Վեթեռն լիճ Շվեդիայի հարավում, 88,5 մ բարձրության վրա։ Մակերեսը 1900 կմ2 է, երկարությունը՝ 129 կմ, լայնությունը՝ մինչև 28 կմ, ավազանը՝ մոտ 6000 կմ2, առավելագույն խորությունը՝ 119 մ։
Գտնվում է տեկտոնական իջվածքում։ Հատակը և ափերը ժայռոտ են։ Սնվում է աղբյուրներից, ջուրը պարզ է, սառը (հուլիսին 6—7 °C)։ Վեթեռնի վրա նկատվում են կանգուն ալիքներ և ուժեղ ալեբախություններ, որոնց հետևանքով լիճը սառցակալում է ուշ, փետրվարին։ Մուտալա գետով և Գյոթա ջրանցքով միանում է Բալթիկ ծովին, Գյոթա ջրանցքով, Վենեռն լճով և Գյոթա Էլվ գետով՝ Հյուսիսային ծովին։ Վեթեռնի հարավային մասում է Վիսինգսյո կղզին։ Ափերին են Մուտալա Յոնչյոպինգ, Հուսկվառնա, Կարլսբորգ քաղաքները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 358)։
|