Տոլեդոյի տեսարան (կտավ)

իսպանացի նշանավոր նկարիչ Էլ Գրեկոյի նկարը

Տոլեդոյի տեսարան (իսպ.՝ Vista de Toledo), իսպանացի նշանավոր նկարիչ Էլ Գրեկոյի նկարը։ Նկարչի երեք նկարներից մեկն է, որ բնապատկեր է ներկայացնում («Տոլեդոյի տեսքն ու հատակագիծը», «Սինայի լեռներ»)[5]։ Նկարի մեկ այլ անվանումն է «Տոլեդոն ամպրոպին» (Toledo en una tormenta): Եվրոպական արվեստի առաջին բնապատկերներից է։ Վան Գոգի «Աստղալից գիշեր» և Ուիլյամ Թըրների մի քանի բնապատկերների հետ նկարը համարվում է երկնքի տեսարան պատկերող ամենահայտնի նկարներից մեկը եվրոպական գեղանկարչության մեջ։

Տոլեդոյի տեսարան
տեսակգեղանկար
նկարիչԷլ Գրեկո[1]
տարի1596
բարձրություն121,3 սանտիմետր[1]
լայնություն108,6 սանտիմետր[1]
ուղղությունմաներիզմ[2]
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ[1]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[3]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[4]
սեփականատերLouisine Havemeyer?[1]
https://www.wga.hu/html/g/greco_el/11/1105grec.html կայք
Ծանոթագրություններ
 View of Toledo by El Greco Վիքիպահեստում

Նկարագրություն

խմբագրել

Նկարում պատկերված է իսպանական Տոլեդո քաղաքի հյուսիսային մասի տեսարան, որ ամպրոպային երկնքի տակ փռված է բարձունքին` ծածկված մարգագետիններով ու անտառներով։ Առջևի պլանում Ալկանտարի կամուրջն է Տախո գետի վրա։ Քաղաքի համանապատկերի վրա խոյանում է Ալկասար ամրոցը` դեռևս ավարտին չհասցված աշտարակներով, և Տոլեդոյի տաճարը։ Գետի ձախ ափին Սան Սերվանդոյի ամրոցն է։ Երկինքը հակադրվում է երկրային ամրությանը, որ լցված է աներևակայելի լույսով։ Քաղաքի տեսարանը տրված է ներքևի ռակուրսից, ինչը հեղինակին հնարավորություն է ընձեռել բարձրացնել հորիզոնի գիծը և ուժեղացնել համաչափությունների ձգվածությունը։

Նկարի և ժամանակակից լուսանկարի համեմատությունը թույլ է տալիս տեսնել, թե ինչ շեղումներ է թույլ տվել նկարիչը։ Օրինակ` Տոլեդոյի տաճարի բարձր զանգակատունը հյուսիսից տեսանելի չէ, սակայն Էլ Գրեկոն պատկերել է այն նույն տեսքով, ինչն ունի տաճարը քաղաքի արևելյան կողմից։ Սան Սերվանդոյի ամրոցը ձախ ափին պատկերված է իրականությանը համապատասխան, սակայն կառույցը, որ նկարում լեռան լանջին է, իրականում գոյություն չունի։

 
Տոլեդոյի բնապատկեր, ժամանակակից լուսանկար

Վերածննդի և բարոկկոյի շրջանի իսպանացի նկարիչների գործերում հազվադեպ է հանդիպում բնանկարային գեղանկարչություն։ Էլ Գրեկոյի նկարը կարելի է համարել իսպանական բնապատկերային գեղանկարչության առաջին օրինակներից մեկը[6]։ Համարվում է, որ նկարի առեղծվածային խորհրդապաշտությունը միստիկ զգաղցողություն է հաղորդում դիտողին, ինչը բնորոշ էր այն ժամանակվա քաղաքացիների հասարակական գիտակցությանը[7]։ Անգլիացի արվեստագետ Դևիդ Դեյվիսը փաստում է, որ Էլ Գրեկոյի ոճի բացահայտման գաղտնիքը թաքնված է պլատոնականության և նեոպլատոնականության ուսմունքներում, Պլոտինոսի աշխատություններում, եկեղեցու հայրերի գործերում և պատարագային երգեցողության մեջ[8]։

«Տոլեդոյի տեսարանը» նկարչի ուշ շրջանի գործերից է, որ կատարված է մաներիզմի ոճով. զգալի են նաև բարոկկոյին բնորոշ տարրեր։ Նկարն առանձնանում է բնապատկերի նկատմամբ ազատ վերաբերմունքով. որոշ շինություններ իրական բնօրինակներից տարբերվում են թե՛ տեղադրությամբ, թե՛ չափերով։

Երկնքի ահարսարսուռ տեսքը բնորոշ է Էլ Գրեկոյի արվեստին։ Ամպրոպային երկինքը հանդիպում է նրա բազմաթիվ սրբապատկերներում («Լաոկոոն», «Հայտնության հինգերորդ դրոշմը», «Սուրբ Մարտին», «Սուրբ Դոմինիկ»)։ «Տոլեդոյի տեսարանը» Էլ Գրեկոյից պահպանված միակ բնապատկերն է։

 
«Տոլեդոյի տեսքն ու հատակագիծը»։ Աջ անկյունում պատանին բռնել է քաղաքի հատակագիծը, որտեղ բացատրված է, թե ինչու է Էլ Գրեկոն որոշ շինություններ այլ տեղում պատկերել:

Ի տարբերություն «Տոլեդոյի տեսքն ու հատակագիծը» նկարի, որ կատարված է քարտեզագրության ոճով, «Տոլեդոյի տեսարանը» ներկայացնում է գեղարվեստական կերպար` քաղաքային համայնապատկերին բնորոշ շեշտադրումով։ Այս նկարը ստեղծվել է քաղաքների խորհրդանշական տեսարաններ ներկայացնող ավանդույթներին համապատասխան։ Նկարչի նպատակն է եղել մեկնաբանել, որ թե ճշգրիտ ձևով պատկերել քաղաքային բնապատկերը։

«Տոլեդոյի տեսքն ու հատակագիծը» նկարում պատանին, ով նկարչի որդին է` Խորխե Մանուելը, բռնել է քաղաքի հատակագիծը, որտեղ կան Էլ Գրեկոյի մտքերը բացահայտող բառեր։

  Ես ստիպված եմ եղել Դոն Խուանի հիվանդանոցը փոքր պատկերել, այլապես այն ոչ միայն կփակեր Դե Վիզագրայի քաղաքային դարպասները, այլև նրա գմբեթը կխոյանար քաղաքի վրա։ Այդ պատճառով այն տեղադրվել է այնտեղ. ես նախընտրում են ցույց տալ շենքի ճակատային, ոչ թե մեկ ուրիշ մասը։ Հատակագծից պարզ է, թե հիվանդանոցն ինչ դիրք ունի քաղաքի նկատմամբ։
- Սերգեյ Էյզենշտեյն, Ուղղահայաց մոնտաժ[9]
 

Պատմություն

խմբագրել

Վկայություններ չեն պահպանվել, որ նկարիչն իր կտավը ստեղծել է պատվերով։ Նկարի ներքևի աջ անկյունում նկարիչը թողել է մակագրություն` «Δομηνικος θεoτoκkoπpυλoς επoιeι»: Հնարավոր է, որ այն նկարչից մնացած երկու բնապատկերներից մեկն է, որ Խորխե Մանուելը նշել է հոր մահից հետո նրա թողած ժառանգության մեջ։ Ենթադրվում է, որ այն մինչև 17-րդ դարի վերջը պատկանել է Տոլեդոյի Դե Ակովեր կոմսերին։ 18-19-րդ դարերում նկարի հետքերը կորչում են։ Հնարավոր է, որ նկարը պատկանել է ավգուստինյան միաբանությանը։ 1907-09 թվականներին նկարը ձեռք է բերել իսպանացի մի գործակալ նկարների հավաքորդ Պոլ Դյուրան-Ռյուելի փարիզյան հավաքածուի համար։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նկարը 70.000 ֆրանկով վաճառվել է ամերիկացի հավաքորդ Հենրի Հևեմայերին, ում հավաքածուն ավելի ուշ նվիրաբերվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
  2. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  3. http://www.metmuseum.org/collection/the-collection-online/search/436575
  4. http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
  5. The New Encyclopaedia Britannica, 2009, т. 5, с. 453.
  6. Christine Zappella. «Le Greco, View of Toledo» (անգլերեն). Khan Academy. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  7. «'Vista de Toledo', ArteHistoria. Accedido el 8/11/2010». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  8. D. Davies, «The Influence of Neo-Platonism on El Greco», 20 etc.
    * D. Davies, the Byzantine Legacy in the Art of El Greco, 425—445
  9. «Сергей Эйзенштейн. Вертикальный монтаж». Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոլեդոյի տեսարան (կտավ)» հոդվածին։