Վերոնիկա Միխայլովնա Տուշնովա (ռուս.՝ Вероника Михайловна Тушнова, 14 (27) մարտի, 1911, Կազան – 7 հուլիսի, 1965, Մոսկվա, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային բանաստեղծուհի, որ ստեղծագործել է սիրային քնարերգության ժանրում, թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1946)[3]։ Տուշնովայի բանաստեղծությունների հիման վրա գրվել են մի շարք հայտնի երգեր, ինչպիսիք են՝ «Не отрекаются любя», «А знаешь, всё ещё будет!..», «Сто часов счастья» և այլն։

Վերոնիկա Տուշնովա
Вероника Тушнова
Ծնվել էմարտի 14 (27), 1911 կամ մարտի 27, 1915(1915-03-27)[1]
ԾննդավայրԿազան, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 7, 1965(1965-07-07)[2][1]
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծուհի, թարգմանչուհի, գրող և բժիշկ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԿազանի Դաշնային համալսարան և Փորձարարական բժշկության ինստիտուտ

Ծննդյան տարեթիվ խմբագրել

Վերոնիկա Տուշնովայի կենսագրությանը նվիրված մի շարք հոդվածներում ու նրա ինքնակենսագրությունում որպես ծննդյան տարեթիվ նշված է 1915 թվականը։ 1915-1965 թվականները նշված են Վերոնիկա Տուշնովայի՝ Վագանկովյան գերեզմանատանը գտնվող շիրմաքարին. իր մահվանից կարճ ժամանակ առաջ այդպիսի ցանկություն է հայտնել բանստեղծուհին[4][5]։ Սակայն Կազանի Մաքսիմ Գորկու անվան գրականության թանգարանում պահպանվող նյութերում և 2012 թվականին «Պոեզիայի ոսկե շարքում» (ռուս.՝ «Золотая серия поэзии») հրատարակված Տուշնովայի «Հանուն դրա կարելի է ամեն ինչ տալ» (ռուս.՝ «За это можно всё отдать») ժողովածուում, որը կազմել է բանաստեղծուհու դուստրը՝ Նատալյա Ռոզինսկայան, նշված է, որ Վերոնիկա Տուշնովան ծնվել է 1911 թվականի մարտի 27-ին[6]։ Վերոնիկա Տուշնովայի պոեզիան սիրողների ակումբի անցկացրած ուսումնասիրության արդյունքում գտնվել է գրություն չափաբերական մատյանում 1911 թվականին Տուշնովային կնքելու մասին։ Այդ տարեթիվը հաստատել է նաև բանաստեղծուհու դուստրը՝ Ն. Ռոզինսկայան[5]։ Տուշնովայի՝ 1911 թվականին ծնված լինելու փաստն ապացուցվում է նաև այն հանգամանքով, որ նա 1928 թվականին ավարտել է դպրոցը և նույն թվականին ընդունվել Կազանի համալսարանի բժշկական ֆակուլտետ, ինչը անհնար կլիներ 13 տարեկան հասակում։

2011 թվականին Ռուսաստանի մի շարք քաղաքներում անցկացվել են հոբելյանական գրական միջոցառումներ՝ նվիրված Վերոնիկա Տուշնովայի ծննդյան հարյուրամյակին[5][7][8][9][10][11]։

Կենսագրություն խմբագրել

Վերոնիկա Տուշնովան ծնվել է գիտնական, Կազանի անասնաբուժական ինստիտուտի պրոֆեսոր Միխայիլ Տուշնովի (1879-1935) ընտանիքում։ Մայրը՝ Ալեքսանդրա Գեորգիևնա Պոստնիկովան, եղել է Բեստուժևյան կանացի բարձրագույն դասընթացների շրջանավարտ։ Կազանում ընտանիքն ապրել է Մեծ Կազանյան (ներկայում՝ Բոլշայա Կրասնայա) փողոցում գտնվող տանը, ապա Միսլավսկու փողոցում։ Ամառն անցկացրել են Վոլգայի ափին՝ Շալանգայում։ Մանկությունից հետաքրքրվել է կենդանիներով ու ծաղիկներով։

1928 թվականին Վերոնիկա Տուշնովան ավարտել է Կազանի լավագույն դպրոցներից մեկը՝ Ա. Ռադիշչևի անվան № 14 օտար լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցը, լավ խոսել է անգլերեն և ֆրանսերեն։ Վերոնիկա Տուշնովայի գրական շնորհն առաջին անգամ նկատել է գրականության ուսուցիչ Բորիս Նիկոլաևիչ Սկվորցովը, ով բազմիցս աղջկա շարադրությունները բարձրաձայն կարդացել է որպես օրինակելի։ Դպրոցն ավարտելուց հետո Տուշնովան հոր պնդմամբ ընդունվել է Կազանի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ Բանաստեղծուհու կենսագիրները հատուկ նշում են նրա հոր տիրական ու բռնակալական բնավորությունը. ընտանիքում բոլորը ենթարկվել են նրա կամքին ու ցանկություններին[12]։

1931 թվականին Տուշնովայի հայրը տեղափոխվել է աշխատելու Փորձարարական բժշկության համամիութենական ինստիտուտում, և ընտանիքը Կազանից տեղափոխվել է Լենինգրադ, որտեղ Տուշնովան շարունակել է կրթությունը բժշկական ինստիտուտում։ Հետագայում նա ընդունվել է Փորձարարական բժշկության համամիութենական ինստիտուտի հյուսվածաբանության ֆակուլտետին կից ասպիրանտուրա։ Լենինգրադում Վերոնիկա Տուշնովան զբաղվել է գեղանկարչությամբ, և այդ ժամանակ է սկսել է լուրջ հետաքրքրվել պոեզիայով։ 1938 թվականին Տուշնովան ամուսնացել է բժիշկ-հոգեբույժ Յուրի Ռոզինսկու հետ։ Նույն թվականին հրատարակվել են նրա առաջին բանաստեղծությունները։

1941 թվականին Վերոնիկա Տուշնովան իր բանաստեղծությունները կարդացած Վերա Ինբերի խորհրդով ընդունվում է Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտ։ Սակայն սկսված Հայրենական մեծ պատերազմի պատճառով Տուշնովան մոր ու փոքր դստեր՝ Նատաշայի հետ էվակուացվում է Կազան, որտեղ աշխատել է որպես Կարմիր բանակի վիրավոր մարտիկների նյարդավիրահատական հիվանդանոցի պալատային բժիշկ։ Երկու տարի անց՝ 1943 թվականին փետրվարին, Տուշնովան վերադարձել է Մոսկվա, որպես բժիշկ-օրդինատոր աշխատել հիվանդանոցում։ Բաժանվել է առաջին ամուսնուց։

1944 թվականին «Новый мир» պարբերականում տպագրվում է Տուշնովայի «Վիրաբույժ» բանաստեղծությունը՝ նվիրված փորձառու վիրաբույժ Ն. Չիստյակովին, ով նրա հետ աշխատում էր նույն հիվանդանոցում։ Նույն 1944 թվականին «Կոմսոմոլսկայա պրավդայում» տպագրվում է «Բանաստեղծություններ դստեր մասին» շարքը, որ լայն արձագանք է գտնում ընթերցողների շրջանում։

Վերոնիկա Տուշնովայի բանաստեղծությունների ու պոեմների առաջին ժողովածուն եղել է «Առաջին գիրքը» (ռուս.՝ «Первая книга», 1945), որ լույս է տեսել «Молодая гвардия» հրատարակչությունում։ Տուշնովայի ստեղծագործությամբ հիացած է եղել հայտնի դերասան Վասիլի Կաչալովը, որը, ըստ բանաստեղծուհու կենսագիր Վ. Վիլենկինի, տնեցիների ու հյուրերի համար շատ էր կարդում Վերոնիկայի բանաստեղծություններից[13]։

1947 թվականին Վերոնիկա Տուշնովան մասնակցել է Երիտասարդ գրողների համամիութենական առաջին խորհրդակցությանը։

Տուշնովայի ստեղծագործությունների երկրորդ ժողովածուն՝ «Ուղիներ-ճանապարհներ» գիրքը, լույս է տեսել առաջինից ինը տարի անց՝ 1954 թվականին։ Բանաստեղծուհու քնարականության սուր զգացումն իր արտահայտությունն է գտել կյանքի վերջին տարիներին հրատարակված ժողովածուներում՝ «Սրտի հիշողություն» (ռուս.՝ «Память сердца», 1958), «Երջանկության հարյուր ժամ» (ռուս.՝ «Сто часов счастья», 1965) և այլն, որոնցում նա խորհում է վեհ սիրո, մարդկային հարաբերությունների մասին։

Տուշնովան վարել է ստեղծագործական սեմինար Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում[12]։ Որպես գրախոս աշխատել է «Художественная литература» հրատարակչությունում, թերթում աշխատել է որպես ակնարկագիր, բենգալիից (տողատակային թարգմանություններից) թարգմանել է Ռաբինդրանաթ Թագորի ստեղծագործություններից[3]։ Վերոնիկա Տուշնովան համագործակցային ու մտերիմ հարաբերություններով կապված է եղել սերբ բանաստեղծուհի Դեսանկա Մաքսիմովիչի հետ, ում նվիրել է բանաստեղծությունների։ Թաթարերենից թարգմանել է Գաբդուլլա Տուկայի ստեղծագործությունները։

Հետաքրքրություն են ներկայացնում Վիկտորյա Տուշնովայի այն բանաստեղծությունները, որ գրվել են հայրենի երկրում կատարած ճանապարհորդությունների մոտիվներով և ներկայացնում են ժողովրդի ժամանակակից առօրյան և օդանավակայաններում, կայարաններում ու գնացքներում տիրող մթնոլորտը։ Ճանապարհներին բանաստեղծուհու ունեցած մտորումները, դիտարկումներն ու ապրումները միահյուսված են քնարական ու սիրային սյուժեների հետ[14]։

Վերոնիկա Տուշնովայի ամենահայտնի բանաստեղծությունն է՝ «Չեն հրաժարվում սիրելով» (ռուս.՝ «Не отрекаются, любя»[15], գրվել է 1944 թվականին[16]): Մարկ Մինկովը բանաստեղծության հիման վրա գրել է երգ, որն առաջին անգամ հնչել է 1976 թվականին Մոսկվայի Ա. Պուշկինի անվան թատրոնում բեմադրված ներկայացման ժամանակ, սակայն հիթ է դարձել 1977 թվականին Ալլա Պուգաչովայի կատարմամբ։ Հետագա տասնամյակների ընթացքում այն շարունակում է մեծ ժողովրդականություն վայելել ունկնդիրների շրջանում։ Ալլա Պուգաչովան հետագայում այն կոչել է իր երգացանկի գլխավոր երգը և խոստովանել, որ կատարման ժամանակ իր աչքերն արցունքով են լցվում։ Ինչպես նաև ասել է, որ այդ հրաշքի համար կարելի է տալ Նոբելյան մրցանակ[14]։

1965 թվականի գարնանը Վերոնիկա Տուշնովան ծանր հիվանդացել է ու տեղափոխվել հիվանդանոց։ Մահացել է քաղցկեղից 1965 թվականի հուլիսի 7-ին Մոսկվայում։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը՝ ծնողների կողքին[4][17]։

Անձնական կյանք խմբագրել

Վերոնիկա Տուշնովան ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին ամուսնուց՝ բժիշկ-հոգեբույժ Յուրի Ռոզինսկուց նա ուներ մեկ դուստր՝ Նատալյա Ռոզինսկայան (բանասեր)։ Թոռները՝ Նատալյա Պելեխացկայա («Русское Радио»-ի թղթակից) և Միխայիլ Լոգինով («Профиль» ամսագրի գլխավոր խմբագիր)։

Տուշնովայի երկրորդ ամուսինը եղել է (1950-ական թվականների սկզբից) գրականագետ, «Детский мир» հրատարակչության գլխավոր խմբագիր Յուրի Պավլովիչ Տիմոֆեևը։ Նրանք միասին ապրել են տասը տարի։

Իր կյանքի վերջին տարիներին Վերոնիկա Տուշնովան սիրահարված է եղել բանաստեղծ Ալեքսանդր Յաշինին, ինչը մեծ ազդեցություն է թողել նրա ստեղծագործության վրա։ Սակայն Յաշինը չի ցանկացել հեռանալ ընտանիքից (նա ունեցել է չորս երեխա[14]։ Նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել հիվանդանոցում, երբ Տուշնովան արդեն մահվան մահճում էր[12]։ Ալեքսանդր Յաշինը մահացել է երեք տարի հետո նույնպես քաղցկեղից։

Վերոնիկա Տոշնովայի վերջին գիրքը՝ «Երջանկության հարյուր ժամ», այդ սիրո օրագիրն է, որը գրելու ժամանակ բանստեղծուհին արդեն ծանր հիվանդ էր։

Հիշատակ խմբագրել

Վերոնիկա Տուշնովայի կյանքին ու ստեղծագործությանն է նվիրված Լև Աննինսկու «Դարանակալ գունդ» (ռուս.՝ «Засадный полк», 2008) հեղինակային հաղորդումը «Կուլտուրա» հեռուստաալիքով[18]։

Արվեստ խմբագրել

Ընտրյալ ժողովածուներ խմբագրել

  • Առաջին գիրք (ռուս.՝ Первая книга, 1945)
  • Ուղիներ-ճանապարհներ (ռուս.՝ Пути-дороги, 1954)
  • Ճանապարհ դեպի Կլուխոր (ռուս.՝ Дорога на Клухор, 1956)
  • Սրտի հիշողություն (ռուս.՝ Память сердца, 1958)
  • Երկրորդ շնչառություն (ռուս.՝ Второе дыхание, 1961)
  • Քնարերգություն (ռուս.՝ Лирика, 1963, 1969)
  • Երջանկության հարյուր ժամ (Сто часов счастья, 1965)
  • Բանաստեղծություններ (ռուս.՝ Стихи, 1969)

Երգեր Վերոնիկա Տուշնովայի բանաստեղծությունների հիման վրա խմբագրել

  • А знаешь, всё ещё будет!.. (երաժշտ.՝ Մարկ Մինկովի), կատարող՝ Ալլա Պուգաչովա և Քրիստինա Օրբակայտե
  • Вспоминай меня («Я прощаюсь с тобою…») (երաժշտ.՝ Վյաչեսլավ Դոբրինինի), կատարող՝ Սոֆյա Ռոտարու, Ալլա Պուգաչովա, Իրինա Ալլեգրովա
  • Не отрекаются, любя (երաժշտ.՝ Մարկ Մինկովի, առաջին անգամ երգը հնչել է Ա. Պուշկինի անվան թատրոնի դրամատիկական դերասանուհու կատարմամբ Ա. Խմելիկի պիեսի հիման վրա բեմադրված «Տղամարդի՛կ, կրեք տղամարդկանց գլխարկներ» (ռուս.՝ «Мужчины, носите мужские шляпы», 1976) ներկայացման մեջ, որի երաժշտության հեղինակն է եղել Մ. Մինկովը), կատարող՝ Ալեքսանդր Գրադսկի, Ալլա Պուգաչովա, Լյուդմիլա Արտյոմենկո[19], Տատյանա Բուլանովա (Հին երգեր գլխավորի մասին 3), Դիմա Բիլան
  • Миллион лет до нашей эры (երաժշտ.՝ Դավիթ Տուխմանովի), կատարող՝ Դավիթ Տուխմանով և «Մոսկվա» խումբ («НЛО» ալբոմ)
  • Напутствие («Ну что же, можешь покинуть…») (երաժշտ.՝ Եվգենի Արտամոնովի), կատարող՝ Լիլիա Տոլմաչյովա
  • Ну, пожалуйста! (երաժշտ.՝ Ալեքսանդր Դուլովի), կատարող՝ Ալեքսանդր Դուլով, Գալինա Խոմչիկ և Ելենա Ֆրոլովա
  • Сколько дней (երաժշտ.՝ Լուիզա Խմելնիցկայայի), կատարող՝ Իննա Ռազումիխինա
  • Сто часов счастья (երաժշտ.՝ Կոնստանտին Օրբելյանի), կատարող՝ Ալլա Պուգաչովա, Իրինա Օտիևա, Էռնա Յուզբաշյան, Թամարա Գվերցիթելի
  • Бессонница (երաժշտ.՝ Դավիթ Տուխմանովի), կատարող՝ Սոֆյա Ռոտարու
  • Без обещаний жизнь печальней (երաժշտ.՝ Նիկիտա Յանոշչուկի, կ/ֆ «Սովորեցնում եմ կիթառ նվագել»), կատարող՝ Ալինա Սերգեևա
  • И никто не знает (երաժշտ.՝ Դավիթ Տուխմանովի), կատարող՝ Վալենտինա Տոլկունովա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 527—529. — ISBN 5-94848-307-X
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Вероника Тушнова. Тушнова Вероника Михайловна
  4. 4,0 4,1 Могилы знаменитостей. Тушнова Вероника Михайловна (1915—1965)
  5. 5,0 5,1 5,2 Год Тушновой (Вера Третьякова) / Проза.ру — национальный сервер современной прозы
  6. Вероника Тушнова За это можно всё отдать / сост. Н. Ю. Розинская. — М.: Эксмо, 2012. — С. 5. — 384 с. — ISBN 978-5-699-47055-6
  7. http://www.kazalmanah.ru/nomer7/181.pdf
  8. «Вероника Михайловна Тушнова | Art16.ru — Культура и Искусство в Татарстане». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  9. «Зимний бал поэзии | Казанский государственный медицинский университет». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
  10. ТОУНБ им. А. С. ПушкинаВечер к 100-летию Вероники Тушновой
  11. «…В крайнем страдании и острейшем счастье»: юбилей поэта Вероники Тушновой
  12. 12,0 12,1 12,2 Тушнова, Вероника Тушнова
  13. Вероника Тушнова За это можно всё отдать / сост. Н. Ю. Розинская. — М.: «Эксмо», 2012. — С. 5-10. — 384 с. — ISBN 978-5-699-47055-6
  14. 14,0 14,1 14,2 «И вот ты купе закрываешь…»
  15. Вероника Тушнова. Стихи
  16. Стихи Вероники Тушновой на сайте Tushnova.ouc.ru/
  17. Всё кратко.ру — Тушнова В. М. — Биография кратко. Тушнова Вероника Михайловна- краткая биография писателя
  18. «anninsky.ru: Лев Аннинский. Вероника Тушнова. «Не отрекаются, любя»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  19. «Всесоюзный телевизионный конкурс молодых исполнителей эстрадной песни «С песней по жизни» (1977, «Мелодия» С60 08843-4, LP (1)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել