Սև Լեռան ժողով
Սեւ լեռան ժողով 1113, գումարվել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռան Քեսունի Կարմիր վանքում, կաթողիկոսական աթոռի համար Գրիգոր Գ Պահլավունու և Աղթամարի եպիսկոպոս Դավիթ Արծրունու վեճի առիթով։
Նորընտիր կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունու դեռահասությունը պատրվակ դարձնելով՝ Դավիթ եպիսկոպոսը Վասպուրականի Ձորավանքում համախոհ հինգ եպիսկոպոսների կողմից ձեռնադրվել էր հակաթոռ կաթողիկոս։ Վերջինս, ի հակադրություն Կիլիկյան Հայաստանի, ջանում էր ճանաչում գտնել բուն Հայաստանում։ Սև լեռան ժողովին (մասնակցել են 2500 եպիսկոպոսներ, վարդապետներ, իշխաններ, աշխարհականներ) օրինական կաթողիկոս է ճանաչել Գրիգոր Գ Պահլավունուն։ Սակայն Դավիթ եպիսկոպոսը, մերժելով Սև լեռան ժողովի որոշումը, Աղթամարում հիմնադրել է կաթողիկոսություն։
Սև լեռան ժողովում ընդունվել է եկեղեցական նոր կանոն, ըստ որի, Հայոց կաթողիկոսի ընտրությունը վավերական է համարվել միայն բուն Հայաստանի չորս եպիսկոպոսների մեծ աթոռների (Բջնու, Հաղպատի, Արտազի, Տաթևի) համաձայնության դեպքում։
Գրականություն
խմբագրել- Մխիթարյան Ա., Պատմութիւն ժողովոց Հայաստանեայց եկեղեցւոյ, Վաղ-պատ, 1874
- Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |