Վերածննդի դարաշրջանի իսպանական ճարտարապետություն

Վերածննդի դարաշրջանի ճարտարապետությունը ճարտարապետական ոճ, որը դիմել է անտիկ հունա-հռոմեական շինարարական արվեստի գեղագիտական հիմունքներին, հնարքներին և ձևերին։ Վերածննդի ժամանակաշրջանի մշակույթն առաջին հերթին զարգանում էր Ֆլորենցիայում և Հռոմում, և ապա նաև Իտալիայի մյուս երկրամասերում, որպես հումանիզմի և դասական ճարտարապետության վերակենդանացման խորհրդանիշ։ Ապենինյան թերակղզում կատարելության հասնելուց հետո վերածննդի արվեստը տարածվում է նաև հարակից շրջաններ։ Պատմաբանները ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգմանք, որ իսպանական վերածննունդը սկսվել է 15-րդ դարի վերջին տասնամյակներին[1][2]։

Սալամանկայի նոր տաճարը կառուցվել է 16-18-րդ դարերում՝ երկու ճարտարապետական ոճերով՝ գոթական և բարոկկո։

15-րդ դարը Իսպանիայի համար դժվար ժամանակաշրջան էր, հաշվի առնելով Պորտուգալիայի, Նիդերլանդների, Իտալիայի հետ շարունակական մրցակցությունը և Եվրոպայի հյուսիսից անընդհատ հարձակումների սպառնալիքը։ Այդ ամենին գումարած նաև ավատական երկպառակությունները, սկիզբ առնող դասակարգային պայքարը, խռովությունները, արյունալի ընդհարումները, խարդավանքն ու թշնամանքը։

Իսպանիայում սկսված նոր ժամանակաշրջանում մարդը ճանաչվում է բարձրագույն արժեք և հայտնվում բոլոր աշխարհահամակարգերի կիզակետում։ Ժամանակակից ուսումնասիրողները վերածննդի ժամանակաշրջանը բնութագրել են հետևյալ կերպ․

Դա Վերածնունդն էր, ասես երկար ու տանջալից մղձավանջից արթնացած ու վերստին իրենց գտած ուժեղ, կենսախինդ մարդկանց դարաշրջանը։ Ամրակուռ, հուժկու, արիասիրտ մարդկանց դարաշրջանը, հերոսների, որոնք ասես իջել էին հունական արձանների պատվանդաններից և պատրաստ էին ամեն տեսակ քաջագործությունների։ Բայց վարվելակերպն ավելի վայելչագեղ էր դարձել, ճաշակներն՝ ավելի նրբին, կեցվածքներն ու դեմքերն արտահայտում էին մեծ կամք ու եռանդ։ Դա աշխարհը ճանաչելու և հասկանալու ծարավի, ստեղծագործելու բուռն կրքով լեցուն մարդկանց, մեծ արվեստի, մեծ հայտնագործությունների դարաշրջանն էր։

Վերածննդի ազդեցությունն իսպանական ճարտարապետության վրա

խմբագրել
 
Գրանադայի տաճարը վերածննդի շրջանի իսպանական ճարտարապետական արվեստի փառահեղ նմուշներից մեկն է։

Վերածննդի ժամանակաշրջանի իսպանական ճարտարապետական ոճը հիմնականում ձևավորվել է տեղական ճարտարապետների կողմից։ Դրա ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունենում Հարավային Իտալիայի ճարտարապետությունը[3]։ Ստեղծագործաբար օգտվելով անտիկ ժառանգությունից, հենվելով գիտության նոր նվաճումների վրա՝ այդ ժամանակաշրջանի իսպանացի արվեստագետները ձգտել են ճշմարտացի պատկերել մարդուն և շրջակա իրականությունը։ Նրանք արվեստը հարստացրել են մարդու մարմնի կառուցվածքի ճշմարիտ պատկերմամբ, հեռանկարի, լույս ու ստվերի, ծավալի, կրճատումների և այլ խնդիրների մշակմամբ և կիրառմամբ։

Ռենեսանսյան ճարտարապետությունն Իսպանիայում ձևավորվել է հարավիտալական արվեստի, գոթական ավանդույթների և տեղական յուրօրինակությունների միախառնման հետևանքով[4][5]։ Արդյունքում առաջացել է նոր ճարտարապետական ոճ, որը կոչվել է պլատերեսկո[6]։ Վերածննդի ժամանակահատվածում Պիրենեյան թերակղզում ավելի վառ էր դրսևորվում երկու ժողովուրդների ու նրանց մշակույթների փոխազդեցության քաղաքական ու կրոնական անտագոնիզմները։ Հետագայում Իսպանիայի վրա ազդեցություն է գործել իտալական դասական արվեստը։ 15-16-րդ դարերում Իսպանիայում հիմնականում կառուցվում էին ոչ մեծ եկեղեցիներ, թագավորական դամբարաններ, գոթական փառահեղ հին տաճարներին ավելացվում էին կապելլաներ։ Նոր ոճի առաջին դրսևորումները նկատվում են Տոլեդոյի Սան Խուան դե լոս Ռեյես եկեղեցու ինտերիերում։

Ճարտարապետ Խուան դե Գուասը ինտերիերի մեջ մտցնում է մավրիտանական մոտիվը` ութաթև աստղը, չնայած արտաքուստ եեղեցին խիստ է և համապատասխան գոթական ճարտարապետությանը։ Պլատերեսկոյի ուշ շրջանը 16-րդ դարն է։ Նրա բնորոշ գծերն են ճակատային կոմպոզիցիայի փոփոխությունները։ Ճակատային հատվածները հագեցած են դասական ճարտարապետական ձևերով ու քանդակներով, բարձրաքանդակներով, կիսանդրիներով, անտիկ աստվածների արձաններով։ Նմանօրինակ արվեստի կարկառուն օրինակ է Սալամանկայի համալսարանի շենքը։ Գավառներում այս ոճը կրել է տեղական ավանդույթների դրոշմը, սակայն ընդհանուր առմամբ այն իսպանական մշակույթի ամենավառ դրսևորումներից է։ Տասնամյակներ անց ռենեսանսի դարաշրջանի իսպանական ճարտարապետության վրայից անհետանում է գոթական ազդեցությունը, իսկ դասական ուսումնասիրությունները հասնում են բարձր մակարդակի։ Թերակղզում ավելի քան մեկ դար իր ազդեցությունն ունեցած վերածննունդը կարևոր նշանակություն է ունեցել իսպանական ճարտարապետության ինքնատիպության ձևավորման գործում՝ թողնելով իր էական հետքը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Nieto Alcaide, Víctor Manuel; Morales, Alfredo José; Checa Cremades, Fernando; Renaissance architecture in Spain, 1488–1599, p. 60. Ed. Cátedra (1989). 978-84-376-0830-3.
  2. «Spanish Architecture: Plateresque Renaissance». www.spanish-art.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. «Spanish Renaissance». Design History (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ ապրիլի 30. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. Arias de Cossío, Ana María; The Art of the Spanish Renaissance, pp. 90–91. Ed. Encuentro (2009). 978-84-7490-909-8.
  5. Alonso Ruiz, Begoña; Late Gothic architecture in Castile: los Rasines, p. 23. Ed. University of Cantabria (2003). 978-84-8102-304-6.
  6. Bozal, Valeriano; Art history in Spain: From the origins to the Enlightenment, pp. 157, 165. Ed Akal (1978). 978-84-7090-025-9.