Չիհուահուա(նաև` չիխուախուա, իսպ.՝ Chihuahua, [tʃiˈwawa]), շան տեսակ։ Համարվում է աշխարհի ամենափոքր շունը և անվանվել է ի պատիվ Չիուաուա անունով մեքսիկական նահանգի։ Ենթադրվում է, որ այս շան նախնիները ապրել են վայրի բնությունում և տոլտեկների քաղաքակրթության դարաշրջանում ընտելացվել են նրանց կողմից[1]։ Ունի հավաք մարմին և առանձնանում է կայտառ և խիզախ բնավորությամբ։ Շնաբաները պնդում են որ այս ցեղատեսակի շները կարևոր տեղ են զբաղեցնում հին և ժամանակակից շնաբուծության մեջ։ Չիհուահուան նշանակալի ազդեցություն է թողել ուրիշ գաճաճ ցեղատեսակների ձևավորման վրա։ Սակայն չիհուահուան մի շարք առավելություններ ունի ուրիշ գաճաճ ցեղատեսակների նկատմամբ. կուռ առողջություն, բարձր բանականություն, հաղորդակցման կարողություն և հարմարվողականություն[2]։

Չիհուահուա
Տեսակշան ցեղատեսակ
Բնաշխարհ Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ցեղատեսակի պատմություն խմբագրել

Հետազոտողների մեծ մասը հակված են այն կարծիքին, որ այս շան հայրենիքը Չիուաուան է, որը գտնվում Մեքսիկայի հյուսիսում և սահմանակից է ամերիկյան Նյու Մեքսիկո և Տեխաս նահանգներին։ Չիուաուան երկրի 32 նահանգներից տարածությամբ ամենամեծն է (247 087 կմ2): Հենց այստեղ են 1800-ական թվականների կեսերին շնաբաններն ուշադրություն դարձրել չիհուահուա ցեղատեսակի շներին[3]։

Մեքսիկական առևտրականները սահմանային տարածքներում վաճառում էին այդ փոքրիկ շներին զբոսաշրջիկներին, իսկ նրանք իրենց հերթին սկսում են շներին որպես ընտանի կենդանիներ բերել ԱՄՆ։ Շները գրավում էին տեսակների բազմազանությամբ. գոյություն ունեին ինչպես երկար, այնպես էլ` կարճ մորթով շներ։ Մորթու տարբեր գունավորումները, փոքր չափսերը և հավասարակշիռ բնավորությունը դուր էր գալիս զբոսաշրջիկներին։ Այդ ժամանակ շների ցեղատեսակներն անուն չունեին, և նրանց անվանում էին այն շրջանների անուններով, որտեղ հանդիպում էին, օրինակ` «Արիզոնայի շուն», «Մեքսիկայի շուն», «Տեխասի շուն» կամ «Չիուաուայի շուն», իսկ ժամանակակից «չիուաուա» անունը ամրապնդվել է ցեղատեսակի առաջին ստանդարտի հայտնվելու հետ միասին։

Տեչիչի խմբագրել

Ըստ առավել տարածված և առավել հավանական տեսության` չիհուահուայի նախնին եղել է հնագույն տեչիչի շունը։ Համր տեչիչիները չափերով ավելի մեծ էին, քան թե ժամանակակից չիհուահուաները, և առանձնանում էին առավել երկար մորթով ու ապրում էին տոլտեկների հետ. վերջիններս բնակվում էին «միջնադարյան» Մեզոամերիկայի տարածքում, մեր թվարկության IX դարում։ Ըստ մեկ այլ տեսության` տեչիչիները ընտելացվել են դեռ մայաների քաղաքակրթության կողմից։ Տեչիչիները բուծվել են նրանց կողմից սննդի մեջ օգտագործելու համար, ինչպես նաև` օգտագործվել են զոհաբերություների համար. շներին մումիացնել են և թաղել են իրենց տերերի հետ` որպես ընկերակիցներ անդրշիրիմյան կյանքում հետո[3]։ Հավանաբար արդյունքում այդ կրոնական ծիսակատարությունները ժառանգել են տոլտեկները։

 
Կերամիկական կուռք բերված կոլիմայից

Տեչիչիի պատմությանը կարելի է հետևել նկարների միջոցով, որոնք արվել քարերի, կավագործական իրերի վրա, ինչպես նաև` մեծաքանակ գերեզմանափոսերով, որոնց մեջ հայտնաբերվել են շների մնացորդները։ Խոշորագույն կրոնական կենտրոն Չոլուլայում եղել է շուրջ հարյուր բուրգ, որոնք զարդարված էին ոսկով և թանկարժեք քարերով։ Ամենամեծ բուրգերից մեկի կառուցումը սկսվել էր դեռ մ.թ.ա. II դարում, և ավելի ուշ շինարարությունը շարունակվել է տոլտեկների կողմից։ Բուրգի պատերի վրա կային նկարված կյանքի տեսարաններ, որտեղ առկա էին նաև փոքր շնիկները։

Մեր թվարկությունից XII դարում հյուսիսից եկած ացտեկների ցեղերը բնակեցրել են տոլտեկների հողերը` այդպիսով վերջ դնելով նրանց քաղաքակրթությանը։ Մեր թվարկության XVI դարում ացտեկների կայսրությունը տարածվում էր ժամանակակից Մեքսիկայի տարածքում։ Զոհաբերության գաղափարը կենտրոնական էր ացտեկների պաշտամունքի մեջ[4]։ Զոհաբերվում էին ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիներ, այդ թվում և` շներ։

Մայաների և տոլտեկների նման ացտեկները թաղում էին շներին` իրենց տերերի մնացորդների հետ։ Նրանք համարում էին, որ շներն իրենց տիրոջը կօգնեն գտնել անդրշիրիմյան աշխարհ տանող Միկտլան անունով ճանապարհը։ Դեպի Միկտլան ճանապարհը տևում էր չորս օր։ Հանգուցյալն անցնում էր երկու լեռների միջով, որոնք կախված էին նրա վրա և սպառնում էին ճզմել նրան։ Պետք էր այնպես անցնել, որ հնարավոր լիներ խուսափել փուլ եկող քարերից և ահռելի մեծ կոկորդիլոսի և օձի հարձակումից։ Հետո հանգուցյալը պետք է անցներ ութ անապատ և բարձրանար ութ լեռների գագաթներ։ Հաջորդ փորձության ընթացքում նա պետք էր անցներ չտեսնված ուժով սառցե քամու միջով, որը հանգուցյալների թագավորություն գնացողի վրա շպրտում էր սուր վանակատից կազմված սայրեր և խոշոր քարաբեկորներ։ Հետո հանգուցյալը նստում էր տեչիչիի վրա, որը լուսավորում էր ճանապարհը իր ռուբինե աչքերով, և անցնում էր ստորգետնյա, լայն գետի միջով։ Դրանից հետո հանգուցյալն ընկնում էր Միկտլանտեկուտլիի` հանգուցյալների թագավորության առաջնորդի մոտ և բերում էր ընծաներ, որոնք ուղարկել էին իր հարազատները։ Միկտլանտեկուտլին մարդուն տեղ էր տալիս դժոխքի ինը մասերից մեկում։

1521 թվականին Ացտեկական կայսրությունը ոչնչացվում է իսպանական կոնկիստադորների կողմից` Էռնան Կորտեսի գլխավորությամբ։ Նվաճողներն արմատախիլ էին այն ամենը, ինչը կապված էր հնդկացիական ցեղերի կրոնական պատկերացումների և մշակութային ավանդույթների հետ։ Ավերվում էին տաճարներ և ոչնչացվում էին հին գրքեր։ Շների սուրբ ցեղատեսակը նույնպես ենթարկվում է ոչնչացման և հայտնվում ոչնչացման եզրին։ Շների մի մասին հաջողվում է թաքնվել ջունգլիներում, որտեղ էլ նրանք վայրենանում են։

Որոշ պատմաբաններ կարծում են, որ չիհուահուան տեչիչիի անմիջական ժառանգը չէ և հայտնվել է տեչիչիի և չինական փումփուլավոր շան խաչասերման շնորհիվ, որի ներկայացուցիչներն ապրել են իսպանական նավերի վրա` որպես առնետների «որսորդեր»[3]։

Եվրոպական տեսություն և ԴՆԹ-ի հետզոտությունները խմբագրել

Գոյություն ուներ չիհուահուայի առաջացման վերաբերյալ այլ վարկած ևս։ Ըստ տեսություններից մեկի` չիհուահուան առաջացել Եվրոպայում, մասնավորապես Մալթայում, որը գտնվում էր Իտալիայից 80 կիլոմետր հեռավորության վրա։ Այս միջերկրածովյան կղզին մի ժամանակ մելիտայի (մալթական բոլոնկայի) հայրենիքն է եղել։ Երկու շներին միավորում է խալի առկայությունը. այդպես, բոլոր չիխուախուաների մոտ 80-90%-ը ծնվում են գանգի վրա չոսկրացած հատվածով[3]։

Չիհուահուայի եվրոպական ծագման համար ևս մեկ ապացույց կարելի է համարել Վատիկանի Սիքստինյան կապելլայի որմնանկարը։ 1481-82 թվականներին իտալացի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի «Մովսեսի կանչումն ու փորձությունը» որմնանկարը պատկերում է տղայի, որի ձեռքում ժամանակակից չիհուահուային շատ նման փոքրիկ շուն կա[5]։ Որմնանկարի պատկերումն ավարվտել էր Քրիստափոր Կոլումբոսի` Ամերիկան հայնտագործելուց 10 տարի ավելի շուտ, հետևաբար նկարիչը չէր կարող իմանալ, թե ինչպիսի տեսք ունեն մեքսիկական շներ տեչիիչն կամ քսոլոիտցկունտլին[3]։

Եթե այս հիպոթեզը ճիշտ լիներ, ապա կարելի էր ենթադրել, որ իսպանական կոնկիստադորները չեն բերել այս շներին հին աշխարհ, այլ հակառակը` վերցրել են իրենց հետ եվրոպայից դեպի Հնդկաստանի ափեր ճամփորդելիս։

 
Հարթ մորթով չիհուահուա
 
Երկարամազ, բաց սրճագույն գույնի չիհուաուա

Սակայն բնիկ ամերիկյան շների ԴՆԹ-ի հետազոտությունները, որոնք հրատարակվել էին 2013 թվականին[6], լույս են սփռել ցեղատեսակի առաջացման վրա։ Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները Ստոկհոլմում (Շվեդիա) ուսումնասիրել են մի քանի ժամանակակից ամերիկյան շների, այդ թվում և` չիհուահուայի, ծագումը։ Նրանք համեմատել են չիհուահուայի միտոքոնդրիալ ԴՆԹ-ն մի քանի ուրիշ ասիական և եվրոպական շների միտոքոնդրիալ ԴՆԹ-ի հետ և դրանց մեջ կապ չեն գտել։ Դրա հետ մեկտեղ նրանք հայտնաբերել են ամենատարածվածը (5/14 առանձնյակների մոտ հանդիպող) և միաժամանակ ժամանակակից չիհուահուայի համար յուրահատուկ հալոտիպ։ Այդպիսի հալոտիպ հայտնաբերվել է մեքսիկական մինչկոլումբոսյան շների մոտ[6]։ Դա ապացուցում է, որ չիհուահուայի նախնիները ապրել են այնտեղ եվրոպացիների գալուց առաջ, ինչպես նաև հերքում է ցեղակցության տեսությունը չինական փումփուլավոր շների հետ։

Ժամանակակից չիհուահուա խմբագրել

Չիհուահուաի մասին գրավոր առաջին մանրամասն նկարագրությունը գրել է շոտլանդական ծագմամբ ամերիկացի շնաբան Ջեյմս Ուոթսոնը։ 1888 թվականին Սան Ֆրանցիսկոում շների ցուցահանդեսին գնալու ճանապարհին Ուոթսոնը մտնել է Էլ Պասո, որտեղ հատել է Մեքսիկայի հետ սահմանը, որպեսզի հաստատի կամ հերքի այդ ժամանակ տարածված խոսակցություները փոքրամարմին ցեղատեսակների մասին։ Այտեղ տեղի վաճառականից նա հինգ դոլարով ձեռք է բերել իր առաջին չիհուահուային, որին ավելի ուշ անվանել է Մանզանիտա։ Ուոթսոնը արդյունքում վերադարձել է Մեքսիկա, որպեսզի ձեռք բերի եվս մի քանի շուն, այդ թվում ցեղատեսակի ապագա չեմպիոն Հուարես Բելլային։

 
Չիխուախուայի դիմանկար

1890-ական թվականներին իտալացի-ֆրանսիացի օպերային հայտնի երգչուհի Ադելինա Պատիի համերգների ժամանակ Մեքսիկայի նախագահը ի նշան ճանաչման նրան ծաղիկների փունջ է մատուցել, որի մեջ թաքնված էր փոքրիկ չիհուահուան։ Երգչուհին նրան հաճախ էր իր հետ տանում համերգների, ինչը կարևոր է դեր խաղել ցեղատեսակի հանրայնացման համար, քանի որ այդ ժամանակ շատերը միայն լսել էին այդ շան մասին, բայց երբեք չէին տեսել նրան։

Միայն 1904 թվականին ֆիլադելֆիայում Ամերիկայի շնապահների ակումբի ցուցահանդեսում չիհուահուան ներկայացվել է հարթ մորթի ունեցող Միջեթ անունով էգ շան տեսքով, որին շնաբույծ Հ. Ռայները նույնպես ձեռք էր բերել Մեքսիկայի սահմանին[5]։ Չիհուահուայի ազգային ակումբը հիմնվել է 1923 թվականին։ Այդ ժամանակ էլ սահմանվել է ցեղատեսակի առաջին պաշտոնական ստանդարտը, որն իր մեջ ընդգրկում էր միայն հարթ մորթով չիհուահուաներին։ 1928 թվականին կանադական շնապահների ակումբը չիհուահուային ավելացրել է պաշտոնապես ճանաչված ցեղատեսակների ցուցակի մեջ։ Իսկ քառորդ դար հետո, 1948 թվականին, աշխարհի հնագույն` Անգլիական ակումբում ստեղծվել է Չիհուահուայի բրիտանական ակումբ, որտեղ 1954 թվականին անգլիացիները ամերիկացիների հետ համատեղ մշակել են երկրորդ ստանդարտը, որն իր մեջ ներառում էր ցեղատեսակի երկու տարատեսակ` հարթ մորթով և երկարամորթի։

Արտաքին տեսք և բնավորություն խմբագրել

Չիհուահուային նայելով` նրան կարելի է նկարագրել որպես արագաշարժ, լավ ռեակցիայով, կայտառ բնավորությամբ և բացարձակ անվախ շան։ Նրանք չափազանց շարժուն են, հետաքրքրասեր, չհոգնող և դիմացկուն[7]։ Բնավորությամբ չիհուահուաները ընկերասեր են մարդկանց և ուրիշ կենդանիների հանդեպ, առանց բարկանալու կամ վախկոտության նշանների[2]։ Ագրեսիվ կամ վախկոտ պահվածքը որակազրկող արատներ են համարվում ցեղատեսակի համար[1]։

Ցեղատեսակը կարող է շատ տարբեր գունավորումներ ունենալ[8][9]։ Մերլե գունավորումը չիհուահուայի մոտ վիճելի է համարվում և ամեն տեղ չի ճանաչվում։ Այս գունավորմամբ շները կարող են ունենալ լսողության և տեսողության հետ խնդիրներ, ներառյալ` մասնակի կամ լրիվ խլություն, ներաչքային ճնշման մեծացում, ամեթրապիա (ցանցաթաղանթի վրա պատկերի մշուշվելը), միկրոֆթալմ (աչքի խնձորակի փոքր չափս), կոլոբոմա (բիբի թերություն) անոմալիաներ` կապված ողնուղեղային և վերականգնողական համակարգների և սրտի հետ[10]։

Չիհուահուան սովորություն ունի որոշակի բարձրության վրա պահել պոչը, որը կամ ծալված է, կամ կազմում է փոքր ծայրով կիսաշրջան` ուղղված դեպի պարանոցի կողմը։ Պոչը տափակ տեսք ունի, միջին երկարության է, հիմքից լայն է և աստիճանաբար նեղանում է դեպի ծայր։ Անսովոր է հետևի ոտքերի տեղադրվածությունը, նաև պոչը, որը փաթաթված է մեջքի գծից ցածր։ Պոչի մորթու գունավորումը կախված է տարատեսակից և ներդաշնակ է մարմնի մորթու հետ։ Երկարամորթի չիհուահուաների մոտ պոչի մորթին կեռիկ է կազմում։ Հանգիստ ժամանակ պոչը իջեցված է և թեթևակի ծռված է։ Որձ առանձնյակի համար նախընտրելի է քառակուսի տեսքը։ Էգ շունը կարող է ունենալ ավելի երկար մարմին, որը պայմանավորված է վերարտադրողական գործառույթով։

 
Երկարամորթ չիհուահուա
 
Փոքրիկ չիհուահուա (ծննդից 1 շաբաթ անց)

Չիհուահուայի աչքերը մեծ են, շրջանաձև, լավ արտահայտված, դուրս ցցված չեն, ամբողջովին մուգ։ Չնայած հնարավոր են նաև բաց աչքեր, սակայն դրանք նախընտրելի չեն։ Զարմանալի մեծ են չիհուահուայի ականջները, ձիգ են, լայն տարածված, հիմքի մոտ լայն են և աստիճանաբար նեղանում են և կլորանում` ծայրերին մոտենալիս[11]։

Ականջի թեքությունը կազմում է 45 աստիճան։ Չիխուախուայի պարանոցը տարբերվում է ըստ սեռի (ավելի հաստ է որձ շների մոտ), իսկ վերևի գիծը թեթևակի դուրս ցցված է։ Պարանոցը միջին երկարության է։ Երկարամորթ չիհուահուաների մոտ ցանկալի է երկարացված մազածածկույթը։ Կրծքավանդակը լայն և խորն է, իսկ կողերը լավ շրջաձևություն ունեն։ Առջևից նայելիս ծավալուն է երևում, բայց ոչ չափազանց, կողքից հասնում է արմունկի մակարդակի։ Տակառանման չէ։ Չիհխուահուայի վերջույթները առջևից ուղիղ են, բավականին երկար. առջևից Նայելով արմունկների հետ կազմում են ուղիղ գիծ, կողքից նայելիս դրանք ուղիղ են։ Հետևի վերջույթներն ունեն լավ մկանային կառուցվածք, երկար ոսկորները ուղղահայաց են և զուգահեռ են միմյանց, կոնքա-ազդրային ու ծնկային հոդերի լավ անկյուններով, որոնք ներդաշնան են առջևի վերջույթների հետ։ Չիհուահուայի թաթերը շատ փոքր են և օվալաձև, լավ բաժանված, բայց ոչ տարածված (ո՛չ նապաստակի, ո՛չ կատվի) մատներով։ Որոշակի երկարությամբ ճանկերը շատ ուռուցիկ են։ Ոտքի բարձիկները զարգացած են և շատ առանձգական։

 
Մերլ գունավորմամբ չիհուահուա

Գոյություն ունի չիհուահուայի գանգի երկու` «եղնիկ» և «խնձոր» տեսակ։ Կարևոր է նշել, որ ըստ Ամերիկյան շնաբանների ակումբի և Շնաբանների միջազգային ֆեդերացիայի, գոյություն ունի չիհուահուայի միայն երկու երկարամորթ և կարճ մորթով տեսակ։ Երկու տեսակների դեպքում էլ խնձորաձև գլուխն ավելի ցանկալի է։ «Եղնիկ» և «խնձոր» տերմիններն ընդամենը մականուններ են, որոնք մարդիկ օգտագործում են` տարբերությունները նկարագրելու համար[12]։ Շների մեծ մասին բնորոշ են դրանց խառնածին գծերը։

«Խնձոր» տիպի շները ունեն կարճ քիթ, իրարից հեռու տեղադրված խոշոր և լավ արտահայտված աչքեր, որոնք մի-քիչ դուրս ցցված են, լայն և բավականին բարձր ճակատ։ Ականջներն այդքան էլ մեծ չեն, բայց և այնպես տեղակայված են իրարից բավականին մեծ հեռավորության վրա և բավականին լայն են հիմքում։ Մեջքը հարթ է և ամուր, պարանոցը` ծավալուն, իսկ կուրծքը լայն և հզոր է։ Պոչը երկար չէ, ոչ էլ բարակ։ Կատարյալ դեպքում ունի սուսերի տեսք։ Թաթերը ամուր են, հավաք և ոչ շատ երկար։ Հոդերի անկյունները լավ արտահայտված են։ Այս տեսակի չիհուահուայի շարժման մեջ զգացվում են կայտառություն և էներգիա։

«Եղնիկ» տիպի չիհուահուանները ունեն ավելի մեծ քիթ։ Այս տիպի շները ավելի պերճաշուք և նրբագեղ են։ Գլուխը որպես կանոն շատ մեծ չէ ու լայն է, մի քիչ` երկարավուն։ Ականջները մեծ են և կարող են բարձր տեղադրված լինել։ Մեջքը, ինչպես և կրծքավանդակը, թեթև է։ Վերջույթներն ավելի փոքր և բարակ են։ Պոչը բարակ և երկար է։ Շարժումների մեջ չի զգացվում ուժ և հզորություն, շունը շարժվում է` կարծես մի քիչ հպվելով գետնին։ Շարժողական հոդերը վատ են արտահայտված։ «Եղնիկ» տեսակը գտնվում է իր ստանդարտներով թույլատրելիի սահմանի վրա։ Այս տիպի բոլոր շները ոչ տիպիկ կամ չափազանց ոճավորված կազմությամբ, թեթև գլխով, երկար վզով, բարեկազմ մարմնով և երկար վերջույթներով, ստիպված են ինչ-որ կերպ գոյատևեվել։

Թերություններ խմբագրել

Գոյություն ունեն մի շարք թերություններ, որոնք ընդունելի չեն ցեղատեսակի համար. օրինակ` ատամների բացակայությունը, «երկայնակի ատամներ» (ժամանակավոր ատամների պահպանումը), սրված ականջներ, կարճ պարանոց, երկար մարմին, կուզ կամ ներս ընկած մեջք (ողնաշարի դեֆորմացիա), սեղմված գավակ, կարճ կամ ոլորված պոչ, կարճ վերջույթներ, ազատ արմունկներ, հետևի վերջույթների նեղ դրվածք։ Այն լրջությունը, որով այս թերությունները պետք է գնահատվեն, համամասնորեն պետք է համապատասխան լինի դրա արտահայտվածության, ինչպես նաև շան առողջության և բարեկեցության վրա դրանց ազդեցության հետ։ Շան քաշը պետք է 900 գրամից պակաս և 4 կգ-ից ավել չլինի։

Բացի դրանից, որակազրկող հատկանիշներից են. ագրեսիվ կամ չափազանց վախկոտ բնավորությունը, բաց խալը, կարճ ականջները, դեֆորմացված ատամները, չափազանց մեծ մարմինը, պոչի բացակայությունը։ Երկարամորթ տեսակների մոտ անթույլատրելի է շատ երկար, բարակ և ծածանվող մորթով շները։ Հարթ մորթով տեսակների մոտ հնարավոր է ճաղատացում[1]։

Առողջություն խմբագրել

Չիխուախուան գենետիկորեն առողջ ցեղատեսակ է. հասուն շունը, որի առողջությանը հետևում են, համարյա թե չի հիվանդանում։ Չիհուահուան միջինն ապրում է 12-15 տարի։ Բայց հանդիպում են այնպիսի առանձնյակներ, որոնք ապրում են 18-20 տարի։ Այս տեսակի առավել տարածված հիվանդություներն են` ալերգիաներ, հիպոգլիկեմիա, սրտի միտրալ փեղկի դիսպլազիա, գլխուղեղի ջրակալում, շնչառական արտերիայի ստենոզ, դեմոդեկոզ, միզաքարային հիվանդություն, էպիլեպսիա, կրիպտորհիզմ, ոսկորների ռեվմոտիզմ, ծնկոսկրի հոդախախտ, ցանցաթաղանթի ատրոֆիա, ծննդաբերության հետ կապված և լնդերի ու ատամների հետ խնդիրներ[13]։

Անհրաժեշտ է հետևել, որպեսզի չիհուահուան չսառի, որովհետև գերսառեցումը կարող է բերել սուր մրսածության և դրանց հետևող բրոնխիալ-թոքային հիվանդություների։

Ալերգիաներ խմբագրել

Չիհուահուայի մոտ ալերգիաները կարող են առաջանալ կերից, ամենօրյա օգտագործվող առարկաներից, շամպունից, օճառից, սինթետիկ մաքրող պարագաներից, տիրոջ օծանելիքից։ Չիհուահուայի մոտ ալերգիաները հայտնվում են հիմնականում մաշկային այտուցներով և մազաթափությամբ։ Շանը կարող է անհանգստացել քորը, և նա կարող է ինքնուրույն կրծոտել վարակված տեղերը։

Գլխուղեղի ջրակալում խմբագրել

Չիհուահուա ցեղատեսակի շները միակն են, որոնք ծնվում են խալով։ Միայն 3-4 ամսից հետո է տեղի ունենում գանգի վերջնական կազմավորումը։ Այս ֆիզիոլոգիական առանձնահատկության պատճառով չիհուահուաները ավելի են հակված գլխուղեղի ջրակալման։

Ատամների և լնդերի հետ խնդիրներ խմբագրել

Բերանի խոռոչի հետ կապված առավել տարածված հիվանդություներն են պուլպիտը, ատամների ոսկրափուտը, ատամնաքարը, պերիօդոնտիտը, լինում են նաև ստորին ծնոտի կոտրվածքներ։ Դրա համար վաղ հասակից պետք հոգ տանել նրանց ատամներին։ Հաճախ կաթնատամներն ինքնուրույն դուրս չեն գալիս և եթե ժամանակին դրանք չհեռացնել, ապա նրանց` կծելու կարողությունը կարող է ուժեղ փոփոխությունների ենթարկվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Chihuahueño» (անգլերեն). The Fédération Cynologique Internationale. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 Белявцева М. Сердце маленькой Вселенной // Друг для любителей собак : журнал. — 2013. — № 12. Архивировано из первоисточника 20 Հոկտեմբերի 2017.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «History of the Chihuahua Breed». www.chihuahuawardrobe.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  4. Ершова, Галина Кровавая жертва или воззвание к небесам? // «Вокруг света» : Журнал. — 2006.
  5. 5,0 5,1 «Chihuahua Club of America Collection» (անգլերեն). American Kennel Club. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. 6,0 6,1 Van Asch B., Zhang A., Oskarsson M., Klütsch C., Amorim A. Pre-Columbian origins of Native American dog breeds, with only limited replacement by European dogs, confirmed by mtDNA analysis(անգլ.) // Proc. R. Soc. B. — 2013-09-07. — В. 1766. — Т. 280. — ISSN 1471-2954 0962-8452, 1471-2954. — doi:10.1098/rspb.2013.1142
  7. Ольга Логинова. Чихуахуа на века // «Друг для любителей собак» : журнал. — 2013. — № 12. Архивировано из первоисточника 20 Հոկտեմբերի 2017.
  8. «Chihuahua Dog Breed Information» (անգլերեն). American Kennel Club. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  9. Аглая Кирсанова (2013 թ․ հուլիսի 24). «Окрасы чихуахуа». Котопёс. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  10. «Мерле или мраморный окрас у чихуахуа». Клуб любителей чихуахуа. 2010 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  11. «The Kennel Club». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  12. «The Differences Between Apple Head & Deer Head Chihuahuas | Cuteness». Cuteness.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  13. «Болезни чихуахуа». DogSecrets.ru. 2012 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիհուահուա» հոդվածին։