Օգտվելով վերոհիշյալ երևույթից՝ պատկերն առանց աղավաղման կարելի է հաղորդել մեկ ճկուն մանրաթելով՝ հնարավորություն, որը լայնորեն կիրառվում է բժշկության մեջ։ Բազմակի կիզակետման երևույթը, որպես գիտական հայտնագործություն, մտցվել է ԽՍՀՄ պետական գրանցման մատյանը (1982, JSC 257,1951 թվականի առաջնությամբ)։

Անդրեյ Միքայելյանը հիմնել է արդի ռադիոէլեկտրոնիկայի նոր ուղղություն, որը կապված է գերբարձր հաճախականությունների տիրույթում ֆեռիտների հետազոտման և օգտագործման հետ։ Կատարել է գիրոտրոպ միջավայրերի էլեկտրադինամիկային, հոլոգրաֆիային վերաբերող հիմնարար հետազոտություններ, մշակել ֆեռիտներում ոչ գծային երևույթների տեսությունը։

Եղբոր՝ Միքայել Տեր-Միքայելյանի հետ կատարած մի շարք աշխատանքներ նվիրված են օպտիկական գեներատորներին և ուժեղացուցիչներին։

Պարգևներ խմբագրել

  • Լենինյան մրցանակի դափնեկիր (1961 թ․),
  • Աշխատանքային պատվո մեդալ (Զինվորական պատվո մեդալ) (1970 թ․),
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1971 թ․),
  • Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր (1980 թ․),
  • Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային հանրության (անգլ.՝ SPIE) Ոսկե մեդալ (1994 թ․)[3],
  • Ռուսաստանի Պետական մրցանակի դափնեկիր (1995 թ․)[4],
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ կարգի շքանշան (1999 թ․)[5],
  • Ալեքսանդր Պոպովի անվան ոսկե մեդալ (2005 թ․)[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1985. — հատոր 11. — էջ 678.
  2. «Գրադիենտային ֆոտոնաբյուրեղական հարթ ոսպնյակ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային հանրության (SPIE) Ոսկե մեդալ։(անգլ.)
  4. Ռուսաստանի դաշնության 1995 թվականի Պետական մրցանակի դափնեկիրներ։(ռուս.)
  5. [«Ռուսաստանի դաշնության Նախագահի հրամանագիր (սեպտեմբերի 10, 1999 թ․, № 1215 ) Ռուսաստանի դաշնության պետական պարգևներ շնորհելու մասին։(ռուս.)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին. Ռուսաստանի դաշնության Նախագահի հրամանագիր (սեպտեմբերի 10, 1999 թ․, № 1215 ) Ռուսաստանի դաշնության պետական պարգևներ շնորհելու մասին։(ռուս.)]
  6. [http://www.ras.ru/about/awards/awdlist.aspx?awdid=20 Ռուսաստանի անվանական պարգևներ և մեդալներ։(ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Միքայելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 678