Վիկտորիա Բրիտանացի

Բրիտանական թագավորական ընտանիքի անդամ

Վիկտորիա Ալեքսանդրա Օլգա Մարիա (անգլ.՝ Victoria Alexandra Olga Mary, հուլիսի 6, 1868(1868-07-06)[1][2][3], Մալբորո հաուս, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 3, 1935(1935-12-03)[1][2][3], Coppins, Բաքինհեմշիր Քոպինս, Բաքինգհեմշիր, Մեծ Բրիտանիա), Բրիտանական թագավորական ընտանիքի անդամ, Էդուարդ VII թագավորի և Ալեքսանդրա Դանիացու դուստրը, Ջորջ V-ի կրտսեր քույրը։ Երբեէ չի ամուսնացել։

Վիկտորիա Բրիտանացի
անգլ.՝ Victoria of the United Kingdom
 
Մասնագիտություն՝ ազնվական և մեկենաս
Դավանանք Անգլիկան եկեղեցի
Ծննդյան օր հուլիսի 6, 1868(1868-07-06)[1][2][3]
Ծննդավայր Մալբորո հաուս, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի օր դեկտեմբերի 3, 1935(1935-12-03)[1][2][3] (67 տարեկան)
Վախճանի վայր Coppins, Բաքինհեմշիր
Թաղված Արքայական գերեզմանատուն և Սուրբ Գեորգի մատուռ
Դինաստիա Սաքսեն Կոբուրգ Գոթերի դինաստիա և Վինձորների դինաստիա
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
Ի ծնե անուն անգլ.՝ Princess Victoria Alexandra Olga Mary of Wales
Հայր Էդուարդ VII
Մայր Ալեքսանդրա Դանիացի
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Բրիտանական թագի շքանշան Սուրբ Հովհաննեսի շքանշանի Մեծ խաչ և Royal Family Order of King Edward VII

Կենսագրություն

խմբագրել
 
Արքայադուստր Վիկտորիա (աջից) և նրա երկու քույրերը` Մոդ (կենտրոնում) և Լուիզա, 1883 թվական

Ծնունդ

խմբագրել

Վիկտորիա Ալեքսանդրա Օլգա Մարիան ծնվել է 1868 թվականի հուլիսի 6-ին Լոնդոնի Մալբորո հաուս Բրիտանիայի թագավորական առանձնատանը։ Նա Ուելսի արքայազնի Էդուարդի և նրա կնոջ` Ալեքսանդրա Դանիացու ընտանիքում ծնված վեց երեխաներից չորրորդ երեխան է եղել։ Արքայադուստր Վիկտորիան հայրական կողմից թագուհի Վիկտորիայի և արքայազն կոնսորտ Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացիու թոռնուհին էր, իսկ մայրական կողմից Դանիայի թագավոր Քրիստիան IX-ի և Լուիզա Հեսսեն Կասելացու թոռնուհին։ Նա ուներ երկու քույր` Լուիզա և Մոդ, և երեք եղբայրների` Ալբերտ, Ջորջ և Ալեքսանդր Ջոն։ Վերջին եղբայրը մահացել է ծննդյան օրը։ Նրա մայրը ազգակցական կապեր է ունեցել Եվրոպայի բազմաթիվ թագավորական ընտանիքների հետ. Ալեքսանդրայի քույրը` Մարիան դարձել է Ռուսաստանի կայսրուհի, եղբայրը`Գեորգը, Հունաստանի թագավոր, մյուս եղբայրը` Ֆրեդերիկը, ժառանգել է դանիական գահը։ Մտերիմները և հարազատները Վիկտորիային կոչում էին Տորիա։ Ծննդյան օրից, որպես բրիտանական միապետի թոռնուհի, ուներ Նորին թագավորական մեծություն Ուելսի արքայադուստր Վիկտորիա տիտղոսը[4][5][6][7]։

Մկրտություն

խմբագրել
 
Մալբորո Հաուս, Լոնդոն

Նորածնի մկրտությունը տեղի է ունեցել 1868 թվականի օգոստոսի 6-ին Մալբորո հաուսում Քենթերբերիի արքեպիսկոպոս Արչիբալդ Թեյթի ձեռամբ։ Վիկտորիայի կնունքն ընդունել են նրա տատիկը` Վիկտորիա թագուհին (նրան արարողության ժամանակ ներկայացրել է Քեմբրիջի դքսուհին), Ռուսաստանի կայսր Ալեքսանդր II-ը (նրան արարողության ժամանակ ներկայացրել է Ֆիլիպ Բրունովը), Ռուսաստանի ցեսարևիչ Ալեքսանդրը (Վիկտորիայի մորաքույր Դագմարի ամուսինը), արքայազն Արթուր (հոր հորեղբայրը), արքայազն Լյուդվիգ Հեսսենացին, արքայազն Գեորգ Հեսսեն Կասսելացին, Հունաստանի թագուհի Օլգա Կոնստանտինովնան (մայրական գծով ազգական, որին ներկայացրել է Ավգուստա Քեմբրիջցին), Դանիայի այրիացած թագուհի Կարոլինա Ամալիա Շլեզվիգ Հոլշթայնացին, Մեկլեմբուրգ Ստրելիցի այրիացած Մեծ դքսուհի Մարիա Հեսսեն Կասսելացին, Վիկտորիա թագուհու զարմուհին` Մարիա Ադելաիդա Քեմբրիջցին և արքայադուստր Մարիա Լուիզա Շառլոտ Հեսսեն Կասսելացին[8]։

Պատանեկություն

խմբագրել

1885 թվականին Վիկտորիան իր հորաքրոջ` արքայադուստր Բեատրիսի հարսնաքույրն է եղել արքայազն Հենրիխ Բատենբերգցու հետ նրանց հարսանիքի ժամանակ[9], ինչպես նաև հարսնաքույր է եղել իր եղբոր ՝ Գեորգ, Յորքի դքսի և Վիկտորիա Մարիա Թեքցու հարսանիքին, որոնք հետագայում դարձան Մեծ Բրիտանիայի թագավոր և թագուհի[10]։

Արքայադուստր Վիկտորիան իր կրթությունը ստացել է տանը, քույրերի հետ։ Արքայադուստրը մանկության տարիներն անցկացրել է Մալբորո հաուսում և Նորֆոլքի Սանդրինգհեմյան պալատում դաստիարակների հսկողության տակ։ Ամռան ամիսներն անցկացրել է Դանիայում, իր մոր հայրենիքում, որտեղ տարվա այս եղանակին հավաքվել են հարազատները ամբողջ Եվրոպայից։ Երիտասարդ տարիքում նրան նկարագրել են որպես «կենդանի, չարաճճի աղջիկ, որը դարձել է գրավիչ աղջիկ։ Խելացի էր, բարձրահասակ ու նրբաճաշակ։ Նա ուներ հիանալի հումորի զգացում և բոլորի համար լավ ընկեր էր։ Նա մեծ, արտահայտիչ, կապույտ աչքեր ուներ։ Նա ձևականություն չուներ կամ որևէ կերպ չէր ակնարկում իր բարձր դիրքը»։

Նախասիրություններ

խմբագրել

Վիկտորիան սիրել է ձիավարություն, հեծանիվ վարել, ընթերցանություն, երաժշտություն և պար։ Արքայադուստրը հատուկ հետաքրքրություն ուներ լուսանկարչության նկատմամբ. նա կազմել է ընտանեկան լուսանկարների մի քանի ալբոմ։ Վիկտորիայի աշխատանքները ցուցադրվել են Կոդակի ցուցահանդեսների ժամանակ։ Նա կենդանիներ շատ է սիրել։ Նրա սիրելիներն էին Սեմ, Մաս և Պունչի մականուններով շները։ Վեց տարի շարունակ Վիկտորիան ունեցել է ձեռնասու աղավնի, որին նա զբոսանքի և ճամփորդությունների ժամանակ փոքրիկ զամբյուղով իր հետ էր վերցնում։

Վիկտորիան մտերիմ է եղել ծնողների հետ։ Նա նրանց համար «ընտանիքի բարի հրեշտակ էր»։ Արքայադուստրը նրանց ուղեկցել է պաշտոնական միջոցառումների և արարողությունների ժամանակ, օգնել նրանց մասնավոր կյանքում։ Վիկտորիան ջերմ հարաբերություններ է պահպանել նաև Ռուսաստանում և Հունաստանում գտնվող իր զարմիկների և քույրերի հետ։

Վիկտորիայի կյանքի ամենամտերիմ ընկերներից է եղել նրա ավագ եղբայրը` Ջորջը, որը 1910 թվականին դարձել է թագավոր և կայսր։ Ամբողջ կյանքում նրանք պահպանել են ջերմ հարաբերություններ։ Նրանք նմանատիպ բնավորություն ու հումորի զգացում են ունեցել։ Երբ 1935 թվականին Վիկտորիան մահացել էր, թագավորը ասել է. «Այնքան եմ կարոտելու մեր ամենօրյա հեռախոսային խոսակցություններին։ Ոչ ոք չի ունեցել իմ քրոջ նման քույր»[11]։ Թագավորը մահացել է սիրելի քրոջ մահից մեկ ամիս անց։ Վիկտորիան, սակայն, մտերիմ չի եղել Ջորջի կնոջ` Թեքսի արքայադուստր` թագուհի Մարիայի հետ. մի անգամ ասել է. «նա սարսափելի ձանձրալի է»[12]։ Մարիան և Վիկտորիան երբեք մտերիմ չեն եղել իրենց բնավորության, կրթության և հետաքրքրությունների շնորհիվ։

Երկրպագուներ

խմբագրել
 
Վիկտորիայի երկրպագուներից մեկը` ցեսարևիչ Նիկոլայ Ալեքսանդրովիչ, 1889 թվական

Ապագա կայսր Նիկոլայ II-ը պատանեկության տարիներին սիրահարված է եղել Ուելսի արքայազնի աղջկան։ Վիկտորիային ցեսարևիչը հավանում էր իր լրջության, հաստատակամության, «ոչ կանացի մտածողության» համար։ 1889 թվականին Նիկոլայը իր մտերիմ ընկերոջը` մեծ իշխան Ալեքսանդր Միխայլովիչին արքայադստեր մասին գրել է.

  Նա, իրոք, զարմանահրաշ արարած է, եւ որքան ավելի ու ավելի խորն ես թափանցում նրա հոգու մեջ, այնքան ավելի հստակ ես տեսնում նրա բոլոր արժանիքները եւ հատկանիշները։ Ես պետք է խոստովանեմ, որ չափազանց դժվար է նրա էությունը անմիջապես բացահայտել, այսինքն` իմանալ նրա հայացքները իրերի եւ մարդկանց մասին, բայց այդ դժվարությունը Ինձ համար առանձնակի հմայք է ներկայացնում, որը Ես ի վիճակի չեմ բացատրել[13]։  

Անգլիական արքայադուստրը դուր է եկել նաև մեծ իշխան Ալեքսանդր Միխայլովիչին, իսկ ավելի ուշ նրանով հետաքրքրված է եղել մեծ իշխան Միխայիլ Ալեքսանդրովիչը[13]։

Վիկտորիայի ամուսինը լինելու թեկնածուներից է եղել նրա զարմիկ, Դանիայի թագաժառանգ Քրիստիանը, որը հետագայում դարձել է Քրիստիան X թագավոր։ Արքայադուստրը նրան մերժել է ի մեծ հիասթափություն իր ծնողների։ Վիկտորիա թագուհու թոռնուհու հետ ամուսնանալու հավակնորդներից է եղել է Պորտուգալիայի թագավոր Կարլուշ I-ը։ Նա Վիկտորիայից պահանջել է կաթոլիկություն ընդունել, որի հետ համաձայն չէին արքայադստեր ծնողները։ Նրան սիրաշահել է նաև 5-րդ կոմս Ռոզբերին։ Վիկտորիան այդպես էլ չի ամուսնացել, իսկ մայրը, ասում են, զսպում էր նրա այդ ցանկությունը։

Հասարակական կյանք

խմբագրել
 
Արքայադուստր Վիկտորիայի դիմանկար, Ֆիլիպ դե Լասլո, 1907 թվական, Ազգային պատկերասրահ, Լոնդոն

1905 թվականի մարտի 22-24-ը արքայադուստր Վիկտորիան մոր, Մոդ քրոջ, և նրա ամուսնու` Կառլի (Նորվեգիայի ապագա թագավոր) հետ միասին "Վիկտորիա և Ալբերտ" թագավորական զբոսանավով մեկնել են Պորտուգալիա` պաշտոնական այցելության, ի պատասխան նախորդ տարի պորտուգալական միապետերի Մեծ Բրիտանիա այցելության։ Ժամանման առաջին օրը Վիկտորիան վատ ինքնազգացողության պատճառով մնացել է թագավորական զբոսանավի մեջ[14]։ Թագուհի Ալեքսանդրան Մոդի և արքայազն Կարլի հետ հանդիպել են թագուհու` Ամելիայի և այրիացած թագուհի Մարիա Պիայի հետ։ Հաջորդ օրը Վիկտորիան քրոջ ուղեկցությամբ այցելել է  թագավորին, թագուհուն և նրանց որդիներին[15]։ Մարտի 24-ին բրիտանացի հյուրերը վերադարձել են հայրենիք[16]։

Թագավոր Էդուարդ VII-ի վերջին հիվանդության ժամանակ Վիկտորիան առաջիններից մեկն էր, որ բացահայտ հայտարարել է նրա մոտալուտ վախճանի մասին, և պահանջել է, որ պաշտոնական հայտարարություններում արտացոլվի միապետի իրական վիճակը։ 1910 թվականին հոր մահից հետո Վիկտորիան հայտնվել է այրիացած թագուհի մոր ստվերում։ Թագուհի Ալեքսանդրան տառապում էր մշտական դեպրեսիայից և գրեթե խլացել էր։ Տարբեր կազմակերպություններ և տոնակատարություններ այցերի ժամանակ Վիկտորիան մորն ուղեկցում էր։ Մի անգամ, երբ թագուհին չէր կարողացել ներկա գտնվել Ալեքսանդրա Ռոուզի օրվան (Alexandra Rose Day) նվիրված բարեգործական միջոցառմանը և իր փոխարեն ուղարկել էր Լուիզային և Վիկտորիային, վերջինս ավելի ուշ իր ալբոմում գրել է, որ «սարսափելի էր այնտեղ գտնվել առանց սիրելի Մայրիկի»։ 

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի նկատմամբ շարունակվող թշնամանքը Ջորջ V-ին ստիպել էր հրաժարվել բոլոր գերմանական տիտղոսներից, կոչումներից ու պարգևներից։ Նույնը նա խնդրել էր անել իր մեծաքանակ ընտանիքի բոլոր անդամներին։ Թագավորը Սաքսեն Կոբուրգ Գոթա իշխող դինաստիայի անվանումը վերանվանվել է տոհմական ամրոցի անվամբ` Վինձորի դինաստիա։ Դրան հետևել է նաև արքայադուստր Վիկտորիան։ 1917 թվականից հետո նա վերցրել է Վինձոր ազգանունը[17]։

Կյանքի վերջին տարիներ

խմբագրել

1925 թվականին Ալեքսանդրա թագուհու մահից հետո Վիկտորիան տեղափոխվել Բաքինգհեմշիր կոմսության Կոպինս ոչ մեծ քաղաք, որտեղ բնակվել է մինչև մահը։ Կյանքի վերջին տարիներին Վիկտորիան սիրով երաժշտություն է լսել, այգեգործությամբ է զբաղվել և ակտիվորեն մասնակցել է տեղական հարցերի և խնդիրների լուծմանը։ Վիկտորիան հովանավորել է երիտասարդ թավջութակահարուհի Բեատրիս Հարիսոնին (Beatrice Harrison) և նրա երկու քույրերին, որոնք նույնպես երաժիշտներ էին։ Նա մի քանի անգամ նրանց ընդունել է իր տանը և Սանդրինգհեմ պալատում։ Վիկտորիայի մտերիմների թվում էին Մասգրեյվ ընտանիքի (Musgrave family) անդամները, ամուրի դարձած 5-րդ կոմս Ռոզբերին և Վայոլետ Վիվիանը, որը նախկինում Ալեքսանդրա թագուհու պալատական տիկնանցից է եղել։ Լեդի Մաստրեյվն ամբողջ կյանքում եղել է Վիկտորիայի ընկերներից և նրա պալատական կանանցից։ Արքայադուստրը Վայոլետ Վիվիանին օգնել է նրա հսկայական Կեմանս գյուղի մոտ գտնվող Կեստիլ այգու դիզայնի գործում. այն գտնվում էր Անգլսի կղզու հյուսիս արևմտյան առափնյայում։

Վիկտորիան մահացել է իր տանը 1935 թվականի դեկտեմբերի 3-ին, 67 տարեկանում։ Հուղարկավորությունը կայացել է 1936 թվականի հունվարի 8-ին թագավորական Ֆրոգմար գերեզմանոցում, Վինձոր[7]։

Ծագումնաբանություն

խմբագրել

Տեսանյութեր

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Боханов, А.Н. Сердечные тайны дома Романовых: Виктория Великобританскаярус., Москва: Вече, 2008. Боханов, А.Н Сердечные тайны дома Романовых. — Москва: Вече, 2008. — P. 79. — 416 p. — ISBN 978-5-9533-2760-2
  • Eilers, A.Marlene. Eilers, A.Marlene Queen Victoria's Descendants. — Baltimore, Maryland: Genealogical Publishing Co, 1987. — P. 176. — 191 p. — ISBN 9163059649
  • Gore, John. Gore, John King George V: a personal memoir. — London: J. Murray, 1941. — P. 436. — 464 p.
  • Nobre, Eduardo. Nobre, Eduardo Família Real - Álbum de Fotografia. — Lisboa: Quimera, 2002. — P. 248. — 122, 124—125 p. — ISBN 9789725890882
  • Никольсон, Гарольд. Никольсон, Гарольд King George the Fifth: His Life and Reign. — London: Constable and Co, 1952. — P. 310. — 570 p.
  • Pope-Hennessy, James. Pope-Hennessy, James Queen Mary. — London: George Allen and Unwin Ltd, 1959. — P. 279. — 685 p. — ISBN 1842120328
  • Weir, Alison. Weir, Alison Britain's Royal Families, The Complete Genealogy. — London: Random House, 2008. — P. 320. — 400 p. — ISBN 9780099539735

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Pas L. v. Genealogics — 2003.
  4. «Victoria Alexandra Olga Mary Windsor, Princess of the United Kingdom» (անգլերեն) — Профиль Виктории Великобританской на Thepeerage.com.
  5. Dimond, Frances (2004). «Профиль Виктории Великобританской на Oxford Dictionary National Biography» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
  6. Eilers, 1987, էջ 176
  7. 7,0 7,1 Weir, 2008, էջ 320
  8. «Christenings of the Royal Family» (անգլերեն) — Крестины в королевской семье. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 6-ին.
  9. «Prince and Princess Henry of Battenberg with their bridesmaids and others on their wedding day». National Portrain Gallery.
  10. «The Duke and Duchess of York and Bridesmaids». National Portrain Gallery.
  11. Gore, 1941, էջ 436
  12. Pope-Hennessy, 1959, էջ 279
  13. 13,0 13,1 Боханов, 2008, էջ 79
  14. Nobre, 2002, էջ 122
  15. Nobre, 2002, էջ 124
  16. Nobre, 2002, էջ 125
  17. Никольсон, 1952, էջ 310

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորիա Բրիտանացի» հոդվածին։