Օլիմպիական կրակ, Օլիմպիական խաղերի խորհրդանիշներից մեկը։ Այդ կրակը վառում են խաղերն անցկացնելու քաղաքում դրանց բացման ժամանակ, և այն վառվում է մինչև խաղերի ավարտը։

Հենրիխ Ֆրիդրիխ Ֆյուգեր։ Պրոմեթևսը մարդկանց կրակ է բերում (1817)

Հին հունական ծիսակատարությունների վրա հիմնված այդ ավանդույթը վերածնվել է 1928 թվականին Ամստերդամում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ Օլիմպիական մարզադաշտում, որի նախագծի համար հոլանդացի ճարտարապետ Յան Վիլսը արվեստի մրցույթում պարգևատրվել է ոսկե մեդալով։ Կրակը վառվում էր նաև 1932 թվականին Լոս Անջելեսում Օլիմպիական խաղերի ժամանակ։

1936 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ Բեռլինում անցկացվել է Օլիմպիական կրակի երթը` փոխանցումավազքը (Կարլ Դիմի քարոզչական գաղափարի համաձայն[1])։ Ավելի քան 3000 վազորդ մասնակցել է Օլիմպիայից Բեռլին ջահի հասցման արարողությանը։ Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ կրակը վառվել է 1936 և 1948 թվականներին, սակայն կրակի երթն առաջին անգամ անցկացվել է 1952 թվականին Օսլոյում ձմեռային Օլիմպիական խաղերից առաջ, ընդ որում սկիզբ էր առնում ոչ թե Օլիմպիայից, այլ Մորգեդալից։

Սովորաբար կրակը վառում է որևէ հայտնի մարդ, առավել հաճախ մարզիկներից որևէ մեկը, սակայն լինում են նաև բացառություններ։ Այդ արարողությանը մասնակցելու համար ընտրվելը մեծ պատիվ է համարվում։

Կրակի երթ խմբագրել

 
Հույն դերասանուհի Մարիա Նաֆպլիոտուն (կենտրոնում) օլիմպիական կրակը վառելու արարողությանը, 2008 թվական

Ներկա դրությամբ օլիմպիական կրակը վառում են Օլիմպիայում (Հունաստան), խաղերի բացումից մի քանի ամիս առաջ։ Արարողությանը մասնակցում է 11 կին, հիմնականում դերասանուհիներ, որոնք քրմուհիների դեր են կատարում։ Արարողության ժամանակ կանանցից մեկը արևի ճառագայթները կենտրոնացնող պարաբոլային հայելու օգնությամբ վառում է կրակը։ Այնուհետև այդ կրակը հասցնում են քաղաք, որտեղ անցկացվելու են Օլիմպիական խաղերը։ Սովորաբար օգտագործում են ջահը, որը տանում են վազորդները` փոխանցելով այն մեկը մյուսին, սակայն տարբեր ժամանակներում օգտագործվում էին նաև կրակը տեղափոխելու այլ տարբերակներ։ Բացի հիմնական ջահից, օլիմպիական կրակից վառում են նաև հատուկ լամպեր, որոնք նախատեսված են նրա համար, եթե հանկարծակի հիմնական ջահը (կամ նույնիսկ կրակը խաղերի ժամանակ) մարի այս կամ այն պատճառով։ Հայտնի են մի քանի դեպքեր, երբ կրակը մարում էր` խաղերի ժամանակ (Մոնրեալ, 1976 թվական, հորդառատ անձրևի ժամանակ), Լոնդոնում 2012 թվականին խաղերի սկսվելուց 20 օր առաջ, ինչպես նաև Մոսկվայում և Բլագովեշչենսկում 2013 թվականին[2]։

1928 թվականին Ամստերդամում կառուցվել է հատուկ աշտարակ օլիմպիական կրակի համար։

Բեռլինի խաղերի համար կրակը վառվել է արևից 1936 թվականի հուլիսի 20-ին, արարողությանը մասնակցել է 15 օրիորդ, և գերագույն քրմուհին փոխանցել է ջահը հույն վազորդ Կիրիլ Կոնդիլիսին, որը սկսել է կրակի երթը։

Լոնդոնում Օլիմպիական խաղերի (1948)` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ առաջին ջահակիրն է դարձել հունական բանակի կապրալը, ով կրակի երթից առաջ հանել է իր զինվորական համազգեստը և վայր դրել զենքը` ի նշան սրբազան զինադադարի։

Անակնկալները սկսվեցին արդեն 1952 թվականին։ Ձմեռային խաղերի կազմակերպիչները որոշեցին հրաժարվել օլիմպիական կրակը վառելու ավանդական արարողությունից։ Կրակի աղբյուր է դարձել Մորգեդալում գտնվող նորվեգացի լեռնադահուկային սպորտի պիոներ Սոնդրե Նորհեյմի տուն-թանգարանի բուխարին։ Ամբողջ փոխանցումավազքի ճանապարհը վազորդներն անցել են դահուկներով։

Նույն թվականին Հելսինկիում անցկացվող Ամառային Օլիմպիական խաղերի կրակը իր ճանապարհի մի մասն (Հունաստանից Շվեյցարիա) անցել է ինքնաթիռով։ Բացի այդ, Ֆինլանդիայում այն խառնվել է բևեռային մայր չմտնող արևից վառված կրակի հետ։

1956 թվականին Կորտինա դ'Ամպեցոյում անցկացվող ձմեռային խաղերի համար կրակը վառել են Հռոմի Յուպիտերի տաճարում, իսկ 1960 թվականի ձմեռային խաղերի համար` կրկին Մորգեդալում։ 1994 թվականի Լիլեհամերում անցկացվող ձմեռային խաղերի համար Մորգեդալում վառվեց երկրորդ կրակը, որն ի համեմատ Օլիմպիայի կրակի, ոչ պաշտոնական է համարվում, ինչը խիստ տխրեցրեց հույներին[3]։

1964 թվականին օլիմպիական կրակի փոխանցումավազքը շատ կարճ էր։ Կրակը ինքնաթիռով Աթենքից տեղափոխվել է Վիեննա, իսկ այնտեղից` Ինսբրուք։

Մեխիկոյի Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը մեծ մասամբ կրկնել է Քրիստափոր Կոլումբոսի ճանապարհորդության ուղին։

Օլիմպիական կրակը վառելու արարողություն խմբագրել

 
Օլիմպիական կրակի թասը «Մարականա» մարզադաշտում

Փոխանցումավազքն ավարտվում է խաղերի մայրաքաղաքի կենտրոնական մարզադաշտում, դրանց բացման արարողության վերջում։ Փոխանցումավազքի վերջին մասնակիցը վառում է կրակը մարզադաշտում տեղադրված թասի մեջ, որը վառվում է մինչև խաղերի ավարտը։

Խաղերի կազմակերպիչները փորձում են կրակը վառելու հետաքրքիր տարբերակներ մտածել և այդ իրադարձությունը հիշվող դարձնել։ Արարողության մանրամասները գաղտնի են պահվում մինչև վերջին պահը։ Նաև նախօրոք հայտնի չի լինում թե ով է վառելու կրակը։ Որպես կանոն դա անում է տվյալ երկրի հայտնի մարզիկներից մեկը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mallon B. & Heijmans J. Historical Dictionary of the Olympic Movement. 4th ed. The Scarecrow Press, 2011. P. LII, 99
  2. Սառը քամին Բլագովեշչենսկում հանգցրել է օլիմպիական կրակը
  3. Mallon B. & Heijmans J. Historical Dictionary of the Olympic Movement. 4th ed. The Scarecrow Press, 2011. P. 271

Արտաքին հղումներ խմբագրել