Ֆիքրեթ Մուալա

թուրք նկարիչ (1903-1967)
20:07, 20 Մարտի 2024 տարբերակ, Beko (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ֆիքրեթ Մուալա Սայգը (թուրքերեն՝ Fikret Muallâ Saygı,1903, Քադըքյոյ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 20, 1967(1967-07-20)[1], Ռեյան) 20-րդ դարի ավանգարդիստ նկարիչ, ծագումով թուրք[2]։ Նրա աշխատանքները կրում են էքսպրեսիոնիզմի և ֆովիզմի ազդեցությունները և կենտրոնացած են փարիզյան փողոցային կյանքի վրա:

Ֆիքրեթ Մուալա
թուրքերեն՝ Fikret Muallâ Saygı
Ծնվել է1903
ԾննդավայրՔադըքյոյ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհուլիսի 20, 1967(1967-07-20)[1]
Մահվան վայրՌեյան
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունԳալաթասարայի վարժարան
Մասնագիտություննկարիչ
 Fikret Mualla Վիքիպահեստում

Վաղ կյանք

Ֆիքրեթ Մուալան ծնվել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում, սակայն երկար ժամանակ՝ սկսած 1939 թվականից ապրել է Փարիզում՝ աշխատելով որպես նկարիչ։[3]

Ֆիքրեթ Մուալան շատ էր սիրում մորը։ Այս հարաբերությունները կարևոր դեր են խաղացել նրա հետագա կյանքում: 12 տարեկանում ֆուտբոլ ծաղալուց նա վնասել է աջ ոտքը, երբ փորձել է ընդօրինակել հորեղբայր Հիքմեթ Թոփուզերին՝ Ֆեներբահչեի ֆուտբոլիստ։ Մայրը մահացել է գրիպի համաճարակի ժամանակ, որից հետո հայրն ամուսնացել է շատ երիտասարդ կնոջ հետ, բայց Ֆիքրեթը չի ընդունել խորթ մորը[3]։

Եվրոպայում

Դպրոցն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկել է Ցյուրիխ՝ ճարտարագիտություն սովորելու։ Շուտով Ֆիքրեթ Մուալան լքել է Շվեյցարիան և հաստատվել Բեռլինում: Մանկական տարիների դժբախտ պատահարը, որի պատճառով Մուալան ֆիզիկական թերություն է ձեռք բերել, նպաստել է նրա անկայուն անհատականությանը և հոգեկան խանգարմանը նրա հասուն կյանքում: Նա մի քանի անգամ հոսպիտալացվել է՝ բուժվելով ալկոհոլային կախվածությունից և ծայրահեղ պարանոյայից: 1928 թվականին նա հոսպիտալացվել է Բեռլինում՝ զառանցանքի պատճառով։ Ապա նա մեկնել է Փարիզ՝ արվեստի մայրաքաղաք և նրա համար անսահմանափակ ազատության կենտրոն։ Սակայն Մուալան ստիպված է եղել վերադառնալ տուն, քանի որ այլևս հորից փող չի ստացել[3]։

Վերադարձ Թուրքիա

Ստամբուլում Մուալլան մտավոր առողջ է հայտարարվել Բաքըրքյոյի հոգեբուժարանում եռօրյա ստուգումից հետո հետո։ Ֆիքրեթ Մուալլան աշխատանքի է անցել Այվալըքի միջնակարգ դպրոցում որպես արվեստի ուսուցիչ: Սակայն հրաժարվել է այս պաշտոնից և տեղափոխվել Ստամբուլի Բեյօղլու թաղամաս։ Որոշ ժամանակ իր ուժերը փորձել է գրականության և նկարչության մեջ։ Նա ընկերացել է սոպրանո Սեմիհա Բերքսոյի, գրող Նազիմ Հիքմեթի և նկարիչ Աբիդին Դինոյի հետ: Նրա առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1934 թվականին, որտեղ ներկայացված էին գծանկարներ, ջրաներկ աշխատանքներ և դիզայներական նախագծեր, բայց քիչ ուշադրության է արժանացել: 1936 թվականին նա մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ է հոսպիտալացվել։ Դուրս գրվելուց հետո Մուալլան որոշել է հեռանալ Թուրքիայից, քանի որ գտել է, որ իրեն չեն հասկացել հայրենիքում։ 1939 թվականին Փարիզ մեկնելուց առաջ նա մոտ 30 երփնանկար է նկարել Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի թուրքական տաղավարի համար՝ իր մտերիմ ընկեր Աբիդին Դինոյի խնդրանքով[4]։

Վերադարձ Ֆրանսիա

Նրա կյանքը Փարիզում նշանավորվել է ալկոհոլային կախվածությամբ, խելագարությամբ և կոգնիտիվ դիսոնանսով: Մուալան սիրահարվել է թուրք նկարչուհի Հեյլի Ասաֆին, սակայն սերը փոխադարձ չի եղել։ Մուալան կրկին հիվանդանոցում է ընկել երկու ամսով, բայց այս ընթացքում նա երբեք չի դադարել նկարել։ Ֆրանսիացի մոդել Դինա Վերնին փրկել է նրան արտաքսումից։ 1954 թվականին Ֆիքրեթ Մուալան Փարիզում բացել է իր առաջին ցուցահանդեսը։ Նա ընկերացել է շատ հայտնի արվեստագետների, այդ թվում՝ Պաբլո Պիկասոյի հետ։ Ավելի ուշ նա մեկ շիշ գինու դիմաց վաճառել է Պիկասոյի ինքնագրով լուսանկարը։ Իր երկրորդ ցուցահանդեսից հետո նա կրկին հոսպիտալացվել է։

Մուալլան հայտնի է եղել որպես հարբեցող և խելագար, բայց հարգանքի է արժանացել որպես նկարիչ: Կոլեկցիոներ Ֆերնան Անգլեն հովանավորել է նրան, ինչը թույլ է տվել Մուալային ապրուստ վաստակել նկարելով և վաճառելով իր աշխատանքները[5]։

1962 թվականին նկարիչը կաթվածահար է եղել։ Ցիռոզի պատճառով նա տեղափոխվել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Ռեյան գյուղ։ 1967 թվականի մայիսից նյարդային խանգարման սրման պատճառով նա ընդունվել է կլինիկա։ Հուլիսի 20-ի առավոտյան Ֆիքրեթ Մուալլային մահացած են գտել իր անկողնում։ Կտակի համաձայն՝ նրա աճյունը բերվել է Թուրքիա և թաղվել Ստամբուլի Քերաջահմեթ գերեզմանատանը[3]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Mualla, Fikret // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T060122
  2. «Fikret Mualla: Hayatı, Eserleri ve Bilinmeyenleri». OGGUSTO (թուրքերեն). 2023-08-29. Վերցված է 2024-03-20-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Fikret Mualla (1903—1967)». T.C. Ministry of Culture and Tourism. Արխիվացված է օրիգինալից 2018-04-06-ին. Վերցված է 2018-04-16-ին.
  4. «Fikret Muallâ». Արխիվացված է օրիգինալից 2016-10-27-ին. Վերցված է 2018-04-16-ին.
  5. «Fikret Moualla - Musée d'Art et d'Histoire de l'Hôpital Sainte-Anne (MAHHSA)». web.archive.org. 2021-07-29. Վերցված է 2024-03-20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիքրեթ Մուալա» հոդվածին։