Թեղենյաց վանք, վանական համալիր պատմական Նիգ գավառում /ներկայումս Կոտայքի մարզի Բուժական գյուղի հյուսիսարևելյան կողմում/` Թեղենիս լեռան լանջին` թեղիներով շրջապատված բացատում։

Թեղենյաց վանք
Թեղենյաց վանական համալիր
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան գ. Բուժական, Կոտայքի մարզ, Հայաստան
Հասցեգյուղից 3 կմ հս[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԿոտայքի
Կազմված էԳերեզմանոց, Տապանաքար` Յովհանն կրոնավոր Լոռեցու, Գերեզմանոց, Մատուռ, Եկեղեցի Կաթողիկե, Գավիթ, Գրատուն, Միաբանների կացարաններ, Սեղանատուն, Սյունասրահ (գավիթ), Խաչքար և Խաչքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ6-7-րդ դար
ՇինանյութՏուֆ
Քարտեզ
Քարտեզ

Ճարտարապետական կառույցները խմբագրել

Հնավայրի հնագույն կառույցը եղել է 6-7-րդ դարերով թվագրվող փոքր խաչաձև, եռախորան կենտրոնագմբեթ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի հիմնային մասերը հայտնաբերվել են պեղումներով։ Այդ շինությունից մոտ 30 մ արևելք գտնվող կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 11-րդ դարի առաջին կեսին։ Այն զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի ճակատները մշակված են հայկական խորշերով։ Գեղեցկությամբ առանձնանում է Ավագ խորանի ճակատամասը, որի մակերեսին երկրաչափական, բուսական և կենդանական թեմաներով հարթաքանդակներ են։ Գեղարվեստական արժեք է ներկայացնում կենտրոնական սալաքարի վրա փորագրված սիրամարգի հարթաքանդակը՝ բացված պոչով, կիսաբաց թևերով, գլուխն աջ թեքած։ Պատկերը ներկալված է բազմաժապավեն շրջագծի մեջ։ 1207 թ.-ին իշխան Վահրամ Չավուշը Կաթողիկե եկեղեցուն կից կառուցել է քառասյուն, բրգաձև երդիկով գավիթ, որի շարվածքի սև և կարմիր տուֆի համադրությունը ներսում բազմագունություն է մտցրել։ Կաթողիկե եկեղեցուն հարավից կից է գրատունը՝ արևելյան կողմում գրիչների համար նախատեսված չորս խցերով, իսկ գավթին հյուսիսից կից է քառասյուն մի շինություն, որը ենթադրաբար ծառայել է որպես մատենադարան։ Վանական համալիրի հյուսիսարևմտյան կողմում առանձին կանգնած է ուղղանկյուն, թաղածածկ սեղանատան հյուսիսային պատը (13-րդ դար)։ Համալիրի արևմտյան կողմում գտնվում է վանքի գերեզմանատունը։ 1827 թ.-ին Թեղենյաց վանքը հիմնովին ավերվել է երկրաշարժից։ 1979 թ-ին հնագետ Գագիկ Սարգսյանի ղեկավարությամբ սկսվել ու հետագա տարիներին պեղվել է վանքի տարածքը։ Այդ պեղումներով են բացվել հողածածկ Կաթողիկե եկեղեցին, գրատունը, մատենադարանը, փոքր եկեղեցին։

Ժամանակակիցների բնորոշումը խմբագրել

13-14-րդ դարերում Թեղենյաց վանքի հռչակը մեծ էր։ Գևորգ Սկևռացին /1267 թ./ վանքի մասին գրել է. «մեծահռչակ հրեշտակակրաւն աստուածաբնակ սուրբ ուխտս Թեղինեաց»։ Մկրտիչ Րաբունին /13-14-րդ դարեր/ այն կոչել է. «գերահռչակ սուրբ ուխտս»։

Գործունեությունը խմբագրել

Թեղենյաց վանքը առաջին անգամ հիշատակվել է 8-րդ դարի սկզբին՝ 727-728 թթ-ին՝ Վահան Գողթնացու այս վանքում ապաստանելու կապակցությամբ։ 11-14-րդ դարերում վանքը եղել է կրթական և գրչության կենտրոն։ Թեղենյաց և Մաքենացոց վանքերում պահպանված հայ եկեղեցու ժամասացության կանոնակարգերի հիման վրա, 1166 թ-ին Ներսես Շնորհալի կաթողիկոսը հայկական վանքերում ու եկեղեցիներում միասնական համակարգ է մշակել։ 1205-ին, Լոռի քաղաքում, 1207 թ-ին Անի քաղաքում Զաքարյան Հայաստանի արքա Զաքարե Բ Զաքարյանի հրավիրած դավանաբանական ժողովներին մասնակցել է Թեղենյաց վանքի առաջնորդ Տուրքիկ վարդապետը։ Պատմիչ Կիրակոս Գանձակեցին գրել է, որ Տուրքիկ վարդապետի վանահայրության օրոք, վանքի միաբանությունն ապրել է համայնակեցության սկզբունքով «զամենայն ինչ հասարակաց լինել և առանձին ոչ ինչ ստանալ»։ 13-րդ դարում վանքում գործել են պատմիչ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի ընկեր Կիրակոս Գծծակերպ գիտնականը /10-րդ դար/, Վանական Վարդապետը /1246 թ./, Վարդան Արևելցին իր աշակերտի՝ Գևորգ Սկևռացու հետ /1267 թ/, Մկրտիչ Րաբունին /12-13-րդ դարեր/։ Վանքի վանահայրերից հիշվում են Երեմիա Ճգնավորը /10-րդ դար/, Տուրքիկ վարդապետը /13-րդ դարի սկիզբ/, Մխիթար վարդապետը /13-րդ դարի առաջին կես/, Գրիգոր վարդապետ Բջնեցին /13-րդ դարի վերջ/, Հակոբ վարդապետը /14-րդ դարի առաջին կես/։ Այստեղ բազմաթիվ գրիչներ են գործել։ Պահպանվել ու մեր օրերն են հասել գրիչներ Թադեոսի ու Վարդանի /1198 թ./, Գևորգ Սկևռացու /1267 թ/, Սարգիս դպիրի, Նահապետ քահանայի, եղբայրներ Քահանայի և Շմավոնի, Սարգիս քահանայի, Հովհաննեսի, Վրթանեսի, Դավթի, Մկրտիչ Րաբունու /13-դարի երկրորդ կես - 14-րդ դարի սկիզբ/ ընդօրինակած ձեռագրերը։ Քահանայի, Շմավոնի, Դավթի ընդօրինակած Ավետարանը գտնվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում, մյուսները պահվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան-ինստիտուտում /4645, 6558, 6273 թվահամարների տակ/։ Թեղենյաց վանքի համալսարանում է սովորել բանաստեղծ Տերտեր Երևանցին /14-րդ դար/։ 13-րդ դարի սկզբին ստեղծված Արարատյան կողմնակալության տերերի առաջին արձանագրությունը 1211 թ-ին Վասակաշեն գավթի պատին փորագրել է տվել կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա-ի կին Հասանի դուստր Մամախաթուն իշխանուհին։ Գավթի պատերին նվիրատվական արձանագրություններ են թողել Քուրդ Ա Վաչուտյանն ու իր կինը՝ Խորիշահ իշխանուհին, Վեցիկ ճարտարապետը, Հովհաննես Խաչենցին, Սմբատի որդի Քուրդը ու իր կինը՝ Տիկնաց տիկինը և ուրիշներ։ Վանքում ապրել ու ստեղծագործել են Հայաստանի տարբեր վայրերից այստեղ հաստատված անձինք։ Վանքի գերեզմանոցում թաղված են Վարդան քահանան,, որ էր ի Կէսարացոց գավառեն,, /+1210 թ./, Էրկաթի որդի Հովհաննես կրոնավոր Լոռեցին, Գորգ քահանա Վարագեցին։ Այստեղ թաղված է նաև աշխարհիկ անձ։ Նրա տապանաքարին փորագրված է. «զՊատրիկ մեղապարտ ծառա Ք/րիստոս/ի յաշխարհիկ կարգե յիշեցէք ի Ք/րիստո/ս»։

Հնագիտական նկարագրությունը խմբագրել

Տեղադրություն. Գտնվում է անտառով շրջապատված բացատում։ Հիմնական հուշարձանախմբից 200 մ հյուսիս՝ անտառի մեջ, տարածվում է գերեզմանոցը։ Կենդանակերպ տապանաքարերով մյուս գերեզմանոցն ու բնակատեղիի մնացորդները գտնվում է համալիրից 50մ հարավ-արևմուտք։

Շերտագրություն. Թեղենյաց վանքը միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր ու կրթամշակութային օջախներից է։ Մատենագիր աղբյուրներում հիշատակվում է VIII դ. 20-ական թթ., երբ արաբ ոստիկանի հետապնդումից վանքում որոշ ժամանակ ապաստանել է Վահան Գողթնեցի իշխանը։ Վանական համալիրի ամենավաղ կառույցը VII դ. քառախորան, փոքր խաչաձև եկեղեցին է, որի հիմնապատերն ամբողջությամբ բացվել են պեղումներով։ Վանքի ծաղկման շրջանը XII-XIII դարերն են, երբ կառուցվում են հիմնական շինությունները, ընդարձակվում է միաբանությունը, հիմնվում գրչատուն։ XIII-XIV դդ. վանքի պատմությունը կապվում է Վաչուտյան տոհմի հետ։ XIII-XIV դդ. վանքում գործում էր հոգևոր բարձր դպրոց, ուր դասավանդում էին միջնադարի ականավոր ուսուցիչներն ու գիտնականները։ XIV դ. կեսից հետո գրավոր աղբյուրներում վանքը չի հիշատակվում, սակայն հայտնաբերված հնագիտական հավաքածուում ուշմիջնադարյան նմուշները փաստում են նրա հետագա կենսագործունեության մասին։ Հուշարձանախմբի՝ պեղումներով բացված շինությունների մի մասը մասնակի ամրակայվել ու վերականգնվել է 2010-2015 թթ. ընթացքում։

Մանրամասն համալիրի կառույցների վերաբերյալ. Համալիրը բաղկացած է կաթողիկե եկեղեցուց, գավթից, «երկրորդ գավթից», գրատնից, սեղանատնից, վանական այլ կառույցներից։ Հիմնական հուշարձանախմբից 30 մ արևելք գտնվում է VII դ. քառախորան եկեղեցին։

Կաթողիկե եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ տիպի կառույց է, որի Ավագ խորանի երկու կողմերում ավանդատներն են։ Գլխավոր մուտքը բացվում է գավթի մեջ։ Կաթողիկեի հարդարանքում ուշագրավ է խորանի բեմառէջքը՝ կազմված տարբեր մոտիվներով քանդակազարդ վեց սալերից։ Քանդակային հորինվածքներն աչքի են ընկնում կատարման մեծ վարպետությամբ։ Իր բացառիկությամբ առանձնանում է կենտրոնական սալը՝ սիրամարգի հարթաքանդակով։ Անմահության գաղափարը կրող սիրամարգի պատկերումը տարածված է հայկական մանրանկարչության մեջ, սակայն եզակի է քանդակային արվեստում։

Գրատունը կաթողիկեին հարավից կից ուղղանկյուն, անսյուն թաղակապ կառույց է՝ արևելյան կողմում միջնորմներով բաժանված չորս խցերով, հարավարևմտյան կողմում առանձնացված ուղղանկյուն սենյակով։ Գլխավոր մուտքը հարավային ճակատում է՝ ընդգծված շքամուտքով։ Հյուսիսային մուտքով հաղորդակցվում է Կաթողիկեի հետ, իսկ հյուսիսարևմտյան ներքին մուտքը բացվում է գավթի մեջ։

Գավիթը կառուցվել է 1207 թ., Վահրամ չավուշի օժանդակությամբ։ Արևմուտքից կից է կաթողիկեին։ Քառասյուն կենտրոնակազմ մեծ սրահ է՝ կամարակապ ծածկով։ Կենտրոնական քառակուսին պսակված է եղել երդիկ ունեցող գմբեթով։ Ներքուստ ութանիստ գմբեթահիմքի անկյունները զարդարված են շթաքարե հարդարանքով, որոնց միջև պատերն ունեն երկգույն քարերով շախմատաձև դասավորություն։ Գմբեթի հիմքը գոտևորում են շղթայաձև, հյուսածո նրբաքանդակ երիզները։ Մուտքն արևմուտքից է՝ ամփոփված ուղղանկյուն շրջանակի մեջ։ Ճակատակալը ձևավորված է սև և գորշ դեղնավուն տուֆ քարերի ճառագայթաձև դասավորությամբ։ Երկգույն քարերով շարվածքը աշխուժացնում է գավթի պատերի ներքին և արտաքին միապաղաղ հարթությունները։

«Երկրորդ գավիթը» պեղումներով բացվել է առաջին գավթի հյուսիսային պատին կից։ Հատակագծով և չափերով կրկնում է առաջինի հորինվածքը։ Թերևս, եղել է վանքի ուսումնարանը կամ մատենադարանը։ Ուշ շրջանում այն վերակառուցվել է՝ դառնալով տնտեսական նպատակների ծառայող շենք։ «Երկրորդ գավթից» արևելք պեղումներով բացվել է բնակելի-տնտեսական մեծ սենյակ՝ հյուսիսարևելյան կողմում սլաքաձև վերնամասով բուխարիով։

Սեղանատունը համալիրի հյուսիսարևմտյան կողմում է։ Ուղղանկյուն երկարաձգված թաղակապ շենք է, որից պահպանվել է հյուսիսային ճակատը, մյուս հատվածներում պեղումներով բացվել են հիմնապատերը։ Սեղանատան կոնստրուկտիվ մասերը՝ անկյունները, սյուները, կամարները, կառուցված են սրբատաշ բազալտե քարերով, իսկ կամարների միջև պատերը շարված են կոպտատաշ մանր ու միջին քարերով։ Ունի երկու մուտք՝ հարավարևելյան և հյուսիսարևելյան կողմերում։ Սեղանատան հարավակողմում պեղումներով բացվել են բնակելի-տնտեսական սենյակներ՝ հնագիտական հարուստ նյութով։

Գտածոներ. Ճարտարապետական դետալներ, խաչքարերի բեկորներ, մոտ 40 վիմագրեր, խեցեղեն, ապակե և մետաղե գտածոներ։

Նշանակությունը

Թեղենյաց վանքը կրթության ու գրչության հայտնի կենտրոն էր։ Կարևոր նշանակություն ունի նաև Հայ եկեղեցու պատմության մեջ։ XII դարում վանքի ժամերգության կանոնները Ներսես կաթողիկոսի կողմից նոր ժամակարգի կազմման հիմքն են դարձել։

Ավանդազրույցներ

Թեղենյաց վանքի անունը ծագում է թեղի ծառի անունից։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

 

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 165