Վիբորգի ռեալական ուսումնարան
Վիբորգի ռեալական ուսումնարան, միջնակարգ հանրակրթական հաստատություն, որը գործել է Վիբորգում 1882-1918 թվականներին։ Նախկին ուսումնարանի շենքը գտնվում է Վիբորգի կենտրոնում՝ Կրեպոստնայա փողոցի և Լադանովի փողոցի անկյունում։ Ընդգրկված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։
Պատմություն
խմբագրել19-րդ դարի առաջին կեսին Վիբորգ նահանգի քաղաքներում գերակշռել են շվեդական և գերմանալեզու կրթական հաստատությունները, որոնցում ռուսերենը 1812 թվականից ներառված է եղել պարտադիր առարկաների շարքում։ Սակայն 1860–ական թվականներին Ֆինլանդիայի Մեծ դքսությունում սկսվել է ֆիննական լեզվի ներդրումը պաշտոնական գրագրության մեջ։ 1856 թվականին ընդունված ուսումնարանական նոր կանոնադրության համաձայն Վիբորգի գիմնազիայում, ինչպես նաև Ֆինլանդիայի այլ ուսումնական հաստատություններում ռուսերեն և գերմաներեն լեզուների ուսուցումը սկսել է աստիճանաբար նվազել, ինչը հանգեցրել է գիմնազիայի աշակերտների թվի նվազմանը, իսկ 1862 թվականին գիմնազիան լուծարվել է «այդտեղ սովորող աշակերտների աննշան թվաքանակի պատճառով»։ Նույն թվականին Վիբորգում հիմնվել է տարրական ռուսական դպրոց, որը դարձել է միակ ռուսական կրթական հաստատությունը Վիբորգում մինչև 1880-ական թվականները։ Վիբորգի ռուս բնակիչները միջնակարգ կրթություն են ստացել Սանկտ Պետերբուրգի և Հելսինգֆորսի կրթական հաստատություններում, ինչպես նաև գերմանական մասնավոր գիշերօթիկ հաստատություններում, ինչպիսին է Բեմի դպրոցը։
Վիբորգում լիարժեք միջնակարգ ռուսական դպրոցի երկարատև բացակայությունը շատ անհարմարություններ է պատճառել ինչպես երեխաներին, այնպես էլ նրանց ծնողներին։ 1881 թվականին, երբ փակվել է նաև Բեմ-Ցեյդլերի մասնավոր դպրոցը, առևտրական Պ․ Ի․ Շաբարինը կազմակերպել է «Վիբորգում ռուսական միջնակարգ ուսումնական հաստատության հիմնադրման կոմիտե»։ Օգտվելով Ֆինլանդիայի նորանշանակ գլխավոր նահանգապետ, կոմս Ֆեոդոր Լոգինովիչ Հեյդենի՝ Վիբորգ կատարած այցից, կոմիտեի ներկայացուցիչները նրան խնդրագիր են ներկայացրել ռուսական ուսումնարանի բացման աջակցության համար։ Ֆինլանդիայի ռուսական ուսումնարանների տնօրեն Պ. Վ. Արշաուլովի, Ֆինլանդիայի ռուսական ուսումնարանների խորհրդատվական կոմիտեի նախագահ Ա. Լ. Հագեմեյստերի և ժողովրդական կրթության նախարար Ա. Պ. Նիկոլայի ակտիվ մասնակցությամբ նախագիծը հավանության է արժանացել կայսր Ալեքսանդր III-ի կողմից և 1882 թվականի օգոստոսի 30-ին Վիբորգի ռեալական ուսումնարանը հանդիսավորությամբ բացվել է։ Առանձին ուսուցման պատճառով այդտեղ ընդունվել են միայն տղաները, աղջիկները սովորել են մոտակայքում գտնվող կանանց ռուսական գիմնազիայում։ Նրա առաջին քառասուն աշակերտներից 32-ը եղել են ուղղափառ, 5-ը՝ լյութերականներ, իսկ 3-ը՝ կաթոլիկներ։ Նմանատիպ ֆիննական ուսումնական հաստատություն է եղել Ֆիննական ռեալական լիցեյը։
1883 թվականի հունվարի 25-ին կայսր Ալեքսանդր III-ի բարձրագույն հրամանագրով Վիբորգի ռեալական ուսումնարանը, որը բաղկացած էր վեց դասարաններից, դասվել է Ռուսական կայսրության ժողովրդական կրթության նախարարության ուսումնարանների շարքին։ Ժամանակավորապես, մինչ սեփական շենքի կառուցումը, այն տեղավկայվել է Սուրբ Աննայի հրապարակում գտնվող գնդապետ Մենդտի այրու տանը։ 1883 թվականին 1882 թվականին հայտարարված ճարտարապետական մրցույթում հաղթել է պետերբուրգցի ինժեներ-ճարտարապետ Նիկոլայ Ալեքսանդրովիչ Կուրվոազիեի (Կուրվուազիեի) նախագիծը՝ «Աստծո հետ» կարգախոսով։ Սպասո-Պրեոբրաժենսկի եկեղեցու հարակից դատարկ տարածքում սկսվել է երկհարկանի էկլեկտիկ դպրոցական շենքի շինարարությունը[1]։ Շինարարության ընթացքում օգտագործվել է Արևելյան Վիբորգի ամրությունների կառուցումից հետո մնացած քարը։
Ժամանակակիցները բարձր են գնահատել 1884 թվականի հոկտեմբերի 27–ին հանդիսավորությամբ բացված շենքի որակները։ 1885 թվականին ռեալական ուսումնարան են այցելել կայսր Ալեքսանդր III-ն իր կնոջ և թագաժառանգ Նիկոլայ Ալեքսանդրովիչի հետ, ինչի մասին նշված է համապատասխան հուշատախտակի վրա։ 1894 թվականի մայիսի 24-ին Սանկտ Պետերբուրգում անցկացված հիգիենիկ ցուցահանդեսում շենքն արժանացել է մեծ արծաթե մեդալի։ 1895 թվականին ուսումնարանում անցկացվել է ջրմուղ և գազային լուսավորություն (հետագայում այն փոխարինվել է էլեկտրական լուսավորությամբ)։ 1893 թվականից, երբ դպրոցում բացվել է 7-րդ լրացուցիչ դասարանը, այն ամբողջովին սկսել է համապատասխանել ռեալական ուսումնարանների համար հաստատված հաստիքներին և ուսումնական ծրագրին։ Պարտադիր օտար լեզուն եղել է գերմաներենը, Ֆրանսերենը կամ ֆիններենը նույնպես կարող էին ուսումնասիրվել ըստ ցանկության։ Սովորողների թվի ավելացման հետ կապված 1906-1907 թվականներին ճարտարապետ Ալեքսանդր Մաքսիմովի նախագծով ռուսական ոճով կառուցվեց ռեալական ուսումնարանի շենքի երրորդ հարկը[2]։ Նոր կառույցում տեղակայված էին հանրակացարան և հանդիսությունների դահլիճ։ Ընդհանուր առմամբ շենքում կար 56 սենյակ։
Հեղափոխական իրադարձությունների և Ֆինլանդիայի անկախության հռչակման հետ կապված Վիբորգի ռեալական ուսումնարանի ավարտական քննությունները 1917-1918 թվականներին անցկացվել են արագացված կարգով։ Ֆինլանդիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ ուսումնարանի աշխատանքները դադարեցվել են։ Ռեալական դպրոցի մանկավարժական խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել 1918 թվականի ապրիլի 22-ին (9), իսկ 1918 թվականի ապրիլի 29-ին գեներալ Մաներհայմի սպիտակ ֆիննական զորքերը մտել են Վիբորգ՝ սանձազերծելով ոչ ֆիննական բնակչության կոտորածները, ինչի արդյունքում մահացել են 12-15 տարեկան մի շարք դպրոցականներ։ Հետագայում ուսուցիչներից և աշակերտներից ոմանք տեղափոխվել են ռուսական ռեալական լիցեյ` համատեղ միջնակարգ դպրոց, որը բացվել է նախկին կանանց ռուսական գիմնազիայի շենքում։ Իսկ Ֆինլանդիայի Հանրապետության կառավարության կողմից առգրավված ռեալական ուսումնարանի շենքում 1923 թվականին ճարտարապետ Ալլան Շուլմանի ղեկավարությամբ իրականացված վերանորոգումից հետո տեղակայվել է ֆիննական լիցեյը, որը փակվել է 1939 թվականին՝ խորհրդա-ֆիննական պատերազմի (1939-1940) արդյունքում։ Ռազմական գործողությունների ընթացքում վնասված շենքը նորից վերանորոգվել է հետպատերազմյան տարիներին՝ կորցնելով միջին ռիզալիտի բարձր տանիքը, սիմետրիկ ճակատի կողային ելուստների ծայրը և որոշ դեկորատիվ տարրեր, որոնք բացասաբար են անդրադարձել շենքի տեսողական ընկալման վրա։
Ռեալական դպրոցի նախկին շենքը շարունակել է օգտագործվել կրթական կարիքների համար՝ 1950-ական թվականներին այդտեղ տեղակայված է եղել թիվ 26 մետաղագործների տղամարդկանց հատուկ արհեստագործական ուսումնարանը, որը բացվել էր 1945 թվականին, 1955-1963 թվականներին՝ Վիբորգի թիվ 3 տեխնիկական ուսումնարանը, 1963-1970 թվականներին՝ Վիբորգի թիվ 3 քաղաքային պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանը, 1970-1984 թվականներին՝ քաղաքային թիվ 3 միջնակարգ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանը, 1984-1989 թվականներին` թիվ 203 միջին մասնագիտական դպրոց, 1989-1993 թվականներին` թիվ 203 միջնակարգ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանը, 1993-1999 թվականներին՝ Լենինգրադի «Ալեքսանդրովսկի» մարզային պրոֆեսիոնալ լիցեյը, 1999-2006 թվականներին՝ թիվ 3 «Ալեքսանդրովսկի» պրոֆեսիոնալ լիցեյը, իսկ 2006 թվականից՝ Վիբորգի «Ալեքսանդրովսկի» պոլիտեխնիկական քոլեջը»։ 2007 թվականին քոլեջի շենքի վրա տեղադրվել է հուշատախտակ հետևյալ մակագրությամբ․
Քո սխրանքն անգին է, անունն՝ անմահ։ Այստեղ սովորել է Ռուսաստանի Դաշնության հերոս կապիտան Ալեքսանդր Վլադիմիրովիչ Կիրյանովը[3]։ |
Հետպատերազմյան շրջանի ուսումնական հաստատության լավագույն ուսանողներից է եղել Սոցիալիստական աշխատանքի հերոս Վասիլի Չերնյաևը[4]։
Գրականություն
խմբագրել- Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2.
- Калинина Л.Г. Выборгские истории. Сборник исторических статей. — Выборг: «Выборгская типография», 2003. — 192 с. — ISBN 5-9900189-1-6
- Мысько А.С. Прогулки по балтийским крышам. Выборг. — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2016. — 120 с. — ISBN 978-5-91882-033-9
- Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8
- Страницы Выборгской истории. Краеведческие записки / Сост. С. А. Абдуллина. — Выборг: «Европейский дом», 2000. — 450 с. — ISBN 5-8015-0052-9
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Изображения школьного здания на «Виртуальном Выборге»
- Русское реальное училище в Выборге
- Первые «реалисты»
- ВЫБОРГСКОЕ РЕАЛЬНОЕ УЧИЛИЩЕ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիբորգի ռեալական ուսումնարան կատեգորիայում։ |