Կոգնիտիվ դիսոնանս (լատին․՝ cognitiо «իմացություն» և dissonantia «աններդաշնակություն», «անկարգություն», «ներդաշնակության բացակայություն»), անձի հոգեկան անհարմարավետության վիճակ, որն առաջանում է գիտակցության մեջ կոնֆլիկտային պատկերացումների` մտքերի, համոզմունքների, արժեքների կամ հուզական արձագանքների բախման արդյունքում։

Կոգնիտիվ դիսոնանսի տեսություն խմբագրել

Կոգնիտիվ դիսոնանսի տեսությունը և հասկացությունն առաջ է քաշել ամերիկացի հոգեբան Լեոն Ֆեստինգերը 1957 թվականին[1]։ Տեսությունը բացատրում է այն կոնֆլիկտային իրավիճակները, որոնք առաջանում են «անձի իմացական կառուցվածքում»[2]։ Տեսության նպատակն է ուսումնասիրել և մեկնաբանել կոգնիտիվ դիսոնանսի վիճակը` որպես անձի պատասխան որոշակի իրավիճակների, մարդկանց կամ ամբողջ հասարակության գործողությունների։

Տեսության հիմնական դրույթներ խմբագրել

Ֆեստինգերը ձևակերպել է իր տեսության երկու հիմնական վարկած.

  1. Դիսոնանսի առաջացման դեպքում անձն ամբողջ ուժով ձգտելու է նվազեցնել երկու դիրքորոշումների միջև առկա անհամապատասխանությունը` փորձելով հասնել կոնսոնանսի (ներդաշնակության)։ Դա տեղի է ունենում, քանի որ դիսոնանսն առաջացնում է հոգեբանական անհարմարավետության զգացում»[3]։
  2. Հաստատելով առաջին վարկածը` երկրորդը սահմանում է, որ փորձելով նվազեցնել առաջացած դիսկոմֆորտը` անձը խուսափելու է այն իրադրություններից, որոնք կարող են ուժգնացել անհարմարավետության զգացումը։

Դիսոնանսի առաջացում խմբագրել

Դիսոնանսը կարող է առաջանալ տարբեր պատճառներով[3].

  • տրամաբանական անհամապատասխանություն,
  • մշակութային ավանդույթներ,
  • անձի և ավելի մեծ խմբի կարծիքի անհամապատասխանություն,
  • անցյալի փորձի և ներկա իրադրության անհամապատասխանություն։

Այդպիսի վարքագծի արդյունքում տեղի է ունենում անձի որոշակի դիրքորոշումների (որոնց վրա իրավիճակն այս կամ այն կերպ ներգործում է) փոփոխություն։ Դա արդարացվում է այն հանգամանքով, որ անձի համար կենսականորեն կարևոր է պահպանել իր ունեցած գիտելիքների համաձայնեցվածությունը[4]։

Այդ է պատճառը, որ մարդիկ պատրաստ են արդարացնել իրենց մոլորությունները. որևէ սխալ քայլ կամ հանցանք գործած մարդը հակված է իրեն արդարացնել` իր դիրքորոշումները փոխելով այնպես, ասես կատարվածն իրականում այդքան էլ սարսափելի չէ։ Այդ կերպ նա «կարգավորում է» իր մտածողությունը, որպեսզի նվազեցնի իր ներքին կոնֆլիկտը[4]։

Դիսոնանսի աստիճան խմբագրել

Կյանքում հանդիպող տարբեր իրադրությունների արդյունքում դիսոնանսը կարող է ուժգնանալ կամ թուլանալ. ամեն ինչ կախված է մարդու առջև ծագող խնդիրներից։

Այսպես, դիսոնանսը նվազագույն կլինի այն դեպքում, երբ անձը, օրինակ, փողոցում գումար տա մի աղքատ մարդու, ով (ինչպես երևում է), այդքան շատ չունի ողորմության կարիք։ Եվ, ընդհակառակը, դիսոնանսն ուժգին կլինի, եթե անձը պետք է հանձնի շատ կարևոր քննություն, սակայն չի փորձում նախապատրաստվել դրան[3]։

Դիսոնանսը կարող է առաջանալ (և առաջանում է) ցանկացած իրադրությունում, երբ պետք է որոշում կայացնել, ընդ որում, դիսոնանսի ուժգնությունը կարող է մեծանալ` կախված այն բանից, թե այդ ընտրությունը որքան կարևոր է անձի համար։

Կոգնիտիվ դիսոնանսի ուժգնությունը կարելի է չափել Ֆուրիեի հոլոգրամաների հիման վրա[5]։

Դիսոնանսի թուլացում խմբագրել

Անկախ դիսոնանսի ուժգնությունից` դրա գոյությունն իսկ անձին դրդում է ամբողջովին ազատվել դրանից, իսկ եթե տարբեր պատճառներից ելնելով առայժմ հնարավոր չէ դա անել, ապա գոնե պետք է թուլացնել այն։ Դա կարելի է անել տարբեր միջոցներով.

  1. փոխել սեփական վարքագիծը,
  2. փոխել կոգնիցիաներից որևէ մեկը, իրեն համոզել հակառակի մեջ[6],
  3. զտել տվյալ խնդրի կամ հարցի վերաբերյալ ստացվող տեղեկատվությունը,
  4. ընդունել սեփական սխալները, հասնել խնդրի նոր, առավել ամբողջական ընկալմանը։

Օրինակ` եթե անձը մոլի ծխող է և տարբեր աղբյուրներից իմանում է, որ ծխելը վնասակար է առողջությանը, ապա ստացված տեղեկատվության համապատասխան կարող է փոխել իր վարքագիծը. թողնել ծխելը, քանի որ համոզվում է, որ այն վնասում է առողջությանը, կարող է ժխտել ծխելու` վնասակար լինելու հանգամանքը և գտնել տեղեկատվություն այն մասին, որ որոշ դեպքերում ծխելը կարող է նույնիսկ օգտակար լինել` այդ կերպ նվազեցնելով բացասական ինֆորմացիայի կարևորությունը։ Երրորդ տարբերակում նա կարող է խուսափել բոլոր այն տեղեկություններից, որոնցում շեշտվում են ծխելու վտանգները։ Արդյունքում նրա գիտելիքների և արարքների միջև առկա դիսոնանսը կնվազի[2][3]։

Դիսոնանսի կանխարգելում և չեզոքացում խմբագրել

Որոշ դեպքերում անձը կարող է կանխարգելել դիսոնանսի և որպես հետևանք` ներքին անհարմարավետության զգացումի առաջացումը` խուսափելով իր խնդրի հետ կապված ցանկացած նոր տեղեկատվությունից, որը կարող է հակասել արդեն եղածին[3]։

Անձի համար կենսակարևոր տեղեկատվության «զտման» մեխանիզմները նկարագրվում են պաշտպանական մեխանիզմների տեսության մեջ (հասկացությունն առաջ է քաշել Զիգմունդ Ֆրոյդը, հետագայում մշակել է Աննա Ֆրոյդը

Եթե դիսոնանսն արդեն առաջացել է, ապա անձը կարող է նվազեցնել դրա ուժգնությունը կոգնիտիվ կառույցի մեջ արդեն առկա բացասական տարրերի փոխարեն մեկ կամ մի քանի կոգնիտիվ տարր ավելացնելու միջոցով[3]։ Այդ դեպքում նա կփնտրի այնպիսի տեղեկատվություն, որը կխրախուսի իր ընտրությունը (կհաստատի կայացրած որոշումը) և վերջին հաշվով կթուլացնի կամ կվերացնի դիսոնասի վիճակը։ Սակայն այսպիսի վարքագիծը կարող է ունենալ բացասական հետևանքներ, հանգեցնել անձի կողմից իրականության աղճատված և ոչ օբյեկտիվ ընկալմանը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Festinger, L. (1957). A Theory of Cognitive Dissonance. California: Stanford University Press.
  2. 2,0 2,1 Андреева Г. М. Психология социального познания: Учеб. пособие для студентов вузов / Под. ред. Э. М. Харланова. — 3-е изд., перераб. и доп. — М.: Аспект Пресс, 2005. — 303 с.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Фестингер Л. Теория когнитивного диссонанса / Пер. с англ. А. Анистратенко, И. Знаешева. — СПб.: Ювента, 1999. — 318 с., ил.
  4. 4,0 4,1 4,2 Майерс Д. Социальная психология / Пер. с англ. З. Замчук; Зав. ред. кол. Л. Винокуров. — 7-е изд. — СПб.: Питер, 2006. — 794 с., ил. (Серия «Мастера психологии»).
  5. Павлов А. В. Логика с исключением на алгебре фурье-дуальных операций: нейросетевой механизм редуцирования когнитивного диссонанса.- Вестник НИУ ИТМО. — УДК 004.387; 535.417.-Выпуск 6(94)
  6. Кэмпбелл Дж. Б. Когнитивный диссонанс (cognitive dissonance) // Психологическая энциклопедия / Под ред. Р. Корсини, А. Ауэрбаха.. — 2-е изд.. — СПб.: Питер, 2006. — 1096 с. — ISBN 5-272-00018-8

Գրականություն խմբագրել

  • Cooper, J (2007), Cognitive dissonance: Fifty years of a classic theory, London: Sage publications, ISBN 978-1-4129-2972-1, Վերցված է 6 March 2013-ին
  • Harmon-Jones, E., & J. Mills. (Eds.) (1999). Cognitive Dissonance: Progress on a Pivotal Theory in Social Psychology. Washington, DC: American Psychological Association.
  • Metin, I.; Metin Camgöz, S. (2011). «The Advances in the History of Cognitive Dissonance Theory» (PDF). International Journal of Humanities and Social Science. 1 (6).
  • Tavris, C.; Aronson, E. (2007). Mistakes were made (but not by me): Why we justify foolish beliefs, bad decisions, and hurtful acts. Orlando, FL: Harcourt. ISBN 978-0-15-101098-1.
  • McLeod, S. «Cognitive Dissonance». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել